Ռուսաստանն ու Չինաստանը կարող են Լուսնի վրա համատեղ բազաներ կառուցել

Մասնագետները սա համարում են պատասխան Արևմուտքի կողմից նմանատիպ ծրագրերի իրականացմանը. Լուսնի համար, կարծես, նոր պայքար է հասունանում: REGST, 14.03.2020, ԵՐԵՎԱՆ:

Տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են հրթիռատիեզերական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության բազմաթիվ տարբերակներ, որոնցից է Լուսնի վրա բազայի կամ բազաների ստեղծումը:

Հաղորդվում է, որ նախաձեռնությունը կարող է քննարկվել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի՝ տիեզերքի հարցերով նիստերից մեկի ժամանակ: Ապագա բազայի համար որպես հիմք կարող են դիտարկվել վայրէջքի սարքավորումները, որոնք Մոսկվան ու Պեկինը մտադիր էին ուղարկել Լուսին:

Ավելի վաղ Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որոնք նախատեսում էին ռուսական Լունա-26 ուղեծրային սարքի (Луна-26) կողմից Լուսնի վրա համապատասխան վայրերի ընտրությունը չինական տիեզերական սարքավորումների համար: Հնարավոր է նաև համագործակցությունը Լունա-26-ի և Չանյե-7 նախագծերի շրջանակներում:

Բացի այդ, կողմերը քննարկում են նաև ռուս-չինական միացյալ կենտրոնի ստեղծման հարցը, որը կհավաքի մեր մոլորակի բնական արբանյակի և տիեզերական այլ մարմինների հետազոտության տվյալները:

Ռուսական Լունա-25 կայանքի բացթողումը տիեզերք նախատեսված է 2021թ.: 2024-ին պետք է մեկնարկի Լունա-26-ը, ևս 2 տարի հետո նախատեսվում է Լունա-27-ի բացթողումը: Լունա-25-ի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2005թ.. այդ ժամանակվանից հետո սարքի արձակումը բազմիցս հետաձգվել է, և հնչեցված ժամկետը՝ 2021թ., ևս մի քանի տարով կարող է հետաձգվել:

 «Луна-25»  / ©wikipedia
Լունա-25, նկարը՝ wikipedia-յից

Հրթիռատիեզերական արդյունաբերության ոլորտի որոշ փորձագետներ կարծում են, որ ռուսական տիեզերական արդյունաբերության ֆինանսական և տեխնիկական խնդիրների պարագայում նախագիծը երբեք իրականություն չի դառնա. այդ խնդիրներն իրենց զգացնել են տվել վերջին մի քանի տարիներին:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նա, մասնագետների համոզմամբ, արդեն ստացել է բոլոր տեխնոլոգիաները, որոնք թույլ կտան ունենալ սեփական, անկախ տիեզերական արդյունաբերություն:

Ներկայումս բարձրաձայնված նախաձեռնությունն աղբյուրն առաջարկում է դիտարկել որպես պատասխան Արևմուտքի կողմից լուսնային ուղեծրային կայանքի ստեղծման և ապագայում Լուսնի վրա բազայի կառուցման ծրագրերին:

Այդ նախագծերն ակտիվորեն կյանքի են կոչվում: Օրինակ՝ վերջերս NASA-ն իր ապագա կայանքի համար առաջին գիտական գործիքներն է ձեռք բերել: Նախորդ տարի ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը սաղավարտ էր ցուցադրել, որը մտադրվում են օգտագործել դեպի Լուսին թռիչքների համար: