Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ մարդկային սխալի պատճառով և պատահաբար ուկրաինական Boeing ինքնաթիռը խոցվել է հրթիռով՝ հանգեցնելով 176 մարդու մահվան: Նշվում է, որ ԱՄՆ-Իրան լարվածության ժամերին Հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են գերզգայուն իրավիճակում:
Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռիչքն իրականացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀԿՊ) ռազմական կարևոր օբյեկտներից մեկի մոտակայքով, և կառուցվածքով ու թռիչքի բարձրությամբ չի տարբերվել հակառակորդի օբյեկտից:
Իրանական կողմը հայտնել է, որ ամերիկյան և իրանական կողմերի փոխադարձ հրթիռակոծությունից հետո երկնքում մեծացել է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների թիվը, ինչն էլ իրանական ՀՕՊ համակարգին պարտադրել է գործել լարվածության պայմաններում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, այն երկրներին, որոնք քաղաքացիները զոհվել են իրանական կողմից պատահաբար արձակված հրթիռի հետևանքով: Նախագահը հանձնարարել է պատշաճ կազմակերպել դիերի փոխանցումը, նաև կարգավորել ՀՕՊ համակարգերում առկա խնդիրները՝ հետագայում նման ողբերգությունից խուսափելու նպատակով:
Ռոհանիի խոսքով՝ մեղավորները կգտնվեն և կենթարկվեն պատասխանատվության:
Իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել նաև Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է ամբողջությամբ մեղավորության ընդունում, մեղավորներին պատասխանատվության ենթարկում և փոխհատուցում:
Հիշեցնենք՝ ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավը կործանվել է հունվարի 8-ին՝ Թեհրան-Կիև չվերթն իրականացնելիս: