Վիրուսը կազդի զբոսաշրջության, տրանսպորտի, մանրածախ վաճառքի և հանրային սննդի ոլորտների վրա: Իսկ օջախ համարվող Յուհան քաղաքը տրանսպորտային և արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկն է: REGST
Վերլուծաբանները կանխատեսում են, որ նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսը Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 0,5-1 տոկոսի չափով բացասաբար կազդի Չինաստանի տնտեսության վրա:
Վիրուսն ամբողջ երկրում անմիջական ազդեցություն կունենա զբոսաշրջության, տրանսպորտի, մանրածախ վաճառքի և հանրային սննդի ոլորտների վրա՝ ևս 0,4 տոկոսով նվազեցնելով ՀՆԱ-ն: Չինաստանի ՀՆԱ-ի հիմնական կանխատեսումը 2020թ. համար 5,9 տոկոս է, իսկ 2019-ին գրանցվել է ՀՆԱ-ի 6,1 տոկոս աճ:
Economist Intelligence Unit-ի (EIU) զեկույցում նշվում է, որ Չինաստանի և, հավանաբար, այլ երկրների վրա տնտեսական ներգործությունը խիստ էական կլինի, եթե վիրուսը շարունակի տարածվել:
Հավելյալ հանգամանք է Յուհան քաղաքը, որտեղի էլ բռնկվել է վիրուսը: Այստեղ են տեղակայված խոշոր ավտոարտադրողների և մետաղաձուլական ընկերությունների շտաբ-գրասենյակները: Քաղաքը Չինաստանի տրանսպորտային և արդյունաբերական առանցքային կենտրոններից մեկն է:

Յուհան քաղաքում ՀՆԱ աճը 2019թ. կազմել է 7,8 %` 1,7%-ով ավելի շատ, քան երկրի միջին ցուցանիշն է: Ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 244 մլրդ յուան (35,3 մլրդ դոլար): Սա ռեկորդային ցուցանիշ է և 13,7%-ով ավելի, քան 2018թ.-ին: Ամբողջ Հուբեյ նահանգի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 61,9%-ը բաժին է ընկել Յուհան քաղաքին:
Չինական այս քաղաքում ներկայացված են նաև աշխարհի 500 խոշորագույն ընկերություններից 300-ը, այդ թվում՝ Microsoft-ը, ծրագրային ապահովում մշակող, գերմանական SAP ընկերությունը և ֆրանսիական Groupe PSA ավտոարտադրողը:
Plenum հետազոտական խումբը կանխատեսել է, որ վիրուսի դեմ պայքարն արդեն այս տարվա առաջին քառորդում կարող է տնտեսական աճը դանդաղեցնել 4%-ով: Սա հիմնավորվում է այն փաստով, որ հանրային առողջապահության ոլորտում ճգնաժամը համընկել է Չինաստանում զբոսաշրջային բուռն սեզոնի հետ:
Լուսնային Նոր տարվա առաջին օրը օդային և երկաթուղային փոխադրումների ծավալը տարեկան կտրվածքով արձանագրել է 40% անկում: Եթե այդ կրճատումը շարունակվի ևս մի քանի շաբաթ, ապա փոխադրող երկու ուղղությունները կկորցնեն տարեկան եկամտի 6,4%-ը կամ 64 մլրդ յուան (9,2 մլրդ դոլար):