Վրաստանում 25 հոգի վարակված է կորոնավիրուսով

245 մարդ կարանտինում է, 58-ը՝ բժիշկների հսկողության ներքո: Եվս 1000 քաղաքացի ինքնամեկուսացվել են: Ուսումնական և մշակութային հաստատությունները փակ են: REGST, 13.03.2020, ԵՐԵՎԱՆ:

Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ ևս 1 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Covid-19-ով վարակվածների թիվը Վրաստանում, այսպիսով, հասավ 25-ի: 245 մարդ գտնվում է կարանտինում, ևս 58 մարդ բժշկական հսկողության ներքո է: Ավելի քան 1000 մարդ հարևան երկրում ինքնամեկուսացել է:

Հաղորդվում է, որ 25-րդ հիվանդը կին է, Վրաստանի քաղաքացի, վարակվել է Իտալիայից ժամանած քաղաքացուց, ով արդեն բուժում է անցնում հիվանդանոցում:

25 վարակվածներից միայն 2-ն են Իրանից ժամանածները, 1-ը՝ Իսպանիայից, մյուսներն Իտալիայից են ժամանել և տեղում վարակը փոխանցել այլոց: Վարակվածներից միայն 4-ն ունի «ուշադրության կարիք». մյուսների մոտ խնդիրներ չկան:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վրաստանի կառավարությունը չեղարկել է զանգվածային միջոցառումների մեծ մասը: Մինչև ապրիլի 1-ը փակ են լինելու ուսումնական բոլոր հաստատությունները: Փակ են նաև թատրոնները, թանգարանները, չեղարկվել են մարզական մրցումները:

Տեսանյութը՝ StopCov.ge-ի