«Անվտանգության գոտի». հնարավոր կլինի՞ Արցախում կիրառել հաջողված փորձարկումը

Ցանկացած պարագայում քննարկվող փաստաթղթում կետերից մեկը վերաբերել է խաղաղապահներին, «բուֆերային կամ անվտանգության գոտուն»: Սակայն դրանցում «միջազգային ուժեր» տերմինը կարող էր և ձեռնտու չլինել ոչ Մոսկվային, ոչ էլ Անկարային: Ուստի ձեռքի տակ ունենալով հաջողված փորձերը, ամբողջականացնելով նախադրյալները՝ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն համատեղ ուժերով կյանքի կոչել Արցախում հաստատվելու բազմամյա ձգտումը: Վահրամ Հովհաննիսյան, 18.02.2020

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

Սիրիա, Լիբիա… Ո՞վ է հաջորդը:
«Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, մենք հարցը կլուծենք». Չավուշօղլու:
Անվտանգության գոտու Արցախյան բանաձևը
«Խաղաղարար» Թուրքիան
Ոտքը՝ ադրբեջանական խողովակներին
Հարցը պետք է լուծվի տարածաշրջանում. կարևորը՝ Իրանը դեմ չլինի։
«Հայերը նույնպես ահաբեկիչ են»։
Նախադրյալներն ամբողջականացվում են:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Թուրքիայի ջանքերով Սիրիայի հյուսիսում ստեղծվեց «անվտանգության գոտի»: Սա կարծես թուլացրեց սիրիական հակամարտության լիցքերը, կողմերը եկան որոշակի համաձայնությունների[1]: Թուրքական կողմի այդ նախաձեռնությունն իրականություն դարձավ Մոսկվայի անմիջական աջակցությամբ՝ դեմ գնալով ամերիկյան զգուշացմանը, սիրիական իշխանությունների անհամաձայնությանը, քրդական ջոկատների դիմադրությանը: Դրանից հետո համեմատաբար խաղաղված Սիրիան (բացառությամբ տեղային փոքր բախումների) մեղմացրեց, արդարացվածության քողով ծածկեց թուրքական գործողության նկատմամբ անհանդուրժողականությունը:

Եթե համարենք, թե Թուրքիայի Հանրապետության համար Սիրիայի հյուսիսում ի վերջո տրվեց ռազմական առումով հանդարտություն հաստատելու հնարավորություն (Դոնալդ Թրամփը, օրինակ, կոչ արեց «չափը չանցնել», սիրիական կառավարական զորքերը նույնպես չափի հետ կապված գործողությունների գնացին, ԵՄ երկրները զսպող հայտարարություններով հանդես եկան), ապա կարող ենք ասել, որ Անկարան «պատվով» հաղթահարեց այս փորձությունը՝ նույնիսկ «խաղաղության հաստատման» դասեր տալով Արևմուտքին: Հիմնական շեշտադրումն այն էր, որ թուրքական զինուժը խաղաղարարի կեցվածք դրսևորեց, մամուլում ու սոցցանցերում «փրկչի առաքելությունը» հավաստող հրապարակումներ եղան:

Այսպիսով, Թուրքիան, ի հեճուկս ուժային կենտրոնների մեծամասնության, Ռուսաստանի համաձայնությամբ (եթե ոչ՝ աջակցությամբ) հարձակվեց հարևան պետության վրա, գրավեց նրա տարածքի մի մասը, այնտեղ ստեղծեց «անվտանգության գոտի», և սիրիական տարածաշրջանը մուտք գործեց նոր՝ հակամարտության մանր օջախների վերջնական չեզոքացման փուլ: Բազմաթիվ զոհերի, արհավիրքների պատճառ դարձած հակամարտությունը կորցրեց իր երբեմնի ընթացքը և թևակոխեց բաժանումների, թուրքական կողմի ներկայացմամբ՝ խաղաղության հաստատման փուլ: Եվ բնավ պատահական չպետք է համարենք գործողության անվանումը՝ «Խաղաղության ակունք»:

Պետք է ենթադրել, որ «ակունքն» այստեղ նույնացվում է սկզբի, մեկնարկի հետ, իսկ թե ինչ գործողություններ են հաջորդելու թուրքական «խաղաղարար» մեկնարկին, կրկին պետք է ենթադրեինք: Չուշացավ նաև հաջորդ փուլը՝ Լիբիան: Երբեմնի Թուրքիան, որը խնդիրներ ուներ գրեթե բոլոր հարևանների հետ, իր երկրի քաղաքացի համարվող քրդական միավորների հետ ներկայումս տարածվում է հյուսիսաֆրիկյան տարածաշրջան: Թերևս հարկ է նշել, որ դեպի Լիբիա թուրքական «գործուղմանը» հաջորդեցին խաղաղության շուրջ բանակցությունները՝ սկզբում Մոսկվայում, ապա՝ Բեռլինում:

«Հաշտարարի» ու «բարիդրացիության» քարոզչությամբ վերջերս պարբերաբար հանդես եկող Ռեջեփ Թայյիփ Էրդողանը շարունակում է աշխարհին ներկայանալ որպես այդպիսին: Գուցե այլ պարագայում Հայաստանում բնակվողներս, ի նպաստ համաշխարհային խաղաղության, ոգևորվեինք այդ առաքելությամբ, բայց երբ խոսքը վերաբերում է ռուս-թուրքական «խաղաղությանը», ապա մենք այստեղ զգուշանալու առիթ ունենք:[2]

ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԽԱՂԱՂԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հունվարի 30-ի իր ելույթում հայտարարեց.

«Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը, ապա մենք (Թուրքիան) կլուծենք Ղարաբաղի հարցը»[3]:

Չավուշօղլուն նաև նշել է, որ 2020թ. Թուրքիան առանձնակի կարևորություն է հաղորդելու Լեռնային Ղարաբաղի հարցին:

Ռուսաստանի ազդեցությամբ Թուրքիան գործողությունների արդեն մեկ հաջողված փորձ ունի Սիրիայում, երկրորդը կյանքի է կոչվում Լիբիայում։ Լիբիայի կառավարությունը թուրքական և ռուսական իշխանություններին խնդրել է աջակցել իրեն, իսկ թուրքական ռազմատեխնիկան արդեն մայրաքաղաք Տրիպոլիի մատույցներում է[4]: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը՝ «Ղարաբաղում ռուսական ազդեցությամբ թուրքական լուծման հասնելու» մասին, ենթադրում է նույն՝ փորձված դիպաշարը:

Անկարան ու Մոսկվան միմյանց ձեռքով իրենց շահերն առաջ մղելու փորձ ունեն: Իսկ Մոսկվան, վստահաբար, ունի իր ազդեցության ներկայացուցիչներն ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Արցախում, անհրաժեշտության դեպքում կարող է գործի դնել դրանք, եթե, իհարկե, արդեն սկիզբ չեն առել ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները երկրի (նաև Արցախի) ներսում։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ԲԱՆԱՁԵՎԸ

Սիրիական «անվտանգության գոտին» ստեղծվեց Սիրիայի արաբական Հանրապետության տարածքում: Սա հիմնականում քրդերով բնակեցված տարածք էր, Թուրքիային սահմանակից: Գոտին ստեղծելիս Անկարան իր քայլը հիմնավորել է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 51-րդ հոդվածով` գործողությունը նույնականացնելով «ինքնապաշտպանության» հետ:[5]

Ինչպես երևաց հետագա գործողություններից, այս հիմնավորումը ձեռնտու չէր Ռուսաստանին. օրակարգ բերվեց «Ադանայի համաձայնագիրը» (Սիրիա-Թուրքիա, 1998), որն ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելու և հարցը բացառապես տարածաշրջանի երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի) մասնակցությամբ լուծելու միջոց որակվեց:[6] Թեև Համաձայնագրում խոսք չկա հարևան երկրի վրա հարձակման մասին, սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն պատրաստակամություն հայտնեց իրագործելու դրա դրույթները՝ մեկնաբանելով որպես իր անվտանգության նկատառումներից ելնելով համապատասխան միջոցառումների իրականացում հարևան երկրի տարածքում: Խոսքը քրդական «ահաբեկչական» հայտարարված միավորների չեզոքացման մասին էր: Մասնավորապես, այդ Համաձայնագրով Սիրիան նույնպես Քրդական աշխատավորական կուսակցությանը՝ PKK-ին, «ահաբեկչական կազմակերպություն» էր ճանաչում:

Պուտինն աջակցում էր ներսից քայքայված Սիրիայի կառավարությանը՝ ի տարբերություն Ասադի ռեժիմի դեմ հանդես եկող Էրդողանի, սակայն դա չխանգարեց, որ Մոսկվա-Անկարա առանցքի «խաղային» ջանքերով Դամասկոսը զիջի: Նույն կերպ կարծես Լիբիայում է դրսևորվում առանցքի վարքը․ Կառավարությանն աջակցում է Անկարան, իսկ ապստամբական ուժերին՝ Մոսկվան: Այստեղ նույնպես գործեց «խաղը»․ Մոսկվայում խաղաղության բանակցություններ մեկնարկեցին (ընդհանուր առմամբ՝ անհաջող), որտեղ հաշտարարի գլխավոր պարտականություն էր վերապահված թուրքական պատվիրակությանը, իսկ այնուհետև թուրքական զինուժը հայտնվեց Տրիպոլիի մատույցներում «խաղաղություն հաստատելու» նպատակով: Տեղեկություններ կան նաև, որ Սիրիայում իրենց վարձու ծառայությունն ավարտած մարտիկները «գործուղվել» են Լիբիա, մինչդեռ թուրքական իշխանություններն ի սկզբանե նշում էին, որ միայն ռազմական խորհրդատուներ են ուղարկվել:

Թուրքիան Սիրիայում հոկտեմբերի 9-ին ձեռնարկած ռազմական գործողությունն անվանեց «Խաղաղության ակունք»: Սա ոչ այլ ինչ է, քան շարունակության նախանշան: Ակունք, այսինքն՝ սկիզբ, հիմք, որը տարածվելու է, ունենալու է շարունակություն: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ Թուրքիան Լիբիայի մայրաքաղաքի մոտ մտադիր է ռազմաբազա կառուցել:[7]

Ինչպես երևում է, հակամարտության օջախում Անկարան և Մոսկվան սկզբում հանդես են գալիս որպես կողմեր, իսկ վերջում՝ համագործակցողներ: Ներկայումս Արցախի պարագայում Ադրբեջանի եղբայրական դաշնակիցը Թուրքիան է, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը:  Չավուշօղլուի հայտարարությունը փաստում է, որ Արցախի հնարավոր «անվտանգության գոտու» հարցում այդ առանցքը կարող է կրկին փոխգործակցել: Ընդ որում, 2020թ. հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանում Լիբիա զորք ուղարկելու մասին որոշման քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները կոչ արեցին հեռավոր աֆրիկյան պետության փոխարեն զորքն ուղարկել «Ղարաբաղ, ազատագրելու»:[8]

Արցախի պարագայում օտարերկրյա ռազմական ներկայության տարբերակն առաջին անգամ չէ, որ քննարկվել է[9], բայց հիմնավորումները թույլ են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի համար:

Եթե Սիրիայում և Լիբիայում այս ամենի արդյունքում իսկապես հանդարտություն հաստատվի, ապա այն կարող է լինել գլխավոր հիմնավորումը: Այդ պարագայում ենթադրվող հիպոթեզն առավել մատչելի կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

Խաղաղարարի կերպարով Թուրքիան, հանդես գալով ադրբեջանական սահմանամերձ շրջանների պաշտպանության դիրքերից, կձեռնարկի էսկալացիոն գործողություններ: Վստահաբար, հաշվի առնված կլինեն նաև 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի դասերը: Ներքին խժդժությունները, Սիրիայի օրինակով, թույլ չեն տա արժանի դիմադրություն կազմակերպել՝ ստիպված լինելով պայքարել մի քանի ճակատներով (ընդ որում՝ միայնակ), կհանդիսանան այն մեծ հնարավորությունը, որը թուրք-ադրբեջանական առաջխաղացման դեմ դուրս կբերի ռուս խաղաղապահներին: Վերջիններս կգան օգնելու իրենց դաշնակիցներին՝ հաստատվելով, օրինակ, հարավարևելյան շրջանում: Եվ հենց այդ միջանկյալ տարածքն էլ կվերածվի «անվտանգության գոտու» («բուֆերային գոտու»)՝ Արցախի՝ մինչ օրս չբնակեցված, «հայրենիք չհամարված» տարածքի հաշվին:

Արդյունքում, Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակիցը, Արցախը կունենա ինքնավարություն՝ Երևանի ներքո, թղթերով նրան կպատկանի «անվտանգության գոտին», դե իսկ Բաքվում էլ գոհ կլինեն «անվտանգության գոտու» ստեղծման արդյունքում իրենց բաժին հասած մի քանի հարյուր հեկտար տարածքից ու Եվրոպայի վրա նավթ, գազ ու հոսանք վաճառելու թույլտվությունից:

ԵՎՐՈՊԱ ԳՆԱՑՈՂ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՐՑԱԽՅԱՆ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ»

«Փորձնական տարբերակում»՝ Սիրիայում, հայտնի է էներգակիրների նկատմամբ վերահսկողություն ունենալու ցանկության հանգամանքը[10]: Սիրիան զուտ տարածք չէ. այնտեղով և նրան շատ մոտ տարածությամբ են անցնում մերձավորարևելյան նավթային, գազային խողովակները և հասնում մինչև Եվրոպա: «Անվտանգության գոտու» ստեղծումից առաջ և ընթացքում Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ ԱՄՆ-ի մտադրությունը երկար չպահպանվեց. շուտով անհրաժեշտություն առաջացավ նավթահորերը վերահսկելու նպատակով որոշակիորեն վերականգնելու ռազմական ներկայությունը[11]:

Իսկ ռուսական ներկայությունը Սիրիայում, ի թիվս այլ շահերի, նաև էներգակիրներին «ձեռքը հասցնելու» խնդիր է լուծում: Անհրաժեշտության դեպքում Մոսկվան Սիրիայով անցնող խողովակները կարող է հակադրել եվրոպական բաժանորդների կողմից իր նկատմամբ պատժամիջոցներին: Եվ դա այն դեպքում, երբ դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցիկ երկիրը կրկին Թուրքիան պետք է դառնա («Թուրքական հոսք»[12]):

Ճիշտ է` Արցախի տարածքով խողովակներ չեն անցնում, բայց նրա սահմաններին շատ մոտ հատվածում ձգվում են SCP-ը (Հարավկովկասյան գազատար՝ Բաքու-Եվլախ-Գյանջա-Վրաստան (ապա՝ TANAP գազատարով շարունակվում է Թուրքիայի տարածքում, TAP գազատարով հասնում Եվրոպա), որով 2020թ.-ից ադրբեջանական գազը կառաքվի Եվրոպա[13], 2019թ. մայիսից՝ Եվրոպա մատակարարվող հոսանքի լարերը[14], Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Իսկ Մոսկվան չի էլ թաքցրել, որ ցանկանում է իր ներկայությունն ունենալ Արցախում: Այդ քաղաքականությունը բացահայտ երևում է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքագետների, ինչպես նաև հայ հասարակության ռուսամետ խմբերի վարքում[15]:

Այսինքն, լինելով Արցախյան «անվտանգության գոտում»՝ Մոսկվան կարող է անհրաժեշտության դեպքում «ոտքը դնել» ադրբեջանական էներգետիկ խողովակների վրա՝ ընդդեմ Բաքվի, Վրաստանի ու Եվրոպայի: Եվ բնավ պատահական չէ, որ ներկայումս ամերիկացի փորձագետներն առաջարկում են ԱՄՆ բազա տեղակայել վրացական Ախալքալաքում (երկաթուղին ու էներգակիրները շարունակվում են այդտեղով)[16]:

ԺՆԵՎՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՈՒ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ «ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ». ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՀԱՂԹԵՑ

Մոսկվան այս տարբերակի նկատմամբ նկրտումներ ցուցաբերել է ի սկզբանե: Պատահական չէ, որ Ռուսաստանը փորձում է ձերբազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, մինչդեռ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն ամեն կերպ այն պահպանելու ջանքեր են գործադրում:[17] Ռուսական կողմի համար նախընտրելի տարբերակը խնդիրն ինքնուրույն լուծելն է:

Սիրիական հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեր ՄԱԿ-ի կողմից նախաձեռնված խաղաղ բանակցությունների ձևաչափը Ժնևում, այնուհետև՝ Լոզանում, ինչպես Արցախի դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սակայն, ինչպես տեսանք, ՌԴ-ը, Թուրքիան ու Իրանն այլընտրանքային ձևաչափով հասան լուծման[18]:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում հայտարարեց, որ Մինսկի խումբն անարդյունավետ է գործում: Նրա խոսքով՝ խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը[19] (Գրեթե նույն արտահայտությունը կրկնել է նաև հունվարի 30-ին): Այսինքն այս դեպքում էլ ՌԴ, Թուրքիա՝ այլընտրանքային ձևաչափի ստեղծմամբ տարածաշրջանային հարցը կլուծվի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: Սպասելի էր, որ փորձի հաջողությունը կոգևորի հեղինակներին, ինչը երևում է Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից: Այդ պետությունները, այդ թվում և Իրանը, պարբերաբար նշել են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի պետությունները[20]:

Իրանի պարագայում խնդիրը հետևյալն է. Սիրիայի դեպքում նա համաձայնեց՝ պայմանով, որ ԱՄՆ-ը կհեռանա այնտեղից, և հակամարտության լուծումը նրա օգտին չի գրանցվի: Ըստ երևույթին՝ թուրքական ռազմական գործողությունը քննադատելը Թեհրանի համար նույնպես ավելին թույլ չտալու միջոց էր, որը լուրջ բախման չվերաճեց երկու կողմերի համար: Իրանը նաև պետք է շնորհակալություն հայտներ Թուրքիային պատժամիջոցներին չմիանալու համար[21]: Համակերպվելու մյուս հանգամանքն այն էր, որ Իրանի համար Սիրիան ավելի հեռու է, քան Արցախը, ուստի պատահական չէ այս ուղղությամբ Թեհրանի առավել կոշտ անհամաձայնությունը:

Հաշվի առնելով Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր խորհրդականի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը դեմ է տարածաշրջանի որևէ երկրում անվտանգության գոտու ստեղծմանը[22], այն դեպքում, երբ այդպիսին Սիրիայում արդեն գոյություն ունի, ենթադրվում է, որ նոր «առաջարկին» Թեհրանը համաձայն չէ: Հայտնի է, որ Իրանը կողմ է ստատուս քվոյի պահպանմանը: Այս կապակցությամբ վերջինս բազմիցս ընդգծել է իր առանձնահատուկ վերաբերմունքը հյուսիսային հարևան տարածքների նկատմամբ[23]:

Պետք է արձանագրենք, որ նոր անվտանգության գոտիների ստեղծման դեմ հանդես գալուց հետո կտրուկ թուլացել են ռուս-իրանական հարաբերությունները: Այդ մասին է վկայում ԱՄՆ-Իրան հարաբերությունների հունվարյան լարվածության ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը ոչ միայն Իրանին չպաշտպանելու, այլև այդ նույն օրերին Ստամբուլում Էրդողանի հետ գազատարի բացմանը մասնակցելու տեսքով: ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե կողմերը դա ցանկանան։ Հիշենք, որ կողմերից մեկն իր դաշնակիցն է, մյուսը՝ հակառակորդը: Այս առումով միայնակ մնացած Իրանը, ինչպես տեսնում ենք, վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի հետ քիչ է «առնչվում»՝ փորձելով հենվել հիմնականում իսլամական աշխարհի աջակցության վրա:

Ակնհայտ է, որ Իրանը դեմ է ռուս-թուրքական ուժերի մասնակցությամբ Արցախում «անվտանգության գոտու» ստեղծմանը, ինչպես դեմ է իր համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներն Ադրբեջանին հանձնելու կամ ԱՄՆ-ի խաղաղապահներով ու իսրայելական անօդաչուներով պաշտպանելու տարբերակներին: Բայց օրեցօր ծանրացող տնտեսական վիճակով, երբեմնի դաշնակցից բացառապես ոչ մի աջակցություն չստացող պետությունը ստիպված է զիջել Մոսկվայի ցանկությանը և բավարարվել Անկարայի «ողջախոհությամբ»՝ իր դեմ պատժամիջոցներին չմիանալու համար:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ՔՐԴԵՐՆ ԱՀԱԲԵԿԻՉ ԷԻՆ, ԱՅԺՄ ԷԼ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉ

Թուրքական կողմը գործի է դրել նաև քարոզչական միջոցները: Ժամանակակից աշխարհում ծրագրերի իրագործումը հաջողելու հարցում այն առավել մեծ նշանակություն ունի: Բացի այդ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունն Անկարային վերաբերվի որպես «իսկական խաղաղարարի»:

Եթե նախկինում հայերին մեղադրում էին «ադրբեջանական հողերն» օկուպացնելու մեջ, ապա այժմ որակում են ահաբեկիչ: Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում հիշեցրել է ԱՍԱԼԱ-ի մասին, թուրքական լրատվամիջոցները բազմիցս խոսել ու շարունակում են ազդարարել հայերի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող օժանդակության մասին: Տարվում է հստակ քարոզչություն հայերին ահաբեկիչների հետ ասոցացնելու համար: Անկարան Երևանին մեղադրում է քուրդ ահաբեկիչներին ապաստան տալու, աջակցելու, Հայաստանում «նրանց բուժելու» կեղծ տեղեկություններով[24]:

Համեմատության համար հիշեցնենք, որ քրդական ինքնապաշտպանական ուժերը որակվեցին «ահաբեկիչ», և նրանց դեմ պայքարելու քողի ներքո էլ թուրքական ռազմական գործողությունը կյանքի կոչվեց: Եթե Արցախում նման գործընթաց սկսվի, ապա արցախյան ինքնապաշտպաններն այսօրվա քարոզչության հաջողության պարագայում հեշտությամբ կներկայացվեն որպես ահաբեկիչներ, ինչպես Սիրիայի դեպքում, երբ նրա քաղաքացիների մի մասը, որոնք պաշտպանում էին իրենց ընտանիքներն ու բնակավայրերը, շատ երկրների կողմից ընկալվեցին ահաբեկիչներ:

Ե՞ՐԲ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ» ԲԱՆԱՁԵՎԸ ԿԻՐԱՌԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ

Թուրքիան Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու մասին խոսում է դեռևս 2011-2012թթ.-ից՝ Սիրիայում իրավիճակի սրումից անմիջապես հետո: Հետևողական պայքարի արդյունքում Անկարան հասավ իր նպատակին՝ թեև մոտ 7 տարի անց:[25] Այդ ճանապարհին հասցրեց առավել հեռանալ ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից՝ մերձենալով Ռուսաստանի հետ: Արդյունքում՝ սիրիական հարցի վերաբերյալ հիմնական որոշումներ կայացրեցին հենց Մոսկվան ու Անկարան[26]՝ դուրս մղելով Վաշինգտոնին։

«Մեծ գործողությունները», անշուշտ, նախադրյալներ են պահանջում: Սիրիական «անվտանգության գոտու» տարբերակն Արցախում տեղակայելու համար Մոսկվա-Անկարային անհրաժեշտ կլինեն մի քանի նախադրյալներ: Որո՞նք են անհրաժեշտ նախադրյալները.

1) Ներքին երկպառակություններ, պատերազմներ. Սիրիայում Բաշար Ասադի դեմ պայքարող ընդդիմադիրները, ի վերջո, վնասեցին իրենց, իրենց պետությանն ու միլիոնավոր հայրենակիցների: Դրա հետևանքով սկսվեց ճգնաժամը, հակամարտությունը խորացավ՝ ստեղծելով բոլոր հնարավորությունները նաև ռուսական մուտքի համար: Վերջնարդյունքում՝ այստեղ հաստատվեցին հիմնականում ռուս-թուրքական զորքերը[27]: Լիբիայում ներկայումս ընթանում է նմանատիպ գործընթաց. Լիբիական ազգային բանակի ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը պատերազմում է ընդդեմ Լիբիայի լեգիտիմ իշխանությունների՝ Ազգային համաձայնության կառավարության դեմ: Վերջինիս ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ դեռևս 2019թ. նոյեմբերի վերջին ստորագրած համաձայնագրի[28] հիման վրա թուրքական ռազմական աջակցություն է խնդրել: Մինչդեռ ռուսական կողմը, ինչպես արդեն նշել ենք, սատարում է Հաֆթարին: Արդյունքում՝ լիբիական հակամարտությունն իր տարածք է «հրավիրում» Մոսկվային ու Անկարային միաժամանակ:

2) Խոչընդոտների բացակայություն կամ չեզոքացում. Ադրբեջանի պարագայում բացառվում է որևէ խոչընդոտ թուրքական ուժերի գործողությունների համար: Ներկայումս բազմաթիվ թուրք զինվորականներ ու թուրքական ստորաբաժանումներ են գտնվում Նախիջևանի տարածքում, որոնք այստեղ հաստատվել են զորավարժությունների անվան տակ (2019թ․ հատկապես դրանք անհամեմատ ավելի հաճախակի բնույթ էին կրում): Թուրքական ուժերի համար բարդ չի լինի ռազմական գործողություններ սկսել ոչ միայն Նախիջևանի, այլև Ադրբեջանի տարածքից:

3) Իրավական հիմնավորում. Թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական գործողության դեպքում նույնիսկ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը բավարար է արցախյան միջանկյալ գոտում գերազանցապես ռուսական ստորաբաժանումների հայտնվելու համար:

ՀԱՊ 4-րդ հոդվածը, ի դեպ, սահմանում է.

Եթե անդամ պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կդիտվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների նկատմամբ:

Ցանկացած անդամ պետության նկատմամբ ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման) դեպքում նրա խնդրանքով մյուս անդամ պետություններն անհապաղ ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն, ներառյալ՝ ռազմական, ինչպես նաև աջակցություն են ցուցաբերում իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն:[29]

Հիշեցնենք, որ թուրքական ագրեսիան ընդդեմ Սիրիայի նույնպես պատճառաբանվեց ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով: Վերջինս սահմանում է.

Սույն Կանոնադրությունը ոչնչով չի խաթարում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ: Անդամների կողմից իրենց ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու միջոցառումների մասին անմիջապես հաղորդվում են Անվտանգության խորհրդին և, սույն կանոնադրության համաձայն, ոչ մի կերպ չեն ազդում Անվտանգության խորհրդի հեղինակության ու լիազորության վրա՝ ցանկացած ժամանակ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նա անհրաժեշտ կհամարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:

4) Փոխադարձ շահ. Եթե փոքր-ինչ ընդհանրացված  ներկայացվեն փոխադարձ շահերը, ապա կունենանք հետևյալ պատկերը․

Հօգուտ Ռուսաստանի՝ Մեծ վերադարձ Հարավային Կովկաս, հյուսիսից ավելի մոտ՝ «Իրաք-Իրան-Պարսից ծով» տարածաշրջանին, վերահսկողություն ադրբեջանական էներգառեսուրսների՝ դեպի Վրաստան և այնտեղից Եվրոպա գնացող ուղիների նկատմամբ:

Հօգուտ Թուրքիայի՝ սիրիական «անվտանգության գոտու» օրինականացում, նոր «գոտիներ»՝ Լիբիայում և հյուսիսաֆրիկյան մյուս երկրներում, միջերկրածովյան աջակցություն, ռուսական գազի տրանզիտ իր տարածքով, իր մասնակցությամբ Արցախի հարցի լուծում՝ հեռանկարում տարածքը ռուսների կողմից իրեն (եղբայրական Ադրբեջանին) հանձնելու ակնկալիքով:

5) Քարոզչության և «հիբրիդային պատերազմի» արդյունավետություն. Այս հարցը մեծ տարածում է ստացել հատկապես 2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո: Հաճախ «հիբրիդային» է ընկալվում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության դեմ տարվող գործընթացը, սակայն մասնագետները բարձրաձայնում են, որ «պայքարը» միայն իշխանության ու անձի դեմ չէ, այլ ավելի խորը նպատակներ ունի:[30]

Քարոզչական անմիջական քայլեր կարելի է դիտարկել Սիրիայում և, հավանաբար, Լիբիայում հաջողվելիք փորձի պրոպագանդան, երբ Էրդողանը ներկայանում է որպես խաղաղարար, իսկ Պուտինը՝ հարցի վերջնական «լուծող»: Պատահականություն չպետք է համարել Մինսկի խմբի անարդյունավետության մասին այս առանցքի կողմից բազմիցս արված հայտարարությունները[31], երբ Ռուսաստանն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից դիտվում է որպես միակ կարգավորիչ հնարավորությունն ունեցող:

Ժամկետներին վերադառնալով՝ նշենք, որ այս համակարգի ներդրման մասին Հայաստանում խոսվել է նախկինում, երբ Արցախի տարածքները համարվում էին «անպետք», «ոչ հայրենիք», քննարկվում էր «շրջակա տարածքների»՝ Ադրբեջանին «վերադարձնելու» հարցը[32]: Ցանկացած պարագայում քննարկվող փաստաթղթում կետերից մեկը վերաբերել է խաղաղապահներին, «բուֆերային կամ անվտանգության գոտուն»: Սակայն դրանցում «միջազգային ուժեր» տերմինը կարող էր և ձեռնտու չլինել ոչ Մոսկվային, ոչ էլ Անկարային: Ուստի ձեռքի տակ ունենալով հաջողված փորձերը, ամբողջականացնելով նախադրյալները՝ Ռուսաստանն ու Թուրքիան կփորձեն համատեղ ուժերով կյանքի կոչել Արցախում հաստատվելու բազմամյա ձգտումը:

Որպես հավելում՝ Ադրբեջանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առջևում ընտրություններ են Արցախում և Իրանում, իսկ Հայաստանում «արտահերթ ընտրությունների» ուղղությամբ աշխատանքներն ընթանում են:

Վահրամ Հովհաննիսյան

ՄԱՀՀԻ Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ, տարածաշրջանային հարցերի մասնագետ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Турецкое наступление в Сирии, Джереми Боуэн, BBC/russian, 15.10.2019

[2] Թուրքիան վտանգ է ներկայացնում Հայաստանի համար. ՀՀ ԱԳ նախարար, PARA TV, 28.10.2019

[3] Dışişleri Bakanı Çavuşoğlu: Türkiye artık birçok oyunu sahada bozuyor, Anadolu Ajansı, 30.01.2020

[4] Турецкие танки прибывают в ливийскую столицу Триполи, Репортёр, 30.01.2020

[5] ՄԱԿ-ի Կանոնադրություն

[6] Էրդողան-Պուտին հանդիպում. ինչո՞ւ է ՌԴ նախագահը հիշատակել 1998թ. թուրք-սիրիական Ադանայի համաձայնագիրը, Արմենպրես, 02.02.2019

[7] СМИ: Турция планирует построить военную базу недалеко от ливийской столицы, ТАСС, 31.01.2020

[8] Թուրք պատգամավորներն առաջարկել են զորք ուղարկել Ղարաբաղ՝ Լիբիայի փոխարեն, REGST, 05.01.2019

[9] Նախատեսված է խաղաղապահ ուժերի տեղակայում ԼՂՀ-ում (Մինսկի համանախագահների ասուլիս), Հրապարակ, 09.04.2016

[10] Кому достанется нефть Сирии, EurAsiaDaily, 26.10.2019

[11] В Сирии сообщили о возвращении американских военных из Ирака, РИА Новости, 26.10.2019

[12] Էրդողանն ու Պուտինը Ստամբուլում մասնակցել են «Թուրքական հոսքի» բացմանը, REGST, 08.01.2020

[13] В Турции все готово к транзиту азербайджанского газа в ЕС, DW/ru, 01.07.2019

[14] Հոսանքը գազից շուտ հասավ Եվրոպա, REGST, 10.05.2019

[15] Մոսկվան մտադիր է խաղաղապահներ բերել ԼՂՀ. 6 փաստ, UIC, 13.04.2016

[16] Քաղաքագետն առաջարկել է ամերիկյան զինուժը տեղակայել Ախալքալաքում, REGST, 25.10.2019

[17] Ստեփան Սաֆարյան. «Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնությունների ձեռքբերումն անհնար է», Առավոտ, 07.07.2014

[18] Треугольник Россия-Иран-Турция и формат Астаны, Platon.Asia, 01.08.2019

[19] Чавушоглу: Если Россия приложит больше усилий, то проблема Карабаха будет решена, Armiya.az, 25.10.2019

[20] Ռոհանի. «Տարածաշրջանի երկրների խնդիրները տարածաշրջանային լուծում ունեն», Pars Today, 11.09.2017

[21] Турция продолжит покупать нефть и газ у Ирана, РИА Новости, 27.09.2019

[22] Իրանը դեմ է տարածաշրջանի որևէ երկրում անվտանգության գոտու ստեղծմանը, REGST, 30.12.2019

[23] Իրանը զգուշացրել է Ադրբեջանին, Հակոբ Բադալյան, Լրագիր, 17.04.2017

[24] Чавушоглу назвал всех армян террористами, Инфотека 24, 25.10.2019

[25] Ադանայի համաձայնագրով Թուրքիան իրավունք ունի բուֆերային գոտի ստեղծել Սիրիայում. Stratfor. 1in.am, 20.03.2012

[26] Путин и Эрдоган согласовали “судьбоносные” решения по Сирии, BBC/Russian, 22.10.2019

[27] Отвлечь, Обмануть, Уничтожить. Война Путина в Сирии, Максимилиан Чуперски, Джон Хербст, Элиот Хиггинс, Фредерик Хоф, Бен Ниммо, Atlantic Council, ապրիլ, 2016

[28] Морские границы: ЕС критикует турецко-ливийское соглашение, Eurotopics, 11.12.2019

[29] Договор о коллективной безопасности, ОДКБ, 15.05.1992 (с изменениями).

[30] Հիբրիդային պատերազմի թիրախը միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չէ․ Լիլիթ Գևորգյան, CIVILNET, 31.01.2019

[31] Чавушоглу: Если Россия приложит больше усилий, то проблема Карабаха будет решена, Armiya.az, 25.10.2019

[32] Սերժ Սարգսյանի «ադրբեջանական 7 շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել, Թաթուլ Հակոբյան, Civilnet, 28.06.2017