PKK․ հնարավորություն ու մարտահրավեր Էրդողանի համար. Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

Ամփոփ կետեր

  • 21-րդ դարում PKK-ի զինված պայքարը Թուրքիայից շարունակում է խլել ռազմական ու ֆինանսական խոշոր ռեսուրսներ։
  • PKK-ի զինված պայքարը մեծապես ազդում է նաև Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական գործընթացների վրա։
  • Եվ, այնուամենայնիվ, PKK-ի գործունեությունը շատ դեպքերում օգտակար է դարձել թուրքական իշխանությունների համար։
  • PKK-ը վերածվել է քրդական քաղաքական շարժման ձեռքբերումների լուրջ խոչընդոտի և պետք է հնարավորինս շուտ լքի ասպարեզը։
  • Ժողովրդավարական (ընտրական), նաև ժողովրդագրական պայքարի ուղին Թուրքիայի քրդերին տալիս է անհամեմատ մեծ հեռանկարներ՝ զինված պայքարի համեմատությամբ։ 

Ներածություն

1978թ․ Թուրքիայում ստեղծված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունն (PKK) իր զինված պայքարը սկսել է 1984թ․, ինչում իր ուրույն դերն ուներ 1980թ․ սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումը, որից հետո քրդերի հանդեպ սկսվեցին ուժգին հալածանքներ։ PKK-ի դեմ պայքարը Թուրքիայից խլում է ռազմական և ֆինանսական խոշոր ռեսուրսներ։ Հայտնի է, որ PKK-ի հետ դիմակայությունում երկու կողմից զոհվել է մոտ 50.000 մարդ: Կարծիքներ կան, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան ամենաշատ կորուստները կրել է հենց PKK-ի դեմ պայքարում։ 2011թ. օգոստոսին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յլդըրըմը հայտարարեց, որ 1984-2011թթ. PKK-ի դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 մլրդ $, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` 700 մլրդ $, ընդհանուր՝ 1 տրլն $։ Դեռևս 2007թ. Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, որ եթե PKK-ի դեմ պայքարում ծախսված 300 մլրդ $-ը ներդրվեր տնտեսության մեջ, ապա Թուրքիան ընդգրկված կլիներ G-8-ում՝ 7-րդ տեղ: Եվ, վերջապես, 2013թ. հունվարի վերջին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վերջին 30 տարում «ահաբեկչության» (PKK-ի) դեմ պայքարում ծախսել է 400 մլրդ $, և եթե չլիներ «ահաբեկչությունը», ապա այսօրվա Թուրքիայի փոխարեն գոյություն կունենար այլ Թուրքիա[1]: PKK-ի դեմ պայքարն իր խոշոր կնիքն է թողնում նաև Թուրքիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական ոլորտների վրա[2]։

PKK-ի զինված պայքարի առանձնահատկությունները

Թուրքիայում PKK-ի զինված պայքարն անցել է մի շարք էվոլյուցիոն փուլեր։ Ընդունված է համարել, որ PKK-ը սկզբնական շրջանում պայքարում էր Թուրքիայում քրդական անկախ պետության, ապա ինքնավարության ձևավորման համար։ Իսկ 1999թ․ PKK-ի հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կալանավորումից հետո այդ պայքարը տեղափոխվել է քրդերի իրավունքների պաշտպանության ոլորտ։ Այս երեք կետերն ամփոփելիս հանգում ենք այն եզրակացության, որ ա) PKK-ը շարունակ իջեցրել է իր գերնպատակի նշաձողը, բ) ձախողվել է դրանցից յուրաքանչյուրում։ Թուրքիայի քրդերը ձեռք չեն բերել ինքնավարություն՝ էլ չխոսած անկախության մասին, նրանց իրավունքները շարունակում են մնալ ոտնահարված վիճակում։ Մեր կարծիքով՝ PKK-ն արդեն սպառել է իրեն և 2020-ականներին իր տեղը պետք է զիջի ժողովրդավարական ճանապարհով քրդական քաղաքական շարժման պայքարին, քանի որ վերջինս ունի հաջողության հասնելու առավել մեծ պոտենցիալ և նաև առկա լուրջ ձեռքբերումներ։ Չընկնելով մանրամասների մեջ, թե 20-րդ դարում Թուրքիայի քրդերին ինչ է տվել PKK-ի զինված պայքարը, ցանկանում ենք առավել կենտրոնանալ 21-րդ դարի վրա՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման տարիներին, PKK-ի գործունեության, Թուրքիայի տարբեր ոլորտների և հենց քրդերի վրա դրա ազդեցության վրա։ Կփորձենք ցույց տալ և հիմնավորել, որ 21-րդ դարում քրդերի համար այլևս օգտակար չէ և անգամ վնասակար է PKK-ի զինված պայքարը, որ այդ պայքարը որոշակի պլանում օգտակար է ԱԶԿ-ի համար։ Սկսենք 4 ոլորտի վերլուծությունից։

Ռազմական – 21-րդ դարում PKK-ը մեծ հաշվով ռազմական լուրջ հաջողության չի հասել։ Այո՛, PKK-ը շարունակում է ռազմական խոշոր ռեսուրսներ խլել Թուրքիայից, սակայն վերջինիս հաջողվել է մի շարք հարցերում էապես շտկել իրավիճակը։ Օրինակ, նախկինում երիտասարդ թուրք զինծառայողն այդ պայքարում մեծ դժվարություններ էր կրում քուրդ զինյալի դեմ, ով լեռներում պատերազմելու մի քանի տարվա փորձ ուներ: Սակայն ԱԶԿ-ը որոշեց PKK-ի դեմ զինված պայքարում ավելի շատ ներառել պայմանագրային-պրոֆեսիոնալ զինծառայողների, հատուկջոկատայինների, ինչը մեծացնում է քուրդ զինյալների դեմ պայքարի արդյունավետությունը։ PKK-ի դեմ տեղեկատվական պայքարում նույնպես լուրջ քայլ կատարվեց․ Էրդողանը թուրքական հեռուստաալիքներին կոչ արեց չհեռարձակել PKK-ի դեմ պայքարում սպանված թուրք զինծառայողների հուղարկավորությունները՝ դա որակելով որպես «ահաբեկչությանն աջակցում»։ Մյուս կողմից էլ, եթե ԱԶԿ-ին երբևէ անհրաժեշտ է հասարակությանը մեծապես տրամադրել PKK-ի դեմ, ապա նման դեպքում հեռուստաալիքներով բավականին երկար ցուցադրում են շեհիթների (նահատակների) հուղարկավորությունները։

Վերջին տարիներին PKK-ի զինյալները մեծ հաջողությունների են հասել երկրի քրդաբնակ նահանգներում ճանապարհներն ականապատելու և Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈՒ) ավտոշարասյունները պայթեցնելու պլանում։ Սակայն ԹԶՈՒ Գլխավոր շտաբը (ԳՇ) գտավ ելքը, որոշեց նոր մարտավարություն կիրառել իր կողմից ռիսկային որակված գոտիներում գտնվող զորքերի տեղաշարժերի հանդեպ։ Վճռվեց, որ այսուհետ դրանցում զինծառայողների տեղաշարժը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով: Այդ նպատակով Թուրքիայի ՊՆ-ը 2012թ. դեկտեմբերի 20-ին պայմանագիր ստորագրեց «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության հետ, ըստ որի` 2013թ․-ից տվյալ գոտիներում զինծառայողները կարող են անվճար օգտվել THY ինքնաթիռներից: Նախագծի շրջանակներում նախատեսված էր տարեկան փոխադրել 350.000-400.000 զինծառայող (պայմանագիրը գնահատվել էր 11 մլն $): Ծրագրված էր նաև այդ նպատակով օգտագործել ԱՄՆ-ից ստացվելիք Chinook (CH-47S) տիպի ուղղաթիռները, որոնք ունակ են տեղափոխել 60-ական զինծառայող[3]:

2010-ականներին PKK-ը փորձեց իր «չհարձակվել և թաքնվել» մարտավարությունը փոխարինել «հարձակվել և պաշտպանել դիրքերը» մարտավարությամբ: Արդյունքում PKK-ը 2012թ․ ամռանը հայտարարեց Հաքքարի նահանգի Շեմդինլի ու Չուքուրջա շրջաններում (Իրաքի սահմանի մոտ) 400 կմ2 տարածքով «ազատագրված գոտու» ստեղծման մասին: Թեև այս մասին մամլո հրապարակումները շոկային ազդեցություն ունեցան թուրք հասարակության վրա, սակայն PKK-ը ոչ միայն չկարողացավ «ազատագրել» նոր գոտիներ, այլև ընդլայնել իր «ազատագրած այդ գոտին» և անգամ պահպանել այն։

2015թ․ հուլիսին՝ Թուրքիայում ռազմական գործողությունների վերսկսումից հետո PKK-ը փորձարկեց «քաղաքային պատերազմի» մարտավարությունը, ինչը նորույթ էր նրա համար։ PKK-ը բարիկադներ և այլ ամրություններ էր կառուցել, փոսեր էր փորել երկրի հարավ-արևելյան մի շարք քաղաքներում (Դիարբեքիր, Նուսայբին)»։ Սակայն ԹԶՈՒ-ին հաջողվեց ծանր սպառազինության (տանկ, հրետանի, ավիացիա) կիրառմամբ PKK-ին դուրս մղել տվյալ քաղաքներից՝ գործելով մեծ ավերածություններ։

21-րդ դարում PKK-ը լայնորեն օգտվում է մերօրյա բարձր տեխնոլոգիական նվաճումներից՝ ինտերնետ, բջջային հեռախոսակապ, արբանյակային կապ, հետախուզական սարքավորում, այդ թվում նաև (փոքր) անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչը բավական հեշտացրել է նրա զինյալների միջև հաղորդակցությունը և ԹԶՈՒ-ի տեղաշարժերի մասին իրազեկվելը: Սակայն ԹԶՈՒ-ն էլ ձեռնարկում է պատասխան և ավելի մասշտաբային հակաքայլեր և պահպանում իր առավելությունը։ Օրինակ, ԹԶՈՒ-ն սկսել է PKK-ի դեմ պայքարում ավելի շատ օգտագործել հետախուզական ու հարվածային ԱԹՍ-եր, արբանյակներ, գիշերային տեսանելիության սարքեր, ջերմային տեսախցիկներ, ինչը մեծացրել է PKK-ի շարքերում կորուստների թիվը և բարդացրել լեռներում նրա զինյալների թաքնվելը։

2019թ․ հոկտեմբերի 22-ին Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ) հրապարակեց «Գնահատելով Թուրքիայում PKK-ի հետ կոնֆլիկտի զոհերը» խորագրով զեկույցը, ըստ որի՝ 2015թ․ հուլիսից ԹԶՈՒ-ի ու PKK-ի միջև դիմակայությունում Թուրքիայում և Հյուսիսային Իրաքում զոհվել է 4686 մարդ։ Նրանց ավելի քան կեսը՝ 2758 մարդ, PKK-ի զինյալներ են, որոնց 22․4%-ը՝ կանայք։ Զոհերի մեկ քառորդը՝ 1215 մարդ, բաժին է ընկել անվտանգության ուժերին՝ զինվորականներ, ոստիկաններ ու գյուղական պահապաններ։ Զոհվել է 490 քաղաքացիական անձ, մնացյալ 223-ը զոհվել են 2015թ․ դեկտեմբեր-2016թ․ հունիսին (քաղաքային պատերազմի փուլ), և հայտնի չէ նրանց ինքնությունը։ PKK-ն ամենամեծ կորուստները կրել է 2019թ․՝ դրան նախորդած 3 տարիների համեմատությամբ։ Դրա պատճառներն են Անկարայի ակտիվ գործողությունները, ԱԹՍ-երի հարվածները, անվտանգության ուժերի մեծաքանակ կենտրոնացումը, գյուղական տարածքներում պարետային ժամեր սահմանելը, PKK-ի փորձառու զինյալներին սպանելը և նոր զինյալներ հավաքագրելուն խոչընդոտելը։ Մասնավորապես, եթե առաջին տարում ամեն սպանված զինվորական/ոստիկան/գյուղական պահապանին բաժին է ընկել 1․65 PKK-ական, ապա երկրորդ տարում այդ ցուցանիշը հասել է 2․22-ի, իսկ երրորդ տարում՝ 3․22-ի։ Սակայն վերջին տարում (2018թ․ հուլիս-2019թ․ հուլիս) այն կազմել է արդեն 3․36։ Կոնկրետ վերջին 1 տարում PKK-ի խոշոր կորուստները ՄՃԽ-ը բացատրում է 3 հավանական պատճառով։ 1) PKK-ի համար առավել դժվարացել է թաքնվելը և երկրի հարավ-արևելքի գյուղերում գտնվող իր համակիրներին մատակարարումներով ապահովելը, որոնք սովորաբար ահաբեկված են պարետային ժամերից և անվտանգության ուժերի կազմած շղթայից։ 2) ԱԹՍ-երը և ռազմական այլ տեխնոլոգիաներն Անկարային օգնել են լեռնային տեղանքը մաքրել զինյալներից։ 3) PKK-ի վրա ԱՄՆ-ի ճնշումը հանգեցրել է նրան, որ PKK-ը հիմնականում որդեգրել է պաշտպանական կեցվածք։ Այդ ճնշումը գլխավորապես կապված էր նրա հետ, որ այդպիսով նվազեցվի Թուրքիայի բացասական արձագանքը Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG) Վաշինգտոնի աջակցության հանդեպ։

Վերջին 1 տարում PKK-ը կրել է ամենամեծ կորուստները նաև Հյուսիսային Իրաքում (2015թ․ հուլիսից)՝ կապված թուրքական կողմի ավիահարձակումների ու ցամաքային գործողությունների հետ։ ՄՃԽ-ը 2019թ․ Հյուսիսային Իրաքում գրանցել է 101 մահվան դեպք, որոնցից 90-ը եղել են PKK-ի զինյալներ, իսկ 11-ը՝ ԹԶՈՒ-ի ներկայացուցիչներ։ Հենվելով բաց աղբյուրների վրա՝ ՄՃԽ-ը 2019թ․ մայիս-սեպտեմբերին գրանցել է թուրքական բանակի իրականացրած 76 անդրսահմանային ավիագործողություն, որոնց թիրախում եղել են Ղանդիլ լեռան և նրա շրջակայքում, ինչպես նաև Հաքուրքի շրջանում PKK-ի թաքստոցներն ու զինապահեստները։ PKK-ի գործունեությանը «վերջ դնելու» նպատակով ԹԶՈՒ-ն 2019թ․ մայիսի 27-ին Հյուսիսային Իրաքում ձեռնարկեց «Մագիլ» ցամաքային ու օդային գործողությունը։ Ընդ որում՝ 2008թ․-ից հետո դա առաջին դեպքն էր, երբ թուրքական ցամաքային ուժերը մոտ 20 կմ ներթափանցեցին Իրաքի տարածքի խորքերը՝ դրանք զինյալներից մաքրելու, նրանց հաղորդակցության ուղիները խափանելու և զինապահեստները ոչնչացնելու համար։ Բացի այդ ԹԶՈՒ-ն Հյուսիսային Իրաքում տեղակայեց նոր հենակետեր։ 2019թ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ ՄՃԽ-ը գրանցել է «Մագիլ» գործողության ընթացքում 57 PKK-ականի և 9 թուրք զինվորի զոհվելու մասին։ Անկարայի, Բաղդադի ու Էրբիլի ջերմ փոխհարաբերությունները հնարավորություն են տվել կատարելու հետախուզական տվյալների փոխանակում, ինչն էլ նպաստել է անդրսահմանային այդ գործողության իրագործմանը։ Անվտանգության փորձագետների կարծիքով՝ Թուրքիան «Մագիլ» գործողությամբ հետապնդել է 3 հիմնական նպատակ․ 1) Խոչընդոտել PKK-ի մոբիլիզացիային Հաքուրքի շրջանում, որը տակտիկական առումով կարևոր լոգիստիկ նշանակություն ունի Թուրքիայում PKK-ի գործունեության համար, ինչպես նաև PKK-ի ուսումնական ճամբարների տեղակայման համար; 2) Թուրք-իրաքյան սահմանին ստեղծել բուֆերային գոտի, որը վերջին հաշվով կարող է ապահովել թուրքական բանակի մուտքը Ղանդիլում գտնվող PKK-ի շտաբ; 3) Նվազեցնել PKK-ի գերակայությունն Իրաքի հյուսիս-արևելքում ընկած Սինջարի շրջանում, որը ծառայում է որպես տարանցիկ գոտի Իրաքի ու Սիրիայի միջև։

Զեկույցի համաձայն՝ 2019թ․ Անկարայի թիրախում եղել են նաև բարձրաստիճան PKK-ականները։ Ընդ որում, թվերը վիճելի են։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ԹԶՈՒ-ին հաջողվել է 2019թ․ առաջին 7 ամսում չեզոքացնել (սպանել կամ կալանավորել) 87 «բարձրաստիճան» PKK-ականի։ Մինչդեռ թուրքական ԶԼՄ-ները հաշվետու ժամանակահատվածի համար հաղորդել են 20 նման դեպքի մասին։ PKK-ն իր հերթին հաստատել է միայն 10 այդօրինակ զինյալի մահը (9-ը՝ Թուրքիայում, 1-ը՝ Հյուսիսային Իրաքում)։ PKK-ն իր վերին էշելոնների վրա թուրքական կողմի ճնշման մեծացմանը պատասխանել է Էրբիլում թուրք դիվանագետ Օսման Քյոսեին սպանելով։ ՄՃԽ-ը չի բացառում, որ այսօրինակ բռնությունները կարող են ուժգնանալ հետագայում։

ՄՃԽ-ի տվյալներով՝ 2018թ․ հուլիս-2019թ․ հուլիսին Թուրքիայում ու Հյուսիսային Իրաքում սպանված PKK-ի 361 զինյալից 31-ը (8․5%) եղել են Իրանի արևմուտքից (Խոյ, Ուրմիա, Մարիվան, Սերդեշտ), ինչը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Սա վկայում է, որ PKK-ն իր գործունեության համար կարողանում է կադրեր հավաքագրել Թուրքիայի սահմաններից դուրս։ Օրինակ, 2019թ․ հոկտեմբերի 4-ի դրությամբ 2015թ․ հուլիսից սկսած՝ PKK-ի կրած կորուստների 9%-ը բաժին է ընկել արտերկրից հավաքագրվածներին․ Արևմտյան Իրան՝ 4․7%, Հյուսիսային Սիրիա՝ 3%, Հյուսիսային Իրաք՝ 1․3%։ Եվ, այնուամենայնիվ, PKK-ի մեծաթիվ կորուստները չեն հանգեցնում Անկարայի հաղթանակին, քանի որ PKK-ը զինյալներ է ներգրավում արտերկրից և իր շահերին է ծառայեցնում Թուրքիայի քրդերի մի մասի շրջանում պետությունից վիրավորված լինելու զգացումը[4]։

Նշենք, որ վերջին տարիներին PKK-ի ձեռքում հայտնվել են նորանոր զենքեր, ինչի արդյունքում նրանց հարվածները դարձել են ավելի մահաբեր (խոսվում է տանկերի, մարտական ուղղաթիռների և անգամ F-16 կործանիչների մասին, թեև այս վերջինը չի հաստատվել)։ Սակայն ակնհայտ է և այն, որ ԹԶՈՒ-ն էլ սպառազինվում է նորանոր զենքերով և առավել մեծ մասշտաբով։ Միևնույն ժամանակ PKK-ի դեմ զինված պայքարը որոշակի խթան է Թուրքիայում սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար (տարատեսակ ԱԹՍ-եր, T129 ATAK հարվածային ուղղաթիռ և այլն)։ Բացի այդ կարելի է ասել, որ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգները և Հյուսիսային Իրաքը ԹԶՈՒ-ի համար դարձել են որոշակի փորձադաշտ, որտեղ նա PKK-ի դեմ փորձարկում է իր նորանոր զինատեսակները։

Ամփոփելով այս բաժինը՝ նշենք, որ ԹԶՈՒ-ն, հիրավի, մեծ առավելություն ունի PKK-ի նկատմամբ, և այդ առավելությունը գնալով դառնում է ավելի ակնառու։ Ընդունված է համարել, որ PKK-ի զինյալների թիվը կազմում է 3000-5000 մարդ։ Այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ինչու ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր բանակն ունեցող (ներառյալ Ժանդարմերիան) Թուրքիային չի հաջողվում ծնկի բերել PKK-ին։ Այստեղ կան բազում գործոններ, որոնցից նշենք միայն 3-ը․ ա) Նախևառաջ PKK-ը հիմնականում մղում է պարտիզանական, լոկալ պայքար, ինչն ինքնին բարդ է, բ) PKK-ի զինյալների ճամբարները գտնվում են Հյուսիսային Իրաքում, և ԱՄՆ-ը մշտապես սահմանափակել է Հյուսիսային Իրաքում ԹԶՈՒ-ի ձեռնարկած ցամաքային գործողությունները, գ) որոշակի պլանում ԱԶԿ-ին ձեռնտու է PKK-ի առկայությունը (պատճառների մասին մանրամասն կխոսվի ստորև)։

Տնտեսական — PKK-ի դեմ զինված պայքարը շարունակում է ֆինանսական խոշոր ռեսուրսներ խլել Թուրքիայից, որը շարունակաբար լուրջ քայլեր չի ձեռնարկում քրդաբնակ նահանգների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ։ Վերջին տարիներին տնտեսական համատեքստում PKK-ի հիմնական թիրախում են եղել Թուրքիայի խողովակաշարերը, հիդրոհանգույցները, ինչպես նաև երկաթգծերը։ Մեր նախորդ հոդվածներից մեկում[5] նշել ենք, որ 2015թ․-ից PKK-ը քանիցս պայթեցրել է Իրանից ու Ադրբեջանից եկող գազատարները, որոնց գազը նախատեսված էր Թուրքիայի գազային ներքին պահանջարկը բավարարելու համար։ Այդ պայթյունները մեծ վնաս են պատճառում Թուրքիային, նրան որոշակի ժամկետով զրկում գազամատակարարումներից, հատկապես ձմռանը, երբ Թուրքիայում մեծանում է գազի պահանջարկը։ Նման դեպքերում խոշոր գազապաստարաններ չունեցող Թուրքիան, որը գազի 98%-ը ներկրում է արտերկրից, ստիպված է լինում դիմելու իր մյուս գազամատակարար երկրներին, որպեսզի նրանք մեծացնեն գազամատակարարման ծավալը։ Բացի այդ տվյալ գազատարների պայթեցումները բացասաբար են ազդում Թուրքիայի՝ հուսալի էներգետիկ միջանցք դառնալու հեռանկարների վրա։ Սակայն այստեղ PKK-ին բարդ ժամանակներ են սպասվում։

Թուրքիայում արդեն շահագործման է հանձնվել «Անդրանատոլիական» (TANAP) գազատարը, որը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) գազատարի շարունակությունն է, և որով ադրբեջանական գազը 2020թ․ առաջին անգամ հասնելու է ԵՄ։ Ընդ որում, TANAP-ի միջազգային կարևորությունն առաջիկայում կարող է շեշտակի մեծանալ, եթե դրանով մատակարարվի նաև միջինասիական («Անդրկասպյան» գազատարի կառուցման դեպքում) և/կամ իրանական գազը։ Դա նշանակում է, որ այդ դեպքում PKK-ի համար շատ ավելի բարդ կլինի արտերկրից Թուրքիա եկող գազատարները պայթեցնելը․ PKK-ը նախկինում այդպիսով վնասում էր միայն Թուրքիային, որը գազային համաձայնագրերը ստորագրել էր «վերցրու կամ վճարիր» (take-or-pay) սկզբունքով, ըստ որի՝  գազամատակարարը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարարման առավելագույն ծավալը, իսկ գնորդը պարտավոր է վճարել այդ մատակարարումների դիմաց՝ անկախ նրանից, թե հաշվետու ժամանակահատվածում իրականում որքան գազ է ստացել նա: Մինչդեռ նոր իրավիճակում PKK-ի խափանարար գործունեությունից մեծապես կտուժի ԵՄ-ը, և PKK-ը կբախվի շատ ավելի մեծ խնդիրների (ԵՄ-ը, ինչպես նաև ԱՄՆ-ը PKK-ը ճանաչել են որպես ահաբեկչական կառույց)։

Պատահական չէ, որ PKK-ը չի դիպչում միջազգային մեծ նշանակություն ունեցող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղին, որը Թուրքիայում կրկնում է ԲԹԷ-ի երթուղին: Մինչդեռ PKK-ը քանիցս պայթեցրել է «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, որն իր թողունակությամբ (70.9 մլն տ) զգալիորեն գերազանցում է ԲԹՋ-ին (50 մլն տ): Չնայած դրան՝ ԲԹՋ-ով տեղափոխվում է անհամեմատ շատ նավթ, և նրա կարևորությունը շատ ավելի մեծ է։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ նախագծերում թուրքական ու միջազգային ընկերությունների բաժնեմասերի գործոնը։ ԲԹՋ բաժնետոմսերի միայն 6.5%-ն է պատկանում թուրքական TPAO ընկերությանը, մինչդեռ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղի ողջ թուրքական հատվածը պատկանում է թուրքական BOTAŞ ընկերությանը, ինչը և բավական խոցելի է դարձնում Հյուսիսային Իրաքից եկող այդ խողովակաշարը։ Չենք բացառում նաև, որ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղի պայթեցումների հիմքում լինի նաև PKK-Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության (ՀԻՔԻ) փոխհարաբերությունները, որոնք ժամանակ առ ժամանակ սրվում են։

Այնպես որ PKK-ը խուսափում է ԲԹՋ-ին հարվածներ հասցնելուց և առաջիկայում, ըստ ամենայնի, նույն պատկերը կտիրի ԲԹԷ-ի (TANAP), միգուցե նաև Իրանից եկող գազատարի հարցում (եթե իրանական գազը Թուրքիայի տարածքով ուղարկվի ԵՄ)։ Բացի այդ Թուրքիան քայլեր է ձեռնարկում խոշոր գազապաստարաններ (Թուզ լճի տակ) կառուցելու ուղղությամբ, ինչը նրա համար կնվազեցնի PKK-ի կողմից արտերկրից եկող գազամուղերի հնարավոր նոր պայթեցման հետևանքները։

Այժմ անդրադառնանք PKK-ի կողմից ջրամբարները թիրախավորելուն։ Վերջին շրջանում PKK-ը շարունակ խոչընդոտում էր երկրի հարավ-արևելքում նոր ջրամբարների կառուցումը՝ նռնականետերով հարվածելով դրանց, ականապատելով դեպի ջրամբարներ տանող ճանապարհները, հրկիզելով շինտեխնիկան, առևանգելով շինարարներին և այլն։ PKK-ի թիրախում ամենաշատը գտնվում էին Տիգրիսի վրա կառուցվող խոշորագույն Ըլըսուի հիդրոհանգույցը (հէկը տարեկան արտադրելու է 4,12 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա) և Սիլվանի ջրամբարը, որը լինելու է ոռոգման նշանակությամբ երկրորդ խոշոր ջրամբարը Եփրատի վրայի Աթաթուրքի ջրամբարից հետո։ PKK-ի հակաքայլերի պատճառով Ըլըսուի հիդրոհանգույցի շահագործման ժամկետը քանիցս հետաձգվեց, ինչը մեծ կորուստ է Թուրքիայի տնտեսության համար, որին այդ հիդրոհանգույցը պետք է տարեկան բերի 412 մլն $՝ օրական ավելի քան 1 մլն $։ Թուրքիան արդեն իսկ սկսել է ջրով լցնել այս ջրամբարը, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ ջրով լցնելու գործընթացը մի քանի ամսով հետաձգվել է նաև Իրաքի խնդրանքով․ Ըլըսուի ու Սիլվանի ջրամբարների շահագործման հանձնումից հետո Թուրքիան ամբողջովին կվերահսկի նաև Տիգրիսի գետահոսքը (մինչ այս էլ ամբողջովին վերահսկում էր Եփրատի գետահոսքը), ինչը չափազանց դժվարին դրության մեջ կդնի Իրաքին։ Փաստորեն Ըլըսուի ջրամբարի հետաձգման կապակցությամբ կարելի է ասել, որ PKK-ը շահեց ճակատամարտը, բայց տանուլ տվեց պատերազմը։

Ըլըսուի ջրամբարը, ի թիվս այլնի, ունի անվտանգային նշանակություն․ այն ջրի տակ է թողնելու PKK-ի հաղորդակցության ճանապարհները, լեռնային քարանձավները, թաքստոցները, որոնցում նրա զինյալներն են թաքնվում կամ թաքցնում են իրենց զենք-զինամթերքը (12․000-ամյա վաղեմություն և ավելի քան 5000 քարանձավ ունեցող Հասանքեյֆ բնակավայրը նաև այդ նպատակով շուտով կանցնի ջրի տակ)։ Թուրքիան «անվտանգության ջրամբարներ» կառուցում է նաև Իրաքին սահմանակից Հաքքարի ու Շըրնաք նահանգներում, և մեր կարծիքով՝ դա լինելու է Թուրքիայի «ջրային պաշտպանության» առաջին բնագիծը, որը պետք է կանխարգելի Հյուսիսային Իրաքից քուրդ զինյալների մուտքը Թուրքիա։

Ըլըսուի ջրամբարն էլ կդառնա Թուրքիայի «ջրային պաշտպանության» երկրորդ բնագիծ, որը կոչված կլինի կանխելու Հյուսիսային Իրաքից Շըրնաք և Հաքքարի արդեն ներթափանցած քուրդ զինյալների հետագա առաջխաղացումը։ Մեր կարծիքով՝ ԱԶԿ-ը նաև հենց այդ նպատակով է իր ուշադրության կենտրոնում պահում Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի նահանգները, նրանցում մեծացնում ԹԶՈՒ-ի ռազմական ներկայությունը․ «Վան-Մարդին-Դիարբեքիր» եռանկյունու վերահսկումը և նրանց միջև ընկած Բաթմանի ու Սիիրթի (Սղերթ) նահանգների տարածքներում Ըլըսուի ջրամբարի (10.4 մլրդ մ3) կառուցումը հնարավորություն կտա մեծապես արգելափակել Հյուսիսային Իրաքից Հաքքարի ու Շըրնաք արդեն իսկ ներթափանցած քուրդ զինյալների մուտքը դեպի Թուրքիայի տարածքի խորքեր։ 2014թ․ ՏԻՄ ընտրություններից առաջ Էրդողանն ԱԶԿ-ի առջև նպատակ էր դրել ամեն գնով հաղթել Դիարբեքիրում, Վանում ու Մարդինում, սակայն դա չհաջողվեց նրան: Նկատենք նաև, որ ջրամբարները քրդաբնակ նահանգներում ջրի տակ են թողնում հարյուրավոր բնակավայրեր՝ այդպիսով նպաստելով ոչ միայն ժողովրդագրական պատկերի փոփոխմանը, այլև PKK-ի զինյալներին զրկելով դրանցում թաքնվելու հնարավորությունից։ Թուրքական կողմը Դերսիմի (Թունջելի) նահանգում էլ կիրառում է այլ մարտավարություն․ ջրամբարներ կառուցելով՝ այն վերածում է «կղզու»՝ զգալիորեն բարդացնելով քուրդ զինյալների ելումուտը։ Եվ, վերջապես, ջրամբարների կառուցումից հետո դրանց մոտ տեղակայվում են ռազմական պահակակետեր, իսկ քուրդ զինյալները չեն կարողանում պայթեցնել գործող ջրամբարները, քանի որ դրանից էապես կտուժեն շրջակա քրդական գյուղերը։

Հիշատակության արժանի է նաև այն հանգամանքը, որ երբ տասնամյակներ առաջ Թուրքիան սկսել էր խոշոր ջրամբարներ կառուցել Եփրատի ու Տիգրիսի գետավազաններում (GAP նախագիծ), PKK-ն այն ժամանակ էլ իրականացնում էր նմանատիպ խափանարար գործունեություն՝ այդ կերպ վանելով պոտենցիալ ներդրողներին։ Իրավիճակը, սակայն, այլ է ներկայումս․ Թուրքիան օժտված է ֆինանսական որոշակի ռեսուրսներով, տեխնոլոգիական առաջընթաց է ապրել, և հենց ինքն է կյանքի կոչում ջրային նորանոր նախագծեր։ Այդպիսով PKK-ը տանուլ է տալիս նաև ջրային բազմաշերտ պայքարում։

Ինչ վերաբերում է PKK-ի կողմից դեպի Իրան գնացող երկաթգիծը պայթեցնելուն և դեպի Իրան գնացող խոշոր բեռնատարները հրկիզելուն, ապա ԱԶԿ-ն այս հարցն էլ է զգալիորեն լուծել՝ Իրանի հետ սահմանին կառուցելով 144 կմ երկարությամբ անվտանգության պատ, որը պետք է խոչընդոտի Իրանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ քուրդ զինյալների շարժին, մաքսանենգությանը և Թուրքիա աֆղան փախստականների մուտքին։ Բացի այդ ԹԶՈՒ-ն վերջին շրջանում 7 ռազմական գոտի է հիմնել Թոնդրակ լեռան շուրջ ընկած գերակա բարձունքներում։ Եվ, վերջապես, չի բացառվում, որ շուտով կկառուցվի Թոնդրակի թունելը, որը միմյանց կկապի Աղրը նահանգի Դողուբայազետ և Վան նահանգի Չալդըրան քաղաքները (ձմռանը Թոնդրակի լեռնանցքը դառնում է դժվարանցանելի)։

Ամփոփելով այս բաժինը՝ նշենք, որ վերոնշյալը վկայում է, որ առաջիկայում PKK-ի համար առավել կբարդանա Թուրքիայի տնտեսական խոշոր օբյեկտներին հարվածելը։ Այս համատեքստում ցանկանում ենք վերստին ընդգծել այն, որ PKK-ին ամենաազդեցիկ հարվածը հասցնում է հենց Թուրքիայի «ջրային պատերազմը», որը (խոշոր «լճերի» ի հայտ գալը) բավական բարդացնում է քուրդ զինյալների տեղաշարժերը (լոգիստիկ կապը), քարանձավներում թաքնվելն ու զենք-զինամթերք պահելը։

Արտաքին քաղաքական – Կարծում ենք, որ արտաքին քաղաքական տեսանկյունից PKK-ը նույնպես էական հաջողություններ չունի։ Ընդհակառակը, այսօր Թուրքիայի հարևանները (Իրան, Իրաք, Սիրիա), ուր առկա է քրդական հոծ բնակչություն, մեծապես մտահոգ են քրդերի հնարավոր անջատողական շարժումներից, ինչն էլ միավորում է նրանց։ Դրան, մասնավորապես, ականատես եղանք 2017թ․ աշնանը ՀԻՔԻ-ում անցկացված անկախության հանրաքվեի պարագայում։ Բացի այդ նախկինում Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը PKK-ին օգտագործում էր որպես հակաքարտ Թուրքիայի կողմից Եփրատի վրա ջրային խոշոր նախագծեր իրականացնելու դեմ, ապա նրան հաջորդած Բաշար Ասադը լավ հարաբերություններ հաստատեց Թուրքիայի հետ («Արաբական գարունը» մեծապես փչացրեց դրանք)։ Բայց եթե ներկայումս Բ․ Ասադը փորձի հետևել իր հոր որդեգրած տակտիկային (աջակցել PKK-ին՝ ընդդեմ Թուրքիայի), ապա Թուրքիան, ի պատասխան, կարող է մեծապես նվազեցնել Եփրատի գետահոսքը և ջրազրկել Սիրիան։ Ստացվում է, որ Սիրիան և Իրաքը ջրային համատեքստում պարզապես «դատապարտված» են Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելուն։ Վերջին տարիներին Թուրքիայի ու Իրանի միջև հարաբերություններում գրանցվել է որոշակի մերձեցում (հիմնականում հակաամերիկանիզմի խորապատկերին), ինչը նույնպես որևէ լավ բան չի խոստանում PKK-ին։

PKK-ը կարող է տարատեսակ օգնություն ստանալ այլ երկրներից, սակայն այստեղ հարցն այն է, որ Թուրքիայի իշխանությունները կարողանում են նման դեպքերում մյուս կողմին հարկադրել դիմելու «կշեռքի նժարների» օգնությանը։ Նկատի ունենք այն, որ կշեռքի նժարներից մեկի վրա դրվում է Թուրքիան, մյուսի վրա՝ PKK-ը, և հասկանալի է, որ բոլոր երկրների (կողմերի) համար թուրքական լծակը շատ ավելի ծանր է (այսինքն, Թուրքիայից ավելի շատ օգուտներ կարող են ստանալ, քան PKK-ից)։ Հետևաբար PKK-ն օտար երկրների (ԱՄՆ, ՌԴ և այլն) կողմից կարող է աջակցություն ստանալ (օգտագործվել) միայն ժամանակավորապես՝ որպես Թուրքիայի վրա ճնշման լծակ, շանտաժի միջոց՝ Թուրքիայից այս կամ այն զիջումը ստանալու համար։ Այն ստանալուց հետո PKK-ը (քրդերը) անորոշ ժամկետով դուրս է մնում ուշադրությունից կամ մոռացության է տրվում։ Միջպետական առևտրա-տնտեսական հարաբերություններն այսօր շատ կարևոր են նաև արտաքին քաղաքական պլանում, և հարևան երկրները տնտեսական ու արտաքին քաղաքական համատեքստում որքան սերտորեն կապված լինեն Թուրքիայի հետ, այնքան նրանք զերծ կմնան PKK-ին աջակցելուց (սա ապացուցվում է նաև ՀԻՔԻ-ի օրինակով)։ Այս ամենին հավելենք, որ ահաբեկչություն երևույթը գնալով ավելի բացասական երանգներ է ստանում աշխարհում, և PKK-ին այս համատեքստում նույնպես հեշտ օրեր չեն սպասվում։

Ներքաղաքական – ԱԶԿ կառավարման տարիներին «PKK-ի անդամ հանդիսանալու», «PKK-ին աջակցելու», «PKK-ի օգտին քարոզչություն կատարելու» և նմանատիպ մեղադրանքներով (պատրվակով) Թուրքիայում ձերբակալվել ու կալանավորվել են տասնյակ հազարավոր քրդեր, այդ թվում` լրագրողներ, փակվել են քրդական թերթեր: Կալանքի տակ հայտնվել են մի շարք քուրդ պատգամավորներ՝ ներառյալ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղն ու քուրդ քաղաքապետեր, պաշտոնանկ արված քուրդ քաղաքապետերի փոխարեն իշխանությունները նշանակել են հոգաբարձուներ, օրինակ Վանում, Դիարբեքիրում, Մարդինում (այս եռանկյան կարևորությանն արդեն անդրադարձել ենք)։ Նույն պատճառով փակվել են քրդական տարատեսակ կուսակցություններ, որոնք, սակայն, փյունիկ թռչունի նման, վերակենդանացել են այլ անվան տակ։ Իշխանությունների արձագանքը նորից եղել է նույնը, այժմ էլ գլխատում են ԺԴԿ-ը, և չենք բացառում, որ դատարանի որոշմամբ կկասեցվի նաև այս կուսակցության գործունեությունը, իսկ նրա վերնախավին մի քանի տարով կարգելվի քաղաքականությամբ զբաղվելը։

2019թ․ սեպտեմբերին հոդվածագիր Սառա Աքթաշը գրեց, որ 2009թ․ Քուրդիստանի համայնքների միության (KCK, Թուրքիան այն որակում է որպես PKK-ի քաղաքացիական թև) գործով մեկնարկած գործողությունների ժամանակ կալանքի տակ էր վերցվել 154 քուրդ քաղաքական գործիչ, որոնց դատավարությունը շարունակվեց 8 տարի, և վճիռը կայացվեց 2017թ․ մարտի 28-ին։ Դրա համաձայն՝ 99 մարդ դատապարտվեց 1109 տարի 10 ամիս 22 օր ժամկետով ազատազրկման։ Մարդու իրավունքների միության (İHD) տարեկան զեկույցների համաձայն՝ 2010-2013թթ․ ձերբակալվել է 40․629 և կալանավորվել՝ 8018 մարդ։ 2014թ․ ձերբակալվել է 11․000 մարդ, որոնցից կալանավորվել է 1273-ը։ ԺԴԿ տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ 2015-2017թթ․ ձերբակալվել է 9000, կալանավորվել է 2897 մարդ։ 2017թ․ փետրվարի 7-ից ձերբակալվել է 2016թ․ մայիսի 20-ին պատգամավորությունից զրկված 27 ԺԴԿ-ական պատգամավոր, որոնցից 14-ը կալանավորվել է։ ԺԴԿ իրավական կենտրոնի տվյալներով՝ 2017թ․ փետրվարի 28-ից կալանավորվել է 74 քաղաքապետ, նշանակվել է 83 հոգաբարձու։ Ընդհանրապես 2009թ․ մարտի 29-ի ՏԻՄ ընտրություններից հետո Թուրքիայում քրդերի համար սկսվել է նոր ժամանակաշրջան․ ինտենսիվացվեցին քրդերի դեմ գործողությունները, փակվեց «Դեմոկրատական հասարակարգ» կուսակցությունը (DTP), բազմաթիվ քաղաքական գործիչների արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, քրդական կառույցների դեմ հարձակումներ իրականացվեցին, բանտերում ուժեղացվեցին ճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները։ Քրդական կողմը դա որակում է որպես քուրդ ժողովրդի նկատմամբ քաղաքական ցեղասպանություն, քաղաքական հեղաշրջում[6]։

Ի՞նչ գնահատական կարելի է տալ այս ամենին։ Թերևս միայն մեկ գնահատական։ PKK-ը դարձել է քրդական քաղաքական շարժման հաջողությունների ամենալուրջ խոչընդոտը, և միաժամանակ, որքան էլ որ պարադոքսալ հնչի, թուրքական իշխանությունների որոշակի հաջողության գրավականը։ Եթե PKK-ը դադարեցնի իր գործունեությունը և ինքնալուծարվի, ապա ԱԶԿ-ի համար չափազանց կբարդանա, եթե չասենք անհնար կդառնա ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով նման գործունեություն ծավալելը և այդպիսով քրդական քաղաքական շարժման հաջողությունները զգալիորեն չեզոքացնելը։

Սակայն սա ամենը չէ։ ՄՃԽ-ի զեկույցի համաձայն՝ PKK-ի դեմ պայքարն իր արտացոլումն է գտնում Թուրքիայի ընտրական գործընթացների վրա։ Մասնավորապես, 2014թ․-ից անցկացված 3 խորհրդարանական ու 2 ՏԻՄ ընտրությունների տվյալները վկայում են, որ այն շրջաններում, ուր առավել ինտենսիվ են դրսևորվել ռազմական բախումները, ավելի շատ քվեներ են ստացել ԱԶԿ-ն ու նրա դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)։ Եվ, ընդհակառակը, ԱԶԿ-ի ձայների քանակը թե՛ խորհրդարանական, թե՛ ՏԻՄ ընտրություններում նվազել է այն տեղերում, ուր բախումներ չեն գրանցվել։ Կոնֆլիկտային գոտում ԱՇԿ-ի քվեների մեծացումը հնարավոր է դարձել անվտանգության մեծաթիվ աշխատակիցների նշանակմամբ, որոնք սովորաբար տվյալ շրջաններ են ուղարկվում իրենց ընտանիքների հետ․ այդպիսի անձինք ավանդաբար կապված են ազգայնական բնույթի կուսակցությունների հետ։ Ինչ վերաբերում է ԺԴԿ-ին, ապա այստեղ տիրում է հակառակ պատկերը։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեժ բախումներով շրջաններում ԺԴԿ-ին աջակցողների թիվը նվազել է, մինչդեռ հարավ-արևելյան նահանգներից դուրս ընկած շրջաններում, ուր չեն գրանցվել բախումներ, ԺԴԿ-ն հիմնականում պահպանել է քվեների իր քանակը։ ՏԻՄ ընտրություններում հարավ-արևելքի այն շրջաններում, որոնց շոշափել է կոնֆլիկտը, ԺԴԿ-ը պահպանել է իր աջակցությունը քաղաքներում, սակայն զգալիորեն պարտվել է գյուղական շրջաններում։ ԺԴԿ-ն իր անհաջողության համար մեղադրում է պետական քաղաքականությանը՝ ուղղված ԺԴԿ-ի համակիրների մասշտաբային ահաբեկմանը։ ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն էլ ընդգծում են, որ նման շրջաններում իրենց քվեների աճը սեփական քաղաքականության հաջողության ցուցիչ է։

Ընդհանուր առմամբ ՄՃԽ-ի զեկույցը վկայում է, որ թեև ԱԶԿ-ը հիմնականում կորցնում է իր աջակցությունը քաղաքաբնակ պահպանողական քրդերի շրջանում (2019թ․ ՏԻՄ ընտրություններ), վերջին 4 տարում նրա և ԱՇԿ-ի քվեները գործնականում չեն փոփոխվել հարավ-արևելյան քրդաբնակ նահանգներում և անգամ աճել են։ ԱԶԿ-ը գիտակցել է PKK-ի դեմ պայքարում իր առավելությունները որպես ընտրական գործընթացի վրա ներազդելու միջոց։ Մյուս կողմից ԺԴԿ-ին աջակցության ցուցիչը նվազել է հարավ-արևելյան գյուղական շրջաններում, որոնք տառապում են կոնֆլիկտից։ ՄՃԽ-ի զեկույցի համաձայն՝ Թուրքիայի կոնֆլիկտային նահանգներն են․

Աղյուսակ 1

ՆահանգPKKԱնվտանգության ուժերԸնդհանուր
Շըրնաք564197761
Հաքքարի469258 727
Դիարբեքիր302196 498
Մարդին195141336
Թունջելի23025255
Վան11245157 
Բիթլիս9227119 
Սիիրթ8629115
Բինգյոլ6130 91
Աղրը5033  83 
Ստամբուլ50446
Կարս34741
Բաթման182139
Մուշ28735
Հաթայ25833
Իգդիր41923
Օսմանիե21223
Անկարա23320
Էլյազըղ13518
Ադըյաման9817
Էրզրում12416
Էրզինջան15015
Քայսերի01515
Շանլըուրֆա4812
Ադանա369
Գիրեսուն448
Օրդու437
Գյումուշհանե426
Մուղլա606
Տրապիզոն055
Քահրամանմարաշ123
Անթալիա112
Արտվին011
Իզմիր011
Բուրսա101

Այս համատեքստում հարկ է ներկայացնել վերջին 3 խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի, ԱՇԿ-ի ու ԺԴԿ-ի արդյունքները կոնֆլիկտային նահանգներում և ապա դրանք դիտարկել առանձին-առանձին։ Ընտրել ենք այն նահանգները, ուր զոհերի թիվն անցել է 10-ից (չհաշված Ստամբուլի ու Անկարայի նահանգները, ուր ընտրությունների արդյունքների վրա ազդող շատ գործոններ կան)։

Աղյուսակ 2

Նահանգ070620150111201524062018
 ԱԶԿԱՇԿԺԴԿԱԶԿԱՇԿԺԴԿԱԶԿԱՇԿԺԴԿ
Շըրնաք19.3665248188.00227.1483082184.39742․5169370164․184
Հաքքարի12.4783544122.80719․3342233114.90628.048516798.064
Դիարբեքիր112.7528491636.915181․4566520580․294182.76311․981558.601
Մարդին72.6454187276․920113.6703703260.283120.85410․429235.722
Թունջելի5631313132.2416612139028.1338216320328․510
Վան95.47713․318368.516149.7966351313.177167․66716․245313․017
Բիթլիս47.788603593.26367․686319674․53673.706671669.965
Սիիրթ40․030334993.51353.585238082.40658․760531477․009
Բինգյոլ61․294365253․51985․498252738․71480.222850238.803
Աղրը37․5456086185․50661․0983696146․76366.6245800143.885
Կարս38․95020.50764․31552.45617.85749.33455.91110.66447.052
Բաթման47․9212748191․30977․8092166178․43572․9483561181․841
Մուշ46․9403606137․87864.5992709113.64261․1977047102․725
Հաթայ312․887116.60254․456381.165106.56361.814340.122135.667103.530
Իգդիր10․29325.70053․84430.26011.97349.44219․46622.44841․545
Օսմանիե108․756114.99010․735137.11998.7378979113․32398․99611․210
Էլյազըղ169.04366.60048.704224.58344.84537.693191.62647.55835.460
Ադըյաման178.28212.94569.513227.15410.10747.038191.07931.71653.444
Էրզրում209.87594.69171.740281.70658.79451.205238.94180.78052.151
Էրզինջան63.91621.687716176.98913.632473666.46527.6528387
Քայսերի409.658217.38418.070541.237149.62214.425443.015187.93620.742
Շանլըուրֆա356.53742.479293.841531.55423.669232.846458․24680․810251․779
Ընդհանուր2.458.064796.9803.072.7683.392.514575.7522.673.1983.081.715817.5622.637.626

ԱԶԿ – Ներկայացնենք ԱԶԿ-ի ընդհանուր արդյունքները խորհրդարանական ընտրություններում․

Աղյուսակ 3

ԸնտրություններՔվեՏոկոսՄանդատ
07․06․201518.867.41140․87258
01․11․201523.681.92649․50317
24․06․201821.338.69342․56295

ՄՃԽ-ի զեկույցը գալիս է հավաստելու, որ ԱԶԿ-ը 2015թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում, երբ Թուրքիայում անդորր էր, կոնֆլիկտային նահանգներում հավաքել է շատ ավելի քիչ քվեներ՝ համեմատած հաջորդ երկու ընտրությունների հետ, երբ երկրում վերսկսվել էին ռազմական գործողությունները։ ԱԶԿ-ն 5 ամսում (2015թ․ հունիս-նոյեմբեր) իր քվեների թիվն ավելացրել է մոտ 5 մլն-ով (9%-ով) և լուծել միակուսակցական կառավարություն ստանալու խնդիրը, որի համար պահանջվում էր 276 (50%+1) մանդատ։ Մինչդեռ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն իր պատմության մեջ առաջին անգամ չէր ստացել միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք, ինչում «մեծապես մեղավոր» էր ԺԴԿ-ը, որը քրդական քաղաքական շարժման պատմության մեջ առաջին անգամ կարողացավ հաղթահարել 10%-անոց ընտրաշեմը։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը ստացավ քվեների մոտ 60%-ը (292 մանդատ), ինչը եզակի հնարավորություն բացեց նրա առջև, սակայն նա չձևավորեց կոալիցիա, չօգտագործեց իր հնարավորությունը և պատժվեց ժողովրդի կողմից։ Այն, որ ԱԶԿ-ը, հունիսի 7-ի հետ համեմատ, նոյեմբերի 1-ին հասավ նման լուրջ հաջողության, ունի բազում պատճառներ, որոնք վերլուծել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում[7]։ Այն ժամանակ ընդգծել էինք, որ ԱԶԿ-ի հաղթաթղթերից մեկը դարձավ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ եթե հունիսյան և նոյեմբերյան ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում էական փոփոխություններ չգրանցվեին, ապա ընտրությունների արդյունքները նման կլինեին միմյանց։

Աղյուսակ 2-ը վկայում է, որ նոյեմբերի 1-ին ԱԶԿ-ին հաջողվել է կոնֆլիկտային շրջաններում հավաքել գրեթե 1 մլն քվե ավելի, ինչը բավական մեծ արդյունք է։ Ընդ որում, ԱԶԿ-ն այդ քվեները հիմնականում խլել է ԱՇԿ-ից ու ԺԴԿ-ից։ ԱԶԿ-ը նոր ընտրությունների արդյունքներով ստացել է 59 մանդատ ավելի, որոնցից 4-ը խլել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ), 37-ը՝ ԱՇԿ-ից, 18-ը՝ ԺԴԿ-ից։ ԱԶԿ-ն իր պատգամավորների թիվը պահպանել է 33 և ավելացրել է 48 նահանգում և ոչ մի նահանգում հետընթաց չի ունեցել այդ առումով։ Ընդգծենք, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո ԱԶԿ-ը որդեգրել էր շատ ավելի ագրեսիվ ու ազգայնական կեցվածք, քան ԱՇԿ-ը։ Դրա հետ կապված՝ թուրք փորձագետ Ումուր Թալուն ընդգծել էր, որ PKK-ի հարցում ԱՇԿ-ը միայն խոսում է, մինչդեռ ԱԶԿ-ն՝ ռմբակոծում։ Իսկ ահա սովորաբար կատարվում է ճիշտ հակառակը, երբ Թուրքիան հայտնվում է ծանր վիճակում, խիստ դիրքերից հանդես եկող ԱՇԿ-ն հայտնվում է շահեկան դիրքերում։ Աղյուսակ 2-ը վկայում է, որ ԱԶԿ-ը կոնֆլիկտային բոլոր նահանգներում ստացել է ավելի շատ քվեներ, քան հունիսի 7-ին։ Եվ թեև հունիսի 24-ի ընտրություններում ԱԶԿ-ը որոշակի նահանջ է ապրել նոյեմբերի 1-ի ընտրությունների համեմատությամբ, այնուամենայնիվ, ԱԶԿ-ը դրանցում ավելի քան 0․5 մլն քվե ավելի է ստացել հունիսի 7-ի ընտրությունների համեմատությամբ։ Այդ նահանջը կարող է պայմանավորված լինել նաև Թուրքիայի ֆինանսա-տնտեսական խնդիրներով։

ԱՇԿ — Ներկայացնենք ԱՇԿ-ի արդյունքները վերջին 3 խորհրդարանական ընտրություններում․

Աղյուսակ 4

ԱՇԿՔվեՏոկոսՄանդատ
07․06․20157.520.00616․2980
01․11․20155.694.13611․9040
24․06․20185.565.33111․1049

Հունիսի 7-ի համեմատությամբ նոյեմբերի 1-ին ԱՇԿ-ը կորցրեց մանդատների կեսը՝ 40, և դա այն դեպքում, երբ ընդամենը 5 ամիս առաջ դրանց թիվն ավելացրել էր գրեթե 30-ով՝ 2011թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ։ ԱՇԿ-ն այս անգամ չհաղթեց որևէ նահանգում և անգամ Օսմանիեում (հաղթել է ԱԶԿ-ն), որը հունիսի 7-ի ընտրություններում միակ նահանգն էր, ուր հաղթել էր ԱՇԿ-ն, և որտեղից սերում է ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին։ ԱՇԿ-ը քվեների քանակական անկում է գրանցել Թուրքիայի 81 նահանգից 80-ում, և միայն Արդահանի նահանգում են ավելացել նրա քվեները։ ԱՇԿ-ը, այդպիսով, ստացավ 1.8 մլն քվե պակաս՝ քվեների խոշոր կորուստ կրելով «Ներքին Անատոլիայում», այսպես կոչված Սելջուկյան սուլթանության տարածքում (Նիղդե, Նևշեհիր, Քայսերի, Քըրշեհիր, Թոքաթ, Յոզգաթ, Չորում)։ Կտրուկ աճեց այն նահանգների թիվը (34-ից 57-ի), որոնցում նա չկարողացավ ստանալ գեթ 1 մանդատ։ Եթե ԱՇԿ-ն հինգ ամիս առաջ մեկական մանդատ էր ձեռք բերել հետևյալ 9 նահանգում՝ Բայբուրթ, Գիրեսուն, Քըրըքալե, Գյումուշհանե, Ուշաք, Քըրշեհիր, Նևշեհիր, Բուրդուր, Աքսարայ, ապա նոյեմբերի 1-ին նա մանդատ չստացավ դրանցից որևէ մեկում։

ԱՇԿ-ի այս ձախողման պատճառներին նույնպես անդրադարձել ենք մեր վերոնշյալ հոդվածում։ Աղյուսակ 2-ը վկայում է, որ նոյեմբերի 1-ին ԱՇԿ-ը որոշակի կորուստներ է կրել կոնֆլիկտային շրջաններում՝ հունիսի 7-ի համեմատ, սակայն նկատելի է, որ ԱՇԿ-ը բավական քիչ քվեներ է վաստակում դրանցում։ Բնականաբար, դա կապված է «Քրդական հարցի» (քրդերի) նկատմամբ նրա ունեցած խիստ դիրքորոշման հետ։ Ընդգծենք, որ կոնֆլիկտային ոչ բոլոր շրջաններում են քրդերը կազմում մեծամասնություն, ինչն էլ պայմանավորում է դրանցում ԱՇԿ-ի մեծ թվով քվեներ ստանալը։ Ինչպես ՄՃԽ-ն ընդգծել է, 2015թ․ հուլիսից  քրդաբնակ կոնֆլիկտային նահանգներում մեծացել է ԹԶՈՒ-ի ներկայությունը, և հիմնականում հենց դրանով էլ բացատրվում է այն, որ ԱՇԿ-ն ամենակոնֆլիկտային նահանգներում ստանում է որոշակի քանակի քվեներ։ 2018թ․ հունիսի 24-ի ընտրությունների ժամանակ կոնֆլիկտային շրջաններում ԱՇԿ-ի քվեների որոշակի աճը (ավելի քան 240․000) կարող է կապված լինել նրա հետ, որ ԱՇԿ-ը 2018թ․ փետրվարին դաշինքի մեջ էր մտել ԱԶԿ-ի հետ։

ԺԴԿ — Ներկայացնենք ԺԴԿ-ի արդյունքները վերջին 3 խորհրդարանական ընտրություններում․

Աղյուսակ 5

ԺԴԿՔվեՏոկոսՄանդատ
07․06․20156.058.48913․1280
01․11․20155.148.08510․7659
24․06․20185.867.30211․7067

Փաստորեն նոյեմբերի 1-ի ընտրություններում ԺԴԿ-ը հավաքեց գրեթե 1 մլն քվե պակաս, ինչն էլ նրա պատգամավորների թիվը նվազեցրեց 21-ով։ Եթե հունիսի 7-ին ԺԴԿ-ը հաղթել էր 14, ապա նոյեմբերի 1-ին հաղթել էր 12 նահանգում։ Հունիսի 7-ին ԺԴԿ-ը պատգամավորական մանդատ չէր ստացել 54, իսկ նոյեմբերի 1-ին՝ 59 նահանգում։ ԺԴԿ-ի այս կորուստների պատճառները նույնպես նկարագրել ենք մեր վերոնշյալ հոդվածում՝ դրանց թվում ընդգրկելով քրդաբնակ նահանգներում ռազմական գործողությունների վերսկսման հանգամանքը։ Ներկայացնենք նաև խորհրդարանական վերջին 3 ընտրությունների ժամանակ ԺԴԿ-ի ցուցանիշները կոնֆլիկտային նահանգներում։

Աղյուսակ 2-ը վկայում է, որ ԺԴԿ-ը կոնֆլիկտային շրջանում ամենաշատ քվեները ստացել է հունիսի 7-ի ընտրություններում, երբ այդ նահանգներում տիրում էր հրադադար։ Մինչդեռ բախումներ սկսվելուց հետո ԺԴԿ-ը կորցրեց մոտ 400․000 քվե, ինչը քիչ չէ ոչ մեծաթիվ բնակչությամբ այդ նահանգների համար։ Ստացվում է, որ երկրի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում ռազմական գործողությունների վերսկսումն ու անցկացումը հանգեցնում են ԺԴԿ-ի քվեների քանակի նվազեցմանը։ Ինչո՞ւ։ Ընդգծենք, որ չնայած PKK-ից իրեն հեռու պահելու ԺԴԿ-ի վարքագծին՝ ԱԶԿ-ը, ընդդիմության և քրդերի մի մասը համարում են, որ նա կապված է PKK-ի հետ, համակրում է նրան։ Արդյունքում, քրդերի մի մասը ԺԴԿ-ին նույնպես մեղադրում է 2015թ․ ամռանը ռազմական գործողությունների վերսկսման համար։

Նկատենք, որ 2013-2015թթ․ հրադադարը թե՛ ԹԶՈՒ-ն, թե՛ PKK-ն օգտագործել են սեփական դիրքերն ամրապնդելու, ուժերը վերախմբավորելու համար։ ԹԶՈՒ-ն մեծացրեց իր ռազմական ներկայությունը երկրի հարավ-արևելքում, իսկ PKK-ը 2014թ․-ից սկսեց քաղաքներում ամրանալու գործընթացը, որի շրջանակներում նա կառուցեց բարիկադներ և փորեց փոսեր։ Եվ ահա վերսկսված ռազմական գործողությունները մեծ տհաճություններ պատճառեցին քրդաբնակ շրջանների բնակիչներին, որոնց զգալի մասը հուսահատ վիճակում էր, հայտնվել էր երկու քարի արանքում՝ ԹԶՈՒ և PKK։ Իշխանությունների պնդմամբ՝ պատերազմի տեղափոխումը քրդաբնակ քաղաքներ մեծապես զայրացրեց վերջիններիս բնակիչներին՝ հարկադրելով լքել իրենց տները և խանութները[8]։ Ընդ որում՝ գրանցվել են թուրք զինծառայողների կողմից այդ լքված խանութները թալանելու դեպքեր։ Բացի այդ առևտրականները տուժել են հարևան Սիրիայի ու Իրաքի հետ մոտակա սահմանային անցակետերի փակումից։ Ավերված տների, գույքի և բիզնեսի համար փոխհատուցում տրամադրելու հարցում առաջացել են զգալի խնդիրներ, փոխհատուցումը եղել է անհամաչափ, և անգամ համաչափ փոխհատուցումը չէր կարող փարատել մարդկանց կրած բոլոր տառապանքները։ ՄՃԽ-ն ընդգծում է, որ նման վայրերում որքան մեծանում է գործազուրկների թիվը, այնքան մեծանում է PKK-ի կողմից նրանց հավաքագրելու հավանականությունը։ PKK-ի պնդմամբ էլ ԹԶՈՒ-ի կողմից ծանր սպառազինության կիրառմամբ քաղաքներում մեծ ավերածություններ գործելը, ռազմական գործողության տևականությունը տեղաբնակներին մեծապես տրամադրում է պաշտոնական Անկարայի դեմ։ Այս ամենը ցույց է տալիս, որ թե՛ իշխանությունները, թե՛ PKK-ը փորձում են հօգուտ իրենց մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ ՄՃԽ-ի հաղորդմամբ՝ ԹԶՈՒ-ն, քաղաքներում մասշտաբային անհամաչափ ավերածություններ գործելով, ցանկացել է քրդաբնակ քաղաքներում ձերբազատվել նեղ փողոցներից, որոնք քուրդ զինյալների համար նպաստավոր էին քաղաքային պատերազմ մղելու համար։ Մինչդեռ ավերածություններից հետո նախատեսվում է նախկին նեղ փողոցները փոխարինել լայն (9 մ) փողոցներով, ուր բարիկադներ կառուցելը, փոսեր փորելը կլինի ավելի բարդ, իսկ ծանր սպառազինության անցումը՝ ավելի հեշտ[9]։

ՄՃԽ-ի զեկույցի համաձայն՝ հարավ-արևելյան նահանգների բնակիչների համար շարունակում է խնդրահարույց մնալ պարետային ժամերի սահմանումը, քանի որ դրանք տեղաբնակներին հարկադրում են լքել իրենց տները։ Ընդ որում, նրանք չեն իմանում, թե երբ կկարողանան հետ վերադառնալ, թե որքան կպահպանվի պարետային ժամի ռեժիմը՝ մի՞ քանի օր, թե՞ մի քանի ամիս։ ՄՃԽ-ի զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ անգամ արտակարգ դրության ռեժիմի (OHAL) սահմանումն ավելի լավ է, քանի որ այդ դեպքում մարդիկ գոնե կարող են հղում կատարել դրան իրենց իրավունքների ոտնահարման ժամանակ։ Նրա խոսքերով՝ պարետային ժամը հավաքական պատիժ է տվյալ շրջանների մարդկանց նկատմամբ, և մարդիկ չգիտեն, թե երբ կչեղարկվի այն։ Այս համատեքստում կվկայակոչենք քրդաբնակ նահանգներում մեր զրուցակիցներից մեկին, ըստ որի՝ ԱԶԿ-ը միտումնավոր նվազեցնում է քրդաբնակ քաղաքների բնակչության թիվը, որպեսզի այդ կերպ քիչ գումար հատկացվի այդ քաղաքների բյուջեին․ ԱԶԿ-ը մտավախություն ունի, որ քուրդ քաղաքապետերը կարող են այդ բյուջեից մաս հատկացնել PKK-ին։

Այսպիսով, ԱԶԿ-ը մեծապես օգտագործում է PKK-ի գործոնը․ ա) քրդերի հանդեպ իրենց դիրքորոշման կոշտացման, բ)  քրդական քաղաքական շարժման լուրջ ձեռքբերումները չեզոքացնելու կամ հնարավորինս նվազեցնելու համար։ Եվ պետք է ընդունել, որ դա մեծապես հաջողվում է նրան, և ֆորս-մաժորների բացակայության պարագայում դա կարող է լինել շարունակական։

Ամփոփում ու եզրակացություններ

Ամփոփելով նշենք, որ PKK-ը, թեև 21-րդ դարում ռազմական ու տնտեսական համատեքստում շարունակում է խոշոր ռեսուրսներ խլել Թուրքիայից, այնուամենայնիվ, էական հաջողությունների չի հասել և մեր կարծիքով՝ դարձել է քրդական քաղաքական շարժման ձեռքբերումների ճանապարհին ընկած լուրջ խոչընդոտներից մեկը, եթե ոչ ամենալուրջը։ 21-րդ դարում քրդական քաղաքական շարժումը և մասնավորապես ԺԴԿ-ն աննախադեպ հաջողությունների է հասել՝ 3 անգամ անընդմեջ հաղթահարելով 10%-անոց ընտրաշեմը խորհրդարանական ընտրություններում (նախկինում քրդական որևէ կուսակցություն երբևէ չի կարողացել հաղթահարել ընտրաշեմը)։ Այդպիսով, խորհրդարանում հայտնվել են տասնյակ քուրդ պատգամավորներ, և ԺԴԿ-ը դարձել է 3-րդ խոշոր կուսակցությունը խորհրդարանում։ Դրան զուգահեռ՝ քրդական քաղաքական շարժումը թե՛ 2014թ․, թե՛ 2019թ․ ՏԻՄ ընտրություններում մեծ հաջողություններ է արձանագրել հարավ-արևելյան քրդաբնակ նահանգներում և հատկապես «Վան-Մարդին-Դիարբեքիր» եռանկյունում՝ ստանալով քաղաքապետերի պաշտոնները։ Բացի այդ ինչպես վկայեցին 2019թ․ ՏԻՄ ընտրությունները, քրդերը թեկնածուներ չառաջադրեցին Թուրքիայի խոշոր քաղաքներում և այդպիսով մեծապես նպաստեցին դրանցում ԺՀԿ-ի հաղթանակին ու ԱԶԿ-ի պարտությանը, այդ թվում նաև՝ Ստամբուլում ու Անկարայում։ Այդպիսով, 21-րդ դարում քրդական ընտրական հաղթարշավը դարձել է անկասելի, ինչը հնարավոր է եղել 2 կարևոր գործոնի շնորհիվ․ ա) քրդերի շրջանում ինքնակազմակերպման աճ, բ) քրդական բնակչության կտրուկ աճ[10]։

Ի՞նչ կարող է ԱԶԿ-ը և անձամբ Էրդողանը հակադրել այս ամենին։ Ի՞նչ անել, եթե քրդական կուսակցությունը շարունակ հաղթահարում է ընտրաշեմը, եթե քուրդ թեկնածուները հաղթում են քրդաբնակ կարևոր քաղաքներում։ Ըստ էության՝ միայն մեկ բան․ քուրդ գործիչների նկատմամբ, լինեն կուսակցապետեր, պատգամավորներ, քաղաքապետեր, հանրաճանաչ հասարակական գործիչներ, լրագրողներ և այլք, ներկայացնել «ահաբեկչություն սատարելու» մասին վերոնշյալ մեղադրանքներից մեկը կամ մի քանիսը, նրանց դատապարտել տևական ժամկետներով ազատազրկման, ինչպես նաև մի քանի տարով արգելել զբաղվել քաղաքականությամբ։ Ստացվում է, որ ԱԶԿ-ի համար որոշակի առումով հոգ չէ քրդական քաղաքական շարժման նման հաջողությունները, քանի որ նրա զինանոցում առկա է PKK-ի (ահաբեկչության) գործոնը, որը և գործի է դրվում նաև նման դեպքերում։

Թուրքական իշխանությունները կարողանում են ահաբեկչության դեմ պայքարի շղարշի ներքո դատական ճանապարհով փակել տալ քրդական նորաստեղծ կուսակցությունները, որոնք ստեղծումից հետո արագորեն զգալի հաջողություններ էին արձանագրել։ Եվ պատահական չէ, որ ԱԶԿ-ի թիրախում այժմ էլ ԺԴԿ-ն է, որը նախորդների համեմատ գլխապտույտ հաջողությունների է հասել, և այդ պատճառով ԱԶԿ-ը որոշել է գլխատել այն։ ԱԶԿ-ին դա հիմնականում հաջողվում է շնորհիվ PKK-ի առկայության։ Հավելենք, որ, ինչպես արդեն նշվեց, ձեռներեցությամբ զբաղվող քրդերը, ֆերմերները և ընդհանրապես շարքային քրդերը նույնպես մեծապես տուժում են ԹԶՈՒ-ի ու PKK-ի միջև բախումներից։ Չմոռանանք, որ վերջին տարիներին ԹԶՈՒ-ն ռազմական օպերացիաներ է ձեռնարկել Սիրիայի հյուսիսում և այդպիսով իր ռազմական ներկայությունը հաստատել այնտեղ։ Էրդողանն այդ հարցում էլ օգտվեց PKK-ի գործոնից՝ ընդգծելով, որ Սիրիայի հյուսիսում գործում է PKK-ի սիրիական թևը՝ YPG:

PKK-ը միգուցե որոշակի զսպիչ ուժի դեր ունի քրդերի հանդեպ ԱԶԿ-ի կոշտ քաղաքականությունում։ Եվ, այնուամենայնիվ, եթե մենք կշեռքի նժարներից մեկի վրա դնում ենք 21-րդ դարում քրդական քաղաքական շարժման ձեռքբերումները, իսկ մյուս նժարի վրա՝ 21-րդ դարում PKK-ի ռազմական ձեռքբերումները, ապա մեզ համար առաջին նժարն ակնհայտ գերակշռում է՝ էլ չխոսած նրա մասին, որ երկրորդ նժարի ուղղակի առկայությունը բավական մեծ վնաս է տալիս առաջին նժարին։ Կարծում ենք, որ 2020-ականներին եկել է ժամանակը, որպեսզի PKK-ը կասեցնի իր գործունեությունը, ինքնալուծարվի և ասպարեզը լիովին զիջի քրդական քաղաքական շարժմանը։ Մեզ համար անկասկած է, որ Թուրքիայի քրդերն ունեն հաջողությունների հասնելու անհամեմատ մեծ պոտենցիալ ու հնարավորություններ, եթե զինված պայքարը փոխարինվի ժողովրդավարական ու ժողովրդագրական պայքարով (ընտրական համատեքստում քրդական գործոնի դերը շարունակ աճում է)։

Անկասկած ենք համարում նաև այն, որ եթե մինչև առաջիկա կարևոր ընտրություններ PKK-ը չլքի ասպարեզը, ապա Էրդողանը վերստին կարող է օգտագործել իր այդ խաղաքարտը, թեժացնել PKK-ի դեմ զինված պայքարը երկրի արևելքում ու հարավ-արևելքում։ Եվ ինչպես վկայում են ՄՃԽ-ի զեկույցն ու մեր դիտարկումները, նման պարագայում ԱԶԿ-ը կստանա ավելի շատ քվեներ, իսկ ԺԴԿ-ը՝ ավելի քիչ քվեներ, ինչն էլ կարող է ճակատագրական լինել վերջինիս համար․ ԺԴԿ-ը կարող է չհաղթահարել ընտրաշեմը, և այդ դեպքում ԱԶԿ-ի պատգամավորական մանդատների քանակը շեշտակի կաճի (հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ)։ 2023թ․ Թուրքիայում նշանակված են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, ինչպես նաև նշվելու է ԹՀ հիմնադրման 100-ամյակը։ Ակնհայտ է, որ Էրդողանը և ԱԶԿ-ը ծրագրել են ամեն գնով հաղթել դրանցում (ինչի համար ընտրությունները կարող են անցկացվել նաև արտահերթ), որից հետո Էրդողանը կարող է հայտարարել «Նոր Թուրքիայի» ձևավորման մասին՝ ի հակակշիռ ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Հին Թուրքիայի»։ Այդ նպատակին հասնելու կարևոր միջոցներից մեկը, մեր կարծիքով, կդառնա PKK-ի դեմ ռազմական բախումների թեժացումը, ինչն ԱԶԿ-ին հնարավորություն կտա հավելյալ քվեներ խլել ոչ միայն ԺԴԿ-ից, այլև ԱՇԿ-ից և ապահովել սեփական հաղթանակը։ Ստացվում է, որ PKK-ն ընտրական պլանում նույնպես դարձել է Էրդողանի լրջագույն հաղթաթղթերից մեկը, և Թուրքիայի նախագահը հազիվ թե կխորշի այն կիրառելուց առաջիկա կարևոր ընտրություններից առաջ։ Ստացվում է, որ ԱԶԿ-ի համար PKK-ը թե՛ մարտահրավեր է, թե՛ հնարավորություն, բայց, ինչպես վկայում է վերոնշյալը՝ ավելի շատ հնարավորություն է, քան մարտահրավեր։

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Հայկ Գաբրիելյան, PKK-ի դեմ Թուրքիայի պայքարի ռազմական և տնտեսական կողմերը, Նորավանք ԳԿՀ, 03․04․2013

[2] Հայկ Գաբրիելյան, PKK-ի դեմ Թուրքիայի պայքարը ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում, Նորավանք ԳԿՀ, 06․06․2013

[3] Նույն տեղում։

[4] Assessing the Fatalities in Turkey’s PKK Conflict, International Crisis Group, 22.10.2019

[5] Հայկ Գաբրիելյան, PKK մարտավարության տնտեսական ուղղվածության շուրջ, Նորավանք ԳԿՀ, 24․09․2015

[6] Sara Aktaş, Kürtler ve ‘KCK operasyonları’, Yeni Özgür Politika, 27.09.2019

[7] Հայկ Գաբրիելյան, 2015թ․ նոյեմբերի 1-ի ընտրությունները Թուրքիայում, Նորավանք ԳԿՀ, 07.12.2015

[8] The Human Cost of the PKK Conflict in Turkey: The Case of Sur, International Crisis Group, 17.03.2016

[9] Managing Turkey’s PKK Conflict: The Case of Nusaybin, International Crisis Group, 02.05.2017

[10] Հայկ Գաբրիելյան, Քրդական ընտրական հաղթարշավը 21-րդ դարում,  ՄԱՀՀԻ, 17․06․2019

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.