Վրաստանում ոստիկանությունը հարկադիր կարանտինի է ենթարկում կարգազանցներին

Ինքնամեկուսացման պայմանը խախտողներին ոստիկանությունը կարանտինի են ենթարկվում։ Նրանց սպառնում է նաեւ ազատազրկում։ REGST, 16.03.2020, YEREVAN

Վրաստանի ոստիկանությունը հարկադրաբար կարանտինի է ենթարկել եւս 20 քաղաքացիների, ովքեր խախտել են ինքնամեկուսացման պայմանը: Վերջին օրերին համաճարակաբանների կողմից ցուցված ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել Թբիլիսիում, Մցխեթայում, Կախեթիում, Գուրիում, Իմերեթիում և Աջարիայում:

Ներքին գործերի նախարարությունն աշխատում է արտակարգ ռեժիմում՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ: Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում է մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների մոնիթորինգ: Մարտի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ հարկադիր կարանտինի էր ենթարկվել 42 մարդ, ովքեր խախտել էին ինքնամեկուսացման պայմանը:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել վրացական օրենսդրության պահանջը՝ հանրային առողջության շրջանակներում: ՆԳՆ-ը քաղաքացիներին կոչ է արել քաղաքացիական բարձր պատասխանատվություն ցուցաբերել և ենթարկվել հրահանգներին:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 33 է: Երկշաբաթյա մեկուսացման ռեժիմը պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր արտերկրից են ժամանել կամ շփում են ունեցել վարակվածների հետ: Կարանտինային գոտիներ են տեղափոխվում Covid-19-ի առումով առավել բարդ իրավիճակում գտնվող երկրներից ժամանած քաղաքացիները։ Այդ երկրներն են Չինաստանը, Հարավային Կորեան, Իրանը, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իսպանիան, Շվեյցարիան, Նորվեգիան եւ Դանիան։

Ներկայումս Վրաստանում ինքնամեկուսացած է ավելի քան հազար մարդ, կարանտինում են 439-ը, իսկ 64-ը գտնվում են բժիշկների հսկողության ներքո։

Կարանտինի ռեժիմը խախտողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության. Վրաստանի ՔՕ 248-րդ հոդվածի համաձայն‘ սանիտարահամաճարակային կանոնների խախտման համար սահմանված է մինչեւ 2 տարվա ազատազրկում, եթե այն հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացությանը, եւ մինչեւ 7 տարվա ազատազրկում, եթե այն հանգեցրել է մահվան։