Վրաստանը չեղարկել է չինական թեստերի գնման համաձայնությունը. NewsGeorgia

Չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության արագ թեստերը, պարզվել է, որակի խնդիր ունեն: Դրանցից հրաժարվել էր նաև Իսպանիան: Թեստերը շուկայից հետ են կանչվել: REGST, 27.03.2020.

Վրաստանի կառավարությունը հրաժարվել է չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության արագ թեստերից (rapid tests), որոնց որակի հարցում կասկածել են նաև Իսպանիայի իշխանությունները: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Մարտի 26-ին Իսպանիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է Bioeasy-ի 9 հազար արագ թեստերի վերադարձման մասին: Հաստատվել է, որ իսպանական կառավարության պատվիրած առաջին խմբաքանակում թեստերի զգայունությունը կազմել է ընդամենը 30%, մինչդեռ պետք է լիներ 80%: Ընդհանուր առմամբ՝ Իսպանիան այդ ընկերությունից 340 հազար թեստ է պատվիրել:

Տիկարաձեն հայտնել է, որ մինչ օրս Bioeasy ընկերության թեստեր Վրաստանը չի ստացել: Նախարարի խոսքով՝ Shenzhen Bioeasy Biotechnology-ի հետ համաձայնությունն արդեն չեղարկվել է. գումարը փոխանցված չէր:

Վրաց առողջապահական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Bioeasy-ն, լինելով պատասխանատու կազմակերպություն, շուկայից հետ է կանչել իր արտադրանքը:

Հաղորդվում է, որ Վրաստանի կառավարությունը չինական ընկերության հետ 215 հազար արագ թեստեր գնելու վերաբերյալ էր համաձայնություն ձեռք բերել: Գործարքի արժեքը 1 մլն 182 հազար 5 հարյուր դոլար էր՝ մեկ թեստ-համակարգի համար՝ 5,5 դոլար: Տիկարաձեն հավելել է, որ Covid-19-ի բոլոր թեստ-համակարգերը, որոնք մատակարարվում են Վրաստան, փորձարկվում են Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտական կենտրոնում (Լուգարի լաբորատորիա):

Նախարարը նշել է, որ միայն ստուգումից հետո են դրանք օգտագործվում: Նա վստահեցրել է, որ Վրաստանում պացիենտներին տրամադրվում են բացառապես որակյալ պարագաներ: Ներկայումս վրաց իշխանություններն այլ ընկերության հետ են բանակցություններ վարում: Այդ ընկերությունն, ըստ Տիկարաձեի, 2 հազար օրինակ փորձնական տարբերակ կուղարկի: Եթե դրանց հուսալիությունն և որակը գոհացնեն վրացական կողմին, համաճարակաբաններին, ապա ձեռք կբերվի անհրաժեշտ քանակությունը: Այդ աշխատանքներին մասնակցում են նաև Վրաստանի դեսպանություններն արտերկրում:

Տիկարաձեն նշել է, որ Չինաստանի Սիչուան նահանգի կողմից Վրաստանին նվեր ուղարկված հազար արագ թեստերի որակի հարցում կասկածներ չունի: Այն Shenzhen Bioeasy Biotechnology-ն չի արտադրել: Ներկայումս այդ թեստերն օգտագործվում են Մարնեուլիում և Բոլնիսիում:

Մարտի 27-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 83 դեպք: 14 մարդ առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից, վարակված 2 օտարերկրացիներ լքել են երկիրը:

Ներկայումս կարանտինում 4505 մարդ է գտնվում, բժիշկների հսկողության ներքո՝ 247-ը: Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Վրաստանը մարտի 18-ից փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն է հայտարարված, իսկ Քվեմո Քարթլիի երկու շրջաններում՝ Մարնեուլիում և Բոլնիսիում, խիստ կարանտին է: Այդ մասին մենք արդեն հաղորդել են:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին