Բաքվում ցույցը տապալվել է. ընդդիմադիր առաջնորդները նախօրոք ձերբակալվել են

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից դժգոհ ուժերի ղեկավարները բողոքի ցույցից ժամեր առաջ ձերբակալվել են: Ոստիկանությունն ուժ է կիրառել: REGST, 16.02.2020, ԵՐԵՎԱՆ:

Բաքվում այսօր Երևանի ժամանակով 15:00-ին նախատեսված էր հանրահավաք: Փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը չէր ընդունել, միջազգային դիտորդական առաքելություններն իրենց հերթին արձանագրել էին բազմատեսակ ընտրախախտումներ: Նախատեսված բողոքի ցույցն ուղղված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, որն էլ կեղծիքի հիմնական սրբագրիչն էր համարվում:

Սակայն հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ իշխանությունները սկսել են կազմակերպիչների զանգվածային ձերբակալությունները: Ժամը 12:30-ին իր գրասենյակի մոտ ձերբակալվել է ընդդիմադիր D18 շարժման առաջնորդ Ռուսլան Իզեթլին:

Ժամը 13:00-ին իր տան մուտքի մոտ ձերբակալվել է Հանրապետական այլընտրանք շարժման ղեկավար Իլգար Մամեդովը: Հաղորդվել է, որ նրան քաղաքացիական հագուստով անձինք տարել են անհայտ ուղղությամբ:

Շրջափակված է նաև Մուսավաթ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլըն, ձերբակալված են նույն կուսակցության ակտիվիստներ Ալիքրամ Խուրշիդովը, Բաքըխան Գարիբլին և Բայրամալի Աբդուլաևը:

Ձերբակալված են նաև Շարժում դաշինքից պատգամավորի թեկնածուներ բլոգեր Մեհման Հուսեյնովը և Ուլվի Հասանլին: Նրանք ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության կողմից՝ բողոքի ցույցի մեկնելու ճանապարհին՝ ուղիղ եթերում.

Ոստիկանությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքվել ցանկացողներին բռնի ուժով հեռացրել են տարածքից, շրջափակել են շինությունը: Կիրառված անհամաչափ ուժի հետևանքով տուժել են նաև լրագրողներ. Ֆաթիմա Մովլամլըն դեմքին է հարված ստացել: Ոստիկանությունը հերքել է ընդդիմության առաջնորդների ձերբակալությունը՝ պատճառաբանելով, որ նրանք ոստիկանություն չեն տարվել: Տեղեկություններ կան, որ ձերբակալվածներին Բաքվից հեռացրել են:

Տեսանյութերից երևում է, որ ցուցարարներին ավտոբուսներով տեղափոխում են քաղաքից բավականին հեռու և բաց թողնում: