Այն երկրներում, որտեղ աշխատանքի արտադրողականությունն աճել է, աղքատությունը տարեկան 1%-ով նվազել է, իսկ ցածր արտադրողականությամբ երկրներում այն ավելի է խորացել: REGST
Համաշխարհային բանկի (World bank) փորձագետները նշել են աշխարհում աղքատության դեմ պայքարի լավագույն մեթոդը: Նրանց խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել ինստիտուտների բարեփոխում և բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Մասնագետներն այդ եզրակացությանն են եկել 1981-2018թթ. ընթացքում 29 զարգացած և 74 զարգացող երկրներում աշխատանքի արտադրողականության աճի տեմպերն ուսումնասիրելուց հետո:
Համաշխարհային բանկը զարգացող երկրներում աշխատանքի արտադրողականության անկման պատճառ է համարել ներդրումների ծավալի նվազումը, արտադրության համար պատասխանատու ինստիտուտների թերացումը, աշխատանքային օրենսդրության ոչ անվտանգ միջավայրը:
Կազմակերպությունը խորհուրդ է տալիս մեծացնել արտադրության քանակը, բարելավել որակն ու արդյունավետությունը, ստեղծել բարենպաստ տնտեսական պայմաններ (ինստիտուցիոնալ և սոցիալական), զարգացնել առևտրային ինտեգրացիան, ավելացնել հասանելիությունը ֆինանսական գործիքներին: ՀԲ-ն ամենակարևոր հանգամանք է նշել ներդրումները մարդկային կապիտալում:
Վերլուծաբանները մատնանշել են, որ 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո աշխատանքի արտադրողականության տեմպերը զարգացող տնտեսություններում այդպես էլ չեն կարողացել վերականգնվել: Զարգացող երկրների մեծ մասում 1 աշխատակիցը միջինում արտադրում է այդ նույն ընթացքում զարգացած երկրի 1 աշխատակցի արտադրածի 1/5 մասից քիչ: Համաշխարհային բանկի մասնագետների համոզմամբ՝ հենց այդ տարբերությունն էլ հիմնականում պայմանավորում է եկամուտների անհավասարությունն աշխարհում:
Աշխատանքի արտադրողականությունը բնակչության եկամուտների կայուն աճի աղբյուր է, իսկ եկամուտների աճը՝ աղքատության դեմ պայքարի գլխավոր հանգամանք: Զարգացող երկրների 1/4-ում, որտեղ արտադրողականությունը ամենամեծ տեմպերով է աճել 1980-2015թթ., աղքատությունը նվազել է տարեկան 1%-ով: Մինչդեռ աշխատանքի ցածր արտադրողականություն ունեցող երկրներում աղքատությունն ավելի է խորացել: