Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանի Ազգային բանկի դրամարկղերում ընդունվող թղթադրամները 2 շաբաթով դուրս են բերվելու շրջանառությունից: REGST, 14.03.2020, ԵՐԵՎԱՆ:
Վրաստանի Ազգային բանկը երկու շաբաթվա ընթացքում թղթադրամը պահելու է կարանտինում՝ դրանցով նոր տեսակի կորոնավիրուս չտարածելու համար:
ՎԱԲ-ում նշել են, որ իրենց մոտ տեղափոխվող դրամը 14 օրով դուրս է բերվելու շրջանառությունից: Դրանք պահվելու են առանձին դրամարկղային կենտրոնում: Շրջանառության կվերադարձվեն միայն այդ ժամկետը լրանալուց հետո:
Միաժամանակ մեկնարկել է դրամարկղային բոլոր կենտրոնների ախտահանումը: Դրանք կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը: Այդ ընթացքում փակ է լինելու նաև Քվարելիում գտնվող Փողերի թանգարանը:
Վրաստանի Ազգային բանկը կոչ է արել պահպանել առողջապահական գերատեսչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները, քանի որ ցանկացած պարագա, այդ թվում՝ փողը, կարող է բակտերիաներ և վիրուսներ փոխանցել:
Միաժամանակ, քաղաքացիներին կոչ են անում հնարավորության դեպքում օգտագործել անկանխիկ վճարումները, անհպում և բջջային հավելվածները: