Բաքվի լրատվամիջոցն ընդունել է Ադրբեջանից Իրաքի ուղղությամբ իսրայելական անօդաչու թռչող սարքի արձակման փաստը: REGST
Երկօրյա համեմատաբար չեզոք լռությունից հետո ադրբեջանական մամուլը սկսեց իրանցի սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ բուռն հակաքարոզչությունը: Նրան մեղադրեցին Թավրիզում տասնյակ հազարավոր թուրք-ադրբեջանցիների սպանության, Լիբանանում ռազմական ճամբարներ ստեղծելու մեջ:
Միաժամանակ, ուշագրավ հրապարակում տեղադրեց Zerkalo.az-ը՝ նշելով.
«Մեզ մեկ անգամ չէ, որ հարցրել են՝ Ադրբեջանը պատրա՞ստ է տարածաշրջանի լարվածությանը: Հանգուցյալ ալ-Մուհանդիսը հենց այնպես չէր ասում, թե որտեղից են թռչում դրոնները դեպի Իրաք»:
Միանշանակ դա նրա խոսքերը չէին, այլ՝ իրանցիների, ովքեր դրանով Բաքվին հասկացնում էին, որ հրաշալի տեղեկացված են իսրայելական անօդաչուների հետագծի մասին:
Միևնույն ժամանակ Zerkalo.az-ը խոստովանում է, որ իսրայելական ԱԹՍ-ները բաց են թողնվել Ադրբեջանի տարածքից: Աղբյուրը հիշեցնում է, որ այդ մասին խոսել է մերձավորարևելյան հայտնի քաղաքական և ռազմական գործիչ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, ով հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում սպանվել է գեներալ Սոլեյմանիի հետ:
Իսկ եթե ադրբեջանական մամուլն ընդունում է Ադրբեջան-Իրաք ուղղությամբ արձակված իսրայելական ԱԹՍ-ի փաստը, ապա կարելի է պնդել, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված անօդաչուի նշանառմամբ արձակված հրթիռից: Ավելի հստակ՝ ադրբեջանական տարածքից արձակված իսրայելական դրոնները հետախուզել են թիրախները և տվյալները փոխանցել ամերիկյան զինվորականներին:
Ընդ որում՝ պաշտոնական Բաքուն կարող էր այդ քայլին գնալ ԱՄՆ-ի գաղտնի համաձայնությամբ, իսկ ԱՄՆ-ին ձեռնտու էր գեներալի սպանությունը. Սոլեյմանիի վերահսկողության ներքո էին իրանամետ խմբավորումները, լիբանանյան Հզբոլահի ջոկատները և Եմենի հուսիթները: