Միջին մասնագիտական հաստատությունների դերը ՀՀ տնտեսության զարգացման մեջ

Միջին մասնագիտական կրթության կարևորությունը հրամայական է հատկապես այսօր, երբ աշխարհի զարգացած երկրներում, նաև՝ Հայաստանում, տնտեսության զարգացման գործում մեծ դերակատարում ունի փոքր և միջին բիզնեսը. Արտակ Զաքարյան:

Աշխարհը զարգանում և գրեթե ամեն ինչ թվայնացվում է օրեցօր կատարվող հայտնագործությունների խորապատկերին, և կարծես թե աննկատ են դառնում արհեստներն ու արհեստագործությունը: Այդ հայտնագործությունները և առաջընթացն իրականանում են հանճարների գաղափարների կյանքի կոչման արդյունքում: Զարգանում է ռոբոտաշինությունը, կիբերնետիկան, աերոարդյունաբերությունը, մեքենաշինությունը, սակայն այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են հանճարների մտահղացումները կյանքի կոչում, ովքե՞ր են պատրաստում այն դետալները, որոնց ամբողջության արդյունքում ստանում ենք նոր արժեք, ո՞րն ավելի է հեշտացնում մեր կյանքը և դարձնում ավելի հետաքրքիր: Չէ՞ որ մենեջերը չի ստեղծում այդ արժեքը, այն ստեղծում և հավաքում է մասնագետը՝ զոդողը, փականագործը, մեխանիկը, խառատը և այլն: Պարզ է, չէ՞, որ եթե չլինեն այս մասնագետները, ապա ամենահանճարեղ միտքն անգամ կա՛մ կմնա թղթի վրա, կամ լավագույն դեպքում վերջնական արժեք կդառնա բազմաթիվ թերություններով:

Եթե ուսումնասիրենք աշխարհի փորձը, ապա կտեսնենք, որ զարգացած երկրներում տնտեսության քարշակը հենց միջին դասն է, որի մեծ մասն արհեստագործներն են: Իսկ ինչպիսի՞ն է արհեստագործության, արհեստագործական հաստատությունների վիճակը Հայաստանում, արդյո՞ք արհեստագործական հաստատությունները մեզ համար կարողանում են պատրաստել այն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով և որակով մրցունակ են տարածաշրջանում ու աշխարհում:

Դարեր շարունակ Հայաստանը հայտնի է եղել իր արհեստներով և արհեստագործներով, իսկ դրա ապացույցը հայոց պատմության նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունն է: ԽՍՀՄ տարիներին ևս Հայաստանն առաջատար էր արհեստագործության մեջ, և ներկայիս մասնագետների մեծ մասը ԽՍՀՄ արհեստագործական դպրոցի ներկայացուցիչներ են:

Արհեստագործների և արհեստագործական ուսումնական հաստատությունների ներկա վիճակը ՀՀ-ում մեղմ ասած նախանձելի չէ: Այդ միջին մասնագիտական հաստատություններն ունեն արմատական բարեփոխումների անհրաժեշտություն: Վերջիններս ՀՀ-ում 80% անվճար տեղերով ընդունում են ուսանողների, ավելին՝ նրանց տրամադրում կրթաթոշակ, և այդ գործընթացն արդեն երկար ժամանակ է: Պետությունը պետք է կատարի վերլուծություն՝ արդյո՞ք այս քաղաքականությունը տվել է իր դրական արդյունքը, ի՞նչ մասնագետներ են պատրաստվել, և այդ մասնագետներն ինչքանո՞վ են իրենց մասնագիտական հմտություններով օգտակար եղել և լինում պետությանը, թե՞ կրկին քոլեջներ ավարտած իրավաբաններն ու հաշվապահներն աշխատում են այլ մասնագիտություններով:

Ստորև աղյուսակով տրված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) 2018թ․ տվյալները, որտեղ ներկայացված են նույն թվականի աշխատանքային ռեսուրսներն ըստ կրթական մակարդակի։

 Ընդամենը TotalՏղամարդ MenԿին WomenՔաղաք UrbanԳյուղ Rural 
1 000 մարդ persons
Ընդամենը  2 196.41022,71 173.71 261.3935.1Total
Բարձրագույն, Հետբուհական  487.3212.4274.9369.5117.8Tertiary, post-graduate
Միջին մասնագիտական, նախամասնագիտական (արհեստագործական)  517.3208.5308.8334.4182.9Secondary specialized, vocational
Միջնակարգ ընդհանուր985.5490.4495.1460.0525.5General secondary
Հիմնական ընդհանուր, տարրական և ցածր206.2111.394.997.4108.8General basic, primary and lower
Ընդամենի նկատմամբ, % As share of the total, %
Ընդամենը  100100100100100Total
Բարձրագույն, Հետբուհական  22.220.823.429.312.6Tertiary, post-graduate
Միջին մասնագիտական, նախամասնագիտական (արհեստագործական)  23.620.426.326.519.6Secondary specialized, vocational
Միջնակարգ ընդհանուր44.948.042.236.556.2General secondary
Հիմնական ընդհանուր, տարրական և ցածր9.410.98.17.711.6General basic, primary and lower

Գաղտնիք չէ, որ գերազանց առաջադիմությամբ քոլեջներ ավարտողներն ընդունվում են բուհերի անմիջապես 2-րդ կուրս, իսկ քանի՞սն են ընդունվում, ինչպե՞ս է լուծվում մյուս ուսանողների մասնագիտական ճակատագիրը, սրանք հարցեր են, որոնք խոր ուսումնասիրության կարիք ունեն: Կրթության մասին օրենքի նախագծում նախատեսվում է հեռակա ուսուցումը հանել ուսումնառությունից, այս պարագայում քոլեջները ևս պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը:

Միջին մասնագիտական հաստատությունները զարգացնելու համար արմատական բարեփոխումներ պետք է  կատարվեն նաև դպրոցներում՝ շեշտը դնելով ավագ դպրոցների վրա, որոնք հնարավորություն կստանան պայմանագրեր կնքելու ՀՀ և միջազգային բուհերի հետ, ավագ դպրոցներում պատրաստել ապագա մասնագետների, օրինակ, ծրագրավորողների, տնտեսագետների, ինժեներների և դպրոցում աշակերտներին սովորեցնել այդ մասնագիտությունների «այբուբենը», այդ պարագայում կդյուրինացվի աշակերտի մուտքը բուհ: Դրա օրինակը Հայաստանում Դիլիջանի միջազգային  դպրոցն է, նման օրինակներ ունենք նաև աշխարհում: Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտող աշակերտը նախապես կնքված պայմանագրերի շնորհիվ կարող է ընդունվել եվրոպական և աշխարհի առաջատար բարձրագույն կրթական հաստատություններ: Սա կլինի բարեփոխումների «մեխը»:

Միջին մասնագիտական հաստատությունները կարող են շեշտը դնել արհեստագործական մասնագիտությունների և արհեստագործական մասնագետներ պատրաստելու վրա, օրինակ, տրակտորի վարորդ, մեխանիկ, վերանորոգող, զոդող, խառատ և այլն: Ծրագրային առումով քոլեջները, բուհերի հետ համաձայնեցված, կարող են պատրաստել ոչ թե տնտեսագետներ, որոնք հետագայում կհամալրեն գործազուրկների հոծ բանակը, այլ պատրաստել հաշվետարներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մանր ու միջին բիզնեսին, այլ նաև խոշոր բիզնեսին: Հայաստանում խառատների միջին տարիքը 65-70 տարեկան է, նրանք չունեն իրենց փոխարինողներ, իսկ մենք գրեթե չունենք այդպիսի մասնագիտություններ առաջարկող կրթական հաստատություններ:

Իմ դիտարկումների համաձայն՝ Արարատի մարզում, մասնավորապես արդյունաբերական ուղղվածությամբ Արարատ քաղաքում, անհրաժեշտ են խառատներ, փականագործներ, զոդման մասնագետներ, գյուղատնտեսության ոլորտում՝ մեխանիզատորներ, տրակտորի վերանորոգման մասնագետներ և այլն: Վստահ եմ, որ մյուս՝ արդյունաբերական և գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզերում ևս կա այս մասնագիտությունների մեծ պահանջարկը: Քոլեջներում ևս պատրաստում են իրավագետներ, տնտեսագետներ, շուկայագետներ, իսկ եթե ծնողը և երեխան ընտրություն են կատարում քոլեջի և բուհի միջև, նախընտրում են բուհը, թեկուզև մասնավոր: Ներկայումս քոլեջն ավարտած իրավագետը կամ տնտեսագետն ընդհանրապես հնարավորություն չեն ունենում իրացնել իրենց գիտելիքներն աշխատաշուկայում, իսկ քոլեջից հետո շատ քչերն են շարունակում ուսումը բուհում: Այս պարագայում հիմնական դպրոցի աշակերտը հստակ կկողմնորոշվի՝ եթե ցանկանում է գնալ բուհ, ապա կշարունակի ուսումն ավագ դպրոցում, իսկ եթե ցանկանում է արհեստագործություն սովորել, ապա կդիմի քոլեջ: Իսկ այն աշակերտները կամ ուսանողները, որոնք բուհ դիմելու ցանկություն ունեն, սակայն ժամանակին ընտրել են քոլեջը, նրանց համար էլ կարելի է գտնել մեխանիզմներ, օրինակ, բուհ ընդունվելու համար խմբակների միջոցով ուսումնառել ավագ դպրոցներում: Այս պարագայում բուհի դիմորդ արհեստագործների մեծ մասը ցանկանում է հենց իր մասնագիտությամբ ընդունվել և շարունակել ուսումը, և մենք ստանում ենք «հղկված», որոշակի փորձառությամբ կադր, ում հետ աշխատելն ավելի դյուրին է: Նույնիսկ բուհերը կարող են 1-2 տարի ժամկետով արագացված դասընթացներ կազմակերպել այդպիսի ուսանողների համար՝ հաշվի առնելով քոլեջում ուսումնառությունը և այդ մասնագիտությամբ աշխատանքային փորձի հանգամանքը: Ընդհանուր առմամբ, մեր կրթական համակարգում պետք է շեշտը դնել գործնական դասընթացների վրա: Պետք է համատեղել տեսական և գործնական դասընթացները՝ օրվա կեսը հատկացնելով տեսական մասին, իսկ մյուս կեսը՝ այդ տեսական մասը կիրառելով գործնականում և հիմնովին ամրապնդելով:

Եթե նախկինում դպրոցներում աշխատանքի ուսուցման սենյակները կահավորված էին բազմապիսի դազգահներով և հաստոցներով, և աշակերտները փոքր-ինչ տեղեկացված էին դիմում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ապա այսօր և՛ դպրոցները, և՛ քոլեջները չունեն այդ հնարավորությունները:

Եթե մենք միջին մասնագիտությունը դնենք ճիշտ և պրոֆեսիոնալ ռելսերի վրա, ապա դա դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Կարելի է, օրինակ, վերակազմավորել ԽՍՀՄ տարիներին գործող գյուտարարների և ռացիոնալիզատորների ինստիտուտը։

Սկզբնական շրջանում այս ամենը պետք է կազմակերպել պիլոտային ծրագրով այն համայնքներում, որոնք ավելի արդյունաբերական են, նույնիսկ համապատասխան պայմանագրերով գործնական դասընթացներ կազմակերպել գործարաններում։ Այս ամենը ճիշտ մատուցելու դեպքում սեփականատերերը նույնպես շահագրգռված կլինեն որակյալ մասնագետներ ունենալու հարցում:

Գովեստի է արժանի այն փաստը, որ դպրոցներում այժմ դասավանդվում է «Ձեռնարկատիրություն» առարկան։ Ուսումնառության բոլոր աստիճաններում պետք  է կարևորվի մասնագետի կողմից տվյալ առարկայի դասավանդման հարցը, հակառակ պարագայում առարկան թերի է յուրացվում աշակերտի կողմից կամ առաջանում է հակակրանք առարկայի նկատմամբ։ Մասնագետ մանկավարժի կողմից առարկայի մատուցման ճիշտ եղանակով աշակերտներին բացատրվում է տվյալ մասնագիտության դրական կողմերն ու առարկայի կարևորությունը: Օրինակ, աշակերտը բժիշկ դառնալու ցանկություն ունի, նա տեսնում է, որ բժիշկները հարգանք են վայելում շրջապատի կողմից, ավելի բարեկեցիկ են ապրում, իսկ ուսուցիչն այդ աշակերտին արող է բացատրել, որ այդ մասնագիտությունն ունի ոչ միայն դրական կողմեր, այլ նաև դժվարություններ՝ կապված կամքի, համբերատարության, կարեկցանքի և այլնի հետ։ Ես համոզված եմ, որ եթե ուսումնառության մեջ զարկ տրվի մասնագիտական առարկաների դասավանդմանը, ապա մեծ թվով աշակերտներ կգտնեն իրենց արժանի տեղը զբաղեցնելու «բանալին»:

Այսպիսով, միջին մասնագիտական կրթության կարևորությունը հրամայական է հատկապես այսօր, երբ աշխարհի զարգացած երկրներում, նաև՝ Հայաստանում, տնտեսության զարգացման գործում մեծ դերակատարում ունի փոքր և միջին բիզնեսը, որը մշտապես աճող պահանջարկ է ներկայացնում վերը նշված մասնագիտություններին: Կորոնավիրուսային ճգնաժամն ապացուցեց, որ նշված խնդիրներն առավել այժմեական են դառնում, ուստի և օրվա հրամայականն է ՀՀ կառավարության գործուն և հասցեական աջակցությունը փոքր և միջին բիզնեսին:

Արտակ Զաքարյան

Ժողովրդավարության XXI դպրոցի շրջանավարտ

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին