Մասնագետները պատմական ռեկորդն անվանել են անհավատալի և աննորմալ: Նման երևույթ դիտարկվել է Անտարկտիկայի տարբեր հատվածներում: REGST, 14.02.2020, ԵՐԵՎԱՆ:
Բրազիլացի գիտնականները ջերմաստիճանային հերթական ռեկորդն են գրանցել Անտարկտիկայի թերակղզուց դեպի հյուսիս գտնվող Սիմոր (Սեյմուր) կղզում. փետրվարի 9-ին այնտեղ օդի ջերմաստիճանն արձանագրվել է 20,75 աստիճան C: Նախորդ ռեկորդը սահմանվել է 1982թ. հունվարին՝ 19,8 աստիճան:
Հետազոտողները բացատրել են, որ արձանագրված առավելագույն ջերմաստիճանը վերաբերում է միայն մեկ օրվա դիտարկմանը, և ոչ թե երկարաժամկետ ուսումնասիրությանը: Բրազիլիայի կառավարության կողմից Terrantar նախագծին մասնակցող Կարլոս Շեֆերը նշել է, որ հնարավոր չէ այդ տվյալի հիման վրա կանխատեսել եղանակային փոփոխություններն ապագայում, բայց դա ազդանշան է, որ այս տարածաշրջանում ինչ-որ բան է կատարվում: Շեֆերի խոսքով՝ տաքացումը դիտարկվում է հետազոտվող բազմաթիվ վայրերում, բայց նման երևույթ ոչ մի անգամ չի նկատվել:
Գիտնականների համոզմամբ՝ ջերմաստիճանային նմանատիպ ռեկորդների հանգեցնում են օվկիանոսային հոսանքների ընթացքը և Էլ-Նինյոյում տիրող տաք իրավիճակը: Բրազիլացի հետազոտողների տվյալները պետք է հաստատի Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը:
Նախորդ շաբաթվա ավարտին գիտնականներն Էսպերանսայի արգենտինական գիտահետազոտական կայանում (Անտարկտիկայի թերակղզու հյուսիսային ծայրամասում) արձանագրել էին 18,3 աստիճան C: