Ռուսաստանն աջակցություն է ուղարկում Իտալիա

Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերն ավիախումբ են նախապատրաստել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Իտալիային աջակցելու նպատակով ուժեր և միջոցներ մատակարարելու համար: REGST (REGional STudies), 22.03.2020.

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվայի մարզի Չկալովսկի աերոդրոմում նախապատրաստվել են ՌԴ Ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի 9 հատ Իլ-76 ինքնաթիռներ:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ՝ հաստատելով օպերատիվ աջակցություն տրամադրելու պատրաստականությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Հաղորդվել է, որ Ռուսաստանն Իտալիա կուղարկի ռուսական ռազմական մասնագետ-համաճարակաբանների և բժիշկների 8 մոբիլ բրիգադ, տրանսպորտի և տարածքների աերոզոլ ախտահանման ավտոմոբիլային համալիրներ և բժշկական սարքավորումներ:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը ներկայումս գերազանցել է 50 հազարը: Մահացել է 4,8 հազար մարդ, որոնցից 793-ը՝ միայն նախորդ օրը: Առողջացել են 6 հազարը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին