ՀՀ տնտեսությունը 2019թ. ձեռքբերումներ և սպասումներ. Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, ՄԱՀՀԻ գործընկեր:

Հայաստանի Հանրապետության 2019թ․ տնտեսությունը վստահաբար կարելի է բնութագրել մի քանի կարևոր ձեռքբերումներով և հաջողված արդյունքներով, որոնք բերված են ստորև։

Կարևոր ձեռքբերումներ

  1. Տնտեսության ազատականացում, բիզնեսի անջատումը պետական պաշտոնյաներից: Այսպիսով դադարել են պաշտոնյաների՝ բիզնեսով զբաղվելու նախկին ցանկությունները և բիզնեսի մեջ մխրճվելը՝ ստիպողակաբար դառնալով փայատերեր:
  2. Տնտեսության ֆորմալացումը: Տնտեսվարող սուբյեկտներն աստիճանաբար դուրս են գալիս ստվերից և նախընտրում գործել թափանցիկ և ֆորմալ դաշտում: Բացի այդ դրան զուգահեռ կարճ ժամանակահատվածում վերացավ համակարգային կոռուպցիան:
  3. Լավացել են մրցակցային պայմանները տնտեսության մեջ, վերացել են մոնոպոլիաների գեներացման հնարավորությունները: Մոնոպոլիաների լիակատար վերացման համար անհրաժեշտ են զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները, որոնք կձևավորվեն նոր խոշոր ներդրումների միջոցով և առևտրի նոր հնարավորություններ կստեղծեն՝ դրանով նվազեցնելով մոնոպոլացված չափաբաժինները, տարբեր ներմուծողների դեպքում:

2019թ․ ընթացքում մշակվել են մի շարք կարևոր ռազմավարություններ, որոնք կունենան որոշիչ նշանակություն սոցիալ-տնտեսական զարգացումների համար, մասնավորապես ՓՄՁ զարգացման ռազմավարությունը 2020-2023թթ․ համար, Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը 2020-2025թթ․ համար, Զբաղվածության զարգացման 2019-2025թթ․ ռազմավարությունը և այլն:

Ի դեպ, 2019թ. առաջին 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, Հայաստանի ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.3 %-ով աճել է, հանքարդյունաբերության  աճը 23.9 % է: Այսպիսով, նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալները ցույց են տալիս, որ 2019 թվականը հանքարդյունաբերության համար «վերակենդանացման» տարի էր։ Ու չնայած աճում է նաև մշակող արդյունաբերությունը, սակայն ավելի դանդաղ տեմպը վկայում է, որ այսպես շարունակվելու պարագայում հանքարդյունաբերության դերն արդյունաբերության ոլորտում ավելի կուժեղանա։

Վիճկոմիտեի այլ տվյալներից հստակ է պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալների աճը։ Մասնավորապես, պղնձի ծավալները հունվար-նոյեմբերին կազմել են 361.7 հազար տոննա, որը 24 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ 

Մշակող արդյունաբերությունն աճել է 8.2 %-ով: Մշակող արդյունաբերության կշիռն աճել է՝ ի հաշիվ ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման։

Ինչպես ցույց են տալիս Վիճկոմիտեի տվյալները, դա տեղի է ունեցել ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման հաշվին, քանի որ ծավալների կրճատմանը զուգահեռ նվազել է նաև այդ ոլորտների տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության մեջ։ 

Նախատեսված է արդյունաբերության ոլորտում հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ ավելացնել մշակող արդյունաբերության կշիռը։ 

Մյուս խոշոր ապրանքախումբը ծխախոտն է, որի արտադրության ծավալները կազմել են 175.5 մլրդ դրամ՝ աճելով 9.7 %-ով։

Որոշակի տեսանելի ակտիվություն կա հագուստի արտադրության ոլորտում։ Հագուստի արտադրության ծավալները կազմել են 24 մլրդ դրամ՝ աճելով 19.6 %-ով։

Տարին անկումային էր հիմնային մետաղների արտադրության համար։ Արտադրության ծավալները 2019թ․ առաջին 11 ամիսներին կազմել են 154.5 մլրդ դրամ՝ նվազելով 4.4 %-ով։ Սա մտահոգիչ է հատկապես այն առումով, որ հիմնային մետաղների արտադրությունը Հայաստանում էական կշիռ (12.1%) ունի մշակող արդյունաբերության ոլորտում:

Եվ, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը կազմել են 193.9 մլրդ դրամ՝ նվազելով 3.3 %-ով։

Մյուս ենթաոլորտը ջրամատարակարարումն է, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը։ Ծավալները կազմել են 23.2 մլրդ դրամ՝ նվազելով 2.1 %-ով։

2020թ․ ընթացքում կլինեն չնչին թանկացումներ կամ դրանք չեն լինի, չնայած որոշ մասնագետներ ձգտում են ապացուցել հակառակը: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված աստիճանական բարձրացումներն ակցիզային հարկի համար մի քանի տոկոսով կամ երրորդ երկրներից ներմուծվող որոշ ապրանքախմբերի դեպքում մաքսատուրքի չնչին բարձրացումների պայմաններում չեն առաջացնի էական թանկացումներ: Մեր հաշվարկով՝ յուրաքանչյուր ընտանիքի դեպքում լրացուցիչ ծախսերը գների փոքր բարձրացումների դեպքում կավելանան ընդամենը ամսական ոչ ավել, քան մի քանի հարյուր դրամից մինչև առավելագույնը 1200-1300 դրամ: Մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում կունենանք հետևյալ նոր մաքսատուրքի դրույքաչափերը, որոնց արդյունքում էական գների թանկացում տեղի չի ունենա: Ստորև ներկայացված են 6 տեսակի սննդամթերքների համար մաքսատուրքի դրույքաչափերը՝

  • Մարգարին՝ 10% մաքսատուրքի փոխարեն գործելու է 12%: Այսինքն մաքսատուրքը կավելանա ընդամենը 2%-ով:
  • Հավի միս՝ 10% մաքսատուրքի փոխարեն 2019թ․ գործել է 22%, ընդ որում 2018թ․ համար այդ թիվը եղել է 18%, իսկ 2020թ․ կկազմի՝ 25%: Այսինքն 2019թ․ նկատմամբ մաքսատուրքը 2020թ․ կավելանա ընդամենը 3%-ով:
  • Բրինձ` 0% մաքսատուրքի փոխարեն 2019թ․ գործել է 3%, իսկ 2020թ․՝ 6%: Այսինքն մաքսատուրքը կավելանա ընդամենը 3%-ով:
  • Արևածաղկի ձեթ՝ 10% մաքսատուրքի փոխարեն 2019թ․ գործել է 13%, իսկ 2020թ․՝ 15%: Այսինքն մաքսատուրքը կավելանա ընդամենը 2%-ով:
  • Կարագ՝ 10% մաքսատուրքի փոխարեն 2019թ․ գործել է 13%, իսկ 2020թ․՝ 15%: Այսինքն մաքսատուրքը կավելանա ընդամենը 2%-ով:
  • Տավարի միս՝ 10% մաքսատուրքի փոխարեն 2019թ․ գործել է 12.5%, իսկ 2020թ․՝ 15%: Այսինքն մաքսատուրքը կավելանա ընդամենը 2.5%-ով:

4. «Գյուղատնտեսության ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019թ․ տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվն աճել է շուրջ 73%-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61%-ով: Ծրագրի շրջանակներում տրվում են 3-ից 15 միլիոն դրամ վարկեր՝ սահմանապահ բնակավայրերին` 0%-ով, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%-ով, այլ տնտեսվարողներին` 5%-ով:

5. Զարգանում են առևտրային հարաբերությունները, և առկա է դիվերսիֆիկացիա ըստ երկրների կամ երկրների խմբերի, մասնավորապես՝ ԵԱՏՄ, ԵՄ երկրներ, ԱՄՆ, տարածաշրջանային երկրներ:

6. 2019թ․ հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 

2019թ․ Հայաստան է ժամանել 4 միլիոն 319 հազար 618 մարդ:
2018թ․ Հայաստան է ժամանել 3 միլիոն 757 հազար 187 մարդ:

7. Երկրում ձևավորված է ազնվության երաշխիքը, և այն ապահովված է երկրի ղեկավարության ամենաբարձր մակարդակով:

8. Կատարվում է տնտեսական ճյուղերի դիվերսիֆիկացիա, և այդ գործընթացներում էական դերակատարություն ունեն առաջին հերթին հենց տեղական արտադրողները/ ներդրողները, իսկ օտարերկրյա ներդրողների դեպքում դեռևս պետք է հստակեցնել և աստիճանաբար վերացնել խոչընդոտների առկա խումբը և ամրապնդել վստահության մթնոլորտը երկրում օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ է վերաձևակերպել ներդրումների համար գլխավոր պատասխանատու գերատեսչության գործառույթները, ինչպես նաև լիազորությունները: Այդ գերատեսչությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն է։

9. Ակնհայտ է տնտեսության մեջ զարգացման դինամիկան․ 2019թ․ տնտեսական աճը կազմելու է շուրջ 7,5%: Դրա հետ մեկտեղ զգալի աշխատանքներ են կատարվել ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, օրինակ՝ ճանապարհների վերականգնում և մեծ հատվածներում վերակառուցում, ընդհանուր ծավալները գերազանցում են 2015-2017թթ․ (3 տարվա) կատարածը միասին վերցրած, բացի այդ կատարվում են վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ դպրոցների, մանկապարտեզների, քոլեջների և այլ ենթակառուցվածքների ուղղությամբ: Դրանից բացի համայնքներում աստիճանաբար նկատելի է դառնում տեղական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման և իրագործման կարևորությունը: Սակայն պետք է նշել, որ դրանք շատ փոքրաթիվ են, և ՏԻՄ-երում գերակշռում է անզորության մտածելակերպը և պետական բյուջեից դոտացիաներ վերցնելու ցանկությունը: Թույլ է մասնավոր հատված- ՏԻՄ ղեկավարություն երկխոսությունը և համագործակցությունը:

10. 2020թ․-ից սկսած զգալիորեն կավելանան բոլոր տեսակի թոշակները, բարձրանում է մի շարք ոլորտների աշխատողների աշխատավարձը (ուսուցիչներ, ԱԻՆ աշխատակիցներ, սպաներ և պաշտպանության ոլորտի աշխատակիցներ, առողջապահության ոլորտի աշխատակիցներ և պետական ծառայողներ):

11. Զբաղվածության մակարդակը 2019թ․ երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3%` 2018թ․ 46,8%-ի և 2017թ․ 46,3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019թ․ երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018թ․ 20,1%-ի և 2017թ․ 19,9%-ի փոխարեն:

2020թ․ պետական բյուջեով շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: 

12. 2019թ․ Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1,507 տրլն դրամի չափով եկամուտ:

ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019թ․ սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել հարկ վճարողներին Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով վերադարձնել 56,4 մլրդ դրամ, որից փաստացի վերադարձվել է 42,8 մլրդ-ը: Այսպիսով, փաստացի հարկային եկամուտները կազմել են 1,464 տրլն դրամ:

2018թ․ հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020թ․ հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ:

Այսպիսով, 2018-2019թթ․ արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017թ․ համեմատ կազմել է 43.6%: 2020թ․ ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս:

2019թ․ ընթացքում Հայաստանում մաքսային ձևակերպում է ստացել 189․000 ավտոմեքենա: Այն ավելի քան երեք անգամ գերազանցում է 2018թ․ ցուցանիշը (64․000 ավտոմեքենա):  2019թ․ ավտոմեքենաների մաքսազերծումից ստացված եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ դրամ կամ 58 մլրդ դրամով ավելի, քան 2018թ․: Այս ամենն էականորեն դրական է անդրադարձել տնտեսական աճի վրա, իսկ  42,8 մլրդ դրամ ԱԱՀ-ի վերադարձը հաջող մեկնարկային վիճակ է ապահովել բազմաթիվ ընկերությունների համար 2020թ․ իրենց ձեռնարկատիրական գործունեության համար: Այդ լուծումով կառավարությունը որոշակիորեն հավասարակշռել է եկամուտների բաշխումը տնտեսության մեջ:

13. 2019թ․ կեսին մեր կատարած վերլուծության համաձայն՝ միկրո և փոքր բիզնեսը գոհ է հարկերի դրույքաչափերից, ստուգումների որակից և հարկային վարչարարությունից (գոհունակության ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 68-72%):

14. Բարձրացել է ՀՀ պետական վարկանիշը, և բարելավվել են տարբեր ցուցանիշներ միջազգային կազմակերպությունների զեկույցներում, այս ամենը կհանգեցնի երկրի հանդեպ վստահության կայունության և հավասար մակարդակներում մեր դիվանագիտության խթանմանը՝ ի նպաստ նոր զարգացումների:

15. Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն դոլար, ինչը 68.7 մլն դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018թ․ ցուցանիշը:

16. Էականորեն ավելացել են պետական բյուջե մուծումները, որոնք նաև ձեռնարկությունների ֆորմալացման արդյունք են, կրճատվում է ստվերային շրջանառությունը, ձևակերպվում է աշխատուժը, առաջացել են նաև նոր աշխատատեղեր:

17. Նկատելիորեն բարելավվել է ՀՀ պաշտպանական համակարգը՝ համալրվելով պաշտպանական և հարձակողական նշանակության նոր զենքի տեսակներով: Բացի այդ բանակում խիստ նկատելի է սննդի որակի, տեսականու և քանակի բարելավումը, որն այդքան կարևոր է զինվորների կյանքի, առողջության և մարտունակության համար: Հինգ մասնավոր հատվածի ճանաչված ընկերություններ ապահովում են բարձրորակ սննդի ծառայությունների տրամադրումը զինվորներին:

2020թ․ բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018թ․ փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով։

18. Ծառայությունները երկնիշ տեմպով են աճում. խաղային ոլորտի կշիռն աճում է:

Այս տարվա 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 847 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 14.8 %-ով։ Ամբողջ տարվա ընթացքում ծառայություններն աճել են երկնիշ տեմպերով։ Բուքմեյքերական ընկերությունների ու խաղատների «հաղթարշավը» շարունակվում է:

19. Ներքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին կազմել է 2 տրլն 863 մլրդ դրամ՝ աճելով 9.2 %-ով։ Առևտրաշրջանառությունը, ինչպես ծառայությունները, տարվա ընթացքում բարձր տեմպով են աճել։ Չնայած դրան՝ առևտրաշրջանառությունը Հայաստանում կենտրոնացված է մայրաքաղաքում և համեմատաբար մեծ խանութների շուրջ։ Տարիների ընթացքում կենտրոնացվածությունը խորացել է, և այդ միտումը շարունակվում է նաև այսօր։

20. Շինարարությունը դանդաղ, բայց աճում է: Հունվար-նոյեմբերին շինարարության ծավալները կազմել են մոտ 345 մլրդ դրամ՝ 2018թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 4.5 %-ով։

2019թ․ կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019թ․ պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհն այնքան է, որքան 2015, 2016, 2017թթ․ հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում:

2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017թ․ համեմատ ավելացել է 64%-ով, 2018թ․ համեմատ` 104%-ով, 2019թ․ համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ դրամ: 

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989թ․-ից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020թ․ բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020թ․ բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020թ․ կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք:

21. Արտաքին առևտուր. արտահանման աճը գերազանցում է ներմուծմանը: Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանն աշխարհի հետ 7 մլրդ 232 մլն դոլարի առևտուր է արել։ 2018թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 7.4 %-ով։ Արտահանումն այս ընթացքում աճել է 9%-ով՝ կազմելով 2 մլրդ 402 մլն դոլար։ Ներմուծման աճն ավելի թույլ է՝ 6.6 %, ծավալը՝ 4 մլրդ 830 մլն դոլար։

Սակայն գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 574.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 4.8 %-ով։

22. 2019թ․ ընթացքում հաստատվել են երկու ծրագրեր, որոնց կարևորությունն ակնհայտ մեծ է լինելու ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների համար, մասնավորապես զբաղվածության  բնագավառում, դրանք են՝

  • «Հայաստանի արժանապատիվ աշխատանք» ծրագիրը՝ ստորագրված Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ և երեք սոցիալական գործընկերների կողմից (ՀՀ Կառավարություն, Հայաստանի գործատուների հանրապետական միություն և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա),
  • «Աշխատիր Հայաստան» ծրագիրը՝ հաստատված ՀՀ Կառավարության կողմից 2019թ․ դեկտեմբերին:

23. ՀՀ Կառավարության ջանքերով, ԵԱՏՄ-ի ՀՀ նախագահության ժամանակաշրջանում, մի քանի երկրների հետ ԵԱՏՄ-ը ստորագրեց ազատ առևտրի և համագործակցության պայմանագրեր, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Սինգապուրի և Վիետնամի հանրապետություններ:

24. Մեր երկրում ընթանում են լուրջ փոփոխություններ մի շարք բնագավառներում, այն է՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, հասարակական և հոգեբանական:

Զուգահեռ վերը նշված և այլ հաջողությունների՝ առկա են և դեռևս կարգավորման կարիք ունեն մի շարք խնդիրներ, հատկապես տարածաշրջանում ընթացող գործողությունների համատեքստում: Ցանկանում ենք նշել մի քանիսը։

Առկա խնդիրները

  1. Արտաքին դիվանագիտական օրակարգի վերանայում, արագ փոփոխվող տարածաշրջանային կոնֆլիկտների և ինտեգրման նոր գործընթացների պարագայում:
  2. Կառավարման կառուցվածքի թերությունների շտկում և պետական ծառայողների մոտիվացիայի պայմանների վերանայում, ֆունկցիաների ճիշտ վերաբաշխում:
  3. Մասնավոր հատված-պետական մարմիններ երկխոսության զարգացում, կողմերի միջև տվյալների և տեղեկատվության փոխանակում, ընթացիկ ռեֆորմների կամ նորերի համար սահմանային ցուցանիշների որոշում և համաձայնեցում, վստահության մթնոլորտի բարելավում:
  4. Համայնքների զարգացման համար իրավիճակի և առկա ռեսուրսների ճիշտ գնահատում և զարգացման մոդելի ճիշտ նախագծում, համայնքների զարգացման արդյունավետ ճարտարապետության խթանում:
  5. Ներդրումների համար առայժմ հետաքրքիր և գրավիչ ՀՀ թույլ կողմերը, օրինակ՝ էժան աշխատուժ, թույլ օրենսդրություն, հատկապես շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում, կապված հանքարդյունաբերության հետ: Նույն կերպ նաև միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման դեպքում վավերացված փոքրաթիվ միջազգային կոնվենցիաներ: Անհրաժեշտ է ակտիվացնել այլ կոնվենցիաների վավերացման գործընթացները:
  6. Տնտեսվարող սուբյեկտների (ըստ չափերի և շրջանառության) կառուցվածքի պահպանումն արդեն շուրջ մեկ տասնամյակ: ՀՀ-ում, ըստ տարիների, միջին հաշվով ակտիվ ընկերությունների թվաքանակը գտնվում է 80-85 հազարի շրջանակում: Դրանցից շուրջ 70-75%-ը կազմում են միկրո ձեռնարկությունները, որոնց գերակշռող մասը զբաղվում է առևտրով, մնացածից մոտ 18-20 հազարը փոքր ընկերություններ են շուրջ 1400 միջին չափի ընկերություններ և 700-ը՝ խոշոր ընկերություններ: Այսպիսով, այս բաշխվածության կառուցվածքը հիմնականում պահպանվում է ըստ տարիների, և տնտեսության ու տնտեսական ոլորտների դիվերսիֆիկացման զարգացումը պետք է հանգեցնի նշված կառուցվածքի փոփոխության, որը դեռևս գրեթե նկատելի չէ:
  7. Երիտասարդ պաշտոնյաների ցածր կառավարչական փորձառությունը և դրա հետ մեկտեղ հավակնությունների առկայությունը:
  8. Պետական գնումների թերի վիճակը և կապիտալ ներդրումների կատարման ծավալի զգալի թերացումը:
  9. 2019թ․ ընթացքում չեն մշակվել և հետևաբար դեռևս ընթացքի չեն դրվել ազգային գերակայության ծրագրեր, որոնք հնարավոր կլինեին աշխատանքի կազմակերպման նոր մեխանիզմներով և մտածելակերպի նոր համակարգի առկայության դեպքերում: Բիզնեսը դեռևս մինչև հիմա չի հասկանում, թե ինչպիսին է լինելու պետական աջակցությունը բիզնեսի կատարած ներդրումների նկատմամբ, հատկապես ազգային ծրագրերի դեպքում: Այդպիսի ծրագրերի մասին չի հիշատակում կառավարությունը և չի նշում նաև աջակցության մեխանիզմների մասին: Շարունակաբար խոսվում է երկրի բիզնես մրցունակության մասին, սակայն դեռևս հստակեցված չէ «հարկային քաղաքականությունը որպես հայկական բիզնեսի մրցունակության գործոն» հարցը: Այս առումով կարևոր է ֆիսկալ պայմանների կայունության երաշխիքի ապահովումը, ընդ որում, ներդրողներին հետաքրքրում է բազային վճարների անփոփոխութունը։ Ցանկալի է, որ տեղի ունենա միայն ֆիսկալ բեռի վերաբաշխում:
  10. Արդյունավետ չի գործում ձևավորված տեսչական մարմինների խումբը, իհարկե բարեփոխումների արդյունքում նվազել է տեսչական մարմինների թվաքանակը, սակայն իրականում նաև աղճատվել է նրանց ֆունկցիոնալ համակարգը: Անդեմ մարմիններն ի վիճակի չեն իրականացնել արդյունավետ և պրոֆեսիոնալ տեսչական ստուգումներ, այդ պատճառով հասկանալի չէ յուրաքանչյուր մարմնի գործունեության անհրաժեշտությունը: Այս ամենը չի նպաստում ձեռնարկատիրական մշակույթի խթանմանը գործատուների շրջանում: Հայկական ձեռնարկատիրական մշակույթը, այդպիսով, մնալով ցածր մակարդակի վրա, ի վիճակի չէ մրցակցել միջազգային և մասնավորապես եվրոպական բիզնեսների հետ: Միջազգային կոնվենցիաների պահանջների թերի կատարումը շրջակա միջավայրի պաշտպանության, մարդու իրավունքների, հարկադիր աշխատանքի, աշխատողների անվտանգության և առողջության պահպանման հարցերում, ինչպես նաև կանանց և տղամարդկանց համար հավասար վարձատրության մասով համարժեք աշխատանքի դիմաց, էականորեն խոչընդոտում են օտարերկրյա ներդրողների մուտքը ՀՀ, հատկապես անդրազգային ընկերությունների և խոշոր կորպորացիաների դեպքում: Բացի այդ նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ թյուրըմբռնումները գործատուների շրջանում թուլացնում են նրանց բանակցային հնարավորություններն արտաքին շուկաներում:

Նոր հնարավորություններ հետագա զարգացումների համար

  1. 2020թ․ հունվարի 1-ից կգործի նվազագույն աշխատավարձի 68․000 դրամ (առանց հարկի) դրույքաչափը:
  2. Պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրանալով (ներառյալ պարգևավճարները)՝ միջինով արդեն կազմում է մոտ 330 հազար դրամ: Դրա շնորհիվ որոշակիորեն կաճի տնտեսական ակտիվությունը և ներքին առևտրաշրջանառությունը:
  3. Առողջապահության ոլորտի աշխատողների, մանկավարժների, ԱԻՆ-ի և զինվորականների աշխատավարձերի բարձրացումը:
  4. Տնտեսվարող սուբյեկտներին նախկինում կուտակված ԱԱՀ-ի վերադարձը և ընդհանրապես ԱԱՀ վերադարձը 150 մլրդ դրամի չափով: Դա ապահովել է մեկնարկային լավ նախապայման այդ ձեռնարկությունների համար:
  5. Շուրջ 60 նոր ներդրումային ծրագրեր կյանքի կոչելու թույլտվություն է տրված։ Սրանց շնորհիվ կառաջանան մի քանի հազար նոր աշխատատեղեր, և կկատարվի տնտեսության ճյուղերի զարգացում և դիվերսիֆիկացիա:
  6. Կարիքավոր ընտանիքներին, աղետի գոտու ընտանիքներին և մանկատան սաներին բնակարանների հատկացումը:
  7. Աղետի գոտում նոր մի քանի հազար բնակարանների կառուցման ծրագիրը:
  8. Ճանապարհաշինության սպասվելիք ծավալուն ծրագրի գործարկումը 2020թ․ սկզբից:
  9. Մտածելակերպի փոփոխություն, միասնական ուժերով աշխատանքի գնահատման կարևորության հեռանկարները հետագա զարգացման գործընթացներում:
  10. ԵՄ-Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA) շրջանակում բարեփոխումների նոր փաթեթի իրականացումը:

Վերլուծելով ՀՀ ՀՆԱ-ն և գործազրկության մակարդակը՝ պարզվում է, որ 100 հազար գործազուրկին աշխատանքով ապահովելու դեպքում միջինն ամսական մոտ 300 ԱՄՆ դոլար աշխատավարձով կարելի է ՀՆԱ-ն ավելացնել մոտ 3,0 մլրդ ԱՄՆ դոլարով՝ այն հասցնելով շուրջ 15 մլրդ դոլարի: Դա կնշանակի ՀՆԱ-ի մոտ 25% աճ մեկ տարում, և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կդառնա մոտ 5000 դոլար:  Այսպիսով, եթե ՀՀ Կառավարությունը կարողանա իր գործիքակազմով և գործարար միջավայրի բարելավման շնորհիվ ապահովել մոտ 100 հազար գործազուրկի զբաղվածությունը 300 դոլար ամսական աշխատավարձով, ապա կստանա մի քանի բենեֆիտներ՝

  • գործազրկության վերացում,
  • աղքատության կտրուկ կրճատում,
  • ՀՆԱ մոտ 25% աճ,
  • մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճ՝ հասնելով մոտ 5000 ԱՄՆ դոլարի,
  • երկրների ցուցանիշների շարքում ՀՀ համար դրական մեծ առաջընթաց և վարկանիշի բարձրացում։

Այդպիսի արդյունքների կարելի է հասնել մի քանի ճանապարհներով առանձին-առանձին կամ միասին վերցրած, դրանք են՝

  1. տնտեսական ընդհանուր աճ և բիզնես միջավայրի էական բարելավում,
  2. նոր հիմնադրվող ընկերություններում իրական ձեռնարկատիրական գործունեության ապահովում,
  3. ներդրումային մեծագումար ծրագրերի խթանում, ինչպես նաև աշխատուժի կլանման մեծ ներուժ ունեցող ճյուղերի զարգացում:

Ամենաարագ և հնարավոր տարբերակը երկրորդն է․ միայն պետական գործիքակազմը պետք է ի վիճակի լինի կարգավորելու մի շարք խնդիրներ, որոնց շնորհիվ առկա կլինի ձեռնարկատիրական գործունեություն նոր ստեղծվող ընկերություններում: Հետևաբար պետք է կենտրոնանալ և գնահատել առկա խոչընդոտների ուժգնությունը և դրանց խանգարող ազդեցությունը թուլացնել:

Ներդրումային հնարավորությունները ՀՀ-ում մինչև վերջին ժամանակաշրջանը հիմնականում սահմանափակված են եղել հանքարդյունաբերական ծրագրերով: Տնտեսության այլ ճյուղերում ներդրումները քիչ են: ՀՀ-ում ներդրումների  խթանումն այլ ճյուղերում կարող էր մինչ օրս տեղի ունենալ, եթե հանքարդյունաբերությունում ներդրողների համար ձևավորվեր վստահության մթնոլորտ և նաև պետությունը մոտիվացներ նրանց ներդրումներ կատարելու այլ ճյուղերում նույնպես: Սակայն ՀՀ-ում իրականում դա դեռևս էականորեն տեղի չի ունեցել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ընդ որում ընդերքը ՀՀ-ում բացառիկ սեփականություն է, և ընդերքի տեղամասերը չեն կարող դառնալ առքուվաճառքի պարզունակ տարբերակներ կամ դառնալ գրավի առարկա, օտարվել և այլն: Սակայն ՀՀ օգտակար հանածոների հսկայական պաշարների համախառն մեծ արժեքը, որը գերազանցում է 120 մլրդ դոլարը, մշտապես կարող է լինել գրավիչ օտարերկրյա ներդրողների համար: Հետևաբար դեռևս այս գործոնի շրջանակում ՀՀ Կառավարությունը կարող է երկար տարիների ընթացքում շարունակաբար ունենալ արդյունավետ բանակցություններ վարելու հնարավորություն, որոնց միջոցով կարելի կլինի քննարկել տնտեսության այլ ճյուղերում ներդրումների տարբերակը: ՀՀ-ում առկա են շուրջ 1278 երկրաբանական գրանցված ոչ մետաղական ֆոնդեր, 173 մետաղական պաշարներ: Հայաստանի պղնձամոլիբդենային ամենախոշոր հանքավայրն իր մեծությամբ դասվում է համաշխարհային խոշոր հանքավայրերի ցանկում․ ՀՀ-ը 110 հորիզոնականում է, նույն կերպ ոսկու առումով: Անհրաժեշտ է պետական հաշվառման միջոցով ճշտել օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և դրա շնորհիվ բարելավել երկրաբանական և տնտեսագիտական ցուցանիշները: Ընդերքի օգտագործման ժամկետների և իրավունքի ճիշտ փաստաթղթավորումն ու տրամադրումը կարող են խոշոր ներդրումներին զուգահեռ ապահովել զգալի վճարներ պետական բյուջե և ռոյալթիներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կարգավորել մի շարք շրջակա միջավայրի խնդիրներ, որոնք հաճախ անտեսվել են՝ առաջացնելով անհավասարակշիռ վիճակներ ընդերքի օգտագործման պաշարների, բնապահպանական շահերի և բիզնեսի շահութաբերության միջև:

Ոլորտի խնդիրների կարգավորման հարցում լուրջ դերակատարություն կարող է ունենալ համապատասխան ինստիտուտների կայացումը, ներառյալ բնապահպանական ֆոնդերը, աղտոտման իրավունքի վաճառքը, բնապահպանական ապահովագրությունը և այլն, որոնք առկա են միջազգային պրակտիկայում: ՀՀ-ում ներկայումս հանքարդյունաբերական ծրագրերը հաճախ առաջացրել են գյուղատնտեսական արտադրության և զբոսաշրջության ոլորտի կորուստներ անխուսափելի վնասակար արտանետումների պատճառով:

Նույն կերպ, ի տարբերություն հանքարդյունաբերական ծրագրերի՝ ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ տնտեսության շարժիչ ուժ դառնալն է, որը նաև ՀՀ Կառավարության ռազմավարական նպատակն է: Վերջին 7 տարում ոլորտն աճել է հինգ անգամ, մեծացել են մեր երկրից տեխնոլոգիատար ապրանքների արտահանման ծավալները: Հայաստանը կարող է դառնալ տեխնոլոգիական, նորարարական առաջատար երկրներից մեկն աշխարհում: Սա իրատեսական է նաև այնքանով, որ հայազգի բազմաթիվ գիտնականներ և ճարտարագետներ մի շարք հանրահայտ գյուտերի և նորարարությունների հեղինակներ են՝ ապրելով և ստեղծագործելով Հայաստանում կամ այլ երկրներում:

Տնտեսության ոլորտի ոչ համաչափ զարգացումները ՀՀ տնտեսական տարբեր ճյուղերի և մարզերի միջև հանգեցրեցին ժողովրդագրության լուրջ խնդիրների ՀՀ-ի համար: Ի դեպ, այդպիսի ընդգծված պատկեր ունեցան նաև հետխորհրդային մի քանի երկրներ նույնպես, օրինակ՝ ՌԴ, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Լատվիա: ՀՀ-ի դեպքում ժողովրդագրական իրավիճակը 1990-2019թթ․ ժամանակահատվածի համար բնութագրվում է շուրջ 520 հազար նվազած տարբերությամբ, այն պարագայում, երբ բնակչության աճի շարժընթացը եղել է դրական այդ ժամանակահատվածում: Չնայած դրան՝ ՀՀ-ը դասվում է նվազող բնակչությամբ երկրների շարքին: Իսկ բնակչությունը նվազել է արտագաղթի պատճառով՝ պայմանավորված մակրոտնտեսական ցածր ցուցանիշներով, խորացող աղքատության և մեծ գործազրկության տվյալներ արձանագրելով: Հետևաբար տնտեսական ճյուղերի զարգացման ռազմավարությունն իր ուշադրության տակ պետք է վերցնի նաև այն ճյուղերի զարգացումը, որոնք ունեն զբաղվածությունը խթանելու ավելի մեծ ներուժ: Հաճախ դա է պատճառը, որ ՀՀ-ը տարածաշրջանի երկրների ցանկում ունի ամենացածր ցուցանիշները 2018թ․ դրությամբ, օրինակ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությամբ՝ 4149 դոլար, աղքատությունն ամենաբարձրը՝ 25.7%, գործազրկությունն ամենաբարձրը 18.1%, ՀՆԱ ցուցանիշը 12.415 մլրդ դոլար և օտարերկյա ուղղակի ներդրումներն ամենաքիչը մյուսների թվերի համեմատ, այն է՝ 246 մլն դոլար: Ստորև համեմատական աղյուսակը տարածաշրջանային երկրների համար  2018թ․ դրությամբ.

ԵրկրներՀՆԱ, մլրդ դոլար, իրականՄեկ շնչին ընկնող ՀՆԱ, դոլարԳործազրկություն, %Աղքատություն, %ՕՈՒՆ, մլրդ դոլար
Ռուսաստան1630.66113274.813.625.0
Թուրքիա766.43934613.516.010.0
Իրան452.28549113.910.35.6
Ադրբեջան45.4245695.015.02.9
Վրաստան16.32440012.721.01.8
Հայաստան12.41414918.125.70.246

Ինովացիոն տնտեսության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ու ընդհանրապես ձեռնարկությունների մրցունակության ապահովման և արտադրողականության բարձրացման համար շատ կարևոր է կրթական համակարգի դերը որպես ինովացիոն միջավայրի տրանսֆորմացիայի հիմնական բանալի: Եվ այդպիսի կրթական համակարգում իրենց կարևոր տեղն ունեն ԲՈՒՀ-երը և ՄԿՈՒ հաստատությունները: Սակայն ԲՈՒՀ-երն իրենց դեռևս չեն տեսնում տնտեսվարող սուբյեկտների դերում՝ ինտելեկտուալ արտադրանքների շուկայում: Բիզնեսի մոդելները շարունակաբար փոխվում են, այն էլ հաճախ դեպի ակնթարթային փոփոխությունների իրականացման կարողությունների կամ նախագծային լուծումների կողմը: Սա էլ հանգեցնում է մասնագիտությունների ցանկի համալրմանը կամ եղածների արագ փոփոխության անհրաժեշտությանը: Աստիճանաբար ավելի է կարևորվում շարունակական կրթությունը կամ «Կրթությունը ողջ կյանքի ընթացքում», և ստացվում է, որ մասնագիտական կարողությունները կարիերայի միջնաժամկետում դառնում են ավելի պահանջված, քան կարիերայի սկզբում: Դրա համար էլ ավելի տարեց բնակչության շրջանում աճում է նոր կարողությունների զարգացման պահանջարկը: Դա պահանջում է ԲՈՒՀ-երի և ՄԿՈՒ հաստատությունների կրթական մոդելի տրանսֆորմացիա, այսինքն կրթելուն և գիտության զարգացմանը զուգահեռ՝ ավելանում է ևս մեկ կարևոր օղակ՝ ինովացիան: ԲՈՒՀ-երը, սակայն, դանդաղ են անցնում կարողությունների կրթմանը ժամանակակից տնտեսության համար: Թույլ են տեխնոձեռնարկատիրական ժամանակակից կոմպետենցիաների զարգացման համար կրթական ծրագրերը, բացի այդ համարյա բացակայում է թվային տնտեսության նկատմամբ դրանց ուղղվածությունը: ԲՈՒՀ-երը պետք է ավելի մոտենան աշխատաշուկային, որի շնորհիվ մի կողմից ԲՈՒՀ-երի կապը կլավանա բիզնեսի հետ, մյուս կողմից էլ կհաջողվի պատրաստել կադրեր պահանջվող կոմպետենցիաներով:

Իրական պատկերը հետևյալն է. բիզնեսը դեռևս չի հավատում կրթական համակարգի հնարավորություններին կամ ունի համագործակցության բացասական փորձ, իսկ կրթական հաստատությունները չեն կարողանում տիրապետել բիզնեսի պատվերները: Մյուս կողմից ուսանողներին անհրաժեշտ է գործակցել շուկայի հետ: Միաժամանակ քիչ ուշադրություն է հատկացվում լրացուցիչ մասնագիտական կրթությանը, որի հետևանքն է պահպանվող հակասությունը կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև:

Այժմ անհրաժեշտ է աջակցել հատկապես ինովացիոն ընկերություններին, երբ դրանք գտնվում են դժվարին արտադրական պայմաններում կամ ներդնում են նոր կառավարչական տեխնոլոգիաներ:

2019թ․ 7% աճի դեպքում ՀՆԱ-ն ՀՀ-ում կկազմի շուրջ 13.25 մլրդ դոլար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի համապատասխանաբար 4460 դոլար, իսկ 7.5 %-ի դեպքում աճը կկազմի մոտ 940 մլն դոլար, ընդհանուր ՀՆԱ-ն կդառնա 13.350 մլրդ դոլար, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կլինի մոտ 4500 դոլար, 10% ՀՆԱ-ի աճի դեպքում այն կկազմի մոտ 4600 դոլար: Նույն դեպքում, օրինակ, 2% ՀՆԱ-ի աճի պարագայում Վրաստանի ՀՆԱ-ն կկազմի շուրջ 17.460 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, 4700 դոլար: Նույն տրամաբանությամբ՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2% աճի դեպքում կկազմի 54.500 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 5480 դոլար: Այսպիսով, փոքր տարածաշրջանում ՀՀ-ը կշարունակի դեռևս զիջել Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշներին թե՛ ընդհանուր ՀՆԱ-ի և թե՛ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով:

Հետևաբար, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը 2019թ․ հաշվարկով տեղի չի ունենա, նույնիսկ, եթե ՀՀ ՀՆԱ աճը լինի 10%, իսկ 2 հարևան երկրներում այն կազմի նվազագույնը 2%:

ՀՀ Կառավարության ծրագիրը 2020թ․ համար ընդունված է: Այն ներառում է մի քանի գլոբալ նպատակներ, մասնավորապես՝

  • Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը: Որպես աղքատության հաղթահարման գործիք է ընտրվել աշխատանքի քաջալերումը:
  • Արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ: Բազում հետազոտություններ ապացուցել են, որ գոյություն ունի դրական կապ արտահանման և տնտեսական աճի միջև (արտահանման ծավալների աճը հանգեցնում է տնտեսական աճի):
  • Ներդրումների աճը ՝ մրցունակության և կայուն աճի նախապայման: ՀՀ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում կարևոր դեր է խաղալու կապիտալի պաշարի աճը, ինչին էլ հնարավոր է հասնել հիմնական միջոցների համախառն կուտակման աճի ավելի բարձր տեմպերի պարագայում: Կառավարությունը նշում է, որ աջակցելու է ներդրողներին, ստեղծելու է բարենպաստ ներդրումային միջավայր, սակայն դեռևս բաց է մնում այն հարցը, թե հատկապես որ ոլորտներում է ներգրավելու և ինչպես է կառավարելու անհրաժեշտ ներդրումները:
  • Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը:
  • Վերամշակող արդյունաբերությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպիսի զարգացման սցենար է նախատեսվելու:
  • Զբոսաշրջությունը: Այս ոլորտի զարգացումն էականորեն կնպաստի փոքր ձեռնարկատիրության և զբաղվածության խթանմանը ՀՀ-ում, ինչպես նաև կխթանի մեր երկրի ճանաչելիությունը համաշխարհային տնտեսության մեջ: Սակայն կառավարության ծրագրում շատ հպանցիկ է ներկայացված համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և երկիրն առավել գրավիչ դարձնելու տեսլականը: Կարծում ենք, որ տարվա ընթացքում կկիրառվեն անհրաժեշտ գործառույթներ, և կիրականացվեն համապատասխան միջոցառումներ, որոնք կլրացնեն թվացող հպանցիկությունը:

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ

ՄԱՀՀԻ գործընկեր

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.