Վրաստանը խստացրել է Covid-19-ի տարածման դեմ պայքարը

Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ մարտի 20-ից արգելվում է բոլոր առևտրային կետերի գործունեությունը, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային բաժանմունքների և բանկերի մասնաճյուղերի:

Վրաստանի կառավարությունը խստացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները. վաղվանից արգելվում է բոլոր առևտրային կետերի գործունեությունը, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային բաժանմունքների և բանկերի մասնաճյուղերի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան՝ նախագահի մասնակցությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո:

Վրաստանի վարչապետը նշել է, որ այդպիսով կպահպանվի քաղաքացիների միջև սոցիալական հեռավորությունը և կխոչընդոտի երկրի ներսում կորոնավիրուսի տարածմանը: Նրա խոսքով` անհրաժեշտ է դանդաղեցնել այդ գործընթացը՝ առողջապահական ոլորտին հնարավորություն ընձեռնելով արդյունավետ պայքար մղել:

Քննարկվել է արտակարգ դրություն մտցնելու հարցը, սակայն որոշվել է այդ քայլին չդիմել:

Գախարիան նշել է, որ ներկայումս դրա անհրաժեշտությունը չկա, սակայն երկրի նախագահի հետ պայմանավորվել է, որ եթե հարկ լինի, մի քանի ժամվա ընթացքում որոշում կկայացվի և կապահովվի դրա իրականացումը: Նման որոշում կարող է ընդունվել, վաղը կամ մյուս օրը, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա, երբ բժիշկներն ու առողջապահական համակարգը շեշտեն, որ կարիքը կա:

Գեորգի Գախարիան բնակչությանը կոչ է արել հնարավորինս մնալ տներում, քանի որ պայքարի ամենարդյունավետ միջոցը չվարակվելն ու չտարածելն է:

Մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերը Վրաստանում 40-ն են: Մեկն առողջացել է, մահացություն չի գրանցվել: Կարանտինում է գտնվում 1344 մարդ, բժիշկների հսկողության ներքո՝ 216 մարդ:

Մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար: Արգելք է գործում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և մասամբ՝ Թուրքիայի սահմանների վրա: Սահմանափակումը բեռնափոխադրմանը չի վերաբերում:

Մարտի սկզբից Վրաստանում փակ են ուսումնական բոլոր հաստատությունները, հետաձգված են ժամանցային և մարզական միջոցառումները: Գերատեսչությունները հեռավար աշխատանքի են անցել: Եկեղեցիներում ախտահանում է իրականացվում, չեղարվել են որոշ կրոնական հաստատությունների ծառայությունները:

Վրաստանի կառավարությունը հորդորել է փակել գեղեցկության սրահները, ժամանցային կենտրոնները, խաղասրահները և տոտալիզատորները, իսկ ռեստորաններին ու սրճարաններին՝ աշխատել միայն առաքմամբ: 70 և ավելի բարձր տարիքի մարդկանց կոչ են արել խուսափել մարդաշատ վայրերից: