ՀՀ արտաքին առևտրի «անվտանգային» ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան

Տ․գ․թ․, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Տնտեսական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

Տնտեսական անվտանգության ապահովման հիմնախնդրի հետազոտումը բոլոր ժամանակներում արդիական է ու պահանջված: Համաշխարհային տնտեսության գլոբալացման նոր ալիքն էլ ավելի է սրում հիմնախնդրի բազմակողմ ուսումնասիրման անհրաժեշտությունն ու առկա սպառնալիքների մեղմանն ուղղված հնարավորությունների բացահայտումը:

            Տնտեսական անվտանգություն[1] (այսուհետ՝ ՏԱ) եզրույթը բազմագործոն է։ Այն տնտեսական, քաղաքական, ռազմական, գիտատեխնոլոգիական և սոցիալական գործոնների ազդեցությամբ պայմանավորված համակարգ է, որի միջնորդությամբ առավել լրիվ և ներդաշնակ են իրացվում ազգային շահերը: ՏԱ-ի տիրույթն ամփոփում է և՛ արտաքին, և՛ ներքին ռիսկեր: Վերջիններիս հետազոտությամբ հետաքրքրված հայ և արտասահմանցի բազմաթիվ հետազոտողներ[2] հատկապես կարևորում են երկրի տնտեսության մրցունակության ապահովումը որպես ՏԱ-ի ապահովման հիմնական գործոն: Երկրի մրցունակության ապահովումը տվյալ երկրի արտահանման ներուժի արդյունավետ օգտագործումն է, մրցունակ ապրանքներ և ծառայություններ արտահանելու երկրի հնարավորությունը: Այն արտահանման խթանման գրավականն է և տնտեսական անվտանգության ապահովման նախապայմանը:

Ուստիև միանգամայն օրինաչափորեն կարող ենք փաստել, որ տնտեսական անվտանգություն-մրցունակություն տիրույթում իր ուրույն ու վճռորոշ դերակատարումն ունի արտաքին առևտուրը՝ դարձյալ իր ներքին ու արտաքին ռիսկերով:

Հետազոտության շրջանակներում փորձենք վերլուծել ՀՀ ՏԱ-ն ապահովող այն ցուցանիշների համակարգը, որոնք, ըստ էության, արձագանքում են երկրի արտաքին տնտեսական կապերի զարգացումներին ու իրենց ազդեցությունն են թողնում ազգային տնտեսական անվտանգության ողջ համակարգի վրա: Նշենք, որ ցուցանիշների ընտրության, դրանց կարևորության գնահատման հարցում տարբեր տնտեսագետների[3] ուսումնասիրություններում գրեթե չկան միասնական մոտեցումներ: Հայրենական տնտեսագիտական գրականության մեջ առավել տարածված են Ս. Գլազևի առաջարկած ցուցանիշները[4]: Եթե տվյալ ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշների մակարդակը գերազանցում է երկրի ՏԱ ցուցանիշների շեմային մակարդակը, ապա զարգացման տվյալ փուլում տնտեսական անվտանգությունն առավել խոցելի է, և հարկ է տնտեսական քաղաքականության վերանայում:

Աղյուսակ 1. ՀՀ արտաքին առևտրի անվտանգային ռիսկերը  պայմանավորող ցուցանիշները 2009-2018թթ.[5]

Ուսումնասիրության շրջանակներում առանձնացրել ենք ՏԱ-ի առանցքային բաղադրիչներից մեկի՝ արտաքին առևտրի ոլորտը բնութագրող, մեր կարծիքով, այն ցուցանիշները[7], որոնք արտահայտում են արտաքին առևտրաշրջանառության վերընթաց զարգացումները կամ ընդհակառակը՝ ահազանգում են արտաքին առևտրաշրջանառության սպառնալիքների մասին՝ խթանելով կամ կասեցնելով երկրի մրցունակության բարձրացմանը միտված տնտեսական քաղաքականությունը (տե՛ս աղյուսակ 1): Աղյուսակ 1-ում ներկայացված վճակագրությունից կարող ենք փաստել, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2009-2018թթ. դրսևորել է աճի միտումներ[8]: Հետազոտության արդյունքները վկայում են, որ 10 տարիների ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է գրեթե 2 անգամ: Ընդ որում, արտահանման ծավալներն ավելացել են 1,700 մլն ԱՄՆ դոլարով, իսկ ներմուծման ծավալները՝ 1,64 մլն ԱՄՆ դոլարով: Սակայն փաստենք, որ չնայած արտաքին առևտրաշրջանառության ոլորտում դրական զարգացումներին՝ դեռևս Հայաստանից արտահանվող խոշոր ապրանքային խմբերի կառուցվածքում առաջին հնգյակում տեղ են գտնում այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ հանքահումքային արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը, ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, մանածագործական իրերը: Վերջին տարիներին մասամբ ակտիվացել է մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանումը: Հայաստան ներմուծվող խոշոր ապրանքային խմբերի առաջին հնգյակի մեջ ևս դիտարկվող ժամանակահատվածում էական փոփոխություններ նկատելի չեն: Ներմուծվում են հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանք, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ:[9] Ուսումնասիրվող տարիներին ողջունելի է հատկապես բարձր տեխնոլոգիաների արտահանման մասնաբաժինն արդյունաբերական ապրանքների արտահանման մեջ: Ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է․ 2009թ. արտահանվել են 21 մլն դոլարի մեքենա, սարքավորումներ, իսկ 2018թ.՝ 44 մլն դոլարի:

Պատկերն ամբողջացնելու համար հակիրճ ներկայացնենք 2019թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը բնութագրող ցուցանիշները: Այսպես, համաձայն ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների՝ 2019թ. նոյեմբեր (2019թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ)[10], ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2019թ. հունվար-նոյեմբերին 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,4%-ով, ընդ որում, արտահանումը՝ 9,0%-ով, իսկ ներմուծումը՝ 6,6%-ով: Արձանագրենք, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության զարգացումը բնութագրող միտումները հիմնականում պահպանվում են, ուստիև Հայաստանը խոցելի է դեռևս արտահանվող ապրանքների համաշխարհային գների, Ռուսաստանի Դաշնության, Եվրամիության անդամ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների տատանումների հանդեպ: Ներմուծման պարագայում ևս զարգացումները պայմանավորված են տարածաշրջանային ինտեգրման իրավիճակային խնդիրներով:

ՀՀ արտաքին առևտրի անվտանգային ռիսկերն առավել շոշափելի են, երբ դիտարկում ենք այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՀ արտահանման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում, ՀՀ ներմուծման մասնաբաժինը՝ ՀՆԱ-ում ցուցանիշները:

ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում 2009-2018թթ․(%)[11] ցուցանիշը դիտարկելիս նկատում ենք, որ 10 տարիների ընթացքում այն դրսևորել է աճի միտումներ, այն կրկնապատկվել է, 2009թ. 15,5%-ի համեմատությամբ 2018թ.  կազմել է 37,8%: ՀՀ պաշտոնական վիճակագրությանը համապատասխան՝ 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալները շարունակել են աճել, և այս տարի այն հատել է 199,4 մլն դոլարը, որը հիմնականում պայմանավորված է դեպի Կանադա և Չինաստան պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալներով: Իսկ  ներմուծման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում ավելացել են 371,7 մլն դոլարով[12], ինչի հիմնական պատճառը 2020թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ ՄՄՍ մաքսատուրքերի դրույքաչափերին անցնելու հետ կապված փոփոխություններն են[13]: Մեկ այլ ՀՀ ապրանքների և ծառայությունների ներմուծումը ՀՆԱ-ում, 2009-2018թթ.(%)[14] ցուցանիշը դիտարկելիս նկատում ենք, որ 10 տարիների ընթացքում այն դրսևորել է աճի միտումներ, 2009թ. 43%-ից աճել է և 2018թ․ կազմել է 53,48%: ՀՀ պաշտոնական վիճակագրությանը համապատասխան՝ 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա՝ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներմուծման ծավալներն աճել են 371,7մլն դոլարով[15]: 2019թ. 11 ամիսների ընթացքում գրեթե պահպանվել են արտաքին առևտրաշրջանառության նախորդ տարիներին գրանցված հիմնական միտումները: Այս պարագայում բավական է միայն նշել, որ վերոնշյալ ցուցանիշի սահմանային մեծությունը 35% է տնտեսական անվտանգության տեսանկյունից[16]: Փաստորեն, ներմուծումն իր ապրանքային կառուցվածքով, ստորև կտեսնենք, աշխարհագրական կառուցվածքով, ավելին՝ ծավալներով նույնպես լուրջ անվտանգային ռիսկեր է պարունակում:Հետաքրքիր է նաև վերջնական սպառման մասնաբաժինը ՀՆԱ-ում[17] ցուցանիշի ուսումնասիրությունը: Այն մեկնաբանենք Համաշխարհային բանկի տվյալների շտեմարանում ներկայացված համաթվերի օգնությամբ, որոնք հաշվարկվել են ՀՀ ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հիման վրա: Համաթվերը վերլուծելիս բախվում ենք այն իրողության հետ, որ անցած 10 տարիների ընթացքում (2009-2018թթ.) ՀՀ ՀՆԱ-ում գրեթե չի փոխվել վերջնական սպառման մասնաբաժինը: Այն 2009թ. 93,7%-ից նվազել է և 2018թ. կազմել 92,7%: Ընդամենը 1%-ով պակաս ենք սպառել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ներկայացրեցինք վերևում: Մինչդեռ այս ցուցանիշի սահմանային մեծությունը ոչ ավել, քան 60%[18] է: Ներմուծմամբ պայմանավորված սպառման ծավալները ևս լուրջ անվտանգային ռիսկեր են պարունակում:

Այսպիսով, հետազոտության արդյունքում հանգում ենք այն եզրկացության, որ ՀՀ արտաքին առևտրի ապրանքային կառուցվածքի նման «սահմանափակ» շրջանակները վկայում են երկրի մրցունակության ցածր մակարդակի, հետևաբար նաև ակնհայտ ռիսկերի և դրանից բխող ոլորտային մարտահրավերների մասին: Ռիսկեր են արձանագրվում նաև ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրական կառուցվածքում: Այս հարթության մեջ նույնպես գրեթե բացակայում է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան, և, հետևաբար, դարձյալ սահմանափակ են այլ երկրներին ինտեգրման հնարավորությունները: Ներկայացնենք ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքը, մասնավորապես ընդհանուր ներմուծման կառուցվածքում գործընկեր առաջին 10 երկրների մասնաբաժինը 2018թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում (տե՛ս գծապատկեր 1):

Գծապատկեր 1. ՀՀ արտաքին առևտրի ներմուծման կառուցվածքում առաջին 10 երկրների (TOP 10) մասնաբաժինները 2018թ. հունվար-դեկտեմբեր-ին (%)

Ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ ներմուծման կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության  մասնաբաժինը կազմում է 28,1%, երկրորդ խոշոր գործընկերը   Չինաստանն է՝ 7,7%, այնուհետև Վրաստանը՝ 7,5%, հաջորդում են Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 5,4%, Գերմանիան՝ 5,2%, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3,9%, ԱՄՆ-ը՝ 3,8%, Թուրքիան՝ 3,3%, Իտալիան՝ 3,2%, Ուկրաինան՝ 3,1%:

Գրեթե նույն պատկերն է խոշոր գործընկեր երկրների հետ Հայաստանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում (տե՛ս գծապատկեր 2): Այստեղ նույնպես առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունը: Ուսումնասիրվող ժամանակահատվածում Ռուսաստանին բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 27,6%-ը, հաջորդաբար երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Շվեյցարիան՝ 13,9%, Բուլղարիան՝ 8,9%, Իրաքը՝ 6,2%, Գերմանիան և Նիդերլանդները՝ համապատասխանաբար՝ 5,6% և 5,5% , այնուհետև Չինաստանը՝ 4,5%, Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ 3,9%, Արաբական Միացյալ Էմիրությունները՝ 3,1%, և Վրաստանը՝  2,8% մասնաբաժիններով[19]:

Գծապատկեր 2. ՀՀ արտաքին առևտրի արտահանման կառուցվածքում առաջին 10 երկրների (TOP 10) մասնաբաժինները 2018թ. (%)[20]

Այսպիսով, 2018թ. ՀՀ արտահանման և ներմուծման կառուցվածքում[21] (տե՛ս գծապատկեր 1,2) լավագույն առաջին տասնյակի (TOP 10) վերլուծությունն ազդակներ է հաղորդում այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է առաջատարի իր դերակատարումը: Իհարկե, որոշակի ակտիվություն են ցուցաբերում եվրոպական առանձին երկրների հետ փոխհարաբերությունները, (ընդհանուր առմամբ Եվրամիության հետ արտաքին առևտուրը ցուցաբերում է նվազման միտումներ՝ կապված միության շրջանակներում տնտեսական աճի դանդաղեցման, հայկական ապրանքների մրցունակության ցածր մակարդակի հետ) սկսում է աշխուժություն նկատվել հայ-իրանական, հայ-վրացական, հայ-չինական արտաքին տնտեսական կապերում: Մասնավորապես նշենք, որ հայկական ապրանքների արտահանման դիվերսիֆիկացմանն են նպաստում հատկապես ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների հետ կնքվող ազատ առևտրային համաձայնագրերը, որոնց շնորհիվ հայկական արտադրության ապրանքները տվյալ շուկաներում կարող են ավելի մրցունակ լինել  մեկ այլ երկրում արտադրված համանման ապրանքների նկատմամբ գնային առավելությունների շնորհիվ, նշենք ԵԱՏՄ-Իրան, ԵԱՏՄ-Սերբիա, ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրային համաձայնագրերը, ինչպես նաև ԵԱՏՄ-Չինաստան տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը[22], որոնք հարթակ կարող են ծառայել ՀՀ արտահանման աշխարհագրական կառուցվածքի դիվերսիֆիկացման համար:

ՀՀ արտաքին առևտրի անվտանգային ռիսկերն անկախության առաջին իսկ տարիներից ի վեր առավելապես անհանգստացնող են արտաքին առևտրի ոչ սակագնային կարգավորման տիրույթում: Բանն այն է, որ եթե Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցման շնորհիվ արտաքին առևտրի սակագնային կարգավորման դաշտում սահմանված են անհամեմատ ցածր մաքսատուրքեր և առավել բարենպաստության ռեժիմ գործընկեր երկրների հետ, ապա նույնը չենք կարող արձանագրել արտաքին առևտրի ոչ սակագնային կարգավորման տիրույթում: Բավական է միայն նշել, որ դաշտը երկու տասնյակից ավելի տարիներ  դեռևս վերանայված չէ (1994թ.-ից): Չեն վերանայվել միջպետական ստանդարտներով սահմանված պահանջները,  մասնավորապես դա վերաբերում է ստանդարտներին և սերտիֆիկացմանը: Եվ ոչ պատահականորեն հայ գործարարներն ապրանքներ արտահանելիս բախվում են հատկապես ստանդարտացման, սերտիֆիկացման հետ կապված խոչընդոտների: Սակայն նշենք, որ «սառույցը հալվում է», ձևավորվել է «Ստանդարտացում և չափագիտություն ազգային մարմին» ՓԲԸ-ը, որն իր գործունեությամբ կնպաստի հնացած ստանդարտների թարմացմանը, դրանց արդիականացմանը, ԵՄ և այլ շուկաներ ապրանքների արտահանման ստանդարտների ներդրմանը: Նշենք հատկապես այն իրողությունը, որ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, արդեն համագործակցում և կիրառում է որակի նկատմամբ պահանջները բավարարող միասնական ստանդարտներ, որոնք սահմանվել եմ անդամակցության շրջանակներում միասնական ընթացակարգերով:  ԵԱՏՄ շրջանակում ներկայումս ընդգծվել է 66 ապրանքատեսակ, որոնց նկատմամբ պետք է սահմանվեն տեխնիկական կանոնակարգեր: ԵԱՏՄ անդամ երկրներում արդեն գործում է 47 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 41-ն արդեն ուժի մեջ է: Դրանք ծածկում են առևտրի մոտավորապես 85 տոկոսը[23]: Թվերը խոսում են գործարարության ակտիվացման և ավելի մրցունակ արտադրության, արտահանման խթանման նոր գործիքների կիրառման մասին[24]: Եվս մեկ խրախուսական քայլ է 2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր՝ «Գրանցված արտահանողների համակարգ»-ի ներդրումը (Registered Exporter System-REX)[25], ինչն ավելի կդյուրինացնի արտահանման գործընթացները դեպի Եվրամիության անդամ երկրներ:

Այսպիսով, պաշտոնական վիճակագրության վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ արտաքին առևտրաշրջանառությունը, որպես երկրի տնտեսական անվտանգության ապահովման առանցքային  գործոն, չնայած լավատեսական դրսևորումներին, դեռևս պարունակում է որոշակի ռիսկեր, որոնք երկարաժամկետում կարող են սպառնալ մակրոտնտեսական կայուն զարգացումներին, հետևաբար նաև՝ երկրի մրցունակության խաթարմանը: Ակնհայտ է, որ գերազանցապես մի քանի ապրանքատեսակներ մի քանի երկրներ արտահանելը մեծ ռիսկերի հետ է կապված, իսկ ներմուծման պարագայում սպառողական նշանակության ապրանքների ներմուծման ծավալները հիմնականում պայմանավորում են ոչ միայն ՀՀ արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը, այլ նաև վկայում են երկրի զարգացման անհամեմատ ցածր մակարդակի և սպասվող մարտահրավերների մասին՝ տեխնոլոգիական անվտանգության ռիսկեր, հայրենական արտադրության ոչ մրցունակ ապրանքներ, գերազանցապես «սպառող» հասարակություն, բնակչության ցածր կենսամակարդակ, գործազրկության բարձր մակարդակ և այլն:

Ի՞նչ է հուշում միջազգային փորձը նման իրավիճակում:

Համաշխարհային տնտեսության մեջ զարգացող երկրների փորձը վկայում է, որ  նշյալ իրավիճակի կարգավորման իրատեսական ուղիներից մեկն արտահանման դիվերսիֆիկացումն է՝ հորիզոնական ուղղվածությամբ, այսինքն ապրանքների տեսականու ընդլայնումը, և ուղղահայաց՝ հանքահումքային արտադրանքի տրանսֆորմացումը կիսաֆաբրիկատների կամ պատրաստի արտադրանքի արտադրությունը և արտահանումը: Խոստումնալից հեռանկարներ են արձանագրվում նաև որոշ ապրանքատեսակների ներմուծման փոխարինման քաղաքականության կիրառման արդյունքում: Արտաքին առևտրի դիվերսիֆիկացման փորձը հաջողություններ է գրանցել ոչ միայն Մեծ լճերի[26] տարածաշրջանում, զարգացող երկրներում, այլ նաև «Մեծ Յոթնյակի» անդամ երկրներից մեկում՝ Կանադայում[27]: Եթե առաջինը վկայում է ապրանքների արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման մասին, ապա երկրորդը՝ աշխարհագրական: Հանուն արդարության նշենք, որ Կառավարության ծրագրում[28] ամրագրված է արտաքին առևտրի դիվերսիֆիկացման, աշխարհագրական կառուցվածքի ընդլայնման անհրաժեշտությունը: Չենք ունենա ձեռքբերումներ, եթե բոլոր ուղղություններով չիրականացվի տնտեսության արդիականացում՝ արդյունաբերությունից մինչև կրթություն: Ինչպես նշվում է 2020թ. համաշխարհային առևտրի զեկույցում[29], առաջիկա 15 տարիներին միջազգային առևտուրը կկրի աննախադեպ փոփոխություններ: Դրանք հիմնականում պայմանավորված կլինեն նորագույն տեխնոլոգիաներով, մասնավորապես թվային տեխնոլոգիաների կիրառմամբ` էլեկտրոնային առևտուր, արհեստական ինտելեկտ, 3D-տպագրություն, տեղեկատվական տեխնոլոգիաների գեներացում և այլն: Գլոբալ առևտրի ձևափոխման արդյունքում կկրճատվեն ծախսերը միջազգային առևտրի ոլորտում: Թվային տեխնոլոգիաները կտրանսֆորմացնեն գլոբալ արժեշղթաների կառուցվածքն ու դրանց՝ երկրների մասնակցության հնարավորությունները՝ խաթարելով ոչ միայն համեմատական առավելությունների սկզբունքները, այլ նաև ՏԱ-ի չափանիշների վերաբերյալ այսօրվա պատկերացումները: Մեր կարծիքով՝ նման իրավիճակն անչափ շահեկան կարող է լինել զարգացող երկրների համար:

Այսպիսով, երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման տեսանկյունից հրատապ խնդիր է գործուն արդյունաբերական քաղաքականության իրականացումը, որը, անշուշտ, միտված պետք է լինի արտահանման ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը և դրանով իսկ արտահանման խթանմանը:

ՋՈւԼԻԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Տ․գ․թ․, դոցենտ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Ջ. Թադևոսյան, „Ազգային տնտեսական անվտանգություն„ եզրույթի որոշ մեկնաբանումների շուրջ, Այլընտրանք գիտական հանդես, 2016թ. N 6, էջ 149։

[2] Ա. Մարկոսյան, Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2005թ. Թ. Մկրտչյան, ՀՊՏՀ, Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ատենախոսություն, Ը.00.02, Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում, մասնագիտությամբ դոկտորի գիտական աստիճանի հայցման համար, Երևան, 2016, Թ. Մանասերյան, Տնտեսական անվտանգություն. ռազմավարության ուրվագծեր. Երևան, Այլընտրանք հետազոտական կենտրոն, 2014, Ժերար Պառդինի, Տնտեսական անվտանգության ներածություն, Tec & Doc հրատ., 2009թ. Կրիստիան Հարբուլո, «Տնտեսական անվտանգություն՝ դեռևս հնարավոր է այն տեղեկատվական հասարակության մեջ», EGE, Տնտեսական պատերազմների դպրոց, 30 մարտի, 2018թ.   Ի. Վյակինա, «Տնտեսական անվտանգության բնորոշման հայեցակարգային հարցերը միկրո, մեզո և մակրո մակարդակներում» Национальные интересы:приоритеты и безопасность, N 6,2016, էջ 73-85․

[3] Տե՛ս Ա. Մարկոսյան, Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները. մեթոդաբանություն և արդյունքներ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2005թ․, Թ. Մկրտչյան, ՀՊՏՀ, Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, ատենախոսություն, Ը.00.02, Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում, մասնագիտությամբ դոկտորի գիտական աստիճանի հայցման համար, Երևան, 2016,  Ս. Գլազև, Տնտեսական անվտանգության չափանիշները, Вопросы экономики, N10, 1998

[4] Ս. Գլազև, Տնտեսական անվտանգության չափանիշները, Вопросы экономики, N10, 1998

[5] Համաշխարհային Բանկ, Տվյալներ, Ցուցանիշներ, Առևտրային փոխանակություն         

[6] Համաշխարհային բանկի մեթոդաբանությանը համապատասխան՝ բարձր տեխնոլոգիաներ են համարվում «Հետազոտություն և Զարգացում» (R& D)-ի բարձր ինտենսիվությամբ արտադրանքը, մասնավորապես տիեզերական, ինֆորմացիոն, դեղագործական, գիտական սարքավորումների, էլեկտրական մեքենաների։

[7] Ցուցանիշների առավել ամբողջական համակարգը վերլուծված է նույն հոդվածի ծավալուն տարբերակում, որը կտեղադրվի ՄԱՀՀԻ-ի էլեկտրոնային կայքում։

[8] Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Արտաքին տնտեսական գործունեություն, 2010թ, 2014թ.2018թ. ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Արտաքին առևտուր, 2015թ., 2011թ. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ.  հունվարին, 25.03.2019թ.

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե, Արտաքին հաշիվներ, Վճարային հաշվեկշիռ 6, 25.03.2019թ.

[9] Տե՛ս նույն տեղում։

[10] ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, 2019թ. նոյեմբեր, (2019թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ, թիվ 11 «2019 թվականի վիճակագրական ծրագիր», հավելված III, կետ 3, ենթակետ 1, Երևան, 2019թ.

[11] Արտահանումներ և ծառայություններ, Հայաստան

[12] Տե՛ս նույն տեղում, նաև՝ Ապրանքների արտահանում և ներմուծում, արտաքին հատված

[13] Պայմաններ և անցումային դրույթներ, Հավելված 4, «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսության միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի

[14] Ներմուծում և ծառայություններ, Հայաստան

[15] Տե՛ս նույն տեղում, նաև՝ Ապրանքների արտահանում և ներմուծում, արտաքին հատված  

[16] Ա. Մարկոսյան, Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության հիմախնդիրները, «21-րդ ԴԱՐ», թիվ 3(5), 2004, էջ 33, http://www.noravank.am/upload/pdf/216_am.pdf

[17] Վերջնական սպառման ծախսեր

[18] Ա. Մարկոսյան, Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության հիմախնդիրները, «21-րդ ԴԱՐ», թիվ 3(5), 2004, էջ 31, http://www.noravank.am/upload/pdf/216_am.pdf

[19] ՀՀ Վիճակագրական կոմիտե, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին, 23.03.2019թ.

[20] Հրապարակումներ, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար-դեկտեմբերին

[21] Նախորդ տարիներին պահպանվել են գրեթե նույն համամասնությունները, նկատելի որոշ փոփոխություններ էապես չեն ազդել արտաքին առևտրաշրջանառության ոլորտում նոր, դրական տեղաշարժեր պայմանավորող միտումների վրա։

[22] ԵԱՏՄ-ն ավելացնում է ազատ առևտրի համաձայնագրերը. հայկական արտադրանքը մրցունակ է դառնում շատ երկրներում, Արմենպրեսս, դեկտեմբերի 24, 2019թ.

[23] Հայկական գինիների արտահանման աննախադեպ աճ է գրանցվել. մանրամասներ Ստանդարտների ազգային ինստիտուտից

[24] Տե՛ս նույն տեղում։

[25] ԵՄ «GSP+» շրջանակներում ապրանքների ծագման ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգ (REX system)

[26]     Solange Patricia Makaya Gaboua, La stratégie de diversification économique des pays des Grands Lacs, facteur de stabilité et de développement : une analyse du Burundi, du Congo et de la République Démocratique du Congo (RDC), p.72-75

[27] Diversification du commerce, Contexte et objectif de la stratégie de diversification du commerce du Canada

[28] ՀՀ Կառավարության ծրագրի մասին, փետրվարի 8, 2019թ.

[29] Համաշխարհային բանկ,  Աշխարհի զարգացման վերաբերյալ զեկույց 2020, Ծառայությունների զարգացման առևտուրը՝ արժեշղթաների գլոբալացման դարաշրջանում, էջ 4, 2020 Banque internationale pour la reconstruction et le développement/Banque mondiale, 2020 Banque internationale pour la reconstruction et le développement/Banque mondiale

2 կարծիք «ՀՀ արտաքին առևտրի «անվտանգային» ռիսկերը. Ջուլիետա Թադևոսյան»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.