Կանայք՝ հարևան պետությունների բանակներում

Մենք արդեն հրապարակել ենք աշխարհի տարբեր երկրներում կանանց պարտադիր զինծառայության մասին որոշ տեղեկություններ: Այժմ տեսնենք, թե ինչպիսին է իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը Հայաստանի հարևան երկրներում:

Վրաստան

Վրաստանում կանայք պարտադիր զինծառայություն չեն անցնում: Նրանք կարող են զինված ուժերում ընդգրկվել բացառապես իրենց կամքով` պայմանագրային հիմունքներով: Կանայք վրաց բանակում կատարում են հիմնականում վարչական, բժշկական աշխատանք: Մարտական պատրաստվածության որոշակի դասընթացներ նրանց համար կազմակերպվում են, բայց հիմնական գործունեությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմում են մարտական պայմաններում ծառայություն իրականացնում: Կին զինծառայողներ վրացական ստորաբաժանումների կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում Իրաքում, Աֆղանստանում:

Վրացուհի խաղաղապահներ Աֆղանստանում

Վրաստանում տղամարդկանց պարտադիր զինծառայությունը 12 ամիս է (18-27 տարեկան): Թեև բազմիցս քննարկվել է երկարաձգելու, կրոնական կազմակերպությունների արտոնությունները վերացնելու հարցը, սակայն մինչ օրս այդ երկրում զինծառայության նկատմամբ բացասական վերաբերմունքը չի հաղթահարվել: Զինծառայողների ընդհանուր թիվը հաշվվում է շուրջ 37 հազար, որից շուրջ 2 հազարը կանայք են: 2015-2016թթ. Վրաստանի Պաշտպանության նախարարը կին էր՝ Թինա Խիդաշելին:

Աղջիկները ցանկության դեպքում կարող են ընդունվել ռազմաուսումնական հաստատություն (Գեորգի Քվինիտաձեի անվան Կադետային ռազմական լիցեյ): 9-րդ դասարանի շրջանավարտ տղաներն ու աղջիկները հավասար պայմաններով կարող են մասնակցել լիցեյի ընդունելությանը, եթե համապատասխանում են ռազմական գերատեսչության սահմանած պահանջներին:

Ադրբեջան

Ադրբեջանում նույնպես կանայք ծառայում են կամավորության սկզբունքով: 19-40 տարեկան կանայք պայմանագրային զինծառայություն են անցնում վարչական աշխատանքներում, ուսումնական գործընթացներում, թիկունքային, կապի, բժշկական-սանիտարական և հետախուզական ծառայություններում: Ներկայումս հարևան երկրի զինված ուժերում պաշտոնական տվյալներով ծառայում է մոտ 1000 կին:

Ադրբեջանական բանակում

Ադրբեջանի օրենսդրությունը թույլատրում է զինվորական ծառայություն անցնել նաև օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ուստի պատահական չէ, որ նրանց հետախուզական կամ դիպուկահար ստորաբաժանումներում օտարերկրացի կանայք մեծ թիվ են կազմում:

Տղամարդիկ նույնպես ծառայում են 19-40 տարեկան հասակում: Զինծառայողների ընդհանուր թիվն ըստ պաշտոնական տվյալների մոտ 67 հազար է:

Իրան

Իրանում կանայք պարտադիր զինծառայություն չեն անցնում, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործում է կանանց ստորաբաժանում՝ 3500-4000 մարտիկներով: Առկա տեղեկությունների համաձայն` Թեհրանի մոտակայքում գտնվող զորամասում կանայք սովորում են ճապոնական 5-րդ դարի մարզաձևը` Նինձյուցուն: Բայց սա միակ կենտրոնը չէ. մոտ 70 դաստիարակներ գործունեություն են ծավալում ամբողջ Իրանի տարածքում:

ԻԻՀ, Կանանց ջոկատ

Ուսումնասիրությունները պարզել են, որ գաղտնի ստորաբաժանումը հատուկ պատրաստություն է անցնում՝ անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն հարված հասցնելու թշնամուն: Այս հատուկ նշանակության կարգավիճակ ունեցող ջոկատում տարիքային սահմանափակում չկա. 3 տարեկան երեխա էլ է եղել այնտեղ (ըստ հետազոտող-լրագրողների), 56 տարեկան կանայք՝ նույնպես:

ԻԻՀ, Կանանց ջոկատ

Կանայք այս ստորաբաժանման կազմում սովորում են կռվել ամենատարբեր զինատեսակներով, սառը զենքով, առանց զենքի, տիրապետում են գաղտնի հնարքների ու միջոցների: Այս դպրոցը ստեղծվել է 1980-ականների վերջերից և իր տեսակով աշխարհում միակն է: Իսկ ընդհանրապես իրանական բանակում զինծառայողների թիվը մոտ 523 հազար է: Տղամարդիկ զորակոչվում են 18 տարեկանից՝ ծառայելով 2 տարի:

Թուրքիա

Թուրքիայի զինված ուժերի՝ անմիջապես ռազմականացված ստորաբաժանումներում երկար ժամանակ կանանց մուտքն արգելված էր: 2016թ.-ից հետո է միայն թույլատրվել ցանկության դեպքում ծառայել: Սակայն կանայք Թուրքիայում սովորական ստորաբաժանումներում կարող են միայն սպայական անձնակազմում ընդգրվել: Վերջերս շտաբներում ծառայողներին թույլատրվել է նաև գլխաշոր կրել:

20-46 տարեկան կանայք թուրքական զինված ուժերում պարտադիր զինվորագրման են ենթակա միայն պատերազմական իրավիճակում: Թուրքական ռազմաուսումնական հաստատություններ տարեկան ընդունվում է շուրջ 600 կին: Սակայն նրանց վերջնական ընտրությունը կատարվում է խիստ պահանջների հիման վրա. 200 ուսանողից համապատասխան ոլորտում ծառայության կարող է անցնել, օրինակ, միայն 5 հոգի:

Հայտնի է, որ Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունում ծառայում է մոտ 800 կին սպա: Թուրք կանայք ընդգրկված են նաև ՆԱՏՕ-ի տարբեր ստորաբաժանումներում: Հետախուզական ծառայությունների հրամկազմում, ռազմաուսումնական հաստատություններում ռազմաբժշկական և հոգեբանական ստորաբաժանումներում նույնպես կանայք ակտիվորեն ներգրավված են:

«Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ժամանակ

Հայտնի է, որ Ցամաքային զորքերի 1%-ը՝ մոտ 2,5 հազարը, կին է (Ցամաքային զորքերի ընդհանուր թիվը՝ մոտ 250 հազար է): Թուրքական իշխանությունները նպատակ ունեն առաջիկա 10-15 տարվա ընթացքում կանանց մասնակցությունն այդ զորքերում հասցնել 10%-ի: Այդպես է նաև ծովային զորքերում. 1 նավի 200 հոգանոց անձնակազմից 2-ն են կին: Ռազմածովային ուժերում կանայք սպայական կազմի 1%-ն են կազմում, իսկ ենթասպայական կազմում ավելի շատ են՝ 5%-ը: Նույն պատկերն է նաև Ռազմաօդային ուժերում: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թիվը հաշվվում է շուրջ 700 հազար, ապա կանանց թիվն ընդհանուր մոտ պետք է լինի 7 հազարի, որը տարեցտարի աճում է:

Հավելենք, որ թուրքական բանակում կանանց ծառայության հետ կապված կան նոր մոտեցումներ, պետական նոր ծրագրեր, որոնց արժե առավել մանրամասն անդրադառնալ: Բայց դա՝ ավելի ուշ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.