Հայաստանը պատրաստվում է արձակել սեփական փոքր արբանյակ. հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ

Աստղագիտության ոլորտում արված ահռելի աշխատանքի, ձեռքբերումների, առկա իրավիճակի և առաջիկա ուշագրավ ծրագրերի մասին զրուցել ենք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:

Արեգ Միքայելյան

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն,

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն,

Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) գործող նախագահ,

Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) փոխնախագահ,

Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար և Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (IVOA) գործադիր կոմիտեի անդամ,

Եվրոպական Հորիզոն 2020 նախագծի «Տիեզերք» ոլորտի ծրագրային կոմիտեի անդամ, ՄԱՄ «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» հանձնաժողովի խորհրդի անդամ։

Հարցազրույց

REGST. Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներկայիս պոտենցիալը՝ աստղագիտության ոլորտում հաջողություններ գրանցելու համար (համեմատություն մեր հարևանների և տվյալ ոլորտի առաջադեմների հետ):

Արեգ Միքայելյան. Կարող ենք սկսել ամբողջ աշխարհում տարբեր երկրների աստղագիտական ներուժը գնահատելուց։ Պատկերն այնպիսին է, որ աստղագիտությամբ լրջորեն զբաղվում են միայն ամենազարգացած պետությունները՝ ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան, Կանադա, Ավստրալիա, Ռուսաստան, Հնդկաստան և այլ։ Այս երկրների պետական բյուջեները հարյուրավոր անգամ գերազանցում են Հայաստանի պետական բյուջեն։ Միջին և փոքր պետություններում աստղագիտությունը կամ շատ համեստ դիրքերում է, կամ էլ ընդհանրապես չկա (Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ են հանդիսանում աշխարհի պետությունների կեսից էլ պակասը՝ միայն 82-ը): Այս առումով Հայաստանը բացառիկ երկիր է. չունենալով հզոր տնտեսություն, աշխարհի երկրների մեջ տարածքով, բնակչության թվով և պետական բյուջեով զբաղեցնելով համեստ դիրքեր, այնուամենայնիվ ունի զարգացած գիտություն և հատկապես՝ աստղագիտություն։

Արդեն պարզ է, որ աշխարհի գերհզոր պետություններից հետո աստղագիտության մակարդակով հաջորդը հենց Հայաստանն է։ Եվ բնականաբար, մեր երկիրը շատ առաջ է բոլոր ցուցանիշներով թե՛ մեր հարևաններից, և թե մեզ հետ տնտեսական ցուցանիշներով համեմատելի բոլոր այլ պետություններից։ Իհարկե, ընդունենք, որ սա մեր լավագույն ժառանգություններից է, որ մնացել է խորհրդային ժամանակներից և մասնավորապես Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Սակայն ես չէի ասի, որ մենք գոյատևում և զարգանում ենք միայն այդ ժառանգության շնորհիվ։

Ահռելի ջանքեր են գործադրվել Հայաստանում աստղագիտությունը զարգացնելու համար հենց վերջին տարիներին՝ Համբարձումյանից հետո. ակտիվորեն շարունակվում են գիտական հետազոտություններն ու հայտնագործությունները, ծանր ֆինանսական պայմաններում այնուամենայնիվ հաջողվում է աշխատեցնել հիմնական աստղադիտակները, հաստատվել են մի շարք գիտական համագործակցության ծրագրեր ԱՄՆ, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ, կազմակերպվում են խոշոր միջազգային գիտաժողովներ և այլ միջոցառումներ (1998, 2001 և 2013-ին՝ ՄԱՄ պաշտոնական գիտաժողովներ, 2007-ին՝ Եվրոպական աստղագիտական համագումարը, 2017-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնֆերանս, միջազգային կոնֆերանսներ նվիրված Բյուրականի աստղադիտարանի 60 և 70 ամյակներին (2006 և 2016) և Վիկտոր Համբարձումյանի 100 և 110 ամյակներին (2008 և 2018), 2015-ին՝ միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» թեմայով՝ աստղագետների և համակարգչային մասնագետների մասնակցությամբ, 2014-ին՝ միջճյուղային գիտաժողով «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով, 2015-ից՝ տարածաշրջանային աշխատաժողովներ, 2019-ին անցկացվեց «Տիեզերական հետազոտություններ և տեխնոլոգիաներ» թեմայով տարածաշրջանային երիտասարդական դպրոց, վերջապես, 2006-ից սկսած կազմակերպել ենք Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների կանոնավոր շարքը, որի նման աշխարհում ընդամենը մի քանիսն են, դրանք տեղի են ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, և վերջինը կայացել է 2018-ին), հայ աստղագետները բազմաթիվ գործուղումներ են ունենում աշխարհի շատ երկրներ՝ գիտահետազոտական աշխատանքի, միջազգային գիտաժողովներին մասնակցելու, հրավիրված սեմինարների, համագործակցությունների քննարկման և այլնի նպատակով, բազմաթիվ արտասահմանցի գիտնականներ են այցելում Բյուրականի աստղադիտարան, 2018-ին կնքվել է պայմանագիր եվրոպական Astronomy & Astrophysics ամենահեղինակավոր ամսագրի հետ, ըստ որի Հայաստանը դրա լիիրավ անդամն է դարձել, 1999-2001-ին ստեղծվել է Հայկական աստղագիտական ընկերությունը, 2005-ին՝ Հայկական վիրտուալ աստղադիտարանը, 2002-2007-ին իրականացվել է Բյուրականյան առաջին շրջահայության (FBS կամ Մարգարյանի շրջահայության) թվայնացման նախագիծը, 2011-ին այն ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական արժեքների միջազգային գրանցամատյանում, 2013-ին Բյուրականի աստղադիտարանը ճանաչվել է ՀՀ ազգային արժեք, 2015-ին՝ ՄԱՄ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։

Իհարկե, այս ամենին մեծ չափով խանգարում է Հայաստանում գիտության ֆինանսավորման չափազանց ցածր մակարդակը։ Եթե չլինեին մեր նվիրյալ աստղագետների ջանքերը, աստղագիտությունը Հայաստանում վաղուց որպես հուշ կմնար։

REGST. Ինչպիսի՞ կարևոր նախագծեր են առաջիկայում նախատեսվում Հայաստանի աստղագիտական ոլորտում: Մասնավորապես՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ կազմակերպությունների շրջանակներում:

Արեգ Միքայելյան. Ինչպես նշեցի, Բյուրականի աստղադիտարանը չափազանց ակտիվ է միջազգային համագործակցությունների հարցում, մասնավորապես հենց ԵԱՏՄ և ԱՊՀ տարածքում։ Միայն վերջին երեք տարում համագործակցության պայմանագրեր ենք կնքել ՌԴ Հատուկ աստղադիտարանի (САО), ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտի (ИНАСАН), Մոսկվայի պետական համալսարանի Շտերնբերգի անվան աստղագիտական ինստիտուտի (ГАИШ МГУ), Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ИКИ), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (СПбГУ), Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի (СПбПУ) հետ, 2015-ից շարունակվում է ՌԴ տիեզերական գործակալության (Роскосмос) հետ իրականացվող տիեզերական մնացորդային բեկորների մշտադիտման խոշոր նախագիծը։

Մեր կողմից համակարգվող Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը միավորում է Հայաստանը, Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ղազախստանը և Տաջիկստանը և համագործակցում է ԱՊՀ երկրներից մի քանիսի հետ։ Մի շարք դիտողական ծրագրեր են իրականացվում ՌԴ, Ուկրաինայի, Ղազախստանի, Լիտվայի, Վրաստանի, ինչպես նաև ԱՄՆ, Ֆրանսիայի, Իսպանիայի և Լեհաստանի աստղագետների հետ։ Թեմաները խիստ տարբեր են՝ երիտասարդ աստղերի և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրություններից մինչև աստղակերպեր։  

REGST. Ընդունվեց «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը. որքանո՞վ այն կնպաստի ոլորտի զարգացմանը, և ի՞նչ հիմնական խոչընդոտներ կան զարգացման ճանապարհին (կրթական, ֆինանսական, աշխարհաքաղաքական իրադրություն կամ այլ պատճառներ):

Արեգ Միքայելյան. Խորհրդային տարիներին Հայաստանը շատ ակտիվ էր տիեզերական հետազոտությունների ոլորտում, մասնավորապես հիշենք Գրիգոր Գուրզադյանի և Հրանտ Թովմասյանի տիեզերական աստղադիտարանների նախագծերը (հատկապես հանրահայտ Օրիոնները), մեր ռադիոֆիզիկոսների աշխատանքները Վեներայի հետազոտման վայրէջքային ապարատների կապի ապահովման գործում, կենսաբանների ուսումնասիրությունները անկշռելիության և ընդհանրապես տիեզերական պայմաններում (մասնավորապես, Նորայր Սիսակյանը տիեզերական կենսաբանության հիմնադիրներից է)։

Այնուհետև այս ոլորտը մի փոքր նահանջեց։ Սակայն 2014-ին Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործողների հանձնաժողովին (COPUOS) և պաշտոնապես հայտարարեց տիեզերական գործունեության զարգացման մասին։ Ինչպես նշեցիք, 2019-ին արդեն ընդունվեց «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ներկայումս մշակվում է համանուն հայեցակարգը և ռազմավարությունը։ Հայաստանը պատրաստվում է արձակել սեփական փոքր արբանյակ, ինչպես նաև համագործակցության կարգով մասնակցել ավելի խոշոր արբանյակների շահագործմանը։

Իհարկե, զարգացման համար Ձեր կողմից նշված բոլոր խոչընդոտներն էլ կան։ Կրթական առումով մենք դեռ չունենք այս ոլորտի լիարժեք մասնագետներ։ Սկզբնական շրջանում հավանաբար պետք է հրավիրվեն մասնագետներ արտասահմանից, ինչպես նաև անհրաժեշտ է անհապաղ սկսել համապատասխան մասնագիտությունների դասավանդումը և մասնագետների պատրաստումը, որ գոնե մի քանի տարի հետո այս ոլորտը կադրային առումով դատարկ չլինի։

Ֆինանսական խոչընդոտներն իհարկե ահռելի են, քանի որ տիեզերական ծախսերը նույնանման ցամաքային ծախսերից տասնյակ և նույնիսկ հարյուրավոր անգամ շատ են։ Օրինակ նույն տրամաչափով աստղադիտակի կառուցումը և տեղադրումը ցամաքային պայմաններում և տիեզերական տարածություն արձակումը (երկրային կամ արեգակնային ուղեծրում տեղակայելը) ֆինանսական առումով տարբերվում է համարյա 500 անգամ։ Այնուամենայնիվ, Հայաստանը կարող է և իրականացնում է նաև շատ ճկուն քաղաքականություն։ Օրինակ աստղագիտության ոլորտում, օգտագործելով ամերիկյան (NASA), եվրոպական (ESA) և ռուսական (Роскосмос) տիեզերական գործակալությունների առաքելությունները, մենք զուտ արժեցող գիտական նախագծեր ներկայացնելով կարողանում ենք օգտագործել նրանց դիտողական ժամանակը՝ չծախսելով նույնիսկ մեկ լումա։

Այսպես, մեր գիտական խմբին հաջողվեց դիտողական ժամանակ ստանալ ամերիկյան «Սպիտցեր» տիեզերական ենթակարմիր աստղադիտարանում և հայտնաբերել Տիեզերքի ամենահզոր ենթակարմիր գալակտիկաները, որի արդյունքում գիտական հոդվածներ տպագրվեցին ամերիկյան ամենահեղինակավոր աստղագիտական ամսագրերում։

Հետևեք նաև մեր Telegram ալիքին