Համաճարակն արդեն ազդել է Վրաստանի տնտեսության վրա. Գախարիա

Գեորգի Գախարիան նշել է, որ կորոնավիրուսի տարածումը թեև քիչ, բայց բացասաբար է ազդել հատկապես զբոսաշրջության և հարակից ոլորտների վրա: REGST, 05.03.2020, ԵՐԵՎԱՆ

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսը թեև քիչ, բայց արդեն ազդել է երկրի տնտեսության վրա: Գեորգի Գախարիան նշել է, որ Վրաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:

Գախարիայի խոսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն արդեն լրջագույն ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա: Վրաստանի վրա բացասական ազդեցությունն արտահայտվել է հիմնականում զբոսաշրջության և դրա հետ անմիջական կապ ունեցող ոլորտների վրա:

Վրաստանի վարչապետը նշել է, որ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արդեն համապատասխան հանձնարարականները ստացել է: Առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան զբոսաշրջության և հարակից ոլորտների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ Վրաստանում ներկայումս կորոնավիրուսով վարակվածության 4 դեպք է գրանցված: