Չվերթները հետաձգվել են, արմատախիլ եղած ծառերն ընկել են մեքենաների վրա: Բազմաթիվ բնակավայրեր հոսանքազրկված են: Հեղեղները շարունակվում են: REGST, 09.02.2020, ԵՐԵՎԱՆ:
Վերջին 7 տարվա մեջ ամենաուժգին փոթորիկը Մեծ Բրիտանիայում հանգեցրել է կամուրջների, ճանապարհների փակմանը, ավիաչվերթների չեղարկմանը, մարզական միջոցառումների հետաձգմանը։
Բրիտանական օդերևութաբանական բյուրոն նախազգուշացրել է ամբողջ երկրում սպասվող փոթորիկներով ուղեկցվող տեղատարափ անձրևների, հեղեղների մասին։ Ciara փոթորկի պատճառով Լոնդոնում փակվել են արքայական բոլոր՝ 8 զբոսայգիները, այդ թվում՝ Հայդը (Hyde park): Մայրաքաղաքի օդանավակայանում չեղարկվել են չվերթները։
Երկրում հազարավոր տներ հոսանքազրկվել են. քամին կոտրել է էլեկտրասյուները, պոկել հոսանքալարերը: Մի շարք շրջաններում հեղեղներ են, Շոտլանդիայում և Հյուսիսայի Իռլանդիայում սպասվում է ձյուն, ինչը կարող է վատթարացնել իրավիճակը:
93 ամյա Ելիզավետա 2-րդ թագուհին, ով գտնվում է Նորֆոլկի ձմեռային նստավայրում, ստիպված հրաժարվել կիրակնօրյա եկեղեցական ծառայության մեկնելուց:
Փրկարարական ծառայությունները հաղորդում են ամբողջ երկրում արմատախիլ արված ծառերի և նրանց տակ հայտնված մեքենաների մեծ թվի մասին: Բազմաթիվ կամուրջներ փակ են բեռնատարների համար: Երկաթուղային ընկերությունները բրիտանացիներին և զբոսաշրջիկներին խնդրում են հնարավորության դեպքում հրաժարվել կիրակնօրյա ուղևորություններից: