Հայ-ռուսական հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստը. Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը բնութագրվում է համընկնող շահերի բազմազանությամբ, ինչը, սակայն, չի բացառում հակադարձ շահերի գոյությունը։ Համագործակցային ներուժը բավականին մեծ է, իսկ իրականացվող համատեղ ծրագրերն ընդգրկում են ռազմական ու տնտեսական մեծածավալ նախաձեռնություններից մինչև երկու երկրների արտաքին ու ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցության ողջ միջակայքը։ Ընդ որում, ինչպես Ռուսաստանն ունի Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության վրա ազդեցության հնարավորություններ, այնպես էլ Հայաստանն է տիրապետում ազդեցության մի շարք լծակների, որոնցից է հայկական հոծ համայնքը Ռուսաստանում։ Այնուամենայնիվ, այս լծակն ունի նաև հակառակ ազդեցությունը՝ համայնքի շատ անդամների ֆինանսական միջոցները, անձնական հեղինակությունը, կապերը և այլն օգտագործվում են Հայաստանում ռուսական գործոնի ակտիվացման նկատառումներով։

 Ի թիվս այլ միջոցների՝ Ռուսաստանի վրա ազդեցության լծակներից է նաև, որքան էլ որ պարադոքսալ չթվա, Հայաստանի մասնակցությունը Ռուսաստանի ձևավորած տարածաշրջանային նախաձեռնություններում։ Ռուսական ներկա իշխանությունների աշխարհաքաղաքական «կայսերական» պատկերացումները փոխպայմանավորում են ՌԴ արտաքին քաղաքականության բաղադրիչները, որոնց շարքում առանցքային են նշված տարածաշրջանային բազմակողմանի ծրագրերը։ Այնուամենայնիվ, այդ նախաձեռնությունները սովորաբար ներկայացնում են երկկողմ հարաբերությունների համախումբ, որտեղ ամեն մի պետություն ընդհանուր ձևաչափում գործում է ՌԴ-ի հետ իր փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակներում։ Այդ կազմակերպությունների մյուս անդամների միջև փոխհարաբերություններն ածանցվում են վերոնշյալ տրամաբանությունից։ Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը։ 

ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Ռուսական աշխարհաքաղաքական ժամանակակից միտքն իր արմատներն է ձգում դեռևս դեպի 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ, երբ առաջին սլավոնաֆիլներ Սեմյոնով Տյան-Շանսկին[1] և Իվան Դուսինսկին ձևակերպեցին Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Մասնավորապես Դուսինսկին, վերլուծելով ժամանակի միջազգային իրավիճակն ու ռուսական իրականությունը, նշում է. «Մեր արտաքին քաղաքականության ազգային խնդիրները հանգում են ռուսական ժողովրդական-պետական օրգանիզմի քաղաքական (տարածքային-ազգագրական) և տնտեսական աճին»[2]։

20-րդ դարի ընթացքում Ն. Տրուբեցկոյի[3], Պ. Սավիցկու[4] և մի շարք ուրիշների մոտեցումները եվրասիականության յուրօրինակության ու բացառիկության վերաբերյալ դարավերջին ընդհանրացրեց Լև Գումիլյովը։ Նա Եվրասիա է անվանում Եվրոպա և Ասիա մայրցամաքների միջև ընկած բնական լանդշաֆտով առանձնացող հատվածը, որտեղ բնակվում են «եվրասիական» ազգությունները։ Գումիլյովը գտնում է, որ այդ տարածքը ներկայումս գտնվում է «վելիկոռուսական» տիրապետության ներքո։ Ընդ որում, այս տերմինն ընդգրկում է բազմաթիվ էթնիկական միավորներ. «Վելիկոռոսիյան, որպես էթնիկական տերմին, նշանակում է էթնոսի բարդ ազգագրական կազմ, որն ընդգրկում է շատ հարևանների, այս դեպքում՝ սլավոնների, ուգրո-ֆինների, թյուրք-կումանների, յակուտների, բուրյատների, արևելյան բալթերի և մոնղոլ-թաթարների, որոնց մեծ մասը լուծվել է գերակայող էթնոսում, իսկ փոքրը պահպանվել է որպես մասունք»[5]։ Գումիլյովը շատ ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ թաթար-մոնղոլական լուծն իրականում «վելիկոռուսական» կամ ռուս-թուրանական՝ «եվրասիական» էթնոինքնության բյուրեղացման կարևորագույն գործոն է եղել, ինչը, այդպիսով, հնարավորություն չի տալիս իրադարձությունները բնութագրել որպես «լուծ», այլ միայն փոխհարստացման պատմական դրական գործընթաց[6]։

Թեև այս մոտեցումը սուր քննադատությունների արժանացավ, սակայն մինչ օրս դեռևս արդիական է որոշակի գիտական և, հատկապես, քաղաքական շրջանակներում։  Փաստորեն Գումիլյովը պատկերացնում էր մի իրավիճակ, որի դեպքում «Եվրասիականությունը», որպես ուրույն քաղաքակրթություն, ներառելով սլավոնական և մերձսլավոնական շրջանակները, կարող է և պետք է հակադրվի «Արևմտյան» քաղաքակրթությանը՝ այսպիսով առաջարկելով գլոբալ զարգացման այլընտրանքային դիպաշար։ Պետք է նշել, որ այս մոտեցումը Սառը պատերազմի պայմաններում որոշակի գաղափարական հիմնավորում ուներ։

            Հետխորհրդային սկզբնական շրջանում, սակայն, Ռուսաստանի աշխարհաքաղական կողմնորոշումն այլ էր։ Նախագահ Բ. Ելցինը տեսնում էր Ռուսաստանը որպես եվրոպական ընտանիքի մաս, ինչի մասին նա բազմիցս արտահայտվել է[7]։ Այնուամենայնիվ, 2000 թվականից սկսած, երբ Ելցինին փոխարինեց Վ. Պուտինը, ՌԴ աշխարհաքաղաքական կողմնորոշումը ստացավ ընդգծված «եվրասիականության» երանգներ։ Արագորեն սառեցնելով ներքին՝ Չեչնիայի խնդիրը՝ Վ. Պուտինը նախանշեց այն տարածությունը, որը ՌԴ ազդեցության գոտին է, իսկ դրան հարող հատվածները սահմանային են «ցամաք-ծով» աշխարհաքաղաքական հակամարտության ենթատեքստում։ Ռուսաստանը «ցամաքային» քաղաքակրթություն առաջնորդող ուժն է, այն դեպքում, երբ տարածաշրջանի մնացած պետությունները, անկախ սեփական քաղաքական կշռից, ընդգրկվում են «աշխարհաքաղաքական ճամբարում»՝ ընդամենը որպես երկրորդական դեր ունեցող մասնակիցներ։ 

Այս կողմնորոշման արդյունքում հետխորհրդային տարածությունում Ռուսաստանն ակտիվ կերպով սկսեց պրոպագանդել և իրականացնել ինտեգրացիոն նախագծեր։ Եվ եթե ԱՊՀ-ն որպես կառույց որևէ վճռական դերակատարում չունի գլոբալ համատեքստում, ապա ՀԱՊԿ և ԵՏՄ նախագծերը մասնակից պետությունների ներքին ու արտաքին քաղաքական կյանքի առանցքային կողմնորոշիչներն են ամփոփում։

ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ. ՀԱՊԿ ԵՎ ԵԱՏՄ

Թեև «Եվրասիական տնտեսական միությունն» առաջին հայացքից զուտ տնտեսական նախագիծ է, սակայն իրավացիորեն նշում է պրոֆեսոր Հ. Ադոմեյթը. «Դրա առաջնային նպատակները, այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական են, որոնք մեծ մասամբ պետք է իրականացվեն տնտեսական ճանապարհով»[8]։ Այս առումով պետք է նշել, որ «եվրասիականության» տրամաբանությամբ այս նախագծերը միավորում են «ցամաքային» ճամբարի որոշակի հատվածը՝ հակադրվելով աշխարհաքաղաքական «ծովային» ճամբարին։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի համար այս նախագծերում Ուկրաինայի, Վրաստանի և մի շարք այլ «սեփական ազդեցության գոտու երկրների» բացակայությունն ընկալվում է որպես ռուսական աշխարհաքաղաքական շահերի խախտում։ Ավելին, նշված պետությունների ձգտումը դեպի այլ տարածաշրջանային նախագծեր  (օրինակ ԵՄ) համարվում է հակառակորդ ճամբարի կողմից ուղղակի ոտնձգություն սեփական «բնական» իրավունքների հանդեպ։

Ինչպես «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը» (ՀԱՊԿ), որը միջազգային տարածաշրջանային կազմակերպության  կարգավիճակ ստացավ 2002թ․, այնպես էլ ԵԱՏՄ-ն աստղակերպ կազմակերպություններ են, որտեղ առանցքում կա մեկ գլխավոր պետություն, որին հարում են տարածաշրջանի այլ պետություններ։ Այդ պետությունը, ըստ «Եվրասիականության» տեսության, Ռուսաստանն է, որը համախմբում է «ցամաքային» տերություններին տարբեր ոլորտային նախագծերում։ Սա ի վերջո հանգում է «եվրասիական» ընդհանուր «ցամաքային» ուժի ձևավորմանը՝ ի հակադրություն «ծովային» («արևմտյան») ուժի։

Այս տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը՝ ռազմավարական գործընկերությունից մինչև «մաքսային միությանը» և ԵԱՏՄ անդամակցությունը։ Ռուսաստանի ճնշումն այս կազմակերպություններին անդամակցության հարցում ուներ ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական դրդապատճառներ։ Հետևաբար «Անվտանգության հարցը վճռորոշ էր Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության օգտին ընտրություն կատարելու հարցում»[9] հայտարարությունը ենթադրում է, որ հակառակ դիրքավորման դեպքում ՀՀ-ը կարող էր հայտնվել հակասող աշխարհաքաղաքական շահերի կիզակետում, ինչից չէր հապաղի օգտվել մասնավորապես Ադրբեջանը։

Այլ հարց է, որ անվտանգության սպառնալիքների չեզոքացման գործում այդ ժամանակվա ՀՀ իշխանությունը չկարողացավ ձևավորել կամ նախապես կանխամտածված չձևավորեց այլընտրանքային հնարավորություններ։ Այդ հնարավորությունների բացակայությունը հնարավորություն տվեց Ռուսաստանին, իր աշխարհաքաղաքական շահերին համահունչ, ներգրավել Հայաստանի Հանրապետությանը ևս, ինչը, ինչպես նշեցինք, համապատասխանում էր ՀՀ անվտանգային շահերին, սակայն հակոտնյա էր ՀՀ տնտեսական շահերին։ Հարկ է ընդգծել, որ որոշ այլ ուղղություններով, մասնավորապես Ուկրաինայի անդամակցության դեպքում, Ռուսաստանը ձախողվեց։ Այս իրողությունը բավականին լուրջ ազդեցություն է ունեցել ռուսական քաղաքական մտքի վրա։ Ի թիվս այլոց՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վ. Եվսեևը նշում է, որ ԵԱՏՄ-ում Ուկրաինայի բացակայությունը «հարվածում է Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների շահերին»[10]։ Թեև Ռուսաստանի անունը չի հնչում, սակայն ակնհայտ է, որ հիմնական տուժողն այդ երկիրն է, քանի որ աշխարհաքաղաքական առումով «ցամաքային» առանցքը չի կարող լիարժեքորեն ձևավորված լինել, առանց էական բաղադրիչի՝ Ուկրաինայի մասնակցության։

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Սկսած 2013թ․ սեպտեմբերից, երբ ՀՀ նախագահը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցության մասին, ներքին և արտաքին տարբեր բազմաչափ տարածություններում Հայաստանի քաղաքական ինքնիշխանության գնահատականը բազմակի նվազեց՝ ի օգուտ Ռուսաստանի կողմից տոտալ կառավարման։ Թեև ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրն ու 2017թ․ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն առերևույթ շեղում էր ենթադրում «եվրասիական» ուղուց, սակայն Ռուսաստանի վերահսկողության ներքո իրականացվող այդ քայլերն ավելի շուտ որպես երկու աշխարհաքաղաքական կենտրոնների համագործակցության հնարավորություն էին դիտարկվում։ Մյուս կողմից էլ Եվրամիության համար սեփական սահմաններին կայունության և կանխատեսելիության մթնոլորտ ստանալու հնարավորություն էր։

Այդ իսկ պատճառով 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ անհանգստությամբ ընդունվեցին առաջին հերթին Ռուսաստանի կողմից։ Հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժը, թեև հայտարարում էր, որ արտաքին քաղաքական փոփոխությունների օրակարգ չունի, սակայն արժեքային դաշտի վերձևումն ինքնին բևեռի հավասարակշռման ենթատեքստ ուներ, ինչը ցանկալի չէր։ Որպես «եվրասիական» արժեհամակարգի միավորներ Ուկրաինայի և Վրաստանի կորստի փորձից ելնելով՝ Ռուսաստանը գործեց առավել խելամիտ։ Չմիջամտելով հեղափոխության ընթացքին՝ ռուսական իշխանություններն անմիջապես սկսեցին զգուշորեն զարգացնել միջպետական հարաբերությունները ՀՀ նոր իշխանությունների հետ։ Ընդ որում, ՀՀ ռազմավարական գործընկերը հաշտվեց արտաքին քաղաքական բևեռի որոշակի հավասարակշռման փաստի հետ, ինչն անխուսափելի էր արժեքային դաշտի փոփոխության պատճառով։ Սակայն, ի տարբերություն ուկրաինական և վրացական դիպաշարերի, հետհեղափոխական Հայաստանը շարունակեց մնալ «եվրասիականության» աշխարհաքաղաքական ենթատեքստում, ինչը ռուսական իշխանությունների քաղաքական շահերի առաջնահերթություն է։

Այստեղ հարկ է հաշվի առնել հայ-ռուսական հարաբերությունների մի շարք վերանայումներ, որոնք փոխադարձ ընդունելի համարվեցին։ ՀՀ ներքին ինքնուրույնության հետ կապված շատ հարցեր, որոնք նախկինում գտնվում էին ռուսական վերահսկողության տիրույթում, վերադարձվեցին ՀՀ նոր իշխանություններին, ինչն արտաքին դաշտում փոխլրացվեց ռուսական քաղաքակրթական կողմնորոշման անխախտելիությամբ։ Այսպես, նախկին իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդումը, ավտորիտար համակարգի կազմաքանդումը, կոռուպցիոն համակարգի փլուզումը, ռուսական ազդեցությունն ապահովող տնտեսական ձեռնարկությունների նկատմամբ իրավական ընթացակարգերի ձեռնարկումը երկկողմ հարաբերություններում անորոշությունների ծնունդ տվեցին։ Այդ իրավիճակի հիման վրա ՀՀ ներքաղաքական դաշտում բազմակողմ շահարկումների փորձեր արվեցին, ինչը  ՀՀ վարչապետը բնորոշեց որպես Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ»[11]։ Ընդ որում, ռուսական քաղաքական դաշտի բազմաշերտությունը ևս ամեն կերպ օգտագործվեց։

Սակայն արտաքին օրակարգի հիմնական հարցերում ռուսական գծի պահպանումը հնարավորություն տվեց չեզոքացնել ներքաղաքական հարցերում ինքնուրույնության վերականգնման և ռուսական տոտալ վերահսկողության կազմաքանդման բացասական ընկալման ազդեցությունը։ Արտաքին դաշտում էլ, թեև Հայաստանի որոշ քայլեր, ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչն ու քրեական գործի հարուցումը, որոշակի դժգոհություն առաջ բերեցին, սակայն մյուս կողմից ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմակերպությունների արդյունավետության ավելացմանը, ներքին խնդիրների լուծմանը միտվածությունն ակնհայտորեն բխում էր Ռուսաստանի ռազմավարական շահերից։ 2019թ․ նոյեմբերին արդեն ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովը հայտարարեց. «ՀՀ նոր իշխանությունները երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դրսևորել են երկու պետությունների փոխհարաբերությունների ամրապնդման տրամադրվածություն»[12]։ Սա ակնհայտ աջակցություն էր ՀՀ նոր իշխանություններին։

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացի վրա մեծ ազդեցություն ունեն ինչպես իշխանությանլեգիտիմության տարբերությունը, այնպես էլ ժողովրդավարության որակի փոփոխությունը։

Հարկ է ընդգծել, որ նախկինում ՀՀ իշխանությունը ներքին չափազանց ցածր լեգիտիմությունը փոխհատուցում էր հիմնականում արտաքին սնուցման աղբյուրներից՝ ի դեմս Ռուսաստանի։ Այս իրողությունը նշանակում էր, որ «եվրասիական» տարածությունում Հայաստանի «ժողովրդավարական» կամ «ավտորիտար» գնահատականների տատանումները հիմնականում գտնվում էին Ռուսաստանի հետ նույն միջակայքում, ինչը բավարար կառավարելի էր համարվում Մոսկվայի կողմից։

Ի թիվս այլ գնահատականների՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Հայաստանը համարվում էին հիբրիդային ժողովրդավարություններ՝ «մրցակցային ավտորիտար» կառավարման համակարգով։ Այս համակարգի առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն ամբողջապես ավտորիտար համակարգերի, ժողովրդավարական ինստիտուտներն իրականում գոյություն ունեն, գործում են և հնարավորություն են տալիս ընդդիմությանը պայքար ծավալել իշխանության համար։ Մյուս կողմից, սակայն, իշխանության ռեսուրսներն ակնհայտորեն գերազանցում են, և ուժերն այնքան անհավասար են, որ նվազագույնի է հասցված այդ պայքարում ընդդիմության հաջողության հավանականությունը[13]։ Ինչպես կարող ենք տեսնել, Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր դարձավ միայն «Թավշյա հեղափոխության» միջոցով, իսկ ընտրությունների միջոցով իշխանությունն անընդհատ վերարտադրվում էր։ 2018թ. Ռուսաստանի նախագահական ընտրությունները ևս ցույց տվեցին, որ շարունակում է գործել «մրցակցային ավտորիտար» քաղաքական համակարգը։    

Հայաստանում հաստատված նման հիբրիդային ժողովրդավարական համակարգն ամբողջապես տեղավորվում էր «եվրասիական»  պետությունների համագործակցության ռուսական տրամաբանությունում. «Տարածաշրջանային քաղաքական և կրոնական էլիտաների միջև 1000 տարիների ընթացքում այնքան ամուր կապեր են ստեղծվել, որ ներկայումs նրանք աջակցում են միմյանց լեգիտիմության, գաղափարաբանական և տնտեսական առումով»[14]։ Մոսկվայի կողմից Հայաստանը համարվում էր «սեփական ազդեցության գոտի՝ բավարար վերահսկողության լծակներով»։ Փաստորեն ՀՀ նախկին իշխանությունը, աշխարհաքաղաքական առումով գիտակցաբար խաղում էր ռուսական կանոններով՝ ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը չեզոքացնելու համար, ինչը երբեմն գերադասվում էր նույնիսկ ազգային շահի նկատմամբ։

Իսկ հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարական կառավարման համակարգը դուրս է եկել «մրցակցային ավտորիտար» բնորոշումից, ինչի մասին վկայում է «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության 2019 թ. զեկույցը։ Հայաստանի գործակիցը բարձրացել է 45-ից մինչև 51, ինչը հիմնականում քաղաքական ազատությունների հաշվին է գրանցվել[15]։ Իսկ Ռուսաստանի գործակիցը մնում է 20, ինչը դասում է այդ պետությունը «ոչ ազատների» շարքին։ Ավելին, եթե այսօր Ռուսաստանի իշխանության ներքին լեգիտիմության հիմնական և, թերևս, միակ աղբյուրը մնացել է արևմտյան քաղաքակրթությունների քննադատությունը, ապա ՀՀ իշխանությունները կարիք չունեն լեգիտիմության արտաքին աղբյուրներ փնտրել կամ ձևավորել։ Ի տարբերություն «եվրասիական» տարածությունում ընդգրկված այլ պետությունների՝ մեզ մոտ իշխանությունների նկատմամբ վստահությունը հնարավորություն է տալիս ընդունել քաղաքական որոշումներ, որոնք մեծ հավանականությամբ իրականացման փուլում գեներացնում են հասարակության դրական արձագանք։ Սա նոր իրավիճակ է հատկապես Ռուսաստանի համար, որտեղ բյուրոկրատական ապարատի նկատմամբ հանրային  անվստահությունից բացի խնդրահարույց է նաև ընդունված որոշումների իրականացման փուլում մանր ու խոշոր պաշտոնյաների կողմից մեկնաբանումների շահարկումը[16]։

Վերոնշյալից պարզ է դառնում, որ երկկողմ հարաբերություններում առկա է որոշակի անվստահության մթնոլորտ։ Այդ անվստահության արդյունքում ՌԴ տարբեր շրջանակների մոտեցումները հայ-ռուսական հարաբերություններին գտնվում են բազմազան, երբեմն միմյանցից տրամագծորեն տարբեր տիրույթներում։ Նույնիսկ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ու իշխանական լրատվամիջոցներ հաճախ հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ խիստ քննադատական հայտարարություններով, թեև պաշտոնական ամենաբարձր մակարդակում գործընթացները շարունակվում են բնութագրվել որպես «դարավոր պատմությամբ ամրապնդված ռազմավարական փոխհարաբերություններ»[17]։ Ի պատասխան քննադատությունների՝ ՀՀ իշխանությունը մատնանշում է ներքաղաքական հիբրիդային գործողություններում ռուսական որոշ շրջանակների աջակցության հետքը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Չնայած նման հակասություններին՝ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բավական բարձր մակարդակում, կայուն զարգանում են և ընդլայնվում։ Սա առաջին հերթին տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ խնդիրների շուրջ երկու պետությունների ընդհանուր շահերի գոյության հետևանք է։ Ռուսաստանի համար գերակա՝ աշխարհաքաղաքական ենթատեքստում Հայաստանը շարունակում է լինել սահմանային, հիմնականում վերահսկելի պետություն, որը հնարավորություն է տալիս իր շահերը ներկայացնել մերձավորարևելյան ուղղությամբ։ Հայաստանի համար Ռուսաստանն ապահովում է անվտանգային կայունությունը հիմնական հակառակորդի՝ Թուրքիայի սպառնալիքի նկատմամբ, որն ամենևին էլ աչքի չի ընկնում հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններով (ադրբեջանական սպառնալիքի չեզոքացումն իրականացվում է հայկական զինված ուժերի կողմից ուժերի հարաբերական հավասարության շնորհիվ)։ Տնտեսական և այլ ոլորտներում համագործակցությունն արդեն ածանցվում է այս գերակայություններից, իսկ առկա որոշ անորոշությունները կա՛մ հարթվում են պայմանավորվածությունների միջոցով, կա՛մ անտեսվում են։

Փոխհարաբերությունների զարգացման կանխատեսումները ևս դրական են՝ հաշվի առնելով ՀՀ նոր իշխանությունների որդեգրած ռազմավարությունն արտաքին քաղաքականության հարցում, այն է՝ ընդլայնել համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ առանց վնասելու այլ կենտրոնների հետ արդյունավետ գործակցությունը։ Այս առումով Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման գործընթացն ուղեկցվում է այլ քաղաքակրթական կենտրոնների հետ ՀՀ փոխհարաբերությունների վերագործարկմամբ, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում ռուսական կողմում։ Սակայն ՀՀ իշխանություններին դեռևս հաջողվում է պաշտպանել հայկական շահերը՝ դրանք հստակորեն ներկայացնելով երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում։ Այդ իսկ պատճառով հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ արդիականացման հարացույցը ենթադրում է փոխադարձ համադրելի շահերի հիման վրա զգուշավոր  զարգացում միմյանց ինքնուրույնության հանդեպ հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում։ Միայն այս պայմանների հարատևությունը կարող է երաշխավորել ռազմավարական գործընկերային հարաբերությունների շարունակական փոխշահավետ ամրապնդումը։

Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Тян-Шанский С., О могущественном территориальном владении применительно к России. Очерк о политической географии/Пространственная экономика, 2008, н. 2, сс. 140-160.

[2] Дусинский И., Геополитика России, М.: 2003, с. 121.

[3] Трубецкой Н., Евразийство: избранное: монография, М., 2019.

[4] Савицкий П., Евразийство как исторический замысел  

[5] Гумилев Л., Ритмы Евряазии: Эпохи и цивилизации, М, 2008.

[6] Была ли орда игом?/беседа с Шамилем Фаттаховым

[7] Foxall A., Russia used to see itself as part of Europe. Here’s why that changed

[8] Adomeit H., Putin’s “Eurasian Union: Russia’s integration project and policies on Post-Soviet space”

[9] Բալասանյան Գ․, Հայաստանի Եվրասիական ընտրության քաղաքակրթական և քաղաքատնտեսական հիմքը, «Բանբեր Երևանի համալսարանի․ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն», 2008, N1, էջ 29։

[10] Украина мешает ЕАЭС

[11] Հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ. այդ գող-ավազակները պետք է մայթերի տակով «մասկիրովկաներով» քայլեն. վարչապետ

[12] Лавров отметил настрой новых властей Армении укреплять отношения с Россией

[13] Levitsky S., Way L., Competitive authoritarianism: The Origins and Dynamics of Hybrid Regimes in the Post-Cold War Era

[14] Russian Strategic Intentions

[15] Freedom in the world: Armenia 2019

[16] Макаренко В. П., Русская власть и бюрократическое государство, часть 1: монография. – Ростов-на-Дону: “Март”, 2013.

[17] Армяно-российские стратегические отношения скреплены многовековой историей взаимоотношений