Վրաստանի կառավարությունն ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավ է սկսել

Վրաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ ամենատարածված հանցագործություններից մեկը։ REGST, 07.03.2020

Վրաստանի իշխանությունները մտադիր են հասարակական լայնամասշտաբ արշավ սկսել՝ ուղղված ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին։

Վրաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ ամենատարածված հանցագործություններից մեկը։ Ավելի հաճախ զոհ են դառնում հատկապես կանայք։ Վերջին ամիսներին այդ երկրում բազմաթիվ սպանություններ տեղի են ունեցել ընտանեկան կոնֆլիկտի պատճառով։

Այդ իրավիճակի կարգավորման հնարավոր տարբերակները գտնելու նպատակով կառավարությունում մարտի 7-ին տեղի է ունեցել քննարկում շահագրգիռ գերատեսչությունների (Առողջապահության, Կրթության, ՆԳՆ, Արդարադատության, Տարածքային զարգացման) փոխնախարարների, հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Որոշվել է, որ բոլոր այդ կառույցները համատեղ արշավ են իրականացնելու կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ։

Քննարկման ժամանակ որոշվել է մի կողմից գործել հանցագործությունների կանխման, մյուս կողմից՝ սոցիալական ծրագրերի ստեղծման ուղղությամբ։ Քննարկման մասնակիցները հանրությանը կոչ են արել միանալ արշավին՝ անցանկալի երևույթների դեմ համատեղ պայքարելու համար։

Մարտի 6-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան քաղաքացիներին և հատկապես տղամարդկանց կոչ էր արել միանալ սոցիալական արշավին։ Նրա խոսքով՝ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը պետք է քննադատվեն ոչ միայն պաշտոնյաների, հայտնի գործիչների, այլև հասարակ քաղաքացիների կողմից։

Ընտանեկան բռնության դեպքերի աճով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է նման հանցագործություններ իրականացրած անձանց համար ներդնել էլեկտրոնային վերահսկման համակարգ։ Վրաստանի խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին