Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք. Վահրամ Հովհաննիսյան

Հայրենիքի պաշտպանությունը ոչ տարիք է հարցնում, ոչ՝ սեռ, և ոչ էլ մասնագիտություն. պարտադիր պայման է խելացի և կրթված լինելը. Վահրամ Հովհաննիսյան:

Կրթության ու անվտանգության միջավայրն անընդհատ փոփոխվում է․ փոխվում են զինատեսակները, պատերազմ վարելու մեթոդները և, համապատասխանաբար, անվտանգության ապահովման միջոցները պետք է կրեն անհրաժեշտ փոփոխություններն ու մշտապես կատարելագործվեն: Այդ գործում առանցքային դերակատարում ունեն կրթությունն ու գիտությունը, որոնք պետք է ապահովեն նոր սերնդի պատրաստվածությունը նոր մարտահրավերներին:

Եթե մարտունակ բանակը պետության առաջընթացի ու արտաքին անվտանգության երաշխավորն է, ապա դպրոցը ներուժն է և ապագայի երաշխիքը: Ուստի անհրաժեշտ է ինչպես համաշխարհային, տարածաշրջանային, այնպես էլ ներպետական նոր իրողությունների պարագայում շեշտը դնել այն հիմնական կետերի վրա, որոնք ներկայումս Հայաստանի կրթական գործընթացի որոշ դրվագներում խնդիր են պարունակում և ունեն լրացման, վերաիմաստավորման անհրաժեշտություն:

ԴՊՐՈՑՈւՄ ԲՈԼՈՐ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Դպրոցական միջնակարգ և հատկապես ավագ կրթության ժամանակահատվածում մի շարք առարկաներ դպրոցականների, երբեմն նաև նրանց ծնողների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում: Խնդիրը հիմնականում պայմանավորված է տվյալ առարկայի նվազ կարևորությամբ՝ ապագայում մասնագիտության ձեռքբերման, աշխատանքի և կյանքի տարբեր փուլերի տեսանկյուններից: Թեև սա որոշակի առումով մտածելակերպի խնդիր է, ինչպես օրինակ, «ջութակ նվագելու» նկատմամբ մինչև վերջերս առկա ընդգծված վերաբերմունքը յուրահատուկ «աշխարհայացքով» շրջանակների կողմից, սակայն բազմաթիվ մասնագետների դիտարկմամբ՝ մատուցվող նյութը և/կամ մատուցողը երբեմն ստիպում է/են չհասկանալ ու չսիրել տվյալ դասը:

Առաջին հայացքից կթվա, թե, օրինակ, մաթեմատիկան կապ չունի բանակի, պաշտպանության հետ, սակայն իրականում այն ուղղակիորեն կապված է. բանակում բազմաթիվ զինատեսակների տիրապետելու, նշանառության և այլնի համար պարզ հաշվարկներ են անհրաժեշտ, սակայն կրտսեր և ավագ հրամանատարական կազմից հաճախ մեծ ջանքեր են պահանջվում այդ տարրական հաշվարկները սովորեցնելու համար: Նմանօրինակ են մյուս առարկաները՝ ֆիզիկական պատրաստությունից մինչև լեզուներ, պատմություն, աշխարհագրություն ու աստղագիտություն: Սովորողը բոլոր առարկաները լավ սովորելու անհրաժեշտությունը գուցեև ինքնուրույնաբար չգիտակցի, ուստի այդ հարցում նրան պետք է օգնեն ծնողները, մանկավարժները և հասարակությունն ընդհանրապես: Դպրոցականին պետք է ամեն օր ներկայացնել տվյալ դասի կարևորությունը՝ անվտանգության շեշտադրմամբ: Հասկանալի է, որ բոլորը միևնույն ընկալմամբ չեն կարող յուրացնել նյութը, ուստի առանցքային «մատուցումը» պետք է լինի տվյալ նյութի հատկապես անվտանգային բաղադրիչների ներարկումը:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈւՄ

Հաճախ է քննարկվում պարտադիր ժամկետային զինծառայության տարիքային շեմը բարձրացնելու հարցը՝ համարելով, որ 18 տարեկանը պատրաստ չէ խրամատում կանգնել, արտակարգ իրավիճակում խելամիտ դատել: Փորձը ցույց է տալիս, որ 18 տարեկանում հայրենիքը պաշտպանելուց խուսափողն այդ կերպ վարվելու է նաև 20, 25 և նույնիսկ 40 տարեկանում: Ուստի խնդիրը պետք է լինի ոչ թե տարիքային շեմը բարձրացնելը, այլ 18 տարեկան, պետությանը, ինքն իրեն ու իր ընտանիքը պաշտպանելուն պատրաստ քաղաքացի ունենալը: Անհրաժեշտ է գտնել այն պատճառները, որոնք խոչընդոտում են 18 տարեկան պատրաստակամ և պատրաստական զինվոր ունենալուն կամ դրա հետ կապված որոշ խնդիրներ են առաջացնում:

ա) Նախ՝ դպրոցում տղամարդ ուսուցիչների նվազ թիվը մեծապես ազդում է դպրոցահասակների մոտ զինծառայությանն անպատրաստության վրա. 10-12 տարի կանացի «ղեկավարման» ներքո գտնված տղայի համար հաճախ դժվար է ենթարկվել տղամարդկային ավելի խիստ ու կոպիտ կարգապահությանը: Սա հաճախ ոչ կանոնագրային հարաբերությունների հիմք է դառնում՝ ընկճված զինվորին դրդելով անցանկալի քայլերի: Այս հատվածում ուսումնասիրվող խնդիրը պետք է լինի տղամարդ ուսուցիչների նվազ թիվը՝ նրանց մասնակցությունն առնվազն 30 տոկոսի հասցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելով:

բ) Առկա է նաև զինծառայողների և դպրոցականների փոխայցելությունների հաճախականացման, գործնական պարապմունքներն անմիջապես գործող զինծառայող հրամանատարության ներքո կազմակերպելու, դրանով զինվորական կարգապահությանն ընտելացնելու և հրամանատարի խստապահանջությանը վարժեցնելու անհրաժեշտություն: Այսօրվա դպրոցականը վաղվա ժամկետայինն է, կամավորը, պայմանագրայինը, սպան ու գեներալը: Եվ բոլոր օղակները պետք է պարբերաբար միմյանց հետ շփման մեջ լինեն: Ուստի կարևոր է, որ դպրոցականը սպասվելիք, իրական կյանքին ծանոթ, ըստ այդմ և՝ պատրաստ լինի:

ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈւԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ «ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆ»

Նախնական զինվորական պատրաստություն առարկան ներկայումս դասավանդվում է 8-12-րդ դասարաններում, քիչ ժամաքանակով՝ տալով հիմնականում տեսական գիտելիքներ, ինչը, սակայն, չի նպաստում դպրոցականից զինվորականի դյուրին անցմանը՝ չնայած անվանմանը: Պատճառների մեջ կարելի է ներառել ոչ բավարար մոտեցումն ինչպես ուսուցչի, այնպես էլ սովորողի կողմից: Իսկ գուցե այն բավարար չափով հետաքրքիր չէ դասավանդման գործընթացո՞վ ու բովանդակությա՞մբ:

Առարկան վերանվանելով «Անվտանգություն»՝ այն կարելի է առավել ընդարձակ ու բազմակողմ դասընթաց դարձնել, որը ոչ միայն կպատրաստի ապագա զինծառայության, այլև կհանդիսանա ընդհանուր անվտանգությանը նպաստող միջոցառում՝ սկսած անձնական և հանրային անվտանգային գիտակցության բարձրացումից, կկարևորի առողջ ապրելակերպը, կսովորեցնի ձեռնամարտ, առնվազն՝ առաջին բուժօգնություն և այլ հնարքներ:

Անհրաժեշտ է բացառապես գործնական պարապմունքներով հագեցնել դասաժամերը, ֆիզպատրաստության և մյուս առարկաների հետ համատեղ պարբերական միջոցառումներ իրականացվեն, զինվորն ու հրամանատարը պետք է հաճախ լինեն դպրոցում, դպրոցականը՝ ուսումնական խրամատում, դաշտային պարապմունքներում ու զորանոցում՝ տևական ժամանակով:

Ապագա զինվորի ականջը պետք է սովոր լինի կրակոցի ձայնին: Արդյունքում կունենանք բանակ գնալու և հայրենիքը պաշտպանելու իսկապես պատրաստ 18 տարեկան տղաներ, պետության և հանրային անվտանգության ապահովմանը մասնակից աղջիկներ: Ընդ որում, խոսքը միայն զինծառայությանը չի վերաբերում, այլև՝ ընդհանրապես: Իսկ մեզ միլիտարիզացված լինելու մեջ մեղադրողներին պարզապես խորհուրդ կտանք գեթ մեկ օր ապրել սահմանամերձ գյուղում, որտեղի դպրոցականները զինծառայությանը «հարկադրված» պատրաստ են նույնիսկ ավելի վաղ տարիքից:

ՈՐՏԵ՞Ղ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԾԱԽՍԵԼ

Մեզանում շատ է խոսվում բանակի վրա ծախսվող անհամաչափ մեծ ռեսուրսների մասին: Շատերը և հատկապես զինվորականներն ու կրթության ոլորտի մասնագետները հավաստում են, որ նախնական կրթության վրա կատարվող ծախսերը հետագայում բանակի համար կարող են խնայողություն ապահովել: Ուստի չպետք է խնայել կրթության և դրա մասնագիտական շարունակության՝ գիտության վրա:

ՀՄՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՍՈՎՈՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԻՆ

«Անվտանգություն» առարկայի անբաժան մասը պետք է լինի կենցաղային հմտությունը. հաշվի առնելով հետագայում՝ զինծառայության ընթացքում դրանց տիրապետելու անհրաժեշտությունը, մինչզորակոչային տարիքում անհրաժեշտ է սովորեցնել զինվորական պահանջներին համապատասխանող անձնական խնամք, հիգիենա և այլն (օձիքի ենթակար, տարբերանշաններ, հագուստ, լվացք, սափրվել), որպեսզի դրանք բանակում սովորելու կարիք չլինի՝ երբեմն հանգեցնելով ոչ կանոնագրային հարաբերության:

ԳԻՏՆԱԿԱՆ-ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլև պետք է այդ պաշարն ավելացրած զորացրվի: Զինծառայողները պետք է ավելի հաճախ մասնակցեն մշակութային միջոցառումների, այցելեն թանգարաններ (անհնարինության դեպքում՝ տեղում կազմակերպվեն), մասնակցեն իրենց նախասիրությունների ոլորտում գիտական աշխատանքներին, հնարավորություն ունենան կատարելագործել իրենց մասնագիտությունը կամ նորը ձեռք բերեն: Սա իր հերթին կօգնի ինչպես զինծառայության ժամանակահատվածը կորսված չհամարելուն, այնպես էլ դրանից հետո հեշտությամբ հասարակությանը վերաինտեգրվելուն, աշխատանքի անցնելուն: Մշտապես պաշտպանական գործընթացում գտնվող զինծառայողների դեպքում փոքր-ինչ դժվար է պատկերացնել նմանատիպ ծանրաբեռնված զինծառայությունը, սակայն արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր է:

ԱՂՋԻԿՆԵՐԸ՝ ԲԱՆԱԿՈւՄ ԵՎ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ

Աղջիկները նույնպես, ըստ Սահմանադրության, պարտավոր են մասնակցել պետության պաշտպանությանը: Անկախ զինծառայություն անցնել-չանցնելուց, մեր քույրերը նույնպես պետք է կարողանան պաշտպանել նախ՝ իրենց, ապա, անհրաժեշտության դեպքում, պետությունը, զենքին, ձեռնամարտին տիրապետեն, լավագույնս յուրացնեն «Անվտանգություն» դասընթացը: Աղջիկների պատրաստվածությունն ու ընդհանրապես` կանանց զինծառայությունը կարևորվում է նրանով, որ մեր պետությանն անմիջական վտանգ սպառնացող հարևանները տարեցտարի մեծացնում են կին զինծառայողների թիվը, ստեղծում կանանց հատուկ ջոկատներ:

Ընդհանուր առմամբ, դպրոցում անվտանգություն սովորելը չի նշանակում անպայման պատրաստվել մարտի կամ զինծառայության, խոսքն անվտանգության լայն շրջանակի մասին է, այդ թվում՝ մեդիագրագիտություն, ճանապարհային երթևեկության կանոններ, անհատական ինքնապաշտպանություն և այլն: Խոստովանենք, որ այսօր Հայաստանն ունի ընդհանուր անվտանգությանը պատրաստ քաղաքացիների անհրաժեշտություն։

Ձգտելով խաղաղության

Խնդիրներն ու առաջարկությունները նշելուց բնավ չի թերագնահատվում այն ահռելի աշխատանքը, որ իրականացրել և իրականացնում են երկու գերատեսչությունները, սակայն անհրաժեշտ է, որ նրանք գործեն առավել ներդաշնակ, փոխկապակցված, համատեղ գործնական միջոցառումներն ավելի պարբերաբար անցկացվեն, ձևական բնույթ չկրեն:

Մշտական մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները պետք է իրենց թիկունքում ու կողքին զգան կրթությամբ ու գիտությամբ զբաղվող գերատեսչության անմիջական աջակցությունը: Նոր Հայաստանը, ամեն դեպքում, այդ հնարավորությունն ընձեռնում է:

Ակնհայտ է, որ ներկայումս կրթությանն ու գիտությանը մեծ ուշադրություն է դարձվում, և որպեսզի դրանք հաջողեն, պետք է կարևորվեն, ենթարկվեն առողջ քննադատության: Անհրաժեշտ է, որպեսզի գիտակցենք սովորելու նշանակությունը, մեր առաքելությունը, լինենք խելացի, պատրաստված, ուժեղ, առողջ, գիտնական ու ստեղծարար, կարողանանք հավատարիմ լինել մեր նախապատմական կոչմանը՝ խաղաղություն պարտադրելով ոչ միայն հարևաններին, այլև տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին:

Վահրամ Հովհաննիսյան

Ժողովրդավարության XVII դպրոցի շրջանավարտ, Տարածաշրջանային հարցերի մասնագետ:

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին