Իլոն Մասկը ռուս մասնագետներին խորհուրդ է տվել բազմակի կիրառման հրթիռ-կրիչներ ստեղծել

SpaceX-ի ղեկավարը նշել է, որ իր ընկերության հրթիռների 80%-ը բազմակի են, իսկ հաջողության հասնելու համար ռուսներն էլ պիտի ստեղծեն այդպիսի հրթիռներ: REGST, 12.04.2020.

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի համոզմամբ՝ ռուսաստանցի մասնագետները պետք է մշակեն հրթիչ-կրիչներ, որոնք հնարավոր կլինի կրկնակի օգտագործել:

Հաղորդվում է, որ SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը նշել է, որ Ռուսաստանում տաղանդավոր ինժեներներ շատ կան, և անհրաժեշտ է, որպեսզի նրանց առաջ խնդիր դրվի բազմակի օգտագործման հրթիռ-կրիչներ պատրաստել, հակառակ դեպքում՝ հաջողությունն անհնարին կլինի: Մեկ այլ գրառմամբ Մասկը նշել է, որ մեկանգամյա օգտագործման հրթիռ-կրիչներն ապագայում կարող են այնպիսի տարօրինակ երևույթներ համարվել, ինչիպիսին կհամարվեին այսօր մեկանգամյա օգտագործման ինքնաթիռները: Նրա խոսքով՝ ամեն ինչ հնարավոր կլինի կրկնակի օգտագործել:

Գործարարը նաև հաջողված է համարել Բայկալ նախագիծը, որի շրջանակներում մշակվում են բազմակի օգտագործման Անգար հրթիռ-կրիչների առաջին մակարդակի արագացուցիչները:

Նախօրդ օրը Մասկը հայտարարել էր, որ իր SpaceX ընկերության հրթիռներն 80%-ով բազմակի օգտագործման են, մինչդեռ ռուսականները կրկնակի օգտագործման համար նախատեսված չեն: Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, ի պատասխան այդ հայտարարության, նշել է, որ հրթիռատիեզերական ոլորտում առկա խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ ցուցումները ստացվել են ՌԴ նախագահի հետ խորհրդակցության ժամանակ: Ռոգոզինն ընդգծել է, որ Ռոսկոսմոսը Վաշինգտոնի ցուցումների կարիքը չունի:

Ռուսական ընկերության ղեկավարը Մասկի հայտարարությունը որակել է որպես ցինիզմ և կեղծավորություն. «Տիեզերական արձակումների շուկայում արդար պայքարի փոխարեն նրանք մեր դեմ պատժամիջոցներ են քարոզում և անպատժելիորեն օգտագործում են դեմպինգը: Սակայն երբ նրանց հարցնում են արձակման ծառայության իրական գինը, նրանք կարմրում են և խուսափում են պատասխանից»,- նշել է Դմիտրի Ռոգոզինը:

Ռոսկոսմոսի գլխավոր տնօրենի խոսքով՝ ընկերությունն ավելի քան 30%-ով նվազեցնելու է արձակման ծառայությունների գինը՝ մեծացնելու մասնակցությունը միջազգային շուկաներում և պատասխանելու ամերիկյան կողմի դեմպինգին: Նա նշել է, որ արժեքի նվազեցումը կատարվելու է ոչ արտադրական ծախսերի կրճատման և արտադրության օպերացիոն արդյունավետության բարձրացման հաշվին: