«Դարի գործարքը». կհաջողվի՞ Դոնալդ Թրամփին հանգուցալուծել իսրայելապաղեստինյան թնջուկը

Արմեն Պետրոսյան, ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Արևելագետ, պ.գ.թ.

ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ

  • Դոնալդ Թրամփի վարչակազմը համարվում է ամենաիսրայելամետը պատմության ընթացքում: Նրա մերձավորարևելյան քաղաքականության ուղեգծում սահմանված առանցքային ուղղություններն են եղել Իսրայելի անվտանգության ապահովումն ու ԱՄՆ-ի տնտեսական առաջնահերթությունները:
  • «Դարի գործարքի» տնտեսական հատվածը շուրջ 50 մլրդ դոլար ներդրումների խոստումներ պարունակող առավելապես միակողմանի՝ իսրայելամետ ծրագիր էր պաղեստինյան կողմից ռազմավարական և քաղաքական բնույթի անհավասարակշիռ զիջումների դիմաց: Այն ոչ միայն չընդունվեց, այլև խիստ քննադատության ենթարկվեց հիմնական շահառուների կողմից:
  • «Դարի գործարքի» հիմքում ևս «երկու պետություն երկու ժողովրդի համար» հանրաճանաչ սկզբունքն է, որի իմաստային տրամաբանությունը կարելի է բանաձևել «փող՝ հայրենի տարածքների դիմաց» գործարարարական մոտեցմամբ․ այս հիմնախնդրի կարգավորմանը միտված բոլոր նախկին ծրագրերը հիմնված են եղել «խաղաղություն՝ տարածքների դիմաց» բանաձևի վրա:
  • Իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված ամերիկյան ծրագիրը պարունակում է բավականաչափ հետաքրքիր լուծումներ, նաև ոչ համաչափ փոխզիջումներ, որի պատճառով էլ այն չի ընդունվել պաղեստինցիների կողմից:
  • «Դարի գործարքի» բովանդակությունը քննադատեցին նաև մի շարք միջազգային կազմակերպություններ, մերձավորարևելյան և արտատարածաշրջանային հիմնական դերակատարները, քանի որ դրա դրույթները բովանդակային առումով հակասում են այս հիմնախնդրի կարգավորմանը միտված առանցքային միջազգային փաստաթղթերին:
  • Ստեղծված փակուղային իրավիճակում ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են գնալ ծրագրի միակողմանի իրականացման՝ զուգահեռաբար գործընկերներ փնտրելով պաղեստինցիների շրջանում:
  • Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, որ այս հիմնախնդրի լուծման որևէ տարբերակ լինի բացառապես քաղաքական, իսկ դրա իրականացման արդյունքում չտուժի այդ շրջանում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության ամբողջականությունը:

ՆԱԽԱԲԱՆ

ԱՄՆ նախագահ ԴԹրամփի թիմը Մերձավոր Արևելքում իր բանագնացներին՝ «Տղե՛րք, եթե դուք կարողանաք անել դա, դուք կդառնաք պատմության մեծագույն բանակցողները։ Չի կարելի թույլ տալ, որ պապերի հակամարտությունը կասեցնի երեխաների ապագան»։

2017թ. հունվարի 20-ին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց հանրապետական Դոնալդ Թրամփը: Խախտելով տևական ավանդույթը՝ որպես Սպիտակ տան 45-րդ ղեկավարի առաջին արտագնա այցի ուղղություն ընտրվեց ոչ թե հարևան երկրներից որևէ մեկը, այլ մերձավորարևելյան տարածաշրջանը: Մայիսի 19-ին Թրամփը պաշտոնական այցով ժամանեց Սաուդյան Արաբիա, ապա մայիսի 22-ին՝ Իսրայել: Եվ թեպետ Սպիտակ տան մասնագետների կողմից մշակված «Հանդուրժողականության երթուղին» ամբողջական դարձնելու համար դրանում ընդգրկված հաջորդ 2 հանգրվաններն էին Վատիկանն ու Բրյուսելը, այդուհանդերձ, կասկածից վեր էր, որ ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է լինելու հենց մերձավորարևելյան տարածաշրջանը և դրանում առկա բազմաշերտ հակամարտությունները[1]: Ավելին, Թրամփի շրջագայության մեկնարկի օրն էլ պատահական չէր ընտրված՝ Իրանում նախագահական ընտրությունների անցկացման օրը:

Վերլուծելով նախագահության անցած տարիների ընթացքում Սպիտակ տանը կայացված Մերձավոր Արևելքին առնչվող որոշումները՝ կարելի է հավաստել, որ Դ. Թրամփի վարչակազմի տարածաշրջանային քաղաքականության ուղեգծում սահմանված առանցքային ուղղություններն են եղել Իսրայելի անվտանգության ապահովումն ու ԱՄՆ-ի տնտեսական առաջնահերթությունները՝ պայմանավորված հատկապես Պարսից Ծոցի արաբական միապետությունների հետ հարաբերությունների զարգացմամբ։ Առաջին քաղաքական ուղեգծի տրամաբանության շրջանակում իրականացված քայլերից են, օրինակ, Իրանի միջուկային համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալու որոշումը և Թեհրանի համակողմանի մեկուսացման քաղաքականության նախաձեռնումը[2], տարածաշրջանում Իսրայելի ամենաթող գործելաոճին նպաստելը, ամբողջական Երուսաղեմը Հրեական պետության մայրաքաղաք ճանաչելը և ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելը[3], Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելը[4] և այլն։ Նույն ուղղությամբ ԱՄՆ-ի գործող վարչակազմի ամենաառանցքային ծրագրերից մեկն էլ իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված Դ. Թրամփի թիմի մշակած ծրագիրն է՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման. պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների կյանքի բարելավման տեսլական» անվանումով[5], որը համաշխարհային տեղեկատվական և քաղաքական հարթակներում իր անհամեմատ միակողմանի՝ իսրայելամետ բնույթի և առաջարկվող լուծումների պատճառով առավել հայտնի է «դարի գործարք» անվանումով:

Ընդհանուր առմամբ, Դ. Թրամփի պաշտոնավարման ընթացքում ամերիկաիսրայելական հարաբերությունները բոլոր հարթություններում հասել են աննախադեպ բարձր մակարդակի. հիրավի, Թրամփը համարվում է ԱՄՆ-ի ամենաիսրայելամետ նախագահը[6]: Միևնույն ժամանակ այս հանգամանքը բացասական ազդեցություն է ունեցել Վաշինգթոնի՝ որպես անկողմնակալ, հավասարակշռված միջնորդի[7] հեղինակության վրա տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների հետ կապված։

ԱՄՆ-ի գործող վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգում ակնհայտ իսրայելամետ ուղեգիծը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև նախագահի մերձավոր շրջապատում հրեական գործոնի ազդեցիկ դերակատարությամբ: Բացի այն, որ նախագահական ընտրություններին Թրամփի տարած հաղթանակում, անհերքելիորեն, ծանրակշիռ դեր էր ունեցել ԱՄՆ-ի հրեական համայնքի աջակցությունը, մյուս կողմից Սպիտակ տան նոր ղեկավարի ձևավորած աշխատակազմում բավական ազդեցիկ՝ հիմնականում խորհրդատվական գործառույթներ իրականացնող պաշտոններում էին նշանակվել նաև թվով 11 հրեա մասնագետներ[8]. ի դեպ, որոշները շարունակում են աշխատել մինչև այժմ:

Նրանցից 3-ը, ովքեր հայտնի են անթաքույց իսրայելամետ դիրքորոշմամբ, ուղղակի դերակատարություն են ունեցել հենց արտաքին քաղաքականության ոլորտում և «դարի գործարքի» մշակման հարցում: Մասնավորապես, ԱՄՆ նախագահի փեսան՝ ազդեցիկ գործարար Ջարեդ Քուշները, ով զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը, համակարգում է նաև մերձավորարևելյան և Իսրայելի հետ հարաբերությունների ուղղությունները: Հայտնի է նաև, որ Քուշները բավականաչափ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքի հետ:

Հաջորդ պաշտոնյան Թրամփի մտերիմ ընկեր, ԱՄՆ-ում հանրահայտ փաստաբան Դևիդ Ֆրիդմանն է, ով ներկայումս զբաղեցնում է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Ֆրիդմանը ևս հայտնի է անթաքույց իսրայելամետ դիրքորոշմամբ և Իրանի ու պաղեստինյան հիմնախնդրի հարցերում արմատական մոտեցումներով:

Թրամփի բիզնես-գործընկեր, շուրջ 20 տարի Trump Organization-ի գործադիր փոխնախագահ աշխատած Ջեյսոն Գրինբլատը մինչև 2019թ. սեպտեմբեր ամիսը նախագահի աշխատակազմում զբաղեցրել է միջազգային բանակցություններում Սպիտակ տան հատուկ ներկայացուցչի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նախագահի հատուկ բանագնացի պաշտոնները: Ի դեպ, Գրինբլատի հրաժարականից հետո վերջին պաշտոնում նշանակվեց Ջ. Քուշների «աջ ձեռքը»՝ երիտասարդ հրեա իրավաբան Ավի Բերկովիչը, ում ուղղակի պատասխանատվության ներքո էլ գտնվում է «դարի գործարքի» առաջմղման պարտականությունը:

«ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ»  ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

«Դարի գործարքի» մշակման գործընթացը մեկնարկել էր դեռևս 2017թ. նոյեմբերին: Դրա առաջին՝ տնտեսական հատվածի[9] հրապարակումը՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման» (Տնտեսական նախագիծ. նոր տեսլական Պաղեստինի ժողովրդի համար) խորագրի ներքո, տեղի է ունեցել սույն թվականի հունիսի 25-26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի երկօրյա միջազգային համաժողովում՝ անմիջապես ծրագրի «կնքահայր»  Ջարեդ Քուշների կողմից։ Չնայած միջոցառման առնչությամբ իրականացված լայն քարոզչական արշավին, այնուամենայնիվ, ներկայացված եվրոպական և արաբական երկրների մասնակցությունը բավականաչափ ցածր մակարդակի էր, իսկ պաղեստինյան կողմից Բահրեյնի համաժողովին մասնակցել է ընդամենն Ինքնավարության իշխանության հետ կապ չունեցող մի քանի անկախ գործարար։

Ընդհանուր առմամբ 179 նախագիծ պարունակող ծրագիրը[10] կազմված է 3 նախաձեռնությունից՝ ուղղված Պաղեստինի տնտեսությանը, ժողովրդին և կառավարման համակարգին։ Շուրջ 50 մլրդ դոլար գնահատվող  տնտեսական նախագիծը  ենթադրում է միջազգային ներդրումային հիմնադրամի ձևավորում: Նախատեսվում է ներգրավված ֆինանսական միջոցներից 10 տարվա ընթացքում ավելի քան 27,5 մլրդ դոլար ներդնել Պաղեստինում՝ միտված անհրաժեշտ ենթակառուցվածքների (ավտոճանապարհներ, էներգամատակարարում, ջրամատակարարում և այլն) ձևավորմանը, նորոգմանը, տնտեսության տարբեր ճյուղերի (մասնավորապես՝ ձեռներեցություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն, բնական պաշարներ) վերականգնմանն ու զարգացմանը, կրթության, գիտության, առողջապահության, դատական ոլորտների և այլ բնագավառների զարգացմանը: Ծրագրվում է նաև ձևավորվելիք Պաղեստինի պետության 2 հատվածների՝ Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի միջև ֆիզիկական կապն ապահովող միջանցքի կառուցում։ Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է նաև շուրջ 23 մլրդ դոլար հատկացնել Եգիպտոսում, Հորդանանում և Լիբանանում ապաստանած պաղեստինցի փախստականների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված նախագծերին՝ համապատասխանաբար, 9,1, 7,4 և 6,3 մլրդ դոլար չափով։

Ներդրումների շնորհիվ կանխատեսվում է արձանագրել Պաղեստինի տնտեսության թռիչքային աճ, նոր աշխատատատեղերի ստեղծում։ Ծրագրվում է Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը բացել միջազգային ու տարածաշրջանային շուկաների համար, ինչը հնարավորություն կտա Պաղեստինի տրանսպորտային ենթակառուցվածքներում ներգրավել հավելյալ ներդրումներ։ Ծրագիրը կարևորում է Պաղեստինի, Եգիպտոսի, Հորդանանի և Իսրայելի միջև բեռնափոխադրումների ու մարդկանց տեղաշարժի դյուրացման գործընթացը։

«Դարի գործարքի» ուղղակի սուբյեկտ հանդիսացող արաբական կողմը հիմնականում դեմ հանդես եկավ դրա տնտեսական հատվածին։ Պաղեստինյան ինքնավարությունն ամբողջովին մերժեց ամերիկյան տնտեսական առաջարկերը, նրա ղեկավար Մահմուդ Աբասն այն որակեց «որպես մեծագույն սուտ, որը հորինվել է մարդկանց հիմարեցնելու համար»[11]: Լիբանանը ևս հրաժարվեց ընդունել ծրագրի պայմանները, իսկ Հորդանանն ու Եգիպտոսն իրենց հերթին վերահաստատեցին սեփական դիրքորոշումն առ այն, որ իսրայելապաղեստինյան հիմնախնդիրը պետք է հանգուցալուծվի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով՝ մինչև 1967թ․ սահմաններում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի հիման վրա։

Տարածաշրջանում Վաշինգտոնի գործընկեր Պարսից Ծոցի արաբական միապետությունները, ըստ էության, կտրուկ դեմ հանդես չեկան ամերիկյան տնտեսական առաջարկներին՝ ոչ հրապարակային կերպով պատրաստակամություն արտահայտելով  տարաբնույթ աջակցություն ցուցաբերել դրանց իրացմանը (տնտեսական, ՊԻ ղեկավարության վրա ճնշման եղանակով և այլն): Մինչդեռ, հաշվի առնելով պաղեստինյան հիմնախնդրի կարևորությունը՝ պարզ էր, որ որևէ արաբական երկիր չէր կարող բացահայտ կերպով կողմ արտահայտվել մի ծրագրի, որը մերժվում էր հենց պաղեստինցիների կողմից։ Հատկապես այն դեպքում, երբ այլընտրանքային լուծումներ են առաջարկվում հիմնախնդրի այնպիսի կարևոր բաղադրիչների մասով, ինչպիսիք են Երուսաղեմի և պաղեստինցի փախստականների ճակատագրի հարցերը: Բացի այդ պաղեստինցիների շրջանում ևս չկար որևէ համեմատաբար ազդեցիկ դերակատար, որի հետ համագործակցելով՝ Սպիտակ տունը և գործընկերները կկարողանային առաջ մղել «դարի գործարքը»։

Վերոնշյալի համատեքստում, ըստ էության, էական արդյունքներ չարձանագրվեցին նաև Մանամայի համաժողովից հետո՝ հուլիսի 31-ից մեկնարկած Ջարեդ Քուշների գլխավորած պատվիրակության մերձավորարևելյան նպատակային այցը Հորդանան, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Մարոկկո, որի նպատակն էր գործընթացին նոր թափ հաղորդելը, նաև ծրագրի քաղաքական հատվածի հրապարակման նախապատրաստումը: Զուգահեռաբար, քարոզչական նպատակով և հիմնական շահառու դերակատարների արձագանքը հասկանալու համար պարբերաբար հրապարակվում էին ծագրի քաղաքական հատվածի առանձին կետեր՝ առավել կանխատեսելի դարձնելով ներկայացվելիք փաստաթղթի սկզբունքային մոտեցումները։ Շրջանառության մեջ դրված առանձին դրույթները, այնուամենայնիվ, կանխատեսելի էին դարձնում ծրագրի միակողմանի՝ իսրայելամետ բնույթը՝ միտված  առավելապես Իսրայել պետության անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի առարկայացմանը։

«ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ» ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Չնայած 2019թ. սեպտեմբերին Դոնալդ Թրամփի թիմն արդենիսկ ավարտել էր «դարի գործարքի» ամբողջական տարբերակը, այդուհանդերձ, դրա հրապարակման ժամկետներն անընդհատ ձգձգվում էին: Դրանց վրա էականորեն ազդում էին տարածաշրջանային և լոկալ մի շարք գործընթացներ, ինչպես օրինակ՝ Իրանի շուրջ ծավալվող գործընթացները, սիրիական հակամարտության հետ կապված նոր զարգացումները, ԱՄՆ-Թուրքիա հակասությունները, Իսրայելի ներքաղաքական ճգնաժամը՝ պայմանավորված ապարդյուն անցած  խորհրդարանական 2 ընտրությունների հանգամանքով: Իսկ Սպիտակ տան համար հույժ կարևոր էր, որպեսզի ծրագրի հանրայնացման ժամանակահատվածում տարածաշրջանում լինի համեմատական կայունություն, հիմնական դաշնակից դերակատարների միջև՝ համախոհություն, և ծրագրի բուն շահառուներն էլ պատրաստ լինեն լիարժեքորեն զբաղվել դրա իրացմամբ:

Այդուհանդերձ, «դարի գործարքի» ամբողջական փաթեթը Դոնալդ Թրամփի կողմից հրապարակվեց 2020թ. հունվարի 28-ին: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, Վաշինգթոնում ԱՄՆ-ի դաշնակից տարածաշրջանային արաբական երկրներից Օմանի, Բահրեյնի, ԱՄԷ-ի դեսպանները[12]:

Հարկ է նշել, որ ծրագրի հրապարակման ժամանակահատվածի ընտրությունը[13] ևս պատահական չէր: Այն պայմանավորված էր ներիսրայելական քաղաքական խրթին գործընթացներում և նախընտրական շրջանում ամերիկյան վարչակազմի գլխավոր գործընկեր Բենյամին Նեթանյահուին հնարավորինս աջակցելու միտումով (ծրագրի մանրամասների մասին Սպիտակ տանը նախապես տեղեկացվել էր նաև իսրայելական ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը)[14]: Հետաքրքիր զուգադիպությամբ ամերիկյան ծրագրի հրապարակումը համընկավ Իսրայելի կառավարության իրավախորհրդատու Ավիհայ Մանդելբիտի կողմից Նեթանյահուին առնչվող 3 քրեական գործերը դատարան ուղարկելու որոշման հետ: Միաժամանակ պետք է նշել, որ տարին ընտրական է նաև ԱՄՆ-ում: Հետևաբար, Դ. Թրամփի նման քայլը փաստացի երաշխավորում է հրեական և ավետարանչական ընտրազանգվածի հիմնական հատվածի (բացի ակնհայտ ձախականներից) աջակցությունը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մշակած խաղաղության ծրագրի բովանդակությանը, ապա, ընդհանուր առմամբ, 181 էջանոց փաստաթուղթը (ներառյալ նաև դրա տնտեսական հատվածը) բավականաչափ մանրակրկիտ կերպով մշակված, հաշվարկված, քարտեզագրված հետաքրքիր լուծումներ առաջարկող նախագիծ է[15]՝ «երկու պետություն երկու ժողովրդի համար» հանրաճանաչ սկզբունքի հիման վրա, որի իմաստային տրամաբանությունը կարելի է բանաձևել «փող՝ հայրենի տարածքների դիմաց» գործարարական մոտեցմամբ․ այս հիմնախնդրի կարգավորմանը միտված բոլոր նախկին ծրագրերը հիմնված են եղել «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևի վրա:

«Դարի գործարքի» բովանդակային մանրամասները ենթադրում են ոչ ռազմականացված Պաղեստին պետության հիմնում՝ սահմանափակ ինքնիշխանությամբ, որը ներառելու է Գազայի հատվածը, Արևմտյան ափի «A» և «B» գոտիները[16], ինչպես նաև  «ավտանգության պատի» (Երուսաղեմն Արևմտյան ափից բաժանող գոտին) հետևում տեղակայված Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասերը։ Այդ շրջաններից յուրաքանչյուրը կամ Աբու Դիս արվարձանը կարող է հռչակվել ստեղծվելիք Պաղեստին պետության մայրաքաղաք։ Երուսաղեմի մյուս շրջանները, այդ թվում՝ ամբողջ պատմական հատվածը, մնալու են «Իսրայելի միասնական և անբաժան մայրաքաղաքի» կազմում, բայց «Պաղեստին պետությունն» ու Հորդանանը պետք է համատեղեն քաղաքի մուսուլմանական հաստատությունների նկատմամբ իրավասությունները։

Իսրայելի ինքնիշխանության տակ է անցնելու պաղեստինյան Արևմտյան ափի տարածքների ոչ թե 5, այլ ավելի քան 30%-ը՝ «С» գոտու մի զգալի հատվածը՝ ներառելով ամբողջ բնակավայրային բլոկը, 15 հրեական բնակավայրերը (այդ թվում՝ «մեծ երկրի» հետ կապող բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները), ինչպես նաև՝ Հորդանանի հովիտը, մինչև Հաշիմյան թագավորության հետ սահմանը և Մեռյալ ծովի ափեզրը։

Իսրայելի վրա է դրվելու Հորդանան գետի և «Կանաչ գծի» (1947-1949թթ․ առաջին արաբ-իսրայելական պատերազմի արդյունքներով հակամարտ զորքերի միջև հաստատված բաժանարար գիծը, որը հաճախ անվանվում է նաև  «մինչև 1967թ․ սահմանները») միջև ընկած բոլոր տարածքների անվտանգության ապահովման պատասխանատվությունը։

Ծրագիրը  ենթադրում է ոչ միայն քաղաքացիական, այլև էթնո-տարածքային սահմանազատում արաբների ու հրեաների միջև։ Այդպիսով, Իսրայելը ճանաչվելու է որպես հրեա ժողովրդի, իսկ ստեղծվելիք Պաղեստինի պետությունը՝ պաղեստինցի արաբների «ազգային օջախ», ընդ որում, ոչ միայն Արևմտյան ափում և Գազայի հատվածում ապրողների (երկու շրջաններն իրար են կապվելու ստորգետնյա թունելի միջոցով), այլև իսրայելական Հարավային Գալիլեայի արաբական բնակավայրերի` «արաբական եռանկյունու» արաբ բնակիչների համար, որը ծրագրով նախատեսվում է հանձնել ստեղծվելիք Պաղեստին պետությանը։ Նրան են անցնելու նաև Եգիպտոսի հետ սահմանի մերձակայքում և Իսրայելի հարավում գտնվող մի քանի պաղեստինյան անկլավներ, որոնք ճանապարհային ենթակառուցվածքների միջոցով կապվելու են Գազայի հատվածի հետ (ծրագրի համաձայն՝ այս շրջանի կառավարումը ՀԱՄԱՍ-ից անցնելու է Ռամալլահին)։ Նման կերպ, փաստացի, ծրագրվում է իրականացնել «տարածքների և բնակչության փոխանակում»։ Այսինքն, 97% հրեա իսրայելցիները և 97% պաղեստինցի արաբները, առանց հեռանալու իրենց տներից, գտնվելու են իրենց պետությունների ինքնիշխանության ներքո։ Դա նշանակում է, որ այդպիսով ստեղծվելիք Պաղեստին պետության տարածքը մոտավորապես համեմատելի է լինելու ներկայումս Պաղեստինյան ինքնավարության կողմից ղեկավարվող տարածքների հետ։

Առաջարկվող լուծումների տրամաբանությունը փաստացի նշանակում է օրակարգից դուրս թողնել «պաղեստինցի փախստականների և նրանց սերունդների վերադարձի իրավունքի» հարցը, որի պահանջը մշտապես եղել է այս հիմնախնդրի վերջնական հանգուցալուծման առանցքային բաղադրիչներից մեկը։

Վերոնշյալի համատեքստում պետք է փաստել, որ «դարի գործարքն» իր սկզբունքային մոտեցումներով և առաջարկող լուծումներով, ըստ էության, բոլորովին նոր խոսք է իսրայելապաղեստինյան թնջուկի հանգուցալուծման բազմաթիվ միջազգային փորձերի շարքում։ Այն էականորեն շեղվում է հիմնախնդրի հանգուցալուծման առանցքային փաստաթղթի՝ Պաղեստինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի 1947թ. 181 (II) բանաձևի դրույթներից[17]։ Բովանդակային առումով նախագիծը չի ներառում մինչ այս հրապարակված բոլոր միջազգային ծրագրերի (Իսրայելի վարչապետներ Էհուդ Բարաքի 2000թ. Քեմփ Դևիդի առաջարկները, Էհուդ Օլմերթի և Ցիպի Լիվնիի 2008թ. Աննապոլիսի ծրագիր, Քլինթոնի, Միտչելի, Թեննեթի ամերիկյան նախագծերը, ինչպես նաև Ջ. Բուշ Կրտսերի, Բ. Օբամայի տեսությունները, Փարիզյան և Սաուդյան նախաձեռնությունները) հիմնական բովանդակային կետերը, որոնք հիմնված էին «նորվեգական գործընթացի» («Օսլոյի համաձայանգրեր» 1993թ., 1995թ.) սկզբունքների վրա (ՄԱԿ-ի ԱԽ-ի 242[18] և 338[19] բանաձևերի հիմքով)։ Դրանք ենթադրում էին «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքի հիման վրա Պաղեստին պետության հիմնում Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի տարածքներում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որի դիմաց խաղաղության պայմանագիր էր ստորագրվելու և հարաբերություններ էին հաստատվելու բոլոր արաբական երկրների հետ (ցայժմ արաբական երկրներից Իսրայելի հետ հաշտության պայմանագիր ունեն միայն Եգիպտոսն ու Հորդանանը)։

Այսպիսով՝ «դարի գործարքի» իրականացման համար պաղեստինցիները պետք է գնան հետևյալ զիջումներին՝

  1. Հրաժարվել արևելյան Երուսաղեմից՝ որպես ստեղծվելիք պետության մայրաքաղաք, և բավարարվել արևելյան Երուսաղեմի որոշ արվարձաններով, որտեղ էլ «հպարտորեն» կբացվի ԱՄՆ-ի դեսպանատունը:
  2. Ճանաչել Հորդանան գետի Արևմտյան ափի առավել կարևոր հատվածներում Իսրայելի ներկայությունը՝ դրա փոխարեն ստանալով «արաբական եռանկյունին» և անապատային որոշ, իրենց նշանակությամբ անհամեմատելի տարածքներ:
  3. Պաղեստինցի փախստականներին հրաժարվել հայրենիք վերադառնալու իրավունքից և ստանալ իրենց ընդունած երկրների քաղաքացիություն:
  4. Հրաժարվել ձևավորվելիք պետության ռազմականացումից և այլն:

Իսրայելից պահանջվում է՝

  1. Համաձայնել Պաղեստին պետության ստեղծման գաղափարին։
  2. Ընդունել ծրագրի համար նախատեսված քառամյա անցումային ժամանահատվածում հրեական պետության ինքնիշխանության տակ անցած նոր բնակավայրեր հիմնելու և եղածներն ընդլայնելու արգելքը։

Վերոշարադրյալը, ըստ էության, ակնհայտ կերպով ցույց է տալիս հակամարտ կողմերից պահանջվող փոխզիջումների միջև առարկայական անհամեմատելի տարբերությունները։

«ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Եվ չնայած ծրագրի իրականացման համար սահմանվում է ընդհանուր 4 տարի անցումային ժամանակահատված, ինչպես նաև դրա առանձին դրույթների հետ կապված բանակցությունների հնարավորություն, այդուհանդերձ, վերոնշյալ հոգեբանական և միջազգային իրավական նրբությունները միանշանակորեն կանխատեսելի էին դարձնում դրա հետ կապված հիմնական շահառուների և միջազգային դերակատարների հնարավոր արձագանքների հիմնավորումները։

Ըստ այդմ՝

  1. Պաղեստինյան կողմը և այն ներկայացնող հիմնական կազմակերպությունները որևէ կերպ չեն կարող ընդունել մի ծրագիր, որքան էլ այն շահեկան թվա, որը նրանց կզրկի նաև իրավական առումով ավելի ազդեցիկ ՄԱԿ-ի ԱԽ-ի թեմատիկ բոլոր բանաձևերով, Օսլոյի, Քեմփ Դևիդի ձևաչափերով իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված այլ բազմաթիվ փաստաթղթերով իրենց խոստացված «հայրենի տարածքներից»:
  2. Արաբական և մուսուլմանական որևէ դերակատար գոնե առերևույթ չի կարող աջակցել ամբողջ արաբամուսուլմանական աշխարհին առնվազն հոգեբանորեն միավորող ամենաառանցքային խնդրի՝ «պաղեստինյան դատի» անարդար լուծման որևէ տարբերակի, «Սուրբ քաղաքի»՝ Երուսաղեմի ճակատագրի հակապաղեստինյան բովանդակությամբ լուծման:
  3. Միջազգային առանցքային, նաև վերոնշյալ դերակատարները որևէ կերպ չեն կարող աջակցել այս հիմնախնդրի հանգուցալուծման մի ծրագրի, որն իր բովանդակությամբ էականորեն հակասում է  դրա կարգավորմանը նվիրված գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերին:

Ինչպես ծրագրի տնտեսական, այնպես էլ քաղաքական հատվածները կտրականապես մերժել են պաղեստինցիները[20]։ ՊԻ ղեկավար Մահմուդ Աբասն անմիջապես արձագանքեց ծրագրին․ «Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի աշխատի։ Մենք թույլ չենք տա ոտնահարել պաղեստինցի ժողովրդի պատմական իրավունքները, մենք հակված ենք Պաղեստին պետության ստեղծմանը Երուսաղեմ մայրաքաղաքով։ Մենք մերժում ենք «դարի գործարքը»։ Մենք առաջնահերթություն կտանք դիմադրության ճակատին»[21]։

Տարբեր ձևաչափերում դրանց դեմ են հանդես եկել հիմնական իրավասու միջազգային կազմակերպությունները՝ Արաբական պետությունների լիգան[22], Իսլամական համագործակցության կազմակերպությունը[23], Արաբական երկրների միջխորհրդարանական ասամբլեան[24], հիմնախնդրի հիմնական միջնորդներից՝ Եվրամիությունը[25], ՄԱԿ-ը և Ռուսաստանը:[26]

Ծրագիրը կտրուկ քննադատության են ենթարկել հատկապես Իրանը[27], Թուրքիան[28], ինչպես նաև արաբական երկրներից Լիբանանը, Հորդանանը, Քուվեյթը, Ալժիրը, Թունիսը և այլն[29]։ Պաղեստինում, ինչպես նաև արաբական և մուսուլմանական մի շարք երկրներում տարաբնույթ բողոքի գործողություններ են տեղի ունեցել՝ ընդդեմ «դարի գործարքի»[30]: Ի դեպ, իսրայելական ձախակողմյան կազմակերպությունների նախաձեռնությամբ համեմատաբար փոքրաթիվ ցուցարարների կողմից «Այո՛ խաղաղությանը, ո՛չ բռնակցմանը» կարգախոսով  բողոքի գործողություն է անկացվել նաև Թել Ավիվում:[31]

Բացահայտ կերպով կողմ են հանդես եկել Իսրայելը, Մեծ Բրիտանիան[32]։ Ուշագրավ են մասնավոր ձևաչափերում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործընկեր արաբական երկրների՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Օմանի դիրքորոշումները, որոնք ողջունել են Սպիտակ տան ջանքերը, բայց ձեռնպահ են մնացել ծրագրի բովանդակությանը գնահատական տալուց[33]:

Հայաստանի տեսանկյունից, հաշվի առնելով հիմնախնդրի նրբությունը՝ խնդրո առարկա տարածքներում հայ համայնքի, հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության առկայությունը բավականաչափ կարևոր են հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ տարբերակը և թվարկված ներկայության ամբողջականության պահպանումը հակամարտ կողմերից որևէ մեկի կազմում. ասել է թե՝ դրանց բաժանման բացառումը: Բացի այդ խնդրի կարգավորման որևէ ծրագրի ուսումնասիրություն բովանդակային և իրացման ընթացակարգային տեսանկյունից հետաքրքիր է նաև այն առումով, որ հաջողելու դեպքում դրա առանձին դրույթներ կարող են միջազգային իրավական սովորույթի տեսքով կիրառելի լինել այլ՝ այդ թվում նաև հարավկովկասյան տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորման գործընթացներում:

ԱՄՓՈՓՈւՄ

«Դարի գործարքի» վերաբերյալ հիմնական արձագանքների վերլուծությունից կարելի է  եզրակացնել, որ կարճաժամկետ հեռանկարում դրա հաջողման հավանականությունը գրեթե զրոյական է. ասել է թե՝ մինչև նախագահության առաջին ժամկետի ավարտը Դոնալդ Թրամփի թիմին չի հաջողվի հանգուցալուծել իսրայելապաղեստինյան թնջուկը: Երկարաժամկետ կանխատեսումներ կատարելը բավականաչափ բարդ է, քանի որ նաև գործարքի իրականացման հետ կապված կարևոր պայման է առաջին հերթին Սպիտակ տան գործող ղեկավարի վերընտրությունը, ապա նաև տարածաշրջանային բարենպաստ զարգացումները: Եթե առաջին նախապայմանի դեպքում առավել մեծ հավանականություն ունի իրավիճակի դրական հանգուցալուծումը, ապա երկրորդի պարագայում հեռանկարը բավականաչափ մշուշոտ է:

Իսկ համախոհության բացակայության նման պայմաններում գործարքի հեղինակները և նրանց կողմնակիցները ստեղծված իրավիճակում և կարճաժամկետ հեռանկարում մեծ հավանականությամբ կարող են գործել հետևյալ հիմնական հարթություններում՝

  1. Իսրայելական կողմը, Վաշինգտոնի հետ համագործակցությամբ, կարող է ձեռնամուխ լինել ծրագրի միակողմանի իրականացման աշխատանքներին, որպես օրինակ՝ Արևմտյան ափի հրեական բնակավայրերի և այլ շրջանների բռնակցման գործընթացին և այլն: Ի դեպ, այս ուղղությամբ արդենիսկ ստեղծվել է ամերիկա-իսրայելական երկկողմ քարտեզագրման հանձնաժողով, որը զբաղվելու է ծրագրով նախատեսված սահմանների նախագծմամբ[34]:
  2. Ստվերային և մեկուսի քայլերով ԱՄՆ-ը կարող է փորձել ընդլայնել համախոհների շրջանակը՝ հատկապես ձգտելով գործընկերներ գտնել նաև պաղեստինյան ու մուսուլմանական դերակատարների շրջանում և այլն[35]:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1]Trump arrives in Saudi Arabia on first foreign tour, 20 May 2017, BBC (վերջին մուտք՝ 23.02.2020թ.)

[2]Donald Trump declares US withdrawal from Iran nuclear deal, 9 May 2018, Aljazeera (վերջին մուտք՝ 24.02.2020թ.)

[3] Presidential Proclamation Recognizing Jerusalem as the Capital of the State of Israel and Relocating the United States Embassy to Israel to Jerusalem, 6 December 2017, The White House (վերջին մուտք 24.02.2020թ.)

President Donald J. Trump Keeps His Promise To Open U.S. Embassy In Jerusalem, Israel, 14 May 2018, The White House (վերջին մուտք՝ 24.02.2020թ.)

[4] Proclamation on recognizing the Golan Heights as part of the state of Israel, 25 March 2019, The White House (վերջին մուտք՝ 25.02.2020թ.)

[5] Peace to prosperity: a vision to improve the lives of Palestinian people, January 2020, The White House (վերջին մուտք՝ 25.02.2020թ.)   

[6] Trump is most pro-Israel president since Truman, says political analyst, 26 February 2019, The Hill (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[7] Ցանկացած հակամարտության կարգավորման գործընթացում որևէ միջնորդի արդյունավետ դերակատարության առաջնային նախապայման է առնվազն հավասարակշռված վարքագիծը: ԱՄՆ-ի գործող վարչակազմի բացահայտ իսրայելամետ դիրքորոշումը մինչև «դարի գործարքի» պաշտոնական հրապարակումն արդենիսկ ստեղծել էր բացասական նախատրամադրվածության միջավայր։

[8] Одиннадцать друзей Трампа, February 2017, Еврейский обозреватель (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[9] Peace to prosperity, the economic plan: a new vision for the Palestinian people, The White House (վերջին մուտք՝ 26.02.2020թ.) 

[10] Նույն տեղում։

[11]Abbas: Bahrain summit a ‘big lie’ invented by Kushner to ‘make a fool’ of us, 4 July 2019, The Times of Israel (վերջին մուտք՝ 26.02.2020թ.) 

[12] Trump, Netanyahu announce Middle East peace plan, 28 January 2020, Youtube video (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[13] واشنطن في التساؤلات يثير توقيت ․․السلام لخطة ترامب طرح,   25 January 2020, Aljazeera (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[14]Gantz hails Trump’s peace plan, says he’ll work to implement it after elections, 27 January 2020, The Times of Israel (վերջին մուտք՝ 26.02.2020թ.),

وغانتس نتنياهو مع للسلام خطته  اليوم يناقش ترامب..الفلسطينيين غياب في, 27 January 2020, Aljazeera (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[15] Peace to prosperity: a vision to improve the lives of Palestinian people, January 2020, The White House (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[16]Հորդանան գետի արևմտյան ափը, որն իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորման բոլոր ծրագրերով ներառվում է հիմնվելիք Պաղեստին պետության սահմաններում, 1993թ. «Օսլո 1» համաձայնագրի համաձայն՝ բաժանվել է 3` «A», «B» և «C» գոտիների: Վերջինն ամբողջովին գտնվում է Իսրայելի ռազմական և վարչական  վերահսկողության ներքո, և դրանում կառուցված իսրայելական բնակավայրերը, ըստ Դոնալդ Թրամփի ծրագրի, պետք է կցվեն հրեական պետությանը։

[17] Resolution 181 (II). Future government of Palestine, UN General Assembly (վերջին մուտք՝ 27.02.2020թ.)

[18] Resolution 242 (1967) of 22 November 1967, UN Security Council (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[19] Resolution 338 (1973) of 22 October 1973, UN Security Council (վերջին մուտք՝ 26.02.2020թ.)

[20] Ցայժմ՝ 1948թ․ մայիսի 14-ին Իսրայելի անկախության հռչակման օրից մինչև 1967թ․ հունիսյան արաբ-իսրայելական «վեցօրյա պատերազմը», Պաղեստինյան պետության ձևավորման գործընթացը տարբեր չափաբաժնով արգելափակել են նախ արաբական երկրները, որոնք չեն ցանկացել ընդունել Իսրայել պետության գոյության իրավունքը Պաղեստինի տարածքում: Ապա նշված պատերազմից հետո գործընթացն ուղղակիորեն խոչընդոտել է հրեական պետությունը՝ հնարավորինս բացառելով «պաղեստինցիների ազգային օջախի» ստեղծման իրավունքը և փուլ առ փուլ բռնակցելով միջազգային փաստաթղթերով Պաղեստինին հատկացված տարածքների առանձին հատվածներ։ Արդարության համար պետք է նշել նաև, որ տասնամյակներ շարունակ պաղեստինյան տարաբնույթ կառույցների (Ֆաթհ-ՊԱԿ, ՀԱՄԱՍ, Իսլամական ջիհադ) միջև ներքին խմորումներն ու մրցակցությունը, միասնականության բացակայությունը, «ոչ թե հանուն սեփական պետությունը հիմնելու, այլ ուրիշինը ոչնչացնելու» տրամաբությամբ անօգուտ գործելաոճը ևս հնարավորինս խոչընդոտել են պատմական արդարության վերականգնումը՝ պաղեստինյան պետության ձևավորմանը։

[21] State of Palestine: ‘Jerusalem is not for sale’ — Abbas reacts to Trump’s ‘peace plan’, 28 January 2020, Youtube video (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)  

[22] Arab League rejects Trump’s ‘deal of the century’ at Cairo summit with Abbas, 1 February 2020, RT (վերջին մուտք՝ 27.02.2020թ.)

[23] Organisation of Islamic Cooperation rejects Trump peace plan, 3 February 2020, Aljazeera (վերջին մուտք՝ 27.02.2020թ.)

[24] Глава парламента Кувейта выбросил “сделку века” в мусорник, 9 February 2020, новости Израиля

[25] EU rejects Trump Middle East peace plan, annexation, 4 February 2020 Reuters (վերջին մուտք՝ 27.02.2020թ.)

[26]Իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման միջնորդական ձևաչափը կոչվում է մերձավորարևելյան «քառյակ», որի կազմում են ԵՄ-ը, ԱՄՆ-ը, ՌԴ-ը և ՄԱԿ-ը

[27] Դարի գործարքը, ամեն ինչ սիոնիստների համար, IRNA (վերջին մուտք՝ 27.02.2020թ.)

[28] Sözde Orta Doğu Barış Planı’na Türkiye’den peş peşe tepkiler, 29 January 2020 (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)

[29] How did the world deal with the century deal?, 15 February 2020, Masralarabia (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)

[30] Նույն տեղում։

Protests in Jordan against the century deal, 31 January 2020, Sama News (վերջին մուտք՝ 28.02.2020թ.) 

Марокко: массовые протесты против “сделки века” США, 9 February 2020, MIG News (վերջին մուտք 28.02.2020թ.)

[31] “Хватит убивать детей”: левые и арабы протестуют против “сделки века”, 1 February 2020, Новости Израиля и Ближнего Востока (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)

[32] UK PM Johnson backs Trump peace plan in call with Netanyahu, 6 February 2020, Al Arabiya (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)

[33] How did the world deal with the century deal?, 15 February 2020, Masralarabia (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)

[34] US-Israel sovereignty committee ready to work as Trump appoints members, 15 February 2020, Israel Hayom (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)

[35] Переговоры между США и ПА касаются преемника Аббаса, 15 February 2020, MIG News (վերջին մուտք՝ 28.02.2020թ.)