Ժողովրդագրական զարգացման միտումները հետխորհրդային տարածքում. Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետազոտությունը:

ՆԵՐԱԾՈւԹՅՈւՆ

Նախկին Խորհրդային Միությունում անցկացված վերջին` 1989թ. մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմել էր 289 մլն մարդ (ներառյալ Բալթյան հանրապետությունները), և այդ ցուցանիշով Չինաստանից ու Հնդկաստանից հետո նախկին ԽՍՀՄ-ը երրորդ տեղն էր զբաղեցնում աշխարհում:

Խորհրդային Միության փլուզումից 28 տարի անց նախկին ԽՍՀՄ երկրների բնակչության թվաքանակը կազմում է մոտ 295 մլն մարդ: 2050թ. այդ թիվը կարող է նվազել մինչև 285 մլն-ի, այսինքն ավելի քիչ, քան Նիգերիայի կանխատեսվող բնակչության թվաքանակը:

 ԽՍՀՄ փլուզումից հետո, մասնավորապես քրիստոնյա հատվածի  երկրներում (առանց Բալթյան հանրապետությունների)  բնակչության թվաքանակի կրճատումն ընդունել է աննախադեպ չափեր, և նրանք հայտնվել են խորը ժողովրդագրական փոսում, որից դուրս գալը դժվար, որոշ դեպքերում՝ անիրականալի է լինելու:

Մինչ օրս միայն Ռուսաստանի Դաշնությունն է կարողացել որոշ չափով խուսափել բնակչության թվաքանակի կտրուկ կրճատումից, որն էլ հիմնականում պայմանավորված է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից բնակչության մեծաքանակ ներհոսքով, ինչպես նաև ծնելիության բարձրացման և մահացության կրճատմանն ուղղված տասնյակ միլիարդավոր դոլարների ներարկումով: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման լուրջ միջոցառումներ է իրականացնում նաև Բելառուսը, որը 2002թ. մինչ օրս զգալի միջոցներ է հատկացնում ժողովրդագրական քաղաքականությանը:

Ի տարբերություն ՌԴ-ի և Բելառուսի՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ակտիվ միջոցառումներ չեն իրականացնում Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը: Վերջինս, թեև ունի համեմատաբար բարվոք ժողովրդագրական իրավիճակ, սակայն տեսանելի ապագայում նրան ևս սպառնում է բնակչության դեպոպուլյացիա: [1]

Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ մուսուլմանական հատվածին, Ադրբեջանն ու միջինասիական հանրապետությունները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը ոչ միայն կարողացել են առանց էական կորուստների հաղթահարել ժողովրդագրական փոսի արգելքները, այլև արձանագրում են բնական աճի բավականին բարձր ցուցանիշներ և դասվում ժողովրդագրական դինամիկ զարգացում ապրող երկրների շարքին:

1. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ  1990-2018ԹԹ.

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 20-րդ դարի վերջին տեղի ունեցան հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական արմատական փոփոխություններ, որոնք նշանակալիորեն ազդեցին հասարակական կյանքի բոլոր բնագավառների վրա: Այդ փոփոխությունները ստեղծեցին զարգացման յուրահատուկ օրինաչափություններ ունեցող միանգամայն նոր իրականություն: Հիմք դրվեց սկզբունքորեն նոր տնտեսակարգի, որին անցնելու հետևանքով փոփոխվեցին հասարակական բոլոր հարաբերությունները:

Ժողովրդագրական զարգացումների տեսանկյունից ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձություններն առավել բացասական ազդեցություն ունեցան քրիստոնյա ծայրամասային հանրապետությունների վրա: 1990-2006թթ. ընթացքում Մոլդովայի և Վրաստանի հանրապետությունները կորցրեցին իրենց բնակչության 17,1 և 28,1 տոկոսը (աղյուսակ 1): Դա պայմանավորված էր ինչպես բնակչության արտագաղթի մեծ ցուցանիշներով, այնպես էլ այդ հանրապետություններից Մոլդովայի պարագայում՝ Մերձդնեստրի և Բենդեր քաղաքի, իսկ Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի  անջատումով: Վրաստանի Հանրապետության բնակչության թվաքանակի կրճատման գործում էական նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն արտագաղթեցին: 1990-2018թթ. Վրաստանի Հանրապետությունում երկրորդ էթնիկ հանրություն հանդիսացող հայերի թիվը նվազել է մոտ 3, ռուսներինը՝ 10, իսկ հույներինը՝ 20 անգամ: Մոլդովայից ևս տեղի ունեցավ էթնիկ ռուսների վերադարձ դեպի մայր հայրենիք: Ընդհանուր առմամբ՝ 1990-2018թթ. Մոլդովան կորցրել է իր բնակչության 18,7, իսկ Վրաստանը՝ 31 տոկոսը:

Սլավոնական հանրապետությունները՝ ՌԴ-ը, Ուկրաինան և Բելառուսը, որոնք կազմում էին նախկին ԽՍՀՄ բնակչության մոտ 73 տոկոսը, ևս արձանագրել են բնակչության թվաքանակի նվազում:

Աղյուսակ 1. Բնակչության թվաքանակի փոփոխությունները ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում և Վրաստանում 1990-2018թթ. (մլն. մարդ)[2]

1990-2018թթ. սլավոնական հանրապետություններից բնակչության թվաքանակի ամենամեծ կորուստն արձանագրվել է Ուկրաինայում, որը հետևանք է բնակչության արտագաղթի, դեպոպուլյացիայի, ինչպես նաև 2014թ. Ռուսաստանի կողմից բացառապես ռուսներով բնակեցված Ղրիմի ինքնավար Հանրապետության (65,2 տոկոս էթնիկ ռուսներ) և Սևաստոպոլ քաղաքի (67 տոկոս էթնիկ ռուսներ) վերադարձով: Եթե 1990-2014թթ. Ուկրաինայի բնակչության թվաքանակը նվազել էր 12,9 տոկոսով, ապա 2014թ. Ղրիմի կորուստն Ուկրաինայի բնակչության թվաքանակը միանգամից նվազեցրեց 2 մլն 285 հազար մարդով կամ 6,7 տոկոսով: Ընդհանուր առմամբ՝ 1990-2018թթ. Ուկրաինան կորցրել է իր բնակչության մոտ 19 տոկոսը կամ բացարձակ թվով՝ 9,5 մլն մարդ:

Սակայն Ուկրաինայի մշտական բնակչության թիվն ավելի քիչ է, քանի որ փաստացի նրանից ժամանակավոր անջատված են Դոնբասի և Լուգանսկի տարածաշրջանները, որտեղ բնակվում է մոտ 6 մլն մարդ:

Չնայած արտագաղթի բացակայությանը՝ 1990թ.-ից ի վեր նվազել է Բելառուսի բնակչությունը, որը հիմնականում պայմանավորված է դեպոպուլյացիոն գործընթացներով: Բելառուսի բնակչությունը 1990-2006թ. նվազել էր 2,3 տոկոսով:

2006թ.-ից իրականացվող ակտիվ ժողովրդագրական քաղաքականության շնորհիվ Բելառուսին հաջողվեց դանդաղեցնել բնակչության կրճատման գործընթացը, սակայն դրա ազդեցության աստիճանը ներկայումս նվազել է: 1990-2018թթ. Բելառուսի բնակչությունը նվազել է 7,1 տոկոսով կամ բացարձակ թվով՝ 715 հազար մարդով:

Նախկին ԽՍՀՄ բնակչության թվաքանակով ամենամեծ հանրապետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, 1990-2010թթ. արձանագրեց բնակչության թվաքանակի անկում 3,3 տոկոսով կամ 4,8 մլն մարդով: Այնուհետև 2010-2014թթ. ներգաղթի ցուցանիշի մեծացմանը, ինչպես նաև ծնելիության խրախուսմանը և մահացության կրճատմանն ուղղված քաղաքականության շնորհիվ բնակչության թիվն աճեց 0,6 տոկոսով:

2014թ. Ուկրաինայում ընթացող քաղաքական գործընթացների, ինչպես նաև Ղրիմի վերադարձով ՌԴ բնակչության թիվն աճեց մոտ 3 մլն մարդով, կամ 2014-2018թթ.  բնակչության թիվն ավելացավ  2,2 տոկոսով, թեև ընդհանուր առմամբ 1990-2018թթ. ՌԴ բնակչությունն արձանագրել է 0,6 տոկոս անկում:

Նախկին ԽՍՀՄ միջինասիական հանրապետություններում և Ադրբեջանում դիտարկվում է լրիվ հակառակ պատկերը: Բնակչության թիվը ոչ միայն չի նվազել ԽՍՀՄ փլուզումից հետո, այլև աճել է, այդ գործընթացն էլ շարունակվում է:

Սակայն պետք է արձանագրել, որ միջինասիական հանրապետություններից Ուզբեկստանում 1989թ.-ից ի վեր մարդահամար չի անցկացվել, իսկ Ադրբեջանում առկա է բնակչության հաշվարկի քաղաքական գործոնը, քանի որ իշխանությունը հստակ վերահսկում է մշտական բնակչության ներկայացվող ցուցանիշները: Թուրքմենստանն ընդհանրապես չի հրապարակում ժողովրդագրական իրավիճակը բնութագրող ցուցանիշները, և բացակայում է մշտական բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը:

Պետք է նշել, որ միջինասիական հանրապետություններում անկախություն ձեռք բերելուց հետո միայն Ղազախստանի բնակչության թիվն էր 1990-2000թթ. նվազել, հիմնականում ռուս և գերմանացի ազգաբնակչության արտագաղթի հետևանքով: Եթե 1990-2000թթ. Ղազախստանի բնակչությունը նվազել էր 8,4 տոկոսով (աղյուսակ 2), ապա 2000-2018թթ. աճել է 19 տոկոսով:            

Աղյուսակ 2. Բնակչության թվաքանակի փոփոխությունները Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ադրբեջանում 1990-2018թթ.[3]

Նախկին ԽՍՀՄ միջինասիական հանրապետություններից 1990-2018թթ. բնակչության թվաքանակի ամենամեծ աճն արձանագրել է Տաջիկստանը՝ 42 տոկոս, որին հաջորդում են Ուզբեկստանն ու Ղրղզստանը՝ համապատասխանաբար 38 և 30 տոկոս: Այսինքն, 1990-2018թթ. Տաջիկստանի բնակչությունն աճել է բացարձակ թվով՝ 3819,2 մլն, իսկ Ուզբեկստանի և Ղրղզստանի բնակչությունը՝ 12,344 և 1861,7 մլն մարդով:

Ադրբեջանի բնակչության թիվը 1990-2018թթ. աճել է 28 տոկոսով, և 2020թ. հունվարի 1-ի տվյալներով, ըստ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տվյալների, բնակչության թիվը հատել է 10 մլն շեմը և կազմել 10 մլն 67 հազար մարդ:

Սակայն չնայած միջինասիական հանրապետությունների բնակչության այդպիսի մեծ աճին՝ փորձագետները կասկածի տակ են դնում մասնավորապես Ուզբեկստանի բնակչության թվաքանակը, քանի որ չնայած ծնելիության և  բնական աճի բարձր մակարդակին, երկրից վերջին 30 տարում տեղի է ունեցել բնակչության մեծ արտագաղթ, և չի անցկացվել ոչ մի մարդահամար: Ուզբեկստանի իշխանությունները պլանավորում են երկրի պատմության մեջ առաջին մարդահամարն անցկացնել 2022թ., և բացառված չէ, որ բնակչության թիվն էականորեն տարբերվի ներկայիս գրանցվող ցուցանիշներից: [4]

Ընդհանուր առմամբ, միջինասիական հանրապետություններն ունեն բարձր շարժունակությամբ բնակչություն, և չնայած պետական վիճակագրությունն արձանագրում է բնակչության թվաքանակի պատկառելի աճ՝ իրականում այնտեղ բնակչության թիվը կարող է ավելի քիչ լինել:

Ադրբեջանի պարագայում ևս բնակչության շարժունակությունը բավականին բարձր է եղել: 1990-ականների սկզբին Ադրբեջանից հարկադրաբար հեռացավ ողջ հայ ազգաբնակչությունը, ինչպես նաև ռուսները, հրեաները և այլ էթնիկ հանրությունների ներկայացուցիչներ: Ըստ փորձագիտական տվյալների՝ անկախությունից ի վեր միայն Թուրքիա է արտագաղթել մոտ 1 մլն ադրբեջանցի՝ չհաշված ՌԴ-ում և Ուկրաինայում մեծաքանակ ադրբեջանական համայնքների առաջացումը:

2. Ծնելիության, մահացության, բնական աճի ցուցանիշների դինամիկան նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 1990-2018թթ.

Նախորդ դարի 80-ական թվականներին նախկին ԽՍՀՄ հանրապետություններում արձանագրվում էին ծնելիության բարձր ցուցանիշներ, որոնք պայմանավորված էին ինչպես Խորհրդային Միության կողմից իրականացվող ծնելիության խթանման լայնածավալ միջոցառումներով, այնպես էլ այն հանգամանքով, որ ամուսնական տարիք էին մուտք գործել հետպատերազմյան բազմաքանակ սերունդները:

Սակայն ԽՍՀՄ փլուզումն ու տնտեսական, սոցիալական նոր իրողությունների հետևանքով ծնելիությունը սկսեց արագորեն անկում ապրել, բարձրացավ մահացության մակարդակը, ավելացան ամուսնալուծությունները, իսկ ամուսնությունները պակասեցին, նվազեց բնակչության բնական աճի ցուցանիշը:

Պետք է նշել, որ ժողովրդագրական զարգացման գործընթացների բնույթը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մոտ միանման է: Եվ այս առումով 1990-ական թվականներին գրանցված ծնելիության անկումը ևս օրինաչափ էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար:

Պետք է նշել, որ ծնունդների թվաքանակի անկման ամենասուր փուլը 1990-2000թթ. էին, երբ նախկին ԽՍՀՄ նորանկախ հանրապետություններում արձանագրվում էին ժողովրդագրական գործընթացներին ոչ բնորոշ երևույթներ: Ծնելիության անկումը շատ կտրուկ էր ինչպես ծավալային, այնպես էլ տոկոսային հարաբերակցության տեսանկյունից:

1990-2000թթ. ՌԴ-ում ծնունդների թիվը նվազեց 722 հազարով կամ 37 տոկոսով (աղյուսակ 3),  Ուկրաինայում և Բելառուսում՝ 245 և 50 հազարով կամ 39 և 36 տոկոսով:

Ծնունդների նվազման պարբերությունն ավելի մեծ էր Մոլդովայում և Վրաստանում, որտեղ 1990-2000թթ. ծնունդները բացարձակ թվով նվազել էին 36 և 47 հազարով, կամ համապատասխանաբար՝ 49 և 50 տոկոսով: Այս ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ նրանք առաջատար էին: Թեև պետք է արձանագրել, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ ծնունդների ամենամեծ տոկոսային անկումն արձանագրվել է Հայաստանում՝ 60 տոկոս:

Նախկին ԽՍՀՄ մուսուլմանական հատվածի հանրապետություններում ևս 1990-2000թթ. գրանցվում էր ծնունդների թվաքանակի անկում: Առաջատարն այդ ցուցակում Ղազախստանն ու Ադրբեջանն էին՝ 38,7 և 38,6 տոկոսով, որոնց հաջորդում էր Տաջիկստանը՝ 18,2 տոկոս:

2000-ականների սկզբին սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, ինչպես նաև նախորդ դարի 80-ական թվականներին սերնդի ամուսնական տարիք մուտք գործելու հետևանքով ծնելիության ցուցանիշները սկսեցին բարելավվել ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, և տեղի ունեցավ աճ:

2000-2006թթ. ՌԴ-ում ծնունդների թիվն աճեց 14,4, իսկ 2006-2014թթ.՝ ևս 24 տոկոսով, որը նաև ծնունդների խթանմանն ուղղված քաղաքականության հետևանք էր: Սակայն 2014-2018թթ. ՌԴ-ում ծնունդների թիվը նվազել է 17,5 տոկոսով, և այս գործընթացը մոտակա տասնամյակում շարունակական է լինելու: 

Ուկրաինայում ևս 2000-2012թթ. տեղի ունեցավ ծնունդների թվաքանակի աճ, սակայն 2012-2018թթ. արձանագրվել է ծնունդների բացարձակ թվաքանակի 36 տոկոսանոց անկում, և դա ևս շարունակական է լինելու:

Բելառուսում ծնունդների խթանման քաղաքականության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հետևանքով ևս տեղի ունեցավ ծնունդների թավաքանակի աճ, որը 2000-2016թթ. կազմեց 26,1 տոկոս, այնուհետև 2016-2018թթ. նվազեց 20 տոկոսով: Չնայած ծնունդների խրախուսման քաղաքականությունը շարունակվում է, սակայն, ըստ փորձագիտական կանխատեսումների, Բելառուսին ևս չի հաջողվի կանգնեցնել ծնունդների անկման գործընթացը:

Մոլդովայում ամուսնական տարիք մուտք գործող բազմաքանակ սերունդների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց 2000-2010թթ. արձանագրել ծնունդների աճ, սակայն 2010-2018թթ. այդ գործընթացը կանգ առավ․ տեղի է ունեցել ծնունդների թվաքանակի 20 տոկոս նվազում:

Ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանում ծնունդների աճն ավելի երկարատև եղավ 2000-2014թթ., այնուհետև գրանցվեց անկում՝ 16 տոկոսով:

Աղյուսակ 3. Ծնելիության ցուցանիշների փոփոխությունները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 1990-2018թթ.[5]

Միջինասիական հանրապետություններում 2000-ականներից սկսած ծնելիության ցուցանիշների լիովին այլ իրավիճակ է: Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ապրում են ծնունդների աննախադեպ աճ, որը շարունակվում է մինչև օրս: Ղազախստանում ծնունդների բացարձակ թիվը 2000-2018թթ. ավելացել է 44, Ուզբեսկստանում՝ 31, Տաջիկստանում՝ 27-ով, և ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Ղրղզստանում՝ 12,6 տոկոս:

Իրավիճակը փոքր-ինչ այլ է Ադրբեջանում, որտեղ ծնունդների թիվն 2000-2012թթ. աճեց 33 տոկոսով, սակայն 2012-2018թթ. գրանցվել է 20,4 տոկոս անկում: Ի տարբերություն միջինասիական հանրապետությունների, Ադրբեջանում ծնունդների անկումը շարունակվելու է, քանի որ ամուսնական տարիք են մուտք գործելու 20-րդ դարի 90-ականների՝ համեմատաբար փոքրաքանակ սերունդները:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ 2,15 ծնելիության գումարային գործակիցը (ԾԳԳ):[6] 2018թ. ԾԳԳ-ը ՌԴ-ում կազմել է 1,6, Ուկրաինայում՝ 1,3, Բելառուսում՝ 1,5, իսկ Մոլդովայում գրանցվում է աշխարհի ամենացածր ծնելիության գումարային գործակիցը՝ 1,1: Ծնելիության հաճախության առումով վիճակը բարվոք է Վրաստանում, որտեղ ԾԳԳ-ը մոտ է պարզ վերարտադրության ցուցանիշին՝ 1,9:

Ի տարբերություն նախկին ԽՍՀՄ քրիստոնյա հատվածի՝ մուսուլմանական երկրներում, բացառությամբ Ադրբեջանի, ապահովվում է ոչ միայն բնակչության պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը: Այսպես, Ղազախստանում 2018թ․ ԾԳԳ-ը կազմում է 2,84, Ուզբեկստանում՝ 2,5, Տաջիկստանում՝ 3,8, Ղրղզստանում՝ 3,3, իսկ Ադրբեջանում ԾԳԳ-ը ցածր է պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ցուցանիշից՝ 1,8:

Ժողովրդագրական իրավիճակը բնութագրող կարևոր ցուցանիշ է նաև մահացությունը: ԽՍՀՄ փլուզումն այս տեսանկյունից ևս բացասաբար ազդեց նախկին հանրապետությունների ցուցանիշների վրա: ՌԴ-ում 1990-2000թթ. մահացությունների բացարձակ թիվն աճեց 23,6 տոկոսով, այնուհետև ձեռնարկված միջոցառումների հետևանքով 2000-2018թթ. թեև նվազել է 28 տոկոսով, սակայն, ընդհանուր առմամբ, 1990-2018թթ. այն աճել է մոտ 10 տոկոսով (աղյուսակ 4): Բելառուսում ևս մահացությունների թիվը, չնայած բազմաթիվ միջոցառումներին, 1990-2018թթ. աճել է 8,7 տոկոսով:

Ուկրաինայում ևս մահացությունների թիվը 1990-2006թթ. աճեց 12 տոկոսով, այնուհետև 2006-2018թթ. նվազեց 28 տոկոսով, սակայն այդ նվազումը կապված է նաև բնակչության ընդհանուր թվաքանակի կորստի հետ:

2000-2018թթ. մահացության ցուցանիշների աճ արձանագրվել է Ուզբեկստանում և Ադրբեջանում՝ համապատասխանաբար՝ 13,4 և 22 տոկոս:

Աղյուսակ 4. Մահացության ցուցանիշների փոփոխությունները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 1990-2018թթ.[7]

Բնակչության ընդհանուր հավելաճի համար կարևոր ցուցանիշ համարվող բնական աճի տեսանկյունից նախկին ԽՍՀՄ քրիստոնյա հատվածը գտնվում է ոչ շահեկան դիրքերում, և մոտ տասնամյակներում այդ ցուցանիշն էական ազդեցություն է ունենալու նրանց բնակչության թվաքանակի փոփոխությունների վրա: Այս տեսանկյունից մտահոգվելու տեղ ունի հատկապես ՌԴ-ը, որտեղ ներկա փուլում կրկին արձանագրվում է բնակչության դեպոպուլյացիա (մահերի գերազանցումը ծնունդների նկատմամբ):

ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո ՌԴ-ը մտավ դեպոպուլյացիոն երկարատև շրջան, որը ձգվեց 1991-2014թթ․: Միայն 2000թ. ՌԴ-ում բնակչության բնական աճը բացասական էր մոտ 1 մլն մարդով (աղյուսակ 4): Թեև հետագայում ժողովրդագրական քաղաքականության իրագործման հետևանքով հնարավոր դարձավ 2014թ. հասնել բնակչության բնական աճի դրական ցուցանիշին,  սակայն այն ընդամենը երկու տարի տևեց, և 2018թ. բնակչության բնական աճը բացասական է մոտ 225 հազարով: Ծնունդների թվաքանակի կտրուկ կրճատմանը զուգահեռ այդ ցուցանիշը մոտակա տարիներին միայն աճելու է:

Իրավիճակն ավելի վատթար է Ուկրաինայում, որտեղ անկախացումից ի վեր  բնակչության բնական աճը բացասական ցուցանիշ է արձանագրել: Թեև 2000-2018թթ. բնական բացասական աճի ցուցանիշը 372 հազարից իջել է 198 հազարի, սակայն այն կարող է կրկին աճել և արագացնել բնակչության թվաքանակի կրճատման գործընթացը:

Դեպոպուլյացիոն շրջափուլից դուրս գալ չի հաջողվում նաև Բելառուսին: Թեև 2006-2016թթ. հնարավոր եղավ բնական բացասական ցուցանիշն էական կրճատել, սակայն  ներկա փուլում այն կրկին աճել է:

Բնակչության արտագաղթին զուգահեռ նաև դեպոպուլյացիան է բացաբասաբար ազդում Մոլդովայի ընդհանուր հավելաճի կրճատման վրա, և 2012թ. բացասական բնական աճի ցուցանիշը Մոլդովայում միայն աճել է:

Վրաստանում 2000-2007թթ. գրանցվել էր բնակչության բնական բացասական աճ, սակայն ծնունդների թվաքանակի աճի շնորհիվ ներկա փուլում այդ ցուցանիշը գտնվում է դրական գոտում:

Աղյուսակ 5. Բնական աճի ցուցանիշների փոփոխությունները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 1990-2018թթ.[8]

Ինչ վերաբերում է միջինասիական հանրապետություններին և Ադրբեջանին, ապա բնակչության բնական աճը դրական է և գտնվում է բավականին բարձր գոտում: Մասնավորապես, 2018թ. Ղազախստանի բնակչությունը բնական աճի հաշվին աճել է 270 հազարով, Ուզբեկստանը՝ 613, Ղրղզստանը՝ 138, Տաջիկստանը՝ 198, իսկ Ադրբեջանը՝ 82 հազար մարդով:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ժողովրդագրական գործընթացները նախկին ԽՍՀՄ երկրներում զանազան են և լուծման տարբեր ուղիներ են պահանջելու: Մեծ խնդիրների առջև են կանգնելու Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի[9] կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050թ. Ռուսաստանի բնակչության թիվը կարող է կրճատվել ներկայիս 147 մլն-ից մինչև 135 մլն-ի, Ուկրաինայինը՝ 42 մլն-ից մինչև 35 մլն (Դոնբասի և Լուգանսկի մարզերը ներառյալ), Բելառուսի բնակչությունը կարող է կրճատվել 1 մլն-ով և կազմել 8,6 մլն մարդ: Մոլդովան կարող է կորցնել իր բնակչության  10 տոկոսը և կազմել 3,3 մլն, իսկ Վրաստանը լավագույն դեպքում կարող է կազմել 3,5 մլն մարդ:

Իսկ ահա նախկին ԽՍՀՄ միջինասիական հանրապետությունները և Ադրբեջանը ոչ միայն չեն նվազի, այլև բնակչության էական հավելաճ կարձանագրեն: 2050թ. Ղազախստանի բնակչությունը կարող է կազմել 24, Ուզբեկստանինը՝ 42, Տաջիկստանինը՝ 16, Ղրղզստանինը՝ 9, իսկ Ադրբեջանինը՝ 11 մլն մարդ:

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Դեպոպուլյացիա (ֆրանս. Depopulation-բնակչության նվազում)՝ որևէ պետության կամ տարածաշրջանի բնակչության բացարձակ թվաքանակի պարբերական նվազում, որպես բնակչության նեղ վերարտադրության հետևանք, երբ հետագա սերունդը թվային առումով քիչ է նախորդից: Դեպոպուլյացիայի տակ երբեմն հասկանում են ժողովրդագրական ճգնաժամի դրսևորումներից մեկը: Մահացության թվի կայուն գերազանցության պատճառը ծնելիության ցուցանիշի նկատմամբ, որպես դեպոպուլյացիայի դրսևորում, կարող են լինել ծնելիության անընդհատ նվազումը և մահացության աճը, բնակչության տարիքային կառուցվածքի անհամամասնությունը, արտագաղթը, պատերազմները, այլ արտակարգ իրավիճակներ ու ճգնաժամեր:

[2] ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Վրաստանի բնակչության թվաքանակը 1990-2018թթ., https://gks.ru, www.belstat.gov.by, Demographic Yearbook Population of Ukraine, 2018, http://ukrstat.gov.ua/, https://statistica.gov.md/, geostat.ge/population  

[3] Բնակչության թվաքանակի փոփոխությունները Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ադրբեջանում 1990-2018թթ․, https://stat.gov.kz/, https://stat.uz/uz/, https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en, http://www.stat.kg/en/, https://www.stat.tj/en/

[4] Затерянные в Узбекистане: никто не знает, сколько там людей
 https://uz.sputniknews.ru/columnists/20190725/12086129/Statistika-molchit-pochemu-Uzbekistan-ne-speshit-s-perepisyu-naseleniya.html

[5] Ծնելիության ցուցանիշները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, https://gks.ru/, //www.belstat.gov.by/, Demographic Yearbook Population of Ukraine, 2018, ukrstat.gov.ua/, //statistica.gov.md/, geostat.ge/population,,  stat.gov.kz/, https://stat.uz/uz/, https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en, http://www.stat.kg/en/, https://www.stat.tj/en/

[6] Ծնելիության գումարային գործակիցը բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր ծնունակ տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ տարվա մակարդակի պահպանման դեպքում:

[7] Մահացության ցուցանիշների փոփոխությունները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 1990-2018թթ., https://gks.ru/, //www.belstat.gov.by/, Demographic Yearbook Population of Ukraine, 2018, .ukrstat.gov.ua/, //statistica.gov.md/, geostat.ge/

[8] Բնական աճի ցուցանիշների փոփոխությունները նախկին ԽՍՀՄ հանրապետություններում 1990-2018թթ., https://gks.ru/, //www.belstat.gov.by/, Demographic Yearbook Population of Ukraine, 2018, ukrstat.gov.ua/, //statistica.gov.md/, geostat.ge,  stat.gov.kz/, https://stat.uz/uz/, https://www.stat.gov.az/source/demoqraphy/?lang=en, http://www.stat.kg/en/, https://www.stat.tj/en/

[9]World Population Prospects 2019, Population.un.org/wpp/DataQuery/