Ո՞ւմ է սպառնում սալաֆիականության աճն Ադրբեջանում. Իդա Սարգսյան

2019թ. հուլիսին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը մեծ արձագանք գտավ առաջին հերթին Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այդ տեսանյութում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության երեք անդամներ հայտարարում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում նոր «բջիջ» ստեղծելու մասին և կոչ անում երկրի քաղաքացիներին միանալ իրենց: ISIS-ի անդամներն իրենց առջև նպատակ են դրել պայքարել Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ։

Չնայած իրանական մամուլում այս իրադարձության չափազանց սահմանափակ լուսաբանմանը՝ ակնհայտ է, որ Թեհրանը չի կարող իրավիճակն իր ուշադրության կենտրոնում չպահել: 2011թ․ Սիրիայում և Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման ի հայտ գալուց ի վեր Իրանը դարձել է այն ուժը, որն անդադար պայքար է մղում դրա դեմ:

Հարկ է նշել, որ ISIS-ը (Իրաքի և Լևանտի իսլամական պետություն, որը նաև հայտնի է որպես Իսլամական պետություն անվանմամբ), որն առաջին հերթին իր մասին հայտարարեց Իրաքում, այնուհետև ներթափանցեց Սիրիա, մի քանի տարի շարունակ ամբողջ աշխարհից սունիական իսլամի սալաֆիական ուղղության կողմնակիցների համար ձգողության կենտրոն դարձավ: ISIS-ին հավատարմության երդում են տվել մի շարք սալաֆիական խմբավորումներ՝ Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայում: Սալաֆիները տարբերվում են իսլամի աղբյուրները բառացի մեկնաբանելով, շիաների և ավանդական սուննիների դեմ ագրեսիայով, ինչպես նաև սուֆիական թարիքաթների հետևորդներով:

Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես շիիթական աշխարհի գլխավոր երկիր, եղել և մնում է սալաֆիական ահաբեկչական կազմակերպության գլխավոր թշնամին: 2017թ. դեկտեմբերին Դամասկոսի կողմից սիրիական պատերազմի մեջ մտած Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց ISIS-ի դեմ վերջնական հաղթանակի մասին, սակայն խմբավորման առանձին անդամներ և դրա ածանցյալները շարունակում են Սիրիայում ահաբեկիչների վերջին պատվարում՝ Իդլիբում, շուրջ 1,5 միլիոն բնակչի պատանդառումը: Մյուս մասը, ջախջախումից հետո ստիպված լինելով հեռանալ Սիրիայից և Իրաքից, տեղափոխվեց այլ խոցելի երկրներ: Նրանց մեծ մասը հայտնվեց Աֆղանստանում, իսկ մյուսներն ապաստան գտան աֆրիկյան երկրներում`Լիբիա, Նիգերիա և այլն: Իսլամական պետության մարտիկների համար հերթական կայանատեղին դարձավ Ադրբեջանը:

Չնայած այն բանին, որ, ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանի բնակչության 70-85%-ը շիա մահմեդականներ են, և միայն 15%-ն են սուննիներ՝ մեծամասամբ խանաֆիթական և շաֆիիթական մազհաբների, հենց այս հարավկովկասյան երկիրն է դարձել սալաֆիների (վահաբիստների) գլխավոր «մատակարարներից մեկն» ISIS-ի համար: Ադրբեջանում սալաֆիականության գլխավոր կենտրոնը դարձել է հանրապետության մայրաքաղաք Բաքուն: Ոչ քիչ թվով սալաֆիներ բնակվում են Սումգայիթում, Գյանջայում և հյուսիսային շրջաններում: 1997թ. Բաքվում բացվեց առաջին սալաֆիական մզկիթը՝ Աբու Բաքրը, որի այցելուների թիվը կազմում է 5-7 հազար, և դա չնայած այն բանին, որ շիաների աղոթատեղիներ ավանդաբար այցելում է մի քանի հարյուր մարդ: Մզկիթի իմամ դարձավ Համեթ Սուլեյմանովը, ով հերքում էր իր և մզկիթի այցելուների ցանկացած առնչություն վահաբիականության հետ: Այնուամենայնիվ, երկրում հայտնի էր մզկիթի ոչ պաշտոնական ուղղվածությունը: Ադրբեջանում սալաֆիականության հետևորդների ճշգրիտ թիվն անհայտ է, բայց ադրբեջանական լրատվամիջոցներում վերջին տարիներին նշվում է 15․000-65․000 մարդու մասին:

Հատկանշական է, որ Ադրբեջանում սալաֆիական խմբավորումների մոտ միասնություն չկա: Դրա վառ օրինակն է դաղստանյան «Անտառային եղբայրներ» ընդհատակյա ավազակախումբը, որը գործում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում՝ Դաղստանում, ինչպես նաև Ադրբեջանի հյուսիսային շրջանների դաղստանյան ազգությունների (ավարներ, լեզգիներ, ցախուտներ, ինգիլոյներ, տաբասարաններ և այլն) շրջանում: Չնայած տարբեր աղբյուրներում ադրբեջանական ջամաաթների առկայությունը նշվում է մինչև 2008թ., խումբը ստեղծվել է հենց այն ժամանակահատվածում, երբ Իլդար Մոլաչիևը (նույն ինքը՝ Էմիր Աբդուլ-Մեջիդը) դաղստանյան շարիաթական ջամաաթի էմիրն էր: Մոլաչիևը, ով էմիր դարձավ 2007թ. սեպտեմբերին, ծագումով Ադրբեջանի հյուսիսային Զագաթալա քաղաքից էր և էթնիկ ցախուր էր (սուննիական էթնիկ խումբ, որը բնակվում է ադրբեջանա-ռուսական սահմանի երկու կողմերում): Ադրբեջանական ջամաաթը ստեղծվել է այդ երկրի տարածքում դաղստանյան ջամաաթի աջակցության հիմքն ապահովելու համար: Իր ստեղծման պահից ի վեր ադրբեջանական կամ սումգայիթյան ջամաաթը սերտորեն կապված էր դաղստանյան ջամաաթի հետ, չնայած որպես ռազմական խմբավորում այն պահպանեց իր անկախությունը:

Հենց «Անտառային եղբայրներ»-ն էին, որ 2008թ․ ահաբեկչական գործողություն կազմակերպեցին Աբու Բաքր մզկիթում, որի արդյունքում երկու մարդ զոհվեց, տասնութ հոգի վիրավորվեց, ներառյալ Սուլեյմանովի մզկիթի իմամը: Միջադեպից հետո երկրի ղեկավարությունը որոշեց փակել մզկիթը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ջամաաթը ցրվեց, դրա որոշ անդամներ ձերբակալվեցին, սակայն իրենց համոզմունքներին ամենանվիրված իսլամիստներին հաջողվել է կրկին կազմավորել ընդհատակյա համայնք՝ հավաքվելով տեղի բնակիչների ավտոտնակներում և բնակարաններում: Իսկ Աբու Բաքր մզկիթի նախկին այցելուները սկսեցին հավաքվել մասնավոր բնակարաններում, ինչը մեծապես բարդացրել է վերահսկողությունը նրանց գործունեության նկատմամբ: Հայտնի է, որ ուրբաթօրյա հավաքները կայուն կերպով անցկացվում են Բաքվի ծայրամասում գտնվող Գարաչուխուր ավանում, որտեղ սալաֆիականության հետևորդների թվի աճը հանգեցրել է շիաների և սուննիների միջև լարվածության սրացմանը: 2014թ․ այս հակամարտությունը հանգեցրեց ավանի մզկիթի հրկիզմանը, որտեղ այցելում էին ինչպես շիաներ, այնպես էլ սուննիներ: Փակ խմբերում հետզհետե զարգանում էին արմատական ​​տրամադրությունները: Հենց այս խմբերից էր, որ դուրս եկան ISIS-ի ապագա հարյուրավոր անդամներ:

Սիրիայում պատերազմի տարիներին տարբեր աղբյուրներ ադրբեջանական ջամաաթը բազմիցս հիշատակում են որպես ԻՊ շարքերում առանձին ստորաբաժանում: Ջամաաթն իր կողմն էր քաշում ոչ միայն մեծահասակ մարտիկների, այլև փոքր երեխաների: Այդ մասին է վկայում համացանցում հայտնված ադրբեջաներեն լեզվով այն տեսանյութը, որում խմբավորման ղեկավարը՝ էմիրը, հաստատում է, որ ISIS-ի կողմից վերահսկվող Ռաքքայում (Սիրիա) ադրբեջանցի մարտիկների համար ստեղծված են բոլոր պայմանները, այդ թվում  նաև մեդրեսե` նրանց երեխաների ուսուցման համար: Տեսանյութը ներկայումս արգելափակված է:

Ադրբեջանցիները կրոնական արմատականության են հակված ոչ միայն բուն Ադրբեջանում, այլև հարևան Վրաստանի ադրբեջանական համայնքի անդամների շրջանում: 80-ականների վերջին և 90-ականների սկզբին երիտասարդ ադրբեջանցի միսիոներները, ովքեր կրոնական կրթություն ստացան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Եգիպտոսը, դարձան սալաֆիական իսլամի առաջին քարոզիչներն Ադրբեջանում: 90-ականներին Վրաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով բավականին թվով Վրաստանի ադրբեջանցիներ տեղափոխվեցին Ադրբեջան: Հենց այդ ժամանակահատվածում նրանց վրա ազդեցություն գործեցին տեղի սալաֆիականները: Հետ վերադառնալուց հետո, հիմնականում Քվեմո Քարթլիի տարածք, ադրբեջանցիներն իրենց հետ բերեցին սալաֆիականությունը, սակայն, ի տարբերություն բուն Ադրբեջանի սալաֆիականների, Վրաստանում արմատական իսլամիստները չկարողացան մեծ թվով աջակիցներ հավաքել, չէին հետևում սալաֆիականության քաղաքական գաղափարներին ու ներկայիս վրացական իշխանությունների դեմ չէին գործում:

Չնայած ծայրահեղականության դեմ պաշտոնական ակտիվ պայքարին՝ Բաքուն հաճախ «սիրախաղ է անում» վահաբիստների հետ և օգտագործում նրանց ռեսուրսներն իր շահերի համար: Հիշեցնենք մասնավորապես 2015թ. նոյեմբերին նարդարանյան մեծ աղմուկ հանած իրադարձությունները: Ոստիկանության ու անվտանգության ծառայության աշխատակիցները, ներխուժելով ավանի մզկիթ, ձերբակալեցին 14 հոգու, որոնք շիական իրանական կողմնորոշում ունեցող «Մահմեդական միասնություն» շարժման անդամ էին: Բախումների ընթացքում զոհվեց յոթ մարդ: Ուշագրավ է, որ իրավապահ մարմինների կողմից շիա իսլամիստների վրա հարձակվեցին նաև վահաբիստական ակտիվիստներ: Հետագայում ձերբակալվածներ եղան տարբեր քաղաքներում՝ Լենքորան, Գյանջա, Նեֆտեչելա, Իմիշլի, շարժման անդամներն արժանացան երկարատև՝ 10-ից 20 տարի բանտարկության:

Ադրբեջանում արգելված «Մահմեդական միասնություն» շարժումը կոչ էր անում ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության տարածքում Իրանի օրինակով ստեղծել Իսլամական պետություն և ճանաչում էր Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իշխանությունը: Նարդարանում տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, ցույց տվեցին տեղական շիա բնակչության վրա Իրանի ազդեցության ուժեղացման հանդեպ ապշերոնյան իշխանությունների վախը: Այս իրավիճակում սուննի արմատական ​​խմբավորումները, որոնց վրա ազդեցություն ունի Ադրբեջանի համար եղբայրական Թուրքիան, ինչպես նաև վահաբիզմի հիմնական կենտրոնը՝ Սաուդյան Արաբիան, որի հետ նախագահ Իլհամ Ալիևն ավելացնում է շփումները, օգտագործվում են իշխանությունների կողմից շիական գործոնի ուժեղացման դեմ:

Այստեղ հարկ է հիշեցնել, որ Թուրքիան, փորձելով ամրապնդել իր կրոնական ազդեցությունն Ադրբեջանում, 90-ականների սկզբին այս երկրում ստեղծեց «Նուրչի» կամ «Նուրչու» շարժումը, որն Ադրբեջանում վտանգավոր գործոն դարձավ՝ ընդհուպ մինչև պետական հեղաշրջման կազմակերպման սպառնալիք: Ի սկզբանե շարժումը Բաքվում դիտարկվում էր որպես Թուրքիայի հետ համաթուրքական մշակութային կապերի մի մաս, սակայն այն բանից հետո, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց հետո Անկարան հետ քաշվեց քաղաքական աշխարհիկությունից, փոխվեց նաև Իլհամ Ալիևի վերաբերմունքը շարժման հանդեպ: Սիրիայում և Իրաքում տարածաշրջանային հակամարտությունների բռնկումից հետո Թուրքիան և նրա ղեկավարած «Նուրչի» շարժումը սկսեցին ակտիվ համագործակցել Ադրբեջանի վահաբիստների հետ, որոնք աջակցություն էին ստանում նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից:

Ելնելով վերոնշյալից` տրամաբանական են դառնում Թեհրանի հետաքրքրությունն ու վախերը սուննի արմատականության, մասնավորապես հյուսիսային հարևանի տարածքում գտնվող ISIS-ի բջիջների աճի վերաբերյալ: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի հետ ուղիղ սահմանը և երկու երկրների միջև վիզային ռեժիմի բացակայությունը՝ Ադրբեջանի քաղաքացիները կարող են անարգել այցելել Իսլամական Հանրապետություն, ազատորեն շփվել տեղի բնակիչների հետ իրենց մայրենի լեզվով (Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի բնակչությունը, Զենջանը, Արդաբիլը թյուրքախոս են) և քարոզել իրենց գաղափարախոսությունը:

Ապագա իսլամական աշխարհի ուսումնասիրության իրանական ինստիտուտն Ադրբեջանում սալաֆի-վահաբական շարժումների իրավիճակի վերաբերյալ վերլուծություն է կատարել, ըստ որի՝ այդպիսի խմբեր հանրապետությունում հայտնվել են դեռևս խորհրդային տարիներին: Ադրբեջանի կրոնական պատկերին նվիրված աղբյուրներում ոչ մի հղում չկա սալաֆիներին կամ վահաբիստներին: ԽՍՀՄ-ի գոյության վերջին տարիներին և Ադրբեջանի Հանրապետության անկախության առաջին շրջանում Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև Եգիպտոսի աջակցությամբ հայտնվեց վահաբիստների շարժումը, որոնք իրենց անվանում են սալաֆիներ: Մասնավորապես, Էր-Ռիյադն իրավական աջակցություն էր տրամադրում Ադրբեջանի վահաբիստներին` երկրի ղեկավարության, ինչպես նաև Կովկասի մահմեդականների վարչության հետ կրոնական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր ստորագրելով:

Ինչպես արդեն նշվել է, Մեդինայի միջազգային իսլամական համալսարանում՝ (Սաուդյան Արաբիա) վահաբիստական գիտնականների և քարոզիչների հիմնական ուսումնական կենտրոնում, կրթություն ստացած կրոնական ակտիվիստները սկսեցին ակտիվորեն քարոզել իրենց ուսմունքն Ադրբեջանում: Դրանց թվում են՝ Համեթ Սուլեյմանովը, Ալիխան Մուսաևը, Վեյսալ Օրուջովը, Սոհրաբ Շեյխալիևը, Սեմյոն Մուհամմադովը և այլք, ովքեր սալաֆիականություն անվան ներքո վահաբիզմ են քարոզում սոցիալական ցանցերում, համացանցում:

Ինչ վերաբերում է սալաֆիներին տրվող ֆինանսական աջակցությանը, ապա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների և որոշ քաղաքական գործիչների՝ հիմնական օգնությունը գալիս է Սաուդյան Արաբիայից: Բացի այդ նրանցից ոմանք հաջողությամբ առևտրական գործունեությամբ են զբաղվում և առևտրային կետեր ունեն երկրի խոշոր շուկաներում: Նրանք ֆինանսական աջակցություն են ստանում պետության կողմից երկրում տնտեսական գործունեությանն աջակցելու համար: Պաշտոնական տվյալների բացակայության պայմաններում արմատական ​​սուննիական շարժման մեջ նրանց մասնակցության մասին է վկայում, առաջին հերթին, նրանց արտաքին տեսքը, ինչը թույլ է տալիս եզրակացություններ անել սալաֆիական գաղափարների հետևորդների քանակի և ֆինանսական վիճակի վերաբերյալ: Ավելին, ապացույցներ կան, որ սաուդյան հովանավորների հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն՝ ադրբեջանցի սալաֆիները պարտավորվում են աշխատատեղեր ստեղծել իրենց հարազատների և ընկերների համար: Այսպիսով, երկրում ընդհանուր գործազրկության խորապատկերին այս խավը միակն է, որը չի բախվում աշխատանքի ընդունվելու խնդրին: Ադրբեջանում ֆինանսական ճգնաժամի պատճառով հասարակության մեջ այս շարժման ազդեցությունը շարունակում է աճել: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ վահաբիստական շարժմանը հաջողվել է իր կողմը քաշել պետական ​​մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանականների և հատկապես մեդիա-ակտիվիստների, որոնք, չնայած վահաբիստներ չեն, բայց աջակցում և պաշտպանում են վահաբիստական, հատկապես Սաուդյան Արաբիայի վահաբիստական կենտրոնների շահերն ու պահանջներն Ադրբեջանի Հանրապետությունում:

Ադրբեջանում սալաֆիականության աճի սպառնալիքը սպառնում է ոչ միայն հարևան Իրանին, այլև Հայաստանին, որը մշտական ​​դիմակայության մեջ է Բաքվի հետ: Դա ակնհայտ դարձավ մասնավորապես 2016թ․ ապրիլին, երբ տեղեկություններ հայտնվեցին ապրիլյան մարտերին ադրբեջանական զորքերի կողմից սալաֆիական խմբավորումների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների մասնակցության մասին: Սիրիայի իսլամական շարժումների ձեռագիրը տեսանելի էր նրանից, թե ինչպես էին ադրբեջանցի զինվորները վերաբերվում գերիների հետ: Հայ զինվորների կտրված գլուխների լուսանկարները տարածեցին համաշխարհային լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Սակայն Ապրիլյան պատերազմում նախկին ISIS-ի մարտիկների մասնակցության այլ ապացույցներ չկան: Հաշվի առնելով, որ Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն՝ դրանով իր կողմը քաշելով իսլամական երկրներին, կրոնական արմատականության ուժեղացումը հանգեցնում է ադրբեջանական հասարակության մեջ հայաֆոբիայի առանց այն էլ բարձր մակարդակի ուժեղացմանը:

Այսպիսով, սալաֆիական արմատական բջիջի հայտնվելն Ադրբեջանում աննախադեպ երևույթ չէ: Սակայն հենց ISIS-ը, որը սալաֆիների համար «բրենդ» է դարձել և ունի բարձրորակ քարոզչամեքենա, խոցելի խմբերին հրապուրելու հաջող փորձ, մեծ հնարավորություններ՝ իր շուրջը հավաքել ամենաարմատական մտածող մարդկանց, վտանգ է ներկայացնում ոչ միայն հարևան քրիստոնյա և շիական երկրների, այլև հենց Բաքվի համար: Մյուս կողմից, այդ հարցում նրանց կարող են խանգարել Իլհամ Ալիևի ռեժիմը տապալելու հենց իրենց քաղաքական մտադրությունները, որի օրոք տեղի վահաբիստները, ինչպես արդեն ասվել է, բավականին հարմարավետ տեղավորվել են, ունեն որոշակի ազդեցություն և շահագրգռված չեն իշխանության մեջ փոփոխություններով:

Իդա Սարգսյան

Ժողովրդավարության XXI դպրոցի շրջանավարտ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Հետևեք մեր Telegram ալիքին