REGST-ի հարցին պատասխանել է Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Մենք նույնպես հարց էին հղել, որին պատասխանել է փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Հարցն ու պատասխանը ներկայացված են ստորև՝ տեսանյութով և տեքստային տարբերակով:

Հարց. Պարոն փոխնախարար, ի՞նչ մակարդակի վրա են գտնվում առևտրային հարաբերություններն Իրանի հետ. ինչպե՞ս կգնահատեք ԵԱՏՄ-Իրան Արտոնյալ առևտրի համաձայնագրի գործողության 5 ամսվա արդյունքները:

© Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Փոխնախարարի պատասխանը՝ տեքստային տարբերակով.

Վարոս Սիմոնյան. Առևտրային հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ գտնվում են նոռմալ վիճակում. առևտրային հարաբերությունները չեն դադարեցվել ընդհանրապես: Եղել են սահմանի հետ կապված (իրավիճակից բխող) սահմանափակումներ՝ զուտ կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված, երկու շաբաթվա ընթացքում: Առաջին անհրաժեշտության ապրանքների և բժշկական սարքավորումների համապատասխան ցանկեր են հաստատվել. առևտուրը և բեռնափոխադրումն իրականացվել են այդ համատեքստում:

Ինչպես գիտենք, ԵԱՏՄ շրջանակներում կա որոշում, որով ժամանակավորապես արգելված են երրորդ երկրներ համապատասխան բժշկական նշանակություն ունեցող և գյուղատնտեսական ու պարենային ապրանքների արտահանումը: Համանման որոշումներ ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ եվրոպական և ԱՊՀ: Իրանը՝ նույնպես:

Նշեմ, որ նման որոշումները չեն տարածվում մարդասիրական օգնության նպատակով իրականացվող բեռնափոխադրումների վրա:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԻԻՀ «Ազատ առևտրի» համաձայնագրին, որն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերից, ապա Համաձայնագրի շրջանակներում կա նվազեցված մաքսատուրքով ապրանքների ցանկ, որը կիրառվում է փոխադարձ առևտրում: Այս համատեքստում դեռ շատ վաղ է գնահատել, թե ինչ ազդեցություն է ունեցել Համաձայնագիրը, որովհետև համաճարակի տարածման կամ կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԵԱՏՄ-ն որոշում է կայացրել, որ որոշ ապրանքատեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են: Սա վերաբերում է բոլոր երրորդ երկրներին:

Ազատ առևտրի ցանկացած համաձայնագիր ունի հետևյալ մոտեցումը և կառուցվածքը. յուրաքնաչյուր տարի իրականացվում է համաձայնագրի գնահատում և երկկողմանի վերլուծական աշխատանքների շրջանակներում համաձայնագրի 2 կողմերը ներկայացնում են իրականացված աշխատանքները՝ այսպես կոչված Factual Presentation-ները: Միևնույն ժամանակ Հայաստանը, հանդիսանալով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր և ունենալով երրորդ երկրների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համաձայնագրեր, բոլոր տեսակի համաձայնագրերի Factual Presentation-ներն իրականացվում են Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:

Իրանիի հետ Համաձայնագրի գնահատում դեռևս արված չէ. փաստաթուղթը վերջնական պատրաստ չէ: Պատրաստ է լինելու մեկ տարին լրանալուց հետո: Այն կլինի հանրային փաստաթուղթ և կներկայացվի բոլորին:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Նույն թեմայով՝ կարդացեք նաև.