Մարնեուլի շրջանում զանգվածային տարածում չկա. Newsgeorgia

3 օրվա ընթացքում 80 հետազոտության արդյունք է ստացվել. հիմնական վարակվածները 62-ամյա կնոջ հարազատներն են: Նրանից մեկը 25-ամյա հղի կին է, վիճակը կայուն է: REGST, 27.03.2020, Աղբյուրը՝ newsgeorgia.ge

Եռօրյա ինտենսիվ աշխատանքներից հետո համաճարակաբանները հայտարարել են, որ Մարնելուի շրջանում կորոնավիրուսի զանգվածային տարածում չեն հայտնաբերել:

Վրաստանում մարտի 21-ից արտակարգ դրություն է հայտարարված: Բացի այդ` մարտի 23-ից Բոլնիսի և Մարնեուլի շրջաններում խիստ կարանտին է մտցվել այն բանից հետո, երբ համաճարակաբանները տեղի 62-ամյա բնակչի` կորոնավիրուսով վարակվելու աղբյուրը չեն հայտնաբերել: Նշված շրջաններից ելումուտը վերահսկում են բանակը և ոստիկանությունը:

Կինն ուշացմամբ դիմել է հիվանդանոց՝ սուր թոքաբորբով, որն առաջացրել է կորոնավիրուսը: Վերջին շրջանում կինը շատերի հետ է շփվել. նա մթերային խանութի սեփականատեր է: Բացի այդ՝ մարտի սկզբին հոգեհաց է կազմակերպել մեծ թվով հյուրերի (նաև՝ Ադրբեջանից) մասնակցությամբ:

Մարնեուլում և Բոլնիսում ապրում է ընդհանուր շուրջ 200 հազար մարդ: Զգուշանալով համաճարակային բռնկումից՝ մասնագետները հայտարարել են, որ կհետազոտեն բոլոր բնակիչներին, Մարնեուլիում զանգվածային թեստավորում կիրականացնեն: Վերջին 3 օրերի ընթացքում բժիշկներն ավելի քան 15 հազար տեղացիների են հետազոտել՝ առանձնացնելով կորոնավիրուսի ախտանշաններ ունեցողներին, ապա թեստավորել նրանց:

Մարտի 26-ին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ մինչ այս Մարնեուլում վարակվածներն անմիջական կապ են ունեցել 62-ամյա պացիենտի հետ: Մասնագետների խոսքով՝ դա թույլ է տալիս խոսել նշված շրջաններում կորոնավիրուսի տարածման ոչ զանգվածային բնույթի մասին:

Իմնաձեն նշել է, որ ներկայումս հետազոտվել է 80 մարդ՝ վարակված կնոջ հարազատներն ու մտերիմները: Նրանք, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, առայժմ պացիենտի ընտանիքի անդամներն են և շատ մտերիմները:

Հաղորդվել է նաև, որ համաճարակաբաններին հաջողվել է հայտնաբերել վարակման աղբյուրը: Վիրուսաբանները ենթադրում են, որ նա ընտանիքի անդամն է, ով այլ երկրից է ժամանել: Հաստատման համար սպասում են գենետիկ անալիզի արդյունքներին:

Հավելենք, որ 62-ամյա կնոջ հարազատներից է նաև 25-ամյա հղի կինը, ում մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել: Նրա վիճակը բժիշկները կայուն են գնահատում: Պղի վրա բացասական ազդեցություն չի արձանագրվել:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին