Ներքին թշնամու կերպարի կառուցակցումը հետհեղափոխական Հայաստանում

Սոցիոլոգ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանի հետազոտությունը:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Թշնամու կերպարը, որպես փափուկ ուժի կիրառման քաղաքական պրակտիկա, առավելապես օգտագործվում է ճգնաժամային, միջպետական և ազգամիջյան կոնֆլիկտային իրավիճակներում և հիմնվում է զանգվածային գիտակցության կարծրատիպերի վրա՝ որպես օտարին տարանջատելու և նրանից պաշտպանվելու մեխանիզմ: Սակայն հանրային և քաղաքական հարաբերություններում նույնպես լայնորեն օգտագործվում է «թշնամու կերպարը»: Ընդ որում, այդ կերպարը կարող է լինել և՛ մտացածին, և՛ իրական: Ըստ էության, «թշնամու կերպարն» ունիվերսալ քաղաքական գործիք է, ինչը թույլ է տալիս թե՛ ստեղծել (մոբիլիզացնել հասարակությանը, ձևավորել և ամրապնդել հայրենասիրությունն ու ինքնությունը և այլն), թե՛ ոչնչացնել (ծնել սոցիալական կամ ազգամիջյան կոնֆլիկտներ, դեհումանիզացնել սոցիալական խմբերին, ազգերին, գաղափարները, արժեքները և այլն)[1]:

Սակայն թշնամու կերպարը հասարակության համար ունի հիմնարար նշանակություն և համակարգային բնույթ. «Թշնամի ունենալը կարևոր է ոչ միայն սեփական ինքնությունը սահմանելու համար: Այն նաև հնարավորություն է ընձեռում փորձել սեփական արժեհամակարգը և ցուցադրել այն շրջապատին: Այնպես որ, եթե թշնամի չկա, հարկ է ստեղծել այն: Եվ ամենահետաքրքիրն այդ դեպքում ինքնին կերպարի ստեղծման գործընթացն է»[2]:

Թշնամու կերպարն իր հերթին հարկ է առանձնացնել որպես արտաքին և ներքին թշնամու կերպար: Հայաստանը, փաստացի գտնվելով պատերազմի մեջ, հանդիսանալով չկարգավորված հակամարտության կողմ, ունենալով թշնամական միջավայր և պատմական հիշողության թշնամական երևակայություն, անվտանգության հիմնախնդիրներ, ինչպես նաև ինքնության պահպանման գերակայություն, ունի թշնամու ընկալման իր առանձնահատկությունները: Այսօր Հայաստանի հասարակության գիտակցության մեջ միանշանակ է Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական ընկալումը[3]: Հետևաբար թշնամու կերպարի կառուցակցումը և նույնացումը տեղի է ունենում հիմնականում այդ երկրների և ժողովուրդների շուրջ: Սակայն այլ է, այսպես կոչված, ներքին թշնամու կերպարը, որը չունի կայունություն և միանշանակ չէ, փոխակերպվում է քաղաքական գործընթացների համատեքստում, սակայն ունի կառուցակցման և կիրառման մեխանիզմների նույնականություն: 

2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվող հասարակական ու քաղաքական նոր հարաբերությունները փոխակերպեցին ներքին թշնամու կերպարը՝ անհատական և զանգվածային գիտակցության մեջ այդ կերպարի կառուցակցման տարբեր շարժառիթների, բազմազան մեխանիզմների ու մեթոդների գործադրմամբ: Ընդ որում, սկսեց ընթանալ ներքին թշնամու կերպարի ձևավորման երկու ուղղություն՝ նոր և նախկին իշխանությունների[4] կողմից: Հեղափոխության օրերին և դրան հաջորդող ներքաղաքական տարբեր իրավիճակներում ու բարեփոխումների գործընթացում նախկին իշխանություններն ակամայից հայտնվեցին ներքին թշնամու կերպարի սահմանման մեջ: Նրանք իրենց հերթին փորձեցին ձևավորել թշնամու այլ կերպարներ: Այդպիսով ստացվեց պարադոքսալ իրավիճակ, երբ նախկին իշխանություններն օժանդակում են նոր իշխանության լեգիտիմացմանը՝ «թշնամու կերպարի» մեջ իրենց ինքնակա ներառմամբ, իսկ նոր իշխանությունները լայնորեն օգտագործում են այդ հնարավորությունը: 

ԹՇՆԱՄՈւ ԿԵՐՊԱՐԸ ՈՐՊԵՍ «ՓԱՓՈւԿ ՈւԺԻ» ԳՈՐԾԻՔ

Քաղաքական հարաբերություններում, իշխանության լեգիտիմացման գործընթացում էական է «թշնամու կերպարի» կառուցակցումը փափուկ ուժի գործիքներով, ինչպես ինտելեկտուալ պատերնները (օրինակ, տարբեր բարոյական-առօրեական հասկացությունների մեկնաբանումը) և կոգնիտիվ գայթակղությունները (օրինակ, մտածողությունն ուղղորդող կարծրատիպերի համակարգը)[5]: Սակայն «թշնամու կերպարի» ֆենոմենն առավելապես դրսևորվում և կարողանում է կառավարել հասարակության գիտակցությունն ավտորիտար-տոտալիտար քաղաքական ռեժիմներում կամ նման հակվածությամբ հասարակություններում[6]:

Չնայած հեղափոխությունից հետո ժողովրդավարական զարգացումներին՝ հեղափոխության բնույթն ինքնին և դրան հաջորդող գործընթացներում պոպուլիստական հռետորաբանությունը խթանեցին «հակառակորդների» միջև թշնամական դիսկուրսի ձևավորումը: «Ներքին թշնամի», «ժողովրդի թշնամի», «պետության թշնամի», «բանակի թշնամի», «Արցախի թշնամի» հասկացությունների կամ դավադրության տեսությունների շրջանառման միջոցով տեղեկատվական պատերազմի երկու կողմերը՝ հետհեղափոխական և նախկին իշխանությունները, կիրառում են «թշնամու կերպարը» որպես փափուկ ուժի գործիք: Իսկ ազդեցության համար օգտագործվող տեխնոլոգիաների պարզությունը, հասարակության մեջ արմատավորված՝ պետության ու իշխանության ընկալման արժեքները նպաստում են այդ գործընթացում լայն զանգվածների ներառմանը:   

Նոր ձևավորված իշխանությունը ներքին «թշնամու կերպարի» փափուկ ուժ ուղղակի և/կամ անուղղակի սկսեց կիրառել հենց հեղափոխության օրերից և շարունակում է առ այսօր: Այն դրսևորվել է մի շարք ձևերով՝

  • հեղափոխության հաջողության համար մոբիլիզացնելով մարդկանց հակապետական, ոչ լեգիտիմ, հակաժողովրդական ուժի դեմ,
  • աղմկահարույց բացահայտումներ անելով նախկին իշխանությունների գործունեությունից և սկսելով մի քանի առանցքային դատավարություններ,
  • վերբալ գնահատականներ տալով նախկին «հանցավոր ռեժիմին»,
  • բարեփոխումների համար խոչընդոտ տեսնելով նախկին ռեժիմից մնացած համակարգերը, պետական ինստիտուտները,
  • բարեփոխումների և իշխանության ներսում առաջացած տարբեր խնդիրների լուծման համար մոբիլիզացնելով հասարակությանն ընդդեմ «նախկին ռեժիմի»,
  • իշխանության տարբեր ճյուղերի ու պաշտոնյաների գործունեության արդյունավետությունը չափելով «նախկինների» հետ,
  • իշխանության վախի մոտիվներով մշտապես հիշեցնելով նախկինների ծայրահեղ բացասական կերպարն ու գործելակերպը:

Նախկին իշխանությունները, հայտնվելով «թշնամու կերպարի» մեջ, իրենց հերթին հակադարձում են՝ ուղիղ թիրախավորելով հետհեղափոխական իշխանությանն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դա իրականացվում է հիմնականում երկու ուղղությամբ.  

  • հիբրիդային պատերազմ և տեղեկատվական արշավ՝ օգտագործելով մեծաքանակ մեդիա ռեսուրսներ, սոցիալական ցանցեր ու կեղծ օգտահաշիվներ, հատուկ խմբեր, ակումբներ ու կուսակցություններ, ինչպես նաև փնտրելով արտաքին հովանավորներ,
  • թշնամու այլ՝ հավաքական կերպարների ձևավորում և հանրային ու քաղաքական դիսկուրսների մեջ դրանց ներառում (ինչպես, Սորոսը կամ սորոսական լինելը, դավադրության տեսությունները՝ ինչ-որ տեղից կառավարվելը, «կործանիչ» արևմտյան արժեքներին դավանելը, հակազգային, ոչ պահպանողական կամ լիբերալ լինելը և այլն):

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը դեռևս չի կիրառում թշնամու կերպարի գործիքն իշխանության նկատմամբ, բացառությամբ առանձին դեպքերի (օրինակ, Սասնա Ծռերի որոշ հայտարարություններ):

ԹՇՆԱՄԻՆ ՈՐՊԵՍ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ԿԱՐԵՎՈՐ ՏԱՐՐ

Թշնամու կերպարն օբյեկտիվ գաղափարական արտադրանք է, երկրի, այսպես կոչված, պրոպագանդիստական «ՀՆԱ»-ը[7]: «Թշնամու կերպարի» հայեցակարգն ուղղակիորեն կապված է պրոպագանդայի հետ, սակայն տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են օգտագործում այդ կապը:

Հակաիշխանական քարոզչական հիմնական թեզերն են.

  • «հողեր հանձնող»

Նախկին իշխանությունները, օգտագործելով երկրի պատերազմական վիճակը և անվտանգության խնդրի կարևորությունը, «հայրենասիրական» պրոպագանդայի միջոցով տասնամյակներով թուլացրել են ժողովրդավարական գործընթացների և արժեքների հանդեպ հանրային պահանջը, շատ դեպքերում հակադրության մեջ են դրվել անվտանգությունը և ժողովրդավարությունը, «հայրենասիրությունը» և ժողովրդավարական, քաղաքացիական արժեքները: Անվտանգության շահերի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հակադրությունը հանրային ընկալումներում առավել ամրապնդվել է քաղաքական դիսկուրսում՝ ներքաղաքական գործընթացների խորապատկերին: Այսպես, Ղարաբաղյան հակամարտությունը մշտապես եղել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական նշանակության կարևոր հարցերից մեկը: Այդ քննարկումներում շրջանառվող կարծրատիպերն աշխատել են հօգուտ անվտանգության գերակայության՝ ի հաշիվ ժողովրդավարության: Եվ այժմ, երբ հեղափոխության միջոցով ձևավորված իշխանությունն այլևս չունի լեգիտիմության ու վստահության խնդիր և հռչակել ու իրականացնում է ժողովրդավարական զարգացման  ուղի, ինչը հակամարտության կարգավորման գործում նոր խթանող ռեսուրս է, կարծես ի դերև է անում նախկին իշխանությունների մրցակցային միակ «առավելությունը»: 

Ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ լուծման մեղադրանքը սկսել է շրջանառվել դեռևս հեղափոխության օրերից: Նախկին իշխանությունները, որոնք վարպետորեն շահարկել են Ղարաբաղյան հարցը ներքին խնդիրների լուծման համար, այժմ կիրառում են նույն գործիքը հակաիշխանական, երբեմն նաև հակապետական քարոզչության մեջ: Նախկին իշխանությունները մշտապես օգտագործել են ԼՂ հիմնահարցը ներքաղաքական գործընթացներում և իշխանական հարաբերություններում՝ արդարացնելու համար ավտորիտար կառավարումը կամ ժողովրդավարության հետընթացը, սոցիալ-տնտեսական դժվարությունները, հակամարտության հայանպաստ լուծման երաշխավորը լինելու հիմնավորումը: Սակայն հեղափոխությունը և դրան հաջորդող գործընթացները ցույց տվեցին այդ գործոնների անհամատեղելիության միֆականությունը: Իսկ պատերազմը շահարկող նախկին իշխանությունները սկսեցին մանիպուլացնել նույն խնդիրը նոր իշխանությունների ժողովրդավարական «թուլության» ներքո՝ երբեմն հատելով հակապետական սահմանը:

Եվ չնայած «հողեր հանձնելու» քարոզչական թեզն իր մի քանի վերջնաժամկետներով այդպես էլ տեղի չի ունենում, նախկին իշխանությունները շարունակում են այս մանիպուլյացիան: Այս գործընթացի խորհրդանշական դրսևորում է ՀՀ երրորդ նախագահ Ս. Սարգսյանի՝ իր դատավարությանը համակիրների ուղերձը՝ «Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»: Նրանք թերացումների իրենց միակ արդարացումն այժմ օգտագործում են որպես նոր իշխանության հիմնական թերություն՝ հաշվի առնելով հասարակության գերզգայունությունն այս հարցին ու զիջումը որպես դավաճանություն ընկալելու նարատիվները: 

  • «ապազգային»

Ազգային արժեքների ոտնահարման մեղադրանքը

Ռուսաստանի քաղաքական մեծ ներազդեցության, իշխանության ավտորիտար բնույթի, հասարակության մեջ խորհրդային իներցիայի և այլ գործոնների ազդեցությամբ Արևմտուտքի «անբարո», ապազգային արժեքների տասնամյակների քարոզչությունը հանրային ու քաղաքական դիսկուրսը նախկին իշխանություններին դիրքավորել էր որպես, այսպես կոչված, ավանդական, ազգային արժեքների ջատագով, պահպանողական ուժ: Ազգային, քրիստոնեական (առաքելական) և ընտանեկան արժեքների ոտնահարման՝ քաղաքացիական հասարակության մի նեղ հատվածին վերագրվող քարոզչությունն ակտիվացավ և տեղափոխվեց ողջ իշխանության կողմը: Այս արժեքների ոտնահարման մեղադրանքն ուղեկցվում է հայրենասիրության քննարկմամբ:   

  • «սորոսական»

Հատկապես ավանդական հասարակությունները շատ են օգտագործում թշնամու կերպարի կառուցման այս մոտեցումը՝ հավաքական կերպարի մեջ թշնամուն վերածելով բացարձակ չարիքի: Գիտակցության մեջ ստեղծված հավաքական թշնամական կերպարը մարմնավորում է չարը և կործանարարը՝ ձերբազատելով հասարակությանը բարոյական պատասխանատվությունից[8]:

Դավադրության տեսությունների միջոցով նման հավաքական կերպարների ամրապնդումն օգնում է թշնամու կերպարում հայտնված նախկին իշխանություններին՝ 1) փոխել իրենց դեմ ուղղված թշնամանքի, ատելության, մեղադրանքի սլաքը, 2) ստեղծել անհստակություն և անհասցեականություն՝ ցանկացած պահի այդ կերպարի մեջ ներառելով նոր անհատներ և խմբեր, նոր թեմաներ ու հիմնահարցեր,  3) իշխանության կերպարը կառուցել միջնորդավորված՝ դավադրության տեսությունների պրոպագանդիստական նյութերի, մեդիայի միջոցով գիտակցության մեջ ստեղծելով թշնամու հավաքական պատկերներ և ատելություն սերմանելով նրա հանդեպ՝ հիմնվելով հասարակության տարբեր «արխետիպերի» վրա:

Իշխանությունը քարոզչությունն իրականացնում է ոչ ուղղակի: Ինստիտուցիոնալ քաղաքական գնահատական չտալով նախկին իշխանությունների գործունեությանը, դիտարկելով դրանք մասնավոր դեպքերի օրինակով՝ այդուհանդերձ, քաղաքական դիսկուրսը շրջանառում է հիմնական հակառակորդի թշնամական կերպարը ներկայացնող նարատիվներ: Թշնամու կերպարը դառնում է քաղաքականության գործիք, իշխանության ինքնության ձևավորման հիմնական գործոնը: Պատահական չէ, որ կիրառվում է աշխարհը երկու հակադիր-հակամարտող կողմերի բաժանող միֆոլոգիական դուալիզմը՝ «սև-սպիտակ», «հեղափոխական-հակահեղափոխական», «մենք-նրանք» բաժանումը: Հենց նման դիխոտոմիան է ծնում ընդհանուր թշնամու առկայության մասին միֆը, ինչն էլ դառնում է քաղաքականության շարժիչ ուժը: Սակայն դրա երկարաժամկետ կիրառումը հղի է մի շարք սոցիալ-քաղաքական հետևանքներով: Այն նաև առաջացնում է զանգվածային թշնամական երևակայություն:     

ԹՇՆԱՄՈւ ԿԵՐՊԱՐԸ ՈՐՊԵՍ ՄՏԱԾՈՂՈւԹՅԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊ

Բացասական կարծրատիպերը թշնամական վերաբերմունքի անմիջական պատճառը չեն: Սակայն դրանք նպաստում են «թշնամու կերպարի» ձևավորմանը և նրա հիմնական բնութագրիչների սահմանմանը: Բացի դրանից կարծրատիպերն օգնում են, որպեսզի ձևավորվող «թշնամու կերպարը» համապատասխանի ընկալողների որոշակի պահանջներին:

ա) Բավարարել պահանջմունքները՝ պարունակելով տեղեկատվություն իրական կամ մտացածին վտանգի, սպառնալիքի, իրադարձությունների զարգացման հնարավոր ընթացքի մասին.

Նոր իշխանություն  Նախկին իշխանություն
Հեղաշրջման փորձ Հիբրիդային պատերազմ Հակահեղափոխական Օտարերկրյա գործակալներ Ֆեյքերի բանակ Կեղծ տեղեկատվություն (fake news) Պահպանված կապեր պետական համակարգում և ուժային կառույցներում Ֆինանսական մեծ կարողություններ Պետական ինստիտուտների վերահսկողություն Պետական ապարատն ընդդեմ հեղափոխության Պարտիզանական պայքար Համակարգված թալան և կոռուպցիա ԼՂ հարցով չբարձրաձայնած զիջումներՀողերի հանձնում Խաղաղության պատրաստում, զիջում Ֆեյքերի բանակ Տարբեր միջազգային կառույցների վատ վերաբերմունք Դավադրության տեսություններ Պետությունը ղեկավարելուն անհամապատասխան անձնական հատկություններ «Սորոսական» կադրեր

բ) Իրականացնել գնահատող գործառույթ՝ հասարակությունում առկա ավանդույթներին, պատկերացումներին, արժեքներին, աշխարհընկալմանը համապատասխան.

Նոր իշխանություն  Նախկին իշխանություն
Պետական համակարգված թալան Համակարգային կոռուպցիա Ընտանեկան բռնություն Մարդու իրավունքներ Ոչ քաղաքացիական, կեղծ հայրենասիրական արժեքներԱրևմտյան, լիբերալ արժեքներ Ապազգային, ոչ հայրենասեր Ազգային, ավանդական արժեքների ոտնահարում Հարված ընտանիքի ինստիտուտին ԼԳԲՏ քարոզ

գ) Պարունակել ճանաչողական տեղեկատվություն «թշնամու» քանակական ու որակական ցուցիչների մասին.

Նոր իշխանություն  Նախկին իշխանություն
ԶԼՄ-ներ, մեդիա ռեսուրսներ Ֆեյքերի բանակ Արտաքին հովանավորչությունԶԼՄ-ներ, մեդիա ռեսուրսներ Ֆեյքերի բանակ Վարչական ռեսուրսներ

դ) Նպաստել ընկալողների ներքին կոնսոլիդացիային.

Նոր իշխանություն  Նախկին իշխանություն
«Թշնամին» որպես հակապետական ուժի չվերարտադրման, հեղափոխության արժեքների պահպանման և իշխանության պահպանման մեխանիզմ«Թշնամին» որպես սոցիալ-մշակութային արժեքների պահպանման, երկիրը կործանումից փրկելու շուրջ համախմբման մեխանիզմ

ԹՇՆԱՄՈւ ԿԵՐՊԱՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ

«Թշնամու կերպարը» հասարակության քաղաքական մոբիլիզացման ազդեցիկ գործիքներից է: Սոցիումի բացասական մոբիլիզացման մեխանիզմը՝ ներքին խնդիրների հաղթահարման համար արտաքին թշնամու կերպարի օգտագործումը, մշտապես կիրառվել է Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Նախկին իշխանությունները, օգտագործելով պատերազմական վիճակը, քաղաքական դիսկուրսում ամրապնդել են անվտանգության շահերի և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների հակադրությունը: Այդ դիսկուրսները սահմանել են որոշակի նարատիվներ, որոնք ուղղված են եղել արդարացնելու ավտորիտար կառավարումը կամ ժողովրդավարության հետընթացը (ավտորիտար մոտեցումները ներկայացվում են որպես ուժի և անվտանգության ապահովման գրավական), սոցիալ-տնտեսական դժվարությունները (պատերազմի մշտական վտանգի և պաշտպանական ծախսերի հաշվին), ԼՂ հակամարտության լուծման երաշխավորը լինելը (հայանպաստ կարգավորումն ուղղակիորեն կապվում է իշխանության մեջ գտնվող որոշակի անձանց հետ): Ներքին թերություններով, բացթողումներով, խնդիրներով «թուրքին չուրախացնելու» տաբուն որոշակիորեն կոտրվեց 2018թ․ ապրիլյան հեղափոխությունից հետո: Հեղափոխությանը զանգվածային մասնակցությունը կոտրեց տարիներով շրջանառվող միֆը, որ հայ հասարակությունը պատմական հիշողության, պահպանողականության և ողջամտության/իմաստության շնորհիվ չի գնա ներքաղաքական ցնցումների՝ գիտակցելով դրանից օգտվող թշնամական միջավայրի և պատերազմի վտանգը: Հետհեղափոխական իշխանությունը կարծես հրաժարվել է արտաքին թշնամու կերպարի օգտագործումը ներքին խնդիների լուծման համար, պատերազմի և անվտանգության շահագործումը:

Սակայն ներքին թշնամու կերպարի շուրջ մոբիլիզացումը, որը նախկինում մշտապես եղել է ընդդիմության գործիքն ակտիվ ներքաղաքական գործընթացներում, այժմ օգտագործվում է ընդդիմությունից իշխանություն դարձած խմբի/գործիչների կողմից: Ընդդիմությանը ճնշելու համար արտաքին թշնամու կերպարի օգտագործման մեխանիզմը փոխարինել է ընդդիմության թշնամու կերպարի՝ որպես իրական կամ կառուցված սպառնալիքի դեմ մոբիլիզացման գործիքի, ինչը զանգվածային հանրային ընկալումներում առաջացնում է պաշտպանվելու և հովանավորչության, ազգային առաջնորդի շուրջ համախմբվելու ուժեղ պահանջմունք: Եթե նախկինում արտաքին թշնամին գործածվում էր որպես ընդդիմության զսպման մեխանիզմ, ապա այժմ արտաքին վտանգի չեզոքացման կարողությունը վերագրվում է ներքին թշնամուն չեզոքացնելու խնդիր:   

ԱՄՓՈՓՈւՄ

Թավշյա հեղափոխության հաջողության սկզբունքը՝ հասարակության բացասական մոբիլիզացման պրակտիկայի երկարաժամկետ կիրառումը, կարող է զենք դառնալ ոչ միայն այն գործածող իշխանության դեմ, այլև հանրային ու քաղաքական դաշտում հանգեցնել անդառնալի հետևանքների: Հեղափոխության հետևանքների հաղթահարման, իշխանության կայունության և պահպանման ջանքերի ժամանակահատվածը, երբ բացասական մոբիլիզացումն աշխատող գործիք էր, պետք է փոխարինվի պետականաշինության և ինստիտուտների ձևավորման փուլով, երբ բացասական մոբիլիզացումը փոխարինում է դրականին՝ համախմբում համազգային գաղափարների, նպատակադրումների, մեծամասնության համար բարիքների ստեղծման շուրջ:

Երբ թշնամուն վերագրվում է բացասական ծիսական դեր, ապա դրա միջոցով տեղի է ունենում մեղք գործելու գիտակցումից ձերբազատում, քանի որ անհատը համարում է, որ մասնակցել է ոչ թե մարդու, այլ չարիքի ոչնչացմանը: Այն, թե ինչպես ենք մենք պատկերում ինչ որ մեկին, մեծապես կախված է, թե ինչպես կարձագանքեն այդ թշնամուն[9]: Թշնամու կերպարի գործիքի կիրառումը ներքաղաքական հարաբերություններում ի վերջո կարող է հանգեցնել բռնության պրակտիկայի, ինչը չափազանց անցանկալի է:

Այս մոտեցումը ստեղծում է նաև թշնամական երևակայություն: Հասարակության արժեքային համակարգը, քաղաքական ներառվածության մակարդակը, մեդիա գրագիտության աստիճանը, դավադրության տեսությունների և քարոզչության նկատմամբ հակվածությունը, հասարակության վախերն ու իշանության վախերը, պետության/առաջնորդի ավտորիտար/տոտալիտար ընկալումները նպաստում են «թշնամու կերպարի» կառուցակցման մեթոդի կիրառման հաջողությանը՝ որպես պրոպագանդայի և գաղափարական ազդեցության գլխավոր գործիքի գործածմանը:

Իշխանության դեմ ընթացող հիբրիդային պատերազմը, որի նպատակներից մեկը հեղաշրջումն է, քայքայիչ ազդեցություն ունի ոչ միայն հետհեղափոխական իշխանությունը ներկայացնող թիմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլ նաև ողջ քաղաքական դաշտի և հանրության համար: Հենց դրա դեմ արդյունավետ պայքարը կարող է պայմանավորել ոչ միայն երկուստեք «թշնամու կերպարի» գործիքի չկիրառման պրակտիկան, այլև այդ կերպարի շուրջ բացասական մոբիլիզացումը կփոխարինի դրականով (պետականաշինություն, ինստիտուտների զարգացում և վստահության բարձրացում, բարեփոխումների ռազմավարություններ ու ճանապարհային քարտեզ): Դրանք հարկ է իրականացնել երեք ուղղությամբ՝ համարժեք գնահատական ու արձագանք, բարեփոխումներ և հաղորդակցության բարելավում: Այսպես, նպատակահարմար չէ կիրառել տեղեկատվական արշավի փոքր սկանդալներին պատասխանելու տակտիկան, հարկ է տալ հիմնարար գնահատական երևույթներին (նշել խնդիրը, հանրային վնասները և ազգային անվտանգությունից ելնելով ձեռնարկվող քայլերը) կամ ընդհանուր քաղաքական գնահատական նախկին ռեժիմին: Կարևոր է արձագանքել իրական, առողջ ընդդիմությանը, օգնել նրան կայանալ և խթանել կառուցողական քննադատությունն ու այլակարծությունը: Այդ համատեքստում խիստ անհրաժեշտ են բարեփոխումներ ուժային կառույցներում, դատական համակարգում և պետական գերատեսչություններում: Շատ կարևոր է հանրային հաղորդակցության ճիշտ մեթոդների ու գործիքների կիրառումը, ինչպես նաև խոսքի և մամուլի ազատության ճիշտ կարգավորումները:    

«Թշնամու կերպարը» կարող է ձևավորվել իրական կամ մտացածին հիմնավորումներով կամ ներկայացնել բնական և/կամ նպատակաուղղված գործընթաց: Մեդիան և քաղաքական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծել այդ կերպարը նաև վիրտուալ տարածքում: Եվ այստեղ ի հայտ է գալիս ոչ թե իրական բախում թշնամու հետ, այլ թշնամու սոցիալական կառուցակցում, թշնամու որոշակի պահանջ: Թշնամին դառնում է ծուռ հայելի. եթե ուզում ես քեզ տեսնել, պետք է նայես թշնամուն: Հանրությունը դառնում է դրա վիրտուալ սպառողը: Այս տեղեկատվական արշավը ստեղծում է անհանդուրժողականություն, թշնամական վերաբերմունք այլակարծության նկատմամբ:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)         


[1] Keen S., Faces of the Enemy: Reflections on the Hostile Imagination, Harper & Row, 2004.

[2] Эко У., Сотвори себе врага, М., 2012.

[3] Ըստ հանրային կարծիքի հարցման՝ Ադրբեջանը Հայաստանի ամենաթշնամական երկիր է համարում հարցվածների մինչև 75 տոկոսը, իսկ Թուրքիան՝ 20 տոկոսը: Ըստ էության, այս երկու երկրները հիմնական թշնամիներն են. այլ երկրներն աննշան թշնամանք են հարուցում: Տե՛ս Caucasus Barometer, Public Perceptions on Political, Social, and Economic Issues in the South Caucasus Countries, CRRC-Armenia, 2017, (https://www.crrc.am/wp-content/themes/crrc/barometer_files/presentations-2017.pdf):

[4] Այստեղ և ներքոշարադրյալում նախկին իշխանություն ասելով հիմնականում նկատի ունենք ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ժամանակաշրջանի իշխանություններին, քաղաքական ուժերին և անհատներին: 

[5] Томбу Д.В., Образ врага как инструмент «мягкой силы», Политические науки, № 6(60), 2017.

[6] Гасанов И.Б., Национальные стереотипы и «образ врага», М., 1994.

[7] Савельев А.Н., Образ врага, Расология и политическая антропология, М., 2007.

[8] Гозман Л., Эткинд А., Структура тоталитарного сознания: Осмыслить культ Сталина, М., 1989.

[9] Keen S., Faces of the Enemy: Reflections on the Hostile Imagination, Harper & Row, 2004.

Այցելեք նաև մեր Telegram ալիքը