Համընդհանուր և անսպասելի. Հնդկաստանում մոլորակի բնակչության 1/6-ը կարանտինում է հայտնվել. BBC/russian

Վտանգ կա, որ կորոնավիրուսի բռնկումն աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկում կվերածվի աղետի. սոցիալական խնդիրն արդեն թափ է հավաքել, իսկ մասնագետները պաշտոնական թվերի հարցում կասկածներ ունեն: REGST, 29.03.2020

Դաժան նկարի համար ներողություն ենք խնդրում (© REUTERS): Սակայն չենք կարող ուշադրություն չդարձնել բնակչության թվով աշխարհում երկրորդ երկրին՝ Հնդկաստանին, որտեղ, ինչպես ստորև ներկայացվող հրապարակման մեջ նշվում է, կորոնավիրուսի տարածումն իսկական աղետ կարող է ստեղծել (խմբ.կողմից):

Հնդկաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ ճիշտ են վարվել՝ գործնականում առանց նախազգուշացնելու խիստ կարանտինային միջոցառումներ են մտցրել, որոնց արդյունքում միլիոնավոր մարդիկ կտրվել են տանից և մնացել առանց սննդի: Շատերը պարզապես չեն հասցրել վերադառնալ իրենց բնակավայրերը:

Կառավարությունը 1,3 մլրդ բնակչություն ունեցող երկրում երեքշաբաթյա կարանտինի մասին հայտարարել են դրա մեկնարկից ընդամենը 4 ժամ առաջ: Պաշտոնապես հաղորդվել է, որ իշխանության գործողությունները եղել են կանխիչ, նախազգուշացնող և աստիճանական:

Նկարը՝ ft-ից

Պաշտոնական տվյալներով՝ ներկայումս Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 987 է: Սակայն մասնագետները կարծում են, որ այդ թիվը կարող է էականորեն մեծ լինել: Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերման համար կատարված հետազոտությունների քանակով զիջում է մյուս երկրներին, թեև իշխանությունները ձեռնարկում են իրադրությունը բարելավելուն ուղղված միջոցառումներ:

Covid-19-ից մինչ օրս Հնդկաստանում մահացել է 25 մարդ (առողջացել են 87-ը): Վտանգ կա, որ կորոնավիրուսի բռնկումն աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկում կվերածվի աղետի: Նոր միջոցառումները նախատեսում են տանից դուրս գալու լիակատար արգելք: Կենսական նշանակություն չունեցող բոլոր հաստատությունները փակ են, գրեթե բոլոր հասարակական հավաքներն արգելված են:

Մայրաքաղաքում հարյուրավոր անտուններ շարվել են անվճար սննդի հերթերում: Իշխանությունները խոստացել են նրանց կերակրել օրը երկու անգամ, սակայն մարդիկ շատ են. սնունդը բոլորին չի բավականացնում: Հերթերում կանգնածները բողոքում են, ոստիկաններն իրենց մահակներով հարվածում են՝ ստիպելով կարգը պահպանել: Անվճար սննդի հերթերում կան նաև ծնողներ՝ իրենց երեխաների հետ, ովքեր փորձում են ստանալ իրենց բաժին սնունդն ու կաթը: Խիստ կարանտին հայտարարելուց հետո Դելիի և Մումբայի բնակիչները գրոհել են խանութներն ու դեղատները:

Վարչապետ Նարենդրա Մոդին նախազգուշացրել է, որ խանութային խուճապը միայն կնպաստի վարակի տարածմանը: Նա վստահեցրել է, որ կառավարությունը երկիրը կապահովի ամեն ինչով: Խիստ կարանտինի հետևանքով միլիոնավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի ու փողի: Դա իր հերթին հանգեցրել է բազմահազարանոց տեղաշարժերի. խոշոր քաղաքների միգրանտ-աշխատողները ճանապարհ են ընկել՝ վերադառնալու իրենց բնակավայրերը: Նրանք ոտքով են գնում, քանի որ տրանսպորտը նույնպես չի գործում:

Տեղի ոստիկանության տվյալներով՝ շաբաթ օրը մի աշխատող է մահացել, ով փորձել է ոտքով 270 կմ անցնել՝ տուն գնալու համար:

Հնդկաստանի Տեղեկատվության և հեռուստառադիոհաղորդակցության նախարարությունը պատասխանել է առանց նախնական ծրագրի ու ծանուցման խիստ միջոցառումների ընդունման վերաբերյալ քննադատությանը՝ նշելով, որ կառավարությունը սահմանին արձագանքման լիակատար համակարգ է ներդրել դեռ այն ժամանակ, երբ ԱՀԿ-ն հունվարի 30-ին կորոնավիրուսի վտանգը հայտարարել է միջազգային մասշտաբի խնդիր:

Մի քանի նահանգների իշխանություններ աշխատող միգրանտներին դրամական աջակցություն են խոստացել, սակայն անհրաժեշտ օգնության մատակարարման հնարավորությունը հարցականի տակ է մնում: Ուտար Պրադեշ նահանգում (հյուսիս) ավտոբուսներ են հատկացրել տանից հեռու մնացածների համար:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին