Հայաստանի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում ախտահանիչ է ստեղծվել

Բիօքսիլ-2-ը նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող ախտահանիչ է: REGST, 09.04.2020. նկարը՝ Azat TV-ի.

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հաղորդմամբ՝ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում մշակվել է նոր սերնդի կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա՝ մատչելի և բնապահպանական նպատակային պայմաններին բավարարող «Բիօքսիլ-2» ախտահանիչը և դրա արտադրության համապատասխան տեխնոլոգիա (աշխատանքների ղեկավար՝ ակադեմիկոս Լ.Ա. Թավադյան):

Նշվում է, որ տեխնոլոգիական իրականացումը սկզբնական փուլում՝ 1 տոննա/օր արտադրողականությամբ, արդեն իսկ ներդրված է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փորձնական արտադրամասում: Ախտահանիչն անցել է մանրէասպան հատկությունների համապատասխան փորձարկումներ՝ ՀՀ Առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է ախտահանիչի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում»  հաստատվել են տեխնիկական պայմանները:

Հանրապետությունում ստեղծված ներկա արտակարգ իրավիճակում ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտն իր միջոցներով արտադրել է 1 տոննա ախտահանիչ միջոց, անհատույց տրամադրել ԱԻ նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:

Հաղորդվում է, որ տարածվող կորոնովիրուսի համավարակի  դեմ տարվող պայքարի  շրջանակներում ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը այդ նպատակով պատրաստ է իրականացնել «Բիօքսիլ-2» ախտահանիչի մեծածավալ արտադրություն:

Հետևեք մեր Telegram ալիքին