Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ դեղամիջոց է ստեղծվել. ФМБА России

Հաղորդվում է, որ դեղամիջոցի ստեղծման հիմքում մալարիան բուժող դեղն է՝ մեֆլոքինը, որը ստեղծվել է 1970-ականներին՝ ԱՄՆ-ի զինծառայողների համար: REGST, 29.03.2020.

Ռուսաստանի Բժշկակենսաբանական դաշնային գործակալությունը (ԲԿԴԳ) հայտարարել է, որ իր կազմում գործող Ֆարմզաշիտայի (Фармзащита) մասնագետները ստեղծել են կորոնավիրուսը բուժող դեղամիջոցը: Այն արդեն փորձարկել են մարդու բջջային կուլտուրայում:

Դեղամիջոցի ստացման հիմքում մեֆլոքինն է (mefloquine). հակամալարիական դեղ՝ մշակված 1970ականներին՝ ԱՄՆ-ի բանակի զինծառայողների համար: Հաղորդվում է, որ նոր պատվաստանյութը հաջողությամբ արգելափակում է վիրուսի ցիտոպաթետիկ գործողությունները և խոչընդոտում դրա բազմացմանը:

Իմունասուպրեսիվ հատկությամբ օժտված մեֆլոքինը ճնշում է բորբոքային գործընթացների զարգացումը: Դեղամիջոցում առկա են նաև մակրոլինդային և պենիցիլինային խմբերի հակաբիոտիկներ: Դրանք նվազեցնում են երկրորդական բակտերիական վարակի առաջացման հավանականությունը և բարձրացնում են թոքերում ու արյան մեջ հակավիրուսային միջոցների պարունակությունը:

Հաղորդվում է, որ դեղամիջոցի մշակումն իրականացվել է ԱՀԿ-ի խորհուրդները, ինչպես նաև ֆրանսիացի և չինացի բժիշկների փորձը հաշվի առնելով: Առաջարկվել է այն ներառել ՌԴ Առողջապահության նախարարության՝ Covid-19 կորոնավիրուսային վարակի բուժման, պրոֆիլակտիկայի և ախտորոշման մեթոդական ցուցումներում:

ԲԿԴԳ ղեկավար Վերոնիկա Սկվորցովան նշել է, որ գործակալությունը մշակում է Covid-19-ի պրոֆիլակտիկայի սխեմա, որը ոչ միայն թույլ կտա առավելագույնս անցավ հաղթահարել պանդեմիայի պիկը, այլև վերահսկել հիվանդացությունն ապագայում:

Օրերս ֆրանսիացի մասնագետները նույնպես կորոնավիրուսի դեմ արդյունավետ միջոց են նշել մալարիան բուժող դեղամիջոցը: Նրանք ցույց են տվել, որ հիդրոքսիքլորինը ազիթրոմիցինի հետ միասին հինգ օրում բուժել է կորոնավիրուսով վարակված 6 պացիենտների: Ամերիկացի գիտնականների կողմից նման մշակումների մասին է հայտարարել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Մարտի 28-ի երեկոյան աշխարհում տիրող իրավիճակը հետևյալն է.
— Վարակվածներ՝ 652079,
— Մահացածներ՝ 30313,
— Առողջացածներ՝ 137319:

Հայաստանում հետևյալ պատկերն է.
— Վարակվածներ՝ 407,
— Մահացածներ՝ 1,
— Առողջացածներ՝ 30:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին