Ռուսական 2 արբանյակների վրա ամրացվող լազերային դիոդների լույսով հնարավոր կլինի ուղերձ գրել կամ գովազդ ցուցադրել, որը կերևա Երկրից: REGST, 09.02.2020, ԵՐԵՎԱՆ:
2022թ. ուղեծիր բաց կթողնվեն լազերային դիոդներով առաջին երկու միկրոարբանյակները, որոնց օգնությամբ հետագայում հնարավոր կլինի երկնքում ուղերձ հրապարակել: Հրթիռատիեզերական միավորված կորպորացիայի (ОРКК) Ծրագրերի իրականացման վարչության տնօրեն Անդրեյ Դիվաևի խոսքով՝ երկու սարքավորումները Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ, անգլ.` ISS, ռուս.՝ МКС) կուղարկվեն Պրոգրես տիեզերանավով:
Սարքավորումները կառավարվելու են որպես արբանյակների խմբի մաս, որոնք առաջիկայում ուղեծիր կուղարկվեն Համաստեղություն ծրագրի շրջանակներում: Դիվաևի խոսքով՝ արբանյակների վրա տեղադրված է լինելու լազերային դիոդների հարթակ, որտեղից բավականաչափ հզորությամբ լույս է արձակվելու՝ Երկրից տեսանելի դառնալով։
Երկնքում հնարավոր է լինելու ցանկացած ուղերձ գրել, այդ թվում՝ գովազդային։
Վարչության ղեկավարը նշել է, որ ծրագրի նպատակը տիեզերքը Երկրի առօրյա կյանքին առեւտրային առումով ավելի շատ ծառայեցնել է։
Ծրագիրն իրականացվելու է Ավանտ Սփեյս (Avant Space) եւ ԿոսմոԼաբ (КосмоЛаб) ընկերությունների հետ համագործակցությամբ, որոնք Սկոլկովո ինովացիոն կենտրոնի (Сколково) ռեզիդենտներն են։