Աշխարհիկ կրթություն․ միֆեր և իրականություն. Ռուզաննա Դուրունց

Պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է,- Ռուզաննա Դուրունց:

Կրթությունն իրավացիորեն դիտարկվում է որպես սոցիալական ու մշակութային կատալիզատոր ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող ցանկացած երկրի տնտեսական, մշակութային և այլ ոլորտների զարգացման համար։

Այս համատեքստում բուռն բանավեճի առարկա է Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը։ Պաշտամունքի ազատության հետ մեկտեղ՝ Սահմանադրությունը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Մենք ցանկանում ենք բաց, ներառական (ինքլյուզիվ) կրթական համակարգ՝ ազատ ցանկացած խտրականությունից, այդ թվում՝ կրոնական։

Իհարկե, պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։

Սակայն այս գերագույն նպատակն իրականացնելու ճանապարհին հայրենասիրություն և մարդասիրություն հասկացությունները երբևէ չպետք է հակասեն միմյանց։ Մեր պատկերացրած ժողովրդավար Հայաստանում հայրենասիրությունն օրենքի նկատմամբ հավասարությունն է բոլորի համար, տնտեսական, կրթական և գիտական ասպարեզներում առաջընթացին նպաստումը, ՀՀ ազատ քաղաքացու ձևավորումը հանրակրթական դպրոցներում՝ ազատ կարծրատիպերից, խտրականությունից և դրա ցանկացած դրսևորումից։

Սակայն այն, ինչ մենք ունենք այժմ, շատ հեռու է վերոնշյալից։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան արդեն ավելի քան 15 տարի դասավանդվում է դպրոցներում՝ ոտնահարելով այլ կրոնական փոքրամասնությունների, աթեիստների և ագնոստիկների կրոնական ազատության իրավունքը՝ դառնալով քարոզչության ձև՝ ընդդեմ մարդու իրավունքների ու Սահմանադրությամբ նրան վերապահված խղճի ու կրոնի ազատության: «Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ (սեկուլյար) պետություն է, որտեղ դպրոցն անջատ է եկեղեցուց»,- հռչակում է ՀՀ Սահմանադրությունը։

Աշխարհիկ կրթության կարևորությունն առավել ընդգծվում է կրոնական ֆանատիզմի և դրա կործանիչ հետևանքների խորապատկերին։

Եվ այսպես, ինչո՞ւ պետք է նպաստել ու հետևողականորեն կիրառել աշխարհիկ կրթությունը հանրակրթական դպրոցներում։ Պատճառները տարբեր են, և մեր հասարակությունը պետք է կարողանա տարբերել միֆերն իրականությունից։

Միֆ․ Աշխարհիկ կրթությունը հերքում է կրոնը և քարոզում աթեիզմ

Իրականություն Աշխարհիկ կրթությունը չի հերքում կրոնը

Աշխարհիկ կրթությունը բնավ չի հերքում կրոնը և հոգևորը։ Այս կրթությունն ապահովող դպրոցները ստեղծում են չեզոք ու հավասար պայմաններ բոլոր երեխաների համար՝ ազատ կրոնական սիմվոլիզմից և ցանկացած քարոզչությունից։ Այս կրթությունը չի պրոպագանդում աթեիզմ, այն պարզապես դասավանդում է գիտական հիմք ունեցող առարկաներ, որոնք նպաստում են երեխաների գիտելիքների պաշարի ընդլայնմանը՝ թողնելով կրոնական և հոգևոր տեսանկյունն ընտանիքներին։

Միֆ․ Աշխարհիկ կրթությունը խարխլում է հոգևոր հիմքերը

Իրականություն Աշխարհիկ կրթությունը կառուցողական ազդեցություն ունի հասարակության վրա

Սեկուլյար կրթության դեպքում պաշտպանված են և՛ հավատացյալները, և՛ ոչ հավատացյալները։ Այն հավասարության նշան է դնում ցանկացած կրոնական պատկանելություն ունեցող աշակերտների միջև՝ ներկայացնելով բոլոր կրոնները հավասարապես, սովորեցնելով հարգել բոլորի տարբերությունները, տալով ազատ ընտրության և կողմնորոշման իրավունք։ Այսպիսով, այն նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը, որտեղ մարդուն չեն դատում, այլ հարգում են անկախ կրոնից։

Այսպիսով, անհրաժեշտ է փաստել, որ սեկուլյար հանրակրթական դպրոցները նպաստում են մարդու իրավունքների պաշտպանությանը, օգնում են երեխաներին հասկանալ և ըմբռնել տարբերություններն ու հարգել դրանք։ Սեկուլյարիզմը կարևորագույն միջոցներից է աշխարհում ժողովրդավար հասարակություններ ձևավորելու, խաղաղ և ոչ կոնֆլիկտային միջավայր ստեղծելու հարցում։

Իրավական համակարգի հիմք հանդիսացող Սահմանադրությունն այն արժեքաբանական գաղափարական փաստաթուղթն է, որի գործնական կիրառումը բոլորիս հայրենասիրության գերագույն արտացոլումը պետք է լինի։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ դպրոցներում ձևավորվում են քաղաքացիներ, ովքեր կերտելու են Հայաստանի ապագան, ներկայանալու են աշխարհի տարբեր հարթակներում, նրանք այն արժեհամակարգի կրողներն են լինելու, որը մենք այսօր սերմանում ենք դպրոցներում։

Սեկուլյար կրթությունը բնավ չի նշանակում կրոնի ու հոգևորի հերքում, այն պարզապես ստեղծում է չեզոք կրոնական միջավայր հանրակրթական դպրոցների աշակերտների համար՝ թողնելով հոգևոր ու կրոնական տեսանկյունն ընտանիքների և ծնողների հայեցողությանը։

Հայաստանը պետք է կարողանա համաչափ քայլել «տեխնոլոգիական ծաղկունքում» գտնվող զարգացած երկրների հետ, իսկ դա հնարավոր կլինի միայն գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելով աշակերտների մեջ, ավելացնելով ու ամրապնդելով գիտական առարկաների ուսուցումը։ Միայն այդ կերպ է հնարավոր «զարգացող» երկրի կարգավիճակը հնարավորինս արագ փոխել «զարգացածի»։

Ռուզաննա Դուրունց

Ժողովրդավարության III դպրոցի շրջանավարտ

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Հետևեք մեր հրապարակումներին նաև Telegram-ում