ՀՆԱ-ն աճ է գրանցել մշակող արդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, մեքենաների և մոտոցիկլերի վերանորոգման, ինչպես նաև հանրային սննդի ոլորտներում: REGST
Վրաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2019թ. 2018-ի համեմատ կազմել է 5,2%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճ է գրանցել մշակող արդյունաբերության, տրանսպորտի և լոգիստիկայի, առևտրի, մեքենաների և մոտոցիկլերի վերանորոգման, ինչպես նաև հանրային սննդի ոլորտներում:
Գերատեսչության հաղորդմամբ՝ Վրաստանի ՀՆԱ աճը դեկտեմբեր ամսին կազմել է 3,8%: 2019թ. նոյեմբերին երկրի տնտեսական աճն արձանագրվել է 6,4%:
Համեմատություն
Հայաստանի ՀՆԱ աճը 2019թ. առաջին երեք եռամսյակների նախնական տվյալներով կազմել է 7,5%: Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2019թ. կազմել է 7,8%: Նախորդ տարվա ՀՆԱ աճի վերջնական տվյալները կհրապարակվեն փետրվարի վերջին, բայց, ինչպես հայտնի է, ՏԱՑ-ը և ՀՆԱ-ն իրարից շատ չեն տարբերվում. կանխատեսվում է ՀՆԱ 7,5-8% աճ: Հայաստանն այս ցուցանիշով առաջինն է ոչ միայն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների շարքում, այլև, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ, եվրոպական տարածաշրջանում:
Ադրբեջանի ՀՆԱ աճը 2019թ. կազմել է ընդամենը 2,2 %: Իլհամ Ալիևի համոզմամբ՝ դա լավ ցուցանիշ է: Բաքվում մեծ ուշադրություն է դարձվում ոչ նավթային ապրանքների տեսակարար կշռի աճին. ոչ նավթային ապրանքների մասով ՀՆԱ-ն աճել է 3,5%-ով: 2018թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել էր 1,4%-ով: