Հանրային կարծիքի ձևավորման մեխանիզմները. Ֆլորա Միրզախանյան

Քաղաքական առասպելները ստեղծվում են հստակ մշակված ծրագրի համաձայն՝ համապատասխան անհատների սոցիալական և անձնական, հոգեբանական և մանիպուլյատորների նպատակների:

Ժամանակակից հասարակություններում հանրային կարծիքը սոցիալական վերահսկողության կարևոր գործիք է: Այն արտահայտում է հասարակության դիրքորոշումը հանրային կյանքի որոշակի երևույթների և փաստերի վերաբերյալ, որի ուսումնասիրության արդյունքներն ունեն խորհրդատվական և ուղղորդող գործառույթներ:   

Հանրային կարծիքը կարևորվում է աշխարհի գրեթե յուրաքանչյուր անկյունում և կյանքի բնագավառում: Քաղաքական գործիչները, գործարարները և այլք, ում գործունեությունը շատ թե քիչ կախված է հասարակական կարծիքից, մեծ ուշադրությամբ են հետևում դրա փոփոխություններին, ստեղծում «ֆորմալ» և «ոչ ֆորմալ» միջոցներ հասարակական կարծիքի ուսումնասիրման համար: «Ոչ ֆորմալ» միջոցներ են համարվում ընտրությունները, լոբբին, մեդիան, նամակներն ու զանգերը, ցույցերը: «Ֆորմալ» միջոցներ են համարվում հարցումները, գիտափորձերը, խորքային հարցազրույցները և այլն[1]: Այս ուսումնասիրություններն ինքնանպատակ չեն և օգնում են ազդել հասարակական կարծիքի ձևավորման ու փոփոխության վրա: ԶԼՄ-ների դերն այս գործընթացում առանցքային է:

Հոդվածը դիտարկում է ԶԼՄ-ների դերը և ազդեցության մեխանիզմները հանրային կարծիքի ձևավորման գործում:

Թեպետ «հանրային կարծիք» եզրույթը սկսել է գործածվել 18-րդ դարում, սակայն հասարակական կարծիք երևույթը գոյություն ուներ դեռևս հազարամյակներ առաջ: Օրինակ, Բաբելոնի և Ասորեստանի հնագույն պատմությունները հիշատակում են խալիֆներին, որոնք քողարկված մտնում էին մարդկանց շարքերը՝ լսելու, թե ինչ կարծիք ունեն մարդիկ նրանց ղեկավարման մասին: Ժամանակակից բնորոշմամբ՝ հասարակական կարծիքը որոշակի թեմայի վերաբերյալ անհատական հայացքների, վերաբերմունքի և համոզմունքների համախումբն է՝ արտահայտված համայնքի զգալի հատվածի կողմից: Հանրային կարծիքն ուսումնասիրող գրեթե բոլոր գիտնականները՝ անկախ իրենց սահմանումից, համաձայն են, որ երևույթը հասարակական կարծիք համարվելու համար պետք է բավարարի առնվազն հետևյալ չորս պայմանները[2].

  • Խնդրի առկայություն,
  • Զգալի թվով անհատների առկայություն, որոնք կարծիք են հայտնում խնդրի վերաբերյալ,
  • Որոշակի կարծիքների շուրջ կոնսենսուսի առկայություն,
  • Կոնսենսուսի ուղղակի կամ անուղղակի ազդեցության առկայություն:

Սակայն ինչո՞ւ է հանրային կարծիքը կարևորվում կյանքի գրեթե յուրաքանչյուր բնագավառում, և ինչո՞ւ են կառավարությունները մեծագույն նշանակություն տալիս դրան: Ամերիկացի քաղաքագետներ Յակոբսն ու Շապիրոն իրենց աշխատության մեջ նշում են, որ քաղաքական գործիչները զգալի ժամանակ, գումար և ջանք են ներդնում հանրային կարծիքին հետևելու նպատակով, ոչ թե համապատասխան քաղաքականության մշակման համար, այլ այդ կարծիքի փոփոխության[3]: «Հանրային կարծիքի ուսումնասիրությունների մեծ մասն օգտագործվում է հասարակություններին մանիպուլացնելու և ոչ թե նրանց ցանկությամբ գործելու համար»:

Հանրային կարծիքի ձևավորման գործընթացում պետք է հաշվի առնել խմբերի քաղաքական, սոցիալական, տնտեսական, կրոնական և մի շարք այլ առանձնահատկություններ, քանի որ դրանք փոխկապակցված են «վերաբերմունքային համակարգերի» հետ, որոնք արժեքների, գիտելիքների և համոզմունքների, զգացմունքների և վարքային մտադրությունների համատեղ զարգացումն են[4]:

Հասարակական կարծիքի ձևավորման հիմնական սուբյեկտներն են ՏԻՄ-երը, հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները, լոբբիստական խմբերը և այլն: Սուբյեկտներից յուրաքանչյուրն օգտագործում է մի շարք մեթոդներ հասարակական կարծիք ձևավորելու համար: Ժամանակակից աշխարհում այս գործընթացում մեծ դեր են կատարում զանգվածային լրատվամիջոցները (ԶԼՄ):

Այսպիսով, ԶԼՄ-ներն ունեն հետևյալ չորս հիմնական ֆունկցիաները[5].

  1. Միջավայրի վերահսկում և լուրերի մատակարարում,
  2. Ընթացիկ լուրերի կամ խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ, որոնք իրենց բնույթով խմբագրական կամ քարոզչական են,
  3. Սոցիալական ժառանգության և կրթության փոխանցում,
  4. Զվարճանք:

Ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվամիջոցների դերն այնքան մեծ է, որ թույլ է տալիս վերահսկել մարդկանց վարքն ու գործողությունները և ձևավորել նրանց կարծիքն այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Այս նպատակին հասնելու համար օգտագործվում են մանիպուլյատիվ մի շարք հնարքներ[6]՝

  • Ներշնչանք, որը ներկայացնում է ազդեցություն անհատի հոգեբանության վրա՝ օգտագործելով վերբալ և ոչ վերբալ միջոցներ: Այս մեթոդի արդյունքում օբյեկտն ընկալում է տեղեկատվությունն առանց քննադատելու և ինքն իրեն հարցեր տալու:
  • Լուրերի և շահարկումների օգտագործումը որպես փաստարկների ներկայացում:
  • Որոշ փաստերի, իրադարձությունների, երևույթների, գործընթացների արժեքների նվազեցումը և մյուսներին առավելություն տալը:
  • Էական փաստերի, իրադարձությունների, երևույթների քողարկում:
  • Հասկացությունների փոխարինում, երբ մի երևույթի հետ կապված ստեղծվում են նոր տերմիններ, որոնք չեն արտացոլում դրա ամբողջ էությունը կամ թաքցնում են իրական իմաստը: Այս կետը ներառում է նաև երկակի ստանդարտների քաղաքականությունը, երբ, օրինակ, ազատության և ժողովրդավարության կարգախոսների ներքո սանձազերծվում են պատերազմներ:
  • Մասնատման մեթոդ, երբ տրամադրվում են փաստերի, իրադարձությունների, երևույթների մասին միայն մասնակի, հաճախ կոնտեքստից դուրս հատվածներ:
  • Բազմակի կրկնության մեթոդ: Երբ գաղափարները բազմիցս կրկնվում են, մարդկանց կողմից սկսում են ընկալվել որպես իրական, քանի որ արմատավորվում են  գիտակցության մեջ:
  • Բացարձակ ստի մեթոդ: Որքան սարսափելի է սուտը, այդքան ավելի արագ են հավատում դրան:

Հասարակական կարծիքի ձևավորման գործընթացում կարևոր տեղ են զբաղեցնում նաև կարծրատիպերը: Լայն իմաստով՝ կարծրատիպը մտածողության, ընկալման և պահվածքի ավանդական ձևն է: Կարծրատիպերը որոշակի պատկերներ են ստեղծում մարդկանց գիտակցության մեջ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում ազդեցությունը հասարակական կարծիքի վրա[7]:

Եթե դիտարկենք հասարակական կարծիքի ձևավորումը ԶԼՄ-ների կողմից, ապա կարծրատիպ հասկացությունը կարելի է փոխարինել իմիջ հասկացությամբ: Իմիջ հասկացությունն ավելի լայն է, քան կարծրատիպը: Իմիջը ներկայացնում է որևէ երևույթի կամ օբյեկտի ավելի ճշգրիտ պատկեր: Այն ստեղծվում է ասոցացման միջոցով և ավելի ճկուն է, հետևաբար ավելի հեշտ է հարմարվում ու արձագանքում փոփոխություններին: Իմիջների շնորհիվ նույնպես կարելի է ազդեցություն գործել հասարակական կարծիքի վրա[8]:

Ըստ Ուիլիամ Ռիկերի՝ քաղաքական մանիպուլացիաների արվեստն օգնում է «Կառուցել աշխարհն այնպես, որպեսզի կարողանաք հաղթել»[9]: Անհրաժեշտ է անդրադարձ կատարել նաև ԶԼՄ-ների կողմից ստեղծվող և տարածվող մեկ այլ մանիպուլյատիվ հնարքին՝ առասպելին: Առասպելներն ու  զանգվածային գիտակցությունը փոխկապակցված են միմյանց հետ: Առասպելների ստեղծմանն աջակցում է զանգվածային գիտակցությունը, իսկ զանգվածային գիտակցությունն իր հերթին հիմնված է առասպելի վրա: Զանգվածային գիտակցությունն «առասպելային» բնույթ է կրում, քանի որ մեծապես ապավինում է լուրերին, կարծիքներին, կարծրատիպերին և նմանատիպ այլ երևույթների: Առասպելային գիտակցությունը զանգվածային գիտակցության կառուցվածքի բաղկացուցիչ մաս է՝ դրսևորվելով կոլեկտիվ անգիտակցական, հուզական, զգայական և այլ մակարդակներում, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է առասպելի ստեղծման որոշակի տիպի[10]:

Քաղաքական առասպելները ստեղծվում են հստակ մշակված ծրագրի համաձայն՝ համապատասխան անհատների սոցիալական և անձնական, հոգեբանական և մանիպուլյատորների նպատակների[11]: Կարելի է առանձնացնել հետևյալ հնարքներն ու տեխնիկաները[12]՝

  • «Սև-սպիտակ» կամ կեղծ փաստարկումներ, երբ առաջ է քաշվում «կամ-կամ» տարբերակը, և այլընտրանքներ չեն ներկայացվում:
  • Բացահայտման և համընդհանուր ճանաչման ծուղակ: Արտահայտությունների օգտագործում, ինչպիսիք են «Ապացուցված է…», «Ինչպես հայտնի է…», «Բոլորս էլ գիտենք, որ…»:
  • Անձնական հեղինակության օգտագործում: «Ես ձեզ երաշխավորում եմ…», «Արդեն հնարավորություն եմ ունեցել պարզելու…»:
  • Բաժանումներ և թշնամու կերպար: Աշխարհայացքի համակարգը կիսվում է երկու մասի՝ «մերոնք» և «օտարները»: Շատ հաճախ «օտարները» հետագայում վերածվում են «թշնամիների»:
  • Գերհուզականացում, երբ թեմաները զգացմունքայնացվում են հիմնականում կոպիտ հակադրությունների միջոցով:
  • Բացասական պարույրի փաստարկում, երբ աննշան փոփոխությունների հետևանքներն անհիմն ուռճացվում են և ընդունում գլոբալ արհավիրքների չափեր:  

Այսպիսով, ԶԼՄ-ներն ունեն հանրային  կարծիքի ձևավորման հսկայական գործիքակազմ, որոնց մի մասը ներկայացվեց աշխատանքում: Այս մեխանիզմների տիրապետումը թույլ կտա ոչ միայն չդառնալ ԶԼՄ-ների մանիպուլյատիվ հնարքների զոհ, այլև հարկ եղած դեպքում գրագետ կերպով գործածել դրանք:

Ֆլորա Միրզախանյան

Ժողովրդավարության XXIII դպրոցի շրջանավարտ

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Russel G., Schaefer T., Methods of Measuring Public Opinion, Public Opinion in the 21st Century, pp. 2-30.

[2]Davison P., Public Opinion, https://www.britannica.com/topic/public-opinion 

[3] Politicians Don’t Pander, https://www.press.uchicago.edu/ucp/books/book/chicago/P/bo3637632.html

[4] Crespi I., How the people speak?, Routledge Taylor and Francis Group, New York 2009, p. 2.

[5] Brown C., Techniques of Persuasion: From Propaganda to Brainwashing, Penguin Books, Baltimore, Maryland, 1963, p. 140.

[6] Веснин А., Технологии Формирования Общественного Мнения, Власть, Россия, 2016, сс. 70-74.

[7] Геннадиевна Т., Методы Влияния На Общественное Мнение, Вестник Тамбовского Университета. Серия Общественные Науки, 4 (12), Российская Федерация, 2017, сс. 70-85.

[8] Геннадиевна Т., Методы Влияния На Общественное Мнение, Вестник Тамбовского Университета. Серия Общественные Науки, 4 (12), Российская Федерация, 2017, сс. 70-85.

[9] Dwod R., William Riker’s The Art of Political Manipulation, “Cracks in the Opposition: Immigration as a Wedge Issue or the Reagan Coalition”, 8100 American Politics, 2014, pp. 1-28.

[10] Васильев С., Механизмы и уровни внедрения мифа в массовое сознание: Масс-медиа как инструмент социального мифотворчества, Северо-Кубанский гуманитарно-технологический институт, УДК 316.776.23, сс. 37-47.

[11] Մելքոնյան Ն., ԶԼՄ-ում կիրառվող մանուպուլացիոն հնարքներն ու սոցիալ-հոգեբանական ազդեցության մեխանիզմները, <<21-րդ դար>>, թիվ 5 (63), 2015թ., էջ 53-74:

[12] Նույն տեղում:

Տեղեկացեք նաև մեր Telegram ալիքի հրապարակումներին