Իրանը վերսկսել է արտահանումը դեպի Հայաստան

Իրանական աղբյուրը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որը, չնայած պատժամիջոցներին, պահպանել և զարգացնում է տնտեսական հարաբերություններն Իրանի հետ: REGST, 13.04.2020.

Իրանը նախորդ շաբաթվանից վերսկսել է արտահանումը դեպի Հայաստան: Իսլամական Հանրապետության Մաքսային վարչության (IRICA) ներկայացուցիչ Ռուշոլլա Լաթիֆին հայտարարել է, որ արտահանումն իրականացվում է Իրանի հյուսիս-արևմտյան Նորդուզի (Մեղրի, Կարճևան, խմբ.) անցակետով:

Նրա խոսքով՝ իրանական օրացույցային նախորդ տարում (մինչև մարտի 19) Հայաստան է արտահանվել 430 մլն դոլարի իրանական ապրանք՝ դառնալով Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում 2-րդը՝ Ռուսաստանից հետո:

Իրանի և Հայաստանի Արևտրաարդյունաբերության համատեղ պալատի ղեկավար Էրվիկ Յարիջանյանի խոսքով՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Արտոնյալ առևտրի վերաբերյալ համաձայնագիրն էական նշանակություն է ունեցել Հայաստանի հետ առևտրաշրջանառության վրա:

Յարիջանյանը նշել է, որ համաձայնության շրջանակներում երկու կողմն էլ կիրառում են սակագնային զեղչեր, և այդ առումով խնդիրներ չեն ծագել:

Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, իսկ Հայաստան է արտահանում պոլիմերային հումք, սարքավորումներ, արդյունաբերական գազ, արդյունաբերական արտադրանք, կաշի, կաշվե ապրանքներ:

Նա նշել է նաև, որ Իրանը Հայաստանի համեմատ արտահանման ավելի մեծ հնարավորություններ ունի, իսկ վաճառողները դեռևս չեն հարմարվել արտոնյալ առևտրի համաձայնագրի գաղափարներին: Յարիջանյանը հույս է հայտնել, որ գործարքի ընդարձակումից հետո իրանական ավելի շատ վաճառողներ գործունեությունը կուղղեն դեպի հայկական շուկա:

Աղբյուրը նշում է, որ Իրանի և նրա հարևանների տնտեսական հարաբերությունների վրա ամերիկյան պատժամիջոցները գրեթե չեն ազդել: ԻԻՀ-ի հյուսիսարևմտյան հարևանը՝ Հայաստանը, այն պետություններից մեկն է, որը, անկախ պատժամիջոցներից, պահպանել և զարգացնում է տնտեսական հարաբերություններն Իրանի հետ: