Խոսքի ազատության հակառակ կողմը. ատելության խոսք և կեղծ լրատվություն

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ Արտաշես Խալաթյանի հետազոտությունը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐ

  • Թավշյա հեղափոխությամբ թափ առած խոսքի ազատությունը պետության պասիվության պայմաններում հաճախ վերածվում է ուղղորդված և միակողմանի քարոզչության:
  • Ժողովրդավարության հիմնական առավելությունը և միաժամանակ խոցելիության խթանն ազատությունն է:
  • Ազատ ու անսահմանափակ կերպով կարող են շրջանառվել միայն այն գաղափարները և տեղեկությունները, որոնք ուղղակիորեն չեն հակասում ժողովրդավարությանը:
  • Իրական ազատություն, այդ թվում` խոսքի ազատություն ունենալու համար հարկավոր է պետության միջամտությունը:
  • Պետությունը պետք է  հստակեցնի համացանցային լրատվամիջոցների իրավական կարգավիճակը և մշակի այդ լրատվամիջոցների հանրային-պետական մոնիթորինգի արդյունավետ կառուցակարգեր:
  • Հարկավոր է նաև իրավական գործիքակազմով մեծացնել հեռուստատեսային, ռադիո և համացանցային լրատվամիջոցների պատասխանատվությունը տարածվող տեղեկատվության արժանահավատության և բարեկրթության համար:
  • Ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարը կարող է արդյունավետ դարձնել էլեկտրոնային բոլոր լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման պարտականության սահմանումը:
  • Պետք է օրենքով ստեղծել զանգվածային լրատվության միջոցները միավորող մասնագիտական, ինքնակառավարվող մարմին՝ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ կարգապահական լիազորություններով:

ՆԱԽԱԲԱՆ

Խոսքի ազատությունը ժողովրդավարական պետության հիմնասյուներից մեկն է, որը մեծապես պայմանավորում է դեմոկրատական հասարակարգի ներքին բովանդակությունը և խթանում հասարակության և պետության զարգացման անընդհատ շարժընթացը: Սակայն ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում մտքերի և գաղափարների` գործնականում անսահմանափակ և անվերահսկելի շրջապտույտը հանգեցրել է խոսքի ազատության զանգվածային չարաշահումների՝ ի դեմս ատելության խոսքի և կեղծ լրատվության, ինչի արդյունքում ազատ խոսքը պարբերաբար վերածվում է քաղաքական հակառակորդների նկատմամբ տեղեկատվական հաշվեհարդարի և հասարակության մանիպուլացման գործիքի թե՛ ներպետական և թե՛ միջազգային մակարդակներում:

Խոսքի ազատության ձևախեղման այս միտումը չի շրջանցել նաև հետհեղափոխական Հայաստանը:  Թավշյա հեղափոխությունից հետո նոր պայմաններում քաղաքական պայքարը ձեռք է բերում նոր բովանդակային և տեխնոլոգիական առանձնահատկություններ, որոնցում մեծ է ատելության խոսքի և կեղծ լրատվության տեսակարար կշիռը:

Նման իրավիճակի առաջացումը բացատրվում է հետևյալ գործոններով: Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միաբևեռ ավտորիտար քաղաքական համակարգը մտել է փոխակերպման երկարատև, բարդ և բազմաշերտ շրջան՝ աստիճանաբար դառնալով բազմաբևեռ և բազմազան: Տրանսֆորմացիայի այս գործընթացն առնչվում է ոչ միայն կուսակցական համակարգին, այլև տեղեկատվական դաշտին: Նոր վարչակազմը, որպես ժողովրդավարական համակարգի կառուցման հիմնական նախադրյալ, որդեգրել է հանրային քաղաքական մտքի ամբողջական ազատականացման մոտեցումը՝ չմիջամտելով քաղաքական դաշտի բնական սեգմենտավորմանն ու կուսակցաշինությանը, ինչպես նաև տեղեկատվական հոսքերին: Արդյունքում քաղաքականությամբ ազատորեն զբաղվելու համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, քանի որ մեկտեղվել են հետևյալ առանցքային գործոնները՝ կուսակցաշինության և կուսակցությունների սեգմենտավորման ազատությունը, կուսակցությունների կադրային համալրման ազատությունը և տեղեկատվության ազատությունը: Այս վերջինը, լինելով քաղաքական գաղափարների տարածման և քաղաքական մրցակցության հիմնական գործիքներից մեկը, իշխանության բացարձակ լիբերալ քաղաքականության արդյունքում աստիճանաբար արձանագրում է ժողովրդավարական և իրավական պետությանը չհամապատասխանող դրսևորումներ՝ սպառնալով ազգային անվտանգությանը: Այս իրավիճակում պետության միջամտությունն օբյեկտիվորեն դառնում է անհրաժեշտ, սակայն պետք է նաև հստակորեն ուրվագծվեն պետության միջամտության ողջամիտ սահմանները հակաժողովրդավարական գործելակերպից խուսափելու համար:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԿԵՆՍՈւՆԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Ժողովրդավարության հիմնական առավելությունը և միաժամանակ խոցելիության խթանն ազատությունն է: Հիմնված լինելով ազատ ընտրության, խոսքի ազատության, գաղափարախոսական բազմակարծության և մեզ հայտնի մնացյալ իրավունքների և ազատությունների վրա՝ ժողովրդավարական պետությունը մի կողմից խրախուսում է մարդու ինքնարտահայտումը, ինքնավարությունն ու հանրային բանավեճը հասարակության և պետության զարգացման ուղենիշների և գաղափարախոսությունների վերաբերյալ, իսկ մյուս կողմից հաճախ անպաշտպան է իր իսկ կողմից գեներացվող ազատության չարաշահումների հանդեպ:

Մարդու իրավունքների և ազատությունների սահմանների հարցը կարևորագույններից է ժողովրդավարության կենսունակության և իրավական անվտանգության համար: Ժողովրդավարական քաղաքական ռեժիմի ներքին կենսունակությունն ու ներդաշնակությունը կախված են ազատ քաղաքացիների փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագոյակցությունից, իսկ վերջինս հնարավոր չէ առանց նրանցից յուրաքանչյուրի իրավունքների ողջամիտ սահմանափակման:

Ժողովրդավարության ներքին կայունության և հարատևման մարտահրավերներին դիմակայելու մտայնությունը ծնեց, այսպես կոչված, կենսունակ ժողովրդավարության (militant democracy) հայեցակարգը, որը նախևառաջ ուղղված է խոսքի, գաղափարախոսության և հավաքների ազատությունների չարաշահումների դեմ, որոնց արդյունքում Առաջին աշխարհամարտից հետո ծաղկում ապրեցին ամբողջատիրական գաղափարախոսությունները՝ կոմունիզմն ու ֆաշիզմը[1]:

Կենսունակ ժողովրդավարության հայեցակարգը ելնում է այն կանխավարկածից, որ մարդու իրավունքներն ու ազատությունները բացարձակ չեն և ենթակա են սահմանափակման այն դեպքերում, երբ վտանգում են լիբերալ-ժողովրդավարական հասարակարգն ու վերջինիս արժեքային համակարգը: Ըստ էության, ընդունվում է այն ելակետը, որ գաղափարախոսական բազմակարծությունը լեգիտիմ է և պետության կողմից ենթակա է պաշտպանության, եթե չի հակասում ժողովրդավարական սահմանադրական կարգի հիմունքներին:

Այսինքն կենսունակ ժողովրդավարությունը ենթադրում է, որ որքան էլ խոսվի գաղափարախոսական բազմակարծության և խոսքի ու արտահայտման ազատության՝ որպես գաղափարների և տեղեկատվության անսահմանափակ շրջանառման ազատության մասին՝ անկախ այդ գաղափարների բնույթից, էությունից և նշանակությունից, իրականում տիրապետող գաղափարախոսությունը լիբերալ ժողովրդավարությունն է, և ազատ ու անսահմանափակ կերպով կարող են շրջանառվել միայն այն գաղափարները և տեղեկությունները, որոնք ուղղակիորեն չեն հակասում ժողովրդավարությանը, այն է՝ չեն քարոզում գործող սահմանադրական կարգի տապալում, խտրականություն, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակում, ատելություն, չեն պարունակում ակնհայտ կեղծ տեղեկատվություն և այլն[2]:

Կենսունակ ժողովրդավարության հայեցակարգը ենթադրում է, որ նշված դեպքերում հասարակությունն ու պետությունը պետք է հստակ մոտեցում որդեգրեն հակաժողովրդավարական միտումների և դրանք տարածողների նկատմամբ, որը կարող է դրսևորվել համապատասխան օրենսդրության ընդունմամբ և իրավակիրառ պրակտիկայով, ինչպես նաև հասարակական պարսավանքի միջոցներով, որոնք պետք է ուղղված լինեն ժողովրդավարական սահմանադրական կարգի և պետության հիմքերի համար իրական վտանգ ներկայացնող և պետության հիմքերի խարխլմանն ուղղված գաղափարաքարոզչական գործունեության նախականխմանը, կանխմանը և չեզոքացմանը, նման գործունեություն իրականացնող անձանց և միավորումների իրավական պատասխանատվությանը:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆՈւՄ

Ներկայիս տեղեկատվական դարաշարջանում, երբ խոսքի և գաղափարների ազատությունը ձեռք է բերել անդրսահմանային բնույթ և գործնականում դարձել է անվերահսկելի, տեղեկատվական վնասարարությունը ժողովրդավարական պետությունների առջև ծառացած մեծագույն մարտահրավերներից մեկն է, որն անգամ վերածվում է աշխարհաքաղաքական պայքարի գործիքի, զորօրինակ՝ Ռուսաստանի Դաշնության կողմից վարվող ագրեսիվ տեղեկատվական արշավը՝ ուղղված ժողովրդավարական արժեքների դեմ, կեղծ լրատվության տարածումը, մեդիա և տեխնոլոգիական միջոցներով միջամտությունն ԱՄՆ-ի վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավին և այլն: Հետևաբար, կենսունակ ժողովրդավարության հայեցակարգն այսօր արդիական է քան երբևէ, քանի որ հետսառըպատերազմյան շրջանում ժողովրդավարության համընդգրկուն վերջնական հաղթանակի համոզմունքն ընդամենը պատրանք էր, և ականավոր փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի՝ մարդկության պատմության՝ որպես մարդկության գաղափարական էվոլյուցիայի վերջի մասին պնդումներն իրենց չարդարացրեցին[3]: Պարտված բռնապետական կամ ամբողջատիրական գաղափարախոսությունները վերածնվում են փոխակերպված ձևով՝ ազգայնականության, շովինիզմի, կրոնական արմատականության, հակալիբերալ պոպուլիզմի և այլ դրսևորումներով՝ կիրառելով ժամանակակից թվային-տեխնոլոգիական միջոցների ընձեռած հնարավորությունները: Ատելության խոսքը, կեղծ լրատվությունը, սադրիչ և ապակողմնորոշող քարոզչությունը մամուլով, հեռուստատեսությամբ և համացանցով նպատակ ունեն հասարակության մոտ ստեղծել անպաշտպանության, ապատիայի, անհանդուրժողականության, ժողովրդավարական համակարգի նկատմամբ անվստահության մթնոլորտ, որը վերջնարդյունքում կարող է վտանգել ժողովրդավարական հասարակարգի գործառնումը:

Այս նորաբովանդակ գոյութենական մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է ժողովրդավարական պետության արժեքային բաղադրիչների կիրառման կոշտացում. լիբերալ-ժողովրդավարական պետությունը պետք է դադարի լինել այլակարծության նկատմամբ քաղաքականապես բացարձակ չեզոք և հակազդի մարդու իրավունքները խախտող և ժողովրդավարական նորմերին հակասող այնպիսի լրատվության և գաղափարների տարածմանը և դրանք տարածողներին, որոնք հասարակության շրջանում ձեռք են բերում տեսակարար կշիռ և քարոզչական ազդեցություն: Միայն այդպիսի մոտեցումներով ժողովրդավարական աշխարհը կարող է կանխել նորօրյա հիտլերների և մուսոլինիների ի հայտ գալը:

Իսկ որո՞նք են այն իրավական չափանիշները, որոնցով հնարավոր է արդյունավետ պայքար մղել խոսքի ազատության չարաշահումների դեմ: Դրանք նախևառաջ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան և վերջինիս կիրառումը վերահսկող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան են:

Այսպես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի նախաբանում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները հռչակվում են որպես աշխարհում արդարության և խաղաղության գրավական, որը բխում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ընդհանուր իդեալներից, ավանդույթներից և ժառանգությունից: Բացի այդ Կոնվենցիան պարունակում է նաև, այսպես կոչված, «գիլյոտինային» դրույթ՝ 17-րդ հոդվածը, որի համաձայն՝ սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանն ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով:

Կոնվենցիայի նշյալ դրույթները համադրելիս ակնհայտ է, որ կենսունակ ժողովրդավարության հայեցակարգն ընկած է համաեվրոպական իրավաքաղաքական կոնսենսուսի հիմքում, որի պահպանման և պաշտպանության նպատակն է հետապնդում նշյալ հիմնարար Կոնվենցիայի ընդունումը, և Կոնվենցիայով նախատեսված որևէ իրավունք չի կարող չարաշահվել, քանզի նման չարաշահումը, հատկապես եթե ունի համակարգված և պարբերական բնույթ, կվտանգի Կոնվենցիայի պայմանադիր պետությունների  ժողովրդավարական սահմանադրական կարգը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակորեն արտահայտվել է ատելության խոսքի և կեղծ լրատվության վերաբերյալ՝ որպես Կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված խոսքի և արտահայտման ազատության չարաշահում և խախտում:

Մասնավորապես,  Էրբականն ընդդեմ Թուրքիայի գործով 06.07.2006թ. կայացված վճռում Ստրասբուրգի դատարանը նշել է հետևյալը. «Ժողովրդավարական և բազմազան հասարակության հիմքը բոլոր մարդկանց հավասար արժանապատվության նկատմամբ հանդուրժողականությունն ու հարգանքն է: Հետևաբար, որպես սկզբունք ժողովրդավարական հասարակությունում կարող է անհրաժեշտ լինել պատժել կամ անգամ արգելել  արտահայտման բոլոր այն ձևերը, որոնք տարածում են, հակում են, խրախուսում են կամ արդարացնում են ատելությունը, որը հիմնված է անհանդուրժողականության վրա…:»:

Իր BH, MW, HP, GK ընդդեմ  Ավստրիայի գործով 12.10.1989թ., Հոնսիկն ընդդեմ Ավստրիայի գործով 18.10.1995թ., Նախթմանն ընդդեմ Ավստրիայի գործով 09.09.1998թ., Շիմանեկն ընդդեմ Ավստրիայի գործով 01.02.2000թ. վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոսքի ազատության չարաշահում և խախտում է ճանաչել ամբողջատիրական գաղափարախոսությունների և ամբողջատիրական կառավարման վերականգնման քարոզումը:

Ընդհանուր առմամբ, Եվրադատարանի կողմից խոսքի ազատության չարաշահում են դիտարկվում հակաժողովրդավարական և անիրավաչափ խոսքի և արտահայտման հնարավոր բոլոր դրսևորումները՝ հակասեմականությունից և ազգային փոքրամասնությունների հետապնդումներից մինչև գործող ժողովրդավարական կառավարության դեմ բռնության և անօրինական գործողությունների կոչեր: Այդ մասին են վկայում Եվրադատարանի շատուշատ վճիռներ:

Քաղաքական իմաստով Ստրասբուրգի դատարանի պրակտիկան երևան է հանում համաեվրոպական մակարդակում ժողովրդավարական արժեքների պաշտպանության և խոսքի ազատության շղարշի ներքո հակաժողովրդավարական քարոզչության դեմ պայքարի հավատամքը: Բուն իրավական իմաստով Եվրադատարանի նշյալ և մի շարք այլ վճիռներ խոսքի ազատության չարաշահումների վերաբերյալ պարտադիր նշանակություն ունեն Կոնվենցիայի անդամ բոլոր պետությունների համար և կարող են վկայակոչվել ներպետական մակարդակում խոսքի ազատության չարաշահումների դեմ իրավական միջոցներ ձեռնարկելիս:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոսքի ազատության շրջանակներում անդրադարձել է նաև կեղծ լրատվությանը:

Ընդհանրապես, կեղծ լրատվությունը բնորոշվում է որպես լուրեր, որոնք դիտավորությամբ հորինվում են և տարածվում՝ նպատակ ունենալով խաբել և մոլորեցնել այլ անձանց՝ հավատալու մտացածին փաստերի և կասկածելու իրական հանգամանքներին[4]: Լրատվությունը տեղեկատվության այն տեսակն է, որը նպաստում է հանրային բանավեճի ձևավորմանը և ազդում քաղաքական որոշումների կայացման վրա, ուստի լուրերի արժանահավատության ազդեցությունը հանրային-քաղաքական կյանքի վրա դժվար է գերագնահատել: Եթե մամուլով և տեղեկատվության այլ միջոցներով տարածված լուրերը կեղծ են, հանրային կարծիքի ձևավորումն ի սկզբանե խոտանվում է:

Կեղծ լրատվության տարածումը ևս ժողովրդավարության հիմքերը խաթարող ազդեցություն ունի, քանի որ ձևախեղում է գաղափարներ ստանալու և տարածելու՝ մարդու հիմնարար սահմանադրական իրավունքը և փաստացի հավասարազոր է գրաքննությանը և ազատ խոսքի այլ սահմանափակումներին, քանի որ էական տարբերություն չկա, թե անձին արգելվում է  լինել տեղեկացված, թե անձին հրամցվում է բազմաթիվ և բազմապիսի կեղծ տեղեկատվություն. երկու դեպքում էլ արդյունքը մեկն է՝ անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը չի իրացվում:

Այստեղ ևս կենսունակ ժողովրդավարությունը ենթադրում է պետության թիրախային միջամտություն՝ կարգավորելու լրատվադաշտն այնպես, որ մի կողմից չտուժի մեդիադաշտի անկախությունը, իսկ մյուս կողմից պաշտպանվեն հասարակության անդամների՝ որպես տեղեկատվություն սպառողների իրավունքները: Ընդ որում, պետության պարտականությունները տեղեկատվության փոխանակման արժանահավատ համակարգ ձևավորելու հարցում ճանաչվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Մասնավորապես, օրինակ, Դինքն ընդդեմ Թուրքիայի գործով 14.09.2010թ. վճռում Եվրադատարանը նշել է, որ պետությունները պարտավոր են յուրաքանչյուր անձի համար ստեղծել բարենպաստ միջավայր հանրային բանավեճին մասնակցելու համար: Այս պարտականությունը պահանջում է, որպեսզի պետությունները երաշխավորեն բազմազանությունը լրատվական համակարգում՝ ներառյալ աջակցեն անկախ և հետաքննող, ինչպես նաև այլ լրատվամիջոցներին, այդ թվում՝ փաստերն ստուգող կազմակերպություններին, կանխեն լրատվամիջոցների սեփականատիրության չափազանց կենտրոնացումը, մեծացնեն լրատվամիջոցների սեփականության և վերահսկողության թափանցիկությունը:

Փաստորեն, չնայած լայնորեն տարածված այն մտայնությանը, որ լիբերալ ժողովրդավարության պայմաններում պետք է գործի մինիմալ պետության մոդելը, որի գործունեությունն ավելի շատ պետք է սահմանափակվի համակարգմամբ, քան կարգավորմամբ՝ իրականությունն այն է, որ իրական ազատություն, այդ թվում՝ խոսքի ազատություն ունենալու համար հարկավոր է պետության միջամտությունը: Տեղեկատվության տարաբնույթ կենտրոնների ձևավորումը, տարաբնույթ շահերի առաջմղումը, աշխարհաքաղաքական շահային խմբերի տեղեկատվական էսքսպանսիան գործոններ են, որոնց պետությունը ոչ թե պետք է վերաբերվի որպես պասիվ դիտորդ կամ առավելագույնը՝ արբիտր, այլ ինքը պետք է օրենսդրական և վարչական միջոցներով պաշտպանի իր ինքնիշխանության ներքո գտնվող տեղեկատվական տարածքը կեղծ լրատվությունից, որպեսզի գաղափարների մրցակցությունը և տեղեկույթի շրջանառությունը տեղի ունենան բնականորեն ու իրավաչափորեն, և չխաթարվի հանրային կարծիքի ձևավորման կառուցակարգը:

Ընդ որում, թե՛ ատելության խոսքի և թե՛ կեղծ լրատվության դեմ հանրային և պետական մակարդակներում արդյունավետ պայքար մղելու համար հարկ է պարզել խոսքի ազատության չարաշահման վերոնշյալ դրսևորումներից յուրաքանչյուր առանձին դեպքի մանրամասներ՝ ով է կատարողը, որոնք են եղել ատելության խոսքի կամ կեղծ լրատվության շարժառիթն ու նպատակը, եղել են արդյոք պատվիրատուներ, և ովքեր են եղել նրանք, եթե այդպիսիք բացահայտվեն:

Որպես կանոն՝ ատելության խոսքի կամ կեղծ լրատվության դեպքերը եզակի և մեկուսի չեն լինում, այլ ունենում են կազմակերպվածության և համակարգվածության որոշակի աստիճան և հետապնդում են որոշակի քաղաքական շահեր, հետևաբար, պայքարը դրանց դեմ պետք է վարվի պետական մակարդակով՝ գիտակցելով, որ ժողովրդավարությունը չի կարող նույնացվել ամենաթողության հետ, իսկ պետության կողմից ազատության հանդուրժումն ու խրախուսումը չպետք է հավասարեցվի պետական ինստիտուտների թուլության կամ անկենսունակության հետ: Ժողովրդավարական լեգիտիմություն ունեցող պետական իշխանությունն ունի լեգիտիմ ուժի կիրառման մենաշնորհ հակաիրավական և հակահասարակական բոլոր գործողությունների դեմ, և իր ուժային զինանոցից օգտվելուց վարանելը կարող է հանրագումարում խիստ բացասական հետևանքներ ունենալ ժողովրդավարական սահմանադրական կարգի բնականոն գործառնման համար և անգամ հանգեցնել դեմոկրատական քաղաքական ռեժիմի փոփոխության:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈւՄՆԵՐԸ ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Թավշյա հեղափոխությամբ Հայաստանում սկիզբ է առել քաղաքական ռեժիմի խորքային փոխակերպման գործընթաց: Կոնսոլիդացված ավտորիտարիզմից անցում է կատարվում դեպի ժողովրդավարություն: Ընդհանրապես, ռեժիմային տրանզիտի կարևոր ցուցիչներից է խոսքի ազատության վիճակը: Այս հարցում, թերևս, գրանցվել է ամենանկատելի առաջընթացներից մեկը. լրատվական դաշտում, սոցիալական ցանցերում, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում տեղի է ունեցել աննախադեպ ազատականացում: Պետությունը գործնականում հրաժարվել է տեղեկատվական հոսքերը վերահսկելու պրակտիկայից և վերածվել է տեղեկատվություն արտադրող և տարածող լոկ բազմաթիվ սուբյեկտներից մեկը, որը մրցակցում է տեղեկատվության այլ պրովայդերների հետ՝ սեփական գաղափարները հանրությանն ավելի մատչելի և գրավիչ դարձնելու ու հանրային օրակարգ ձևավորելու համար: Պատահական չէ, որ խոսքի ազատության միջազգային ցուցիչներով Հայաստանը գրանցել է էական բարելավում[5]:

Խոսքի ազատության ոլորտում գրանցված առաջընթացը դրսից հետևողների համար, բնականաբար, ցուցանում է Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության հիմնական կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ Հայաստանի հաստատուն վերելքը և քաղաքական իշխանության կամքը Հայաստանը դարձնել իրավամբ լիբերալ-ժողովրդավարական պետություն: Սակայն երկրի ներսում տիրող իրավիճակը երկակի տպավորություն է թողնում: Մի կողմից, իրոք, Հայաստանում խոսքն ազատ է քան երբևէ, սակայն մյուս կողմից լրատվական դաշտում և հանրային կարծիքի ձևավորման մյուս հարթակներում, օրինակ, համացանցում, իշխող քաղաքական ուժը  քիչ է ներկայացված և էապես զիջում է քաղաքական և լրատվական մյուս կենտրոններին, որոնք գերազանցապես պատկանում են նախորդ իշխանական վարչակազմին կամ նրա հետ փոխկապակացված անձանց: Արդյունքում թվում է, թե մամուլի և համացանցի ազատությունը ոչ միայն կամ ոչ այնքան իշխող վարչակազմի դեմոկրատական ուժի առհավատչյան է, որքան նրա թուլության արգասիքը:

Տեղեկատվական դաշտում ռեսուրսային նման անոմալ անհավասարակշռություն իշխանական և ընդդիմադիր սեգմենտների միջև՝ հօգուտ վերջիններիս, առերևույթ աշխատելով Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի օգտին, երկարաժամկետ հեռանկարում կարող է հայկական դեմոկրատիայի համար ունենալ բացասական հետևանքներ, ինչի սաղմերն այսօր արդեն նկատելի են։ Իշխանության եկած վարչակազմը՝ վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Թավշյա հեղափոխության և ժողովրդավարության գաղափարները հայտնվել են տեղեկատվական-քարոզչական գրոհի թիրախում, և հենց նյութական ու մարդկային ռեսուրսների քանակական և առանձին դեպքերում նաև որակական առավելության շնորհիվ հակաիշխանական շրջանակները սկսել են գործել ոչ թե ժողովրդավարական դասական քաղաքական պայքարի կանոններով, որոնք ենթադրում են թեկուզև հաճախ կոշտ, սակայն դեմոկրատական արժեբանության շրջանակում տեղավորվող մրցակցության սկզբունքներ, այլ փոխարենը գեներացնում են ատելության խոսք և կեղծ տեղեկատվություն իշխող քաղաքական թիմի և ժողովրդավարական արժեքների մասին, ընդհանրապես (վարչապետին և նրա ընտանիքին անվանարկող կեղծ տեղեկությունների շարունակական տարածում, պետական պաշտոնատար անձանց անձնական բնույթի տեղեկատվության անօրինական հավաքագրում և հրապարակում, ժողովրդավարության և մարդու իրավունքների վնասակարության մասին թեզերի շրջանառություն, կեղծ օգտատերերի և անգամ իրական գործիչների կողմից նշյալ թիրախներին ուղղված ոչ ցենզուրային մեկնաբանությունների տարածում, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին կեղծ և հասարակության շրջանում անվստահություն և խուճապ ստեղծելու նպատակ հետապնդող լուրերի սպրդում, անգամ Հայաստանի միջազգային վարկին և անվտանգությանը հարվածող կեղծ տեղեկույթի հրապարակում, վարչապետի և նրա քաղաքական թիմի, ինչպես նաև հեղափոխության կողմնակիցների նկատմամբ վիրավորական, հայհոյախառն և սպառնալից խոսքի տարածում և այլն):

Ակնհայտ է, որ ատելության խոսքի և կեղծ լրատվության հետևողական կիրառումն ունի կազմակերպվածության և համակարգվածության այնպիսի մակարդակ, որ որևէ կասկած չկա նման քարոզչության քաղաքական և ուղղորդված բնույթի վերաբերյալ: Բայց քաղաքական մոտիվացվածության բացակայության պարագայում անգամ խոսքի ազատության զանգվածային չարաշահումները, որոնց հանրությունն ամենօրյա ռեժիմով ականատես է լինում, էական վնաս են հասցնում պետական ինստիտուտների հանրային վարկանիշին և, ի վերջո, նաև ժողովրդավարական սահմանադրական կարգի լեգիտիմությանը: Հայտնի է, որ պետական ինստիտուտների լեգիտիմությունը խարսխված է որոշակի ուժային և հոգեբանական բաղադրիչների վրա, այն է՝ հասարակության անվտանգությունը՝ ներառյալ տեղեկատվական անվտանգությունը պաշտպանելու պետության կարողունակության և, որ ոչ պակաս կարևոր է, պետության ուժի հանրային գիտակցման վրա: Վերջիններիս քայքայումը լուրջ սպառնալիք է ցանկացած քաղաքական ռեժիմի պայմաններում գործող պետության համար: Հետևաբար, պետությունը պարտավոր է ձեռնարկել որոշակի միջոցներ՝ խոսքի ազատության լեգիտիմ սահմանները գծելու և հանրային համերաշխությանը սպառնացող տեղեկատվական գրոհը կասեցնելու ուղղությամբ: Ընդ որում, պետությունը բոլոր դեպքերում պետք է մնա ժողովրդավարության արժեբանության շրջանակում, որպեսզի ձեռնարկվող միջոցներն ունենան հանրային անհրաժեշտ աջակցություն և լեգիտիմություն: Միաժամանակ այդ միջոցները պետք է լինեն բավականաչափ հատու, ունենան ինստիտուցիոնալ կայունություն և ուղղված լինեն ոչ միայն ատելության խոսքի և կեղծ լրատվության ընթացիկ դրսևորումների չեզոքացմանը, այլև տեղեկատվական միջավայրի վերափոխմանն ու լրատվական գործունեության նոր մշակույթի ձևավորմանը: Միայն այս գործոնների համալիր հաշվառումը թույլ կտա իրավամբ արձանագրել մնայուն արդյունքներ՝ համաժամանակյա կերպով ի ցույց դնելով Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության կենսունակությունը:

Հավելենք, որ ներկայումս ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ իրավական միջոցները հատվածական են և ոչ հետևողական՝ սահմանափակվելով վիրավորանքի և զրպարտության համար կոնկրետ անձի դատական պաշտպանությամբ և առանձին դեպքերում քրեական գործերի հարուցմամբ՝ անձի կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև անձի գույքին վնաս հասցնելու իրական սպառնալիքի և մի շարք այլ հանցակազմերով, որոնք կրկին ուղղված են միայն որոշակի անձի կամ անձանց խմբի պաշտպանությանը, սակայն համակարգային առումով խնդրին լուծում չեն տալիս: Հետևաբար, խիստ արդիական է ոլորտի արդյունավետության բարձրացման նպատակով թիրախային քայլերի կատարումը: Ահա դրանցից մի քանիսը:

Նախևառաջ հարկավոր է վերանայել «Զանգվածային լրատվության» մասին օրենքը, որի կարգավորումներն ակներևաբար հնացել են և չեն համապատասխանում լրատվության համակարգում տեղի ունեցած տեխնոլոգիական փոխակերպումներին: Մասնավորապես, նշյալ օրենքում զանգվածային լրատվության միջոցի ներքո հասկացվում է միայն տպագիր մամուլը, մինչդեռ, ներկայումս տպագիր մամուլը կազմում է մամուլի և տեղեկատվության միջոցների միայն ոչ մեծ մասը, իսկ լրատվական գործունեության գերակշիռ մասը տեղափոխվել է համացանց՝ ի դեմս լրատվական կայքերի և սոցիալական մեդիայի: Փաստորեն, ստացվում է, որ հանրությանը տեղեկատվություն տրամադրող մի հսկայական սեգմենտ փաստացի գործում է, բայց դուրս է մնում իրավական կանոնակարգումից և ուրեմն նաև պետական կարգավորումից: Առաջին հայացքից այս իրավիճակը կարող է անգամ օրինաչափ թվալ. չէ՞ որ ազատականության պայմաններում մամուլի միջոցները պետք է հնարավորինս ինքնակառավարվող և ինքնաբավ լինեն: Մինչդեռ, իրավական կանոնակարգումը չի նշանակում մամուլի միջոցների գործունեության սահմանափակում կամ խոչընդոտում, ավելին՝ պետության կողմից փաստացի գործող լրատվական միավորի իրավական ճանաչումը նպաստում է նախևառաջ հենց այդ միավորի պաշտպանվածության բարձրացմանը: Միաժամանակ, փաստացի գործող լրատվականներն ու տեղեկատվություն տարածող մյուս սուբյեկտները, օգտվելով նրանից, որ դուրս են մնացել պետության կարգավորիչ ազդեցությունից, չեն կրում որևէ իրավական և էթիկական պարտավորություններ և պատասխանատվություն իրենց գործունեության համար և իրականում թուլացնում են ժողովրդավարությունը, այլ ոչ թե ուժեղացնում այն, քանի որ առաջին հայացքից հանրությանն առաջարկելով տեղեկատվության բազմազանություն՝ իրականում  կեղծ, չստուգված և ուղղորդված տեղեկատվության տարածմամբ ապակողմնորոշում են հանրությանը՝ խախտելով արժանահավատ և անաչառ լրատվություն ստանալու մարդու իրավունքը: Հետևաբար, պետությունը, ի կատարումն արժանահավատ և օբյեկտիվ լրատվական դաշտ ձևավորելու իրավական պարտականության, պետք է  հստակեցնի համացանցային լրատվամիջոցների իրավական կարգավիճակը և մշակի այդ լրատվամիջոցների հանրային-պետական մոնիթորինգի արդյունավետ կառուցակարգեր: Օրինակ, ելնելով խնդրո առարկա լրատվամիջոցների էլեկտրոնային բնույթից՝ նրանց գործունեությունը վերահսկելու լիազորությունը կարելի է վերապահել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ համապատասխան լրացում կատարելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  օրենքում:

Հարկավոր է նաև իրավական գործիքակազմով մեծացնել հեռուստատեսային, ռադիո և համացանցային լրատվամիջոցների պատասխանատվությունը տարածվող տեղեկատվության արժանահավատության և բարեկրթության համար՝ համապատասխան դեմ իրավական սանկցիաների տեսքով՝ ընդհուպ մինչև լրատվամիջոցի գործունեության դադարեցում:

Ատելության խոսքի և ապատեղեկատվության պայքարը կարող է արդյունավետ դարձնել էլեկտրոնային բոլոր լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման պարտականության սահմանումը, որի շնորհիվ՝ հանրությունը կտեղեկանա, թե որ լրատվամիջոցն ում է պատկանում և կկարողանա տեղեկատվության աղբյուրների միջև գիտակցված ընտրություն կատարել:

Վերոնշալից բացի կարելի է մտածել օրենքով զանգվածային լրատվության միջոցները միավորող մասնագիտական, ինքնակառավարվող մարմնի ստեղծման մասին՝ ՀՀ փաստաբանների պալատի օրինակով, որը կընդունի լրագրողական էթիկայի պարտադիր կանոններ, կվերահսկի դրանց պահպանումը լրագրողների և լրատվամիջոցների կողմից և կարգապահական տույժերի կենթարկի կարգազանց լրատվականներին և լրագրողներին: Նման կերպ կապահովվի լրատվամիջոցների և լրագրողների կողմից ոչ միայն ֆորմալ իրավական կանոնների պահպանումը, որոնք հաճախ ուղղակիորեն չեն աղերսվում լրատվական արտադրանքի որակի հետ, այլև իրավական նախադրյալներ կստեղծվեն լրագրողի մասնագիտության էթիկայի և որակական չափանիշների ձևավորման և պահպանման համար: Ընդ որում, նշյալ կառուցակարգի  ժողովրդավարական բնույթը պայմանավորված է նրանով, որ նշյալ մասնագիտական կառույցը ստեղծվում է հենց լրատվամիջոցների և լրագրողների կողմից, և բոլոր գործառույթներն իրականացնում է հենց մեդիա հանրույթից ստացված մանդատի ուժով:

Նմանատիպ լրագողական կազմակերպություններ գործում են բազմաթիվ  եվրոպական պետություններում:

Հայաստանի Հանրապետությունը, վերադառնալով ժողովրդավարական պետությունների ակումբ, սկսել է ոչ միայն քաղել համընդհանուր ազատականացման դրական արդյունքները, այլև բախվում է ազատության հակառակ կողմին՝ ամենաթողության և ամբոխավարության վտանգավոր երևույթին, որը նկատելիորեն հրահրվում է որոշակի հանրային և քաղաքական շրջանակների կողմից՝ ամենևին ոչ ժողովրդավարական նպատակներով: Միևնույն ժամանակ դրանից պետք չէ չափազանց մտահոգվել և վախճանաբանական եզրահանգումներ կատարել. ժողովրդավարությունն ու ազատականությունը ենթադրում են մտքերի և գաղափարների անընդհատ շրջանառություն և մրցակցություն, ինչը չի կարող չունենալ ստվերային կողմեր և բացասական դրսևորումներ, չարաշահումներ: Պարզապես պետությունը պետք է հետևի և համարժեք հակազդող միջոցներ ձեռնարկի հանրային շահին վտանգ սպառնացող գործընթացները կանխելու ուղղությամբ՝ տվյալ պարագայում ստեղծելով ինստիտուցիոնալ պայմաններ և հանրային միջավայր, որն անհանդուրժող կլինի կեղծ լրատվության և ատելության խոսքի հանդեպ:

Հայաստանի հեղափոխական կառավարությունը պետք է լինի հանդուրժող, բայց ոչ՝ հաճոյացող՝ ըստ անհրաժեշտության զուգակցելով «մտրակի և թխվածքաբլիթի» քաղաքականությունը: Միայն այդպես է հնարավոր խթանել ազատությունը, սակայն վճռական լինել Թավշյա հեղափոխության արժեքները կապիտալիզացնելու և անշրջելի դարձնելու հարցերում:

Արտաշես Խալաթյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրավագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Տե՛ս  Malkopoulou A., Norman L., Three Models of Democratic Self-Defence: Militant Democracy and Its Alternatives, Political Studies, 2018 Vol. 66 (2), p. 444

[2] Տե՛ս  Loewenstein K. (1937b) Militant Democracy and Fundamental Rights II. American Political Science Review 31 (4):, pp. 638-658, Capoccia G (2013) Militant Democracy: The Institutional Bases of Democratic Self-Preservation. Annual Review of Law and Social Science 9: 207–226 և այլն:

[3] Ավելի մանրամասն տե՛ս  Fukuyama F., The End of Hisory?, The National Interest, No. 16, 1989, pp. 3-18

[4]  Տե՛ս  McGonagle, T. “Fake News”: False fears or real concerns?, Netherlands Quarterly of Human Rights, 35(4), 2017, էջ 203։

[5] Լրագրողներ առանց սահմանների (Reporters without borders) կազմակերպության կողմից հրապարակված 2019թ․ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը շուրջ 180 երկրների շարքում՝ բարելավելով իր ցուցանիշը 19 կետով, իսկ ըստ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2019թ. զեկույցի՝ Հայաստանը դասվել է ազատ համացանցով պետությունների շարքին և այլն: