Ամբողջ երկրում ուղևորափոխադրումը դադարեցվել է: Սահմանափակումներն առավել խիստ են Բաքու և Սումգայիթ քաղաքներում, Ապշերոնյան թերակղզում: REGST, 23.03.2020.
Ադրբեջանում որոշվել է կորոնավիրուսի տարածման կանխման նպատակով մտցնել կարանտինի հատուկ դրություն: Այն գործելու է մարտի 24-ից մինչև ապրիլի 20-ը: Կարանտինային հատուկ դրությունը տարածվում է ամբողջ երկրի վրա:
Կարանտինային դրության համաձայն՝
- 65 և բարձր տարիքի անձանց արգելվում է տանից դուրս գալ: Այդ տարիքային խմբի միայնակներին տրամադրվելու է սոցիալական աջակցություն:
- Սահմանափակվում է ելումուտը Բաքու և Սումգայիթ քաղաքներում, Ապշերոնյան թերակղզում: Բացառություն են հատուկ նշանակության, շտապօգնության, վթարավերականգնման և փրկարար ծառայությունների և բեռնատար մեքենաները:
- Դադարեցվում են միջշրջանային և միջքաղաքային ցանկացած տեսակի ուղևորափոխադրումները՝ անկախ սեփականության ձևից:
- Հատուկ դրության ընթացքում Ադրբեջանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով իրականացվելու են չարթերային թռիչքներ: Առաջնահերթությունը կտրվի երեխաներով, տարեցների, բժշկական օգնության կարիք ունեցող ընտանիքներին և կանանց: Նրանք ժամանելուն պես ենթարկվելու են 14-21 օրվա կարանտինի:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը 72 է: 1 մարդ մահացել է, 10 հոգի առողջացել են: