Գիտության և տնտեսական աճի փոխառնչությունները. հայաստանյան մարտահրավերներ

Գիտությունը ոլորտ է, որի նկատմամբ պետական հոգածությունն օրվա հրամայական է և Հայաստանի ապագա զարգացումների՝ մասնավորապես կայուն տնտեսական աճի շարժանիվը. Մարիամ Մարտիրոսյան:

Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը 2018թ․ Դավոսում կայացած համաժողովին իր ելույթում ևս մեկ անգամ կարևորեց «Չորրորդ արդյունաբերական հեղաշրջում» եզրույթը: Համաշխարհային տնտեսությունն այժմ թևակոխել է մի նոր՝ ժամանակակից փուլ, որն առանձնահատուկ է մարդկային ռեսուրսների՝ որպես առանցքային դերակատարի շեշտադրմամբ:

Պատահական չէ, որ դարերի ընթացքում Հայաստանի զարգացման, ինչու ոչ նաև պահպանման և ճանաչելիության բարձրացման հիմնական ռեսուրսը համարվել է մարդկային կապիտալը, այն է՝ հայ մարդու ստեղծարար ուժը, միտքը, աշխատասիրությունը: Համաշխարհային գիտական հայտնագործությունների ասպարեզում բավական է նշել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են՝ հյութ խմելու ձողիկ, բանկոմատ, ֆեն, գունավոր հեռուստացույց, մեքենայի ավտոմատ շարժիչ, տաքացված հատակ, միկրոսկոպ, էֆթանազիա… Այսքան տարբեր երևույթներին միավորում է ընդամենը մեկ բան՝ բոլորը ստեղծված են հայ գիտնականների կողմից:

Պատահական չէ նաև, որ ՄԱԿ-ի կողմից 2015թ․ ընդունված մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգի 17 նպատակների մեջ կարևորվում է որակյալ կրթության և գիտության դերակատարումը: Այսօր աշխարհում այս նպատակների սահմանմամբ են փորձում հաղթահարել այնպիսի օրհասական խնդիրներ, ինչպիսիք են՝ աղքատության վերացումը, կայուն տնտեսական աճը, անհավասարության կրճատումը, այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ընդլայնումը, նորամուծությունների ներդրումը գլոբալ արտադրական շղթաներում և այլն:

Արտասահմանյան մի շարք խոշոր կազմակերպություններ, լինելով «պետություն-ֆիրմաներ», հսկայական ներդրումներ են իրականացնում իրենց հետազոտությունների և մշակումների համար: Օրինակ, 2020թ․ Սամսունգը նախատեսում է ծախսել 14.9 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 10-րդ տեղում Դայմլերն է, որի՝ հետազոտություններին և մշակումներին ուղղված բյուջեն կազմում է 9.6 միլիարդ ԱՄՆ դոլար:

Անդրադառնանք ՀՀ-ին և նշենք, որ գիտության և տնտեսական աճի փոխառնչությունները գրեթե խզված են: Բավական է ընդգծել թեկուզև այն փաստը, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսական աճի կառուցվածքում էական մասնաբաժին ունեն մանրածախ առևտրի, ծառայությունների (խաղեր, զվարճություններ, խաղադրույքներ), հանքահումքային արդյունաբերության ոլորտները: Մինչդեռ չնչին է գիտատար արտադրությունների բաժնեչափը երկրի համախառն ներքին արդյունքում։ Կարծում ենք՝ հիմնական խոչընդոտն այս տիրույթում պայմանավորված է գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աննշան ծավալների հետ:

Այսպես,  գիտատեխնիկական գործունեության բնագավառին պետական բյուջեով հատկացված ծախսերը 2018թ․ կազմել են 14,2 մլրդ դրամ, 2019թ․՝ 16,8 մլրդ դրամ: 2020թ․ պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հատկացումները կազմում են 179.5 մլրդ դրամ։ Ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ կրթության ոլորտի համար նախատեսվել է շուրջ 145 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ գրեթե 20 մլրդ դրամով ավելի է: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառին պետական բյուջեով հատկացված ծախսերը 2020թ․ մնացել են անփոփոխ: Որպես հակադրություն նշենք, որ 2020թ․ բյուջեով Ադրբեջանը 113.9 միլիոն ԱՄՆ դոլար ուղղելու է գիտական և գիտատեխնիկական գործունեությանը, ինչը 33.7 միլիոն ԱՄՆ դոլարով, այն է՝ 42,1%-ով ավելի է նախորդ տարվանից։

Անկախության տարիներից ի վեր ՀՀ տեխնոլոգիաների շուկայի զարգացման դանդաղ տեմպերը, օտարերկրյա ուղղակի ներդրումների կրճատումները և այլ գործոնները հանգեցրեցին նրան, որ ՀՀ-ում մեծ թափ ստացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Շեշտադրվեց մարդկային՝ ինտելեկտուալ կապիտալը, որն էլ իր հերթին ներդրողների համար դարձավ պակաս ռիսկային: Այսպես, ՀՀ-ը սկսեց իր ինտեգրման ճանապարհը «Չորրորդ արդյունաբերական հեղաշրջմանը»:

2000թ․-ից սկսած ՀՀ Կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հայտարարեց տնտեսության գերակա ճյուղերից մեկը: 2017թ. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով և կազմել շուրջ 76 միլիարդ դրամ:  Հայաստանի ընկերությունների 90%-ը հիմնադրվել է 2000-2017թթ.: 2017թ․ ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 650-ի (իսկ նորաստեղծների հետ միասին՝ ավելի քան 800): 2007-2017թթ. միջին տարեկան հաշվով հիմնվել է մոտ 43 ՏՀՏ ձեռնարկություն: 1990-ականներին այդ ցուցանիշը եղել է տարեկան միայն 5-6 ընկերություն:

Գիտությունը թեպետ ներդրումներ պահանջող, բայց տնտեսության համար վերադարձելի ներդրում է։ Այս առումով պետությունը կարող է տարբեր` ուղղակի և անուղղակի լծակներ օգտագործել՝ խթանելու գիտության զարգացումը և որպես հետևանք՝ նոր արտադրությունների հիմնումը, գիտության արդյունքների առևտրայնացման գործընթացներին աջակցումը։ Այս տիրույթում լուրջ դերակատարում կարող է ունենալ պետական մրցույթներում այնպիսի պայմանի ներառումը, որը կաջակցի  հայրենական արտադրություն ներկայացնող ծրագրերի ընտրության  նախապատվությունը։

Առհասարակ, գիտատեխնիկական գործունեությունը բազմաոլորտ է, բազմազան ու բազմատեսակ։ Այն ընդգրկում է համալսարանների, գիտական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների գիտական ներուժը։ Անշուշտ,  գիտատեխնիկական գործունեության բոլոր ոլորտները միանգամից զարգացնելն անհնարին է, մասնավորապես, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի համեստ և սուղ հնարավորություններին: Ուստի հրատապ անհրաժեշտություն է գիտատեխնիկական գործունեության առաջնահերթությունների որոշումը, դրանց պետական աջակցությունների տրամադրումը՝ ելնելով ՀՀ տնտեսական աճի կառուցվածքի որակական վերակառուցման անհրաժեշտությունից։

Հատկանշական է կորոնավիրուսային ճգնաժամը, որից երկար ժամանակ չանցած՝ հայ երիտասարդ գիտնականներն ընդամենը 48 ժամում ստեղծեցին ախտահանիչ սարք՝ արագ արձագանքելով իրավիճակին։ Մշակվում է նաև մի նոր ծրագիր, որի շրջանակներում կկարողանան թոքերի արհեստական շնչառության սարքեր նախագծել և իրականացնել դրանց մասնակի կամ ամբողջական արտադրությունը Հայաստանում։ Սա երաշխիքն է այն անժխտելի փաստի, որ Հայաստանն ունի իր խոսքը, որը պետք է ասի գիտության մեջ։ Անգամ գյուղատնտեսության ոլորտը նույնիսկ կորոնավիրուսային ճգնաժամի օրերին չի կանգնեցվել և կոչ է արվել հնրավորինս շատ զբաղվել գյուղատնտեսությամբ․ այն պետք է լինի գիտատար՝ ներգրավելով նոր տեխնիկա, նոր տեսակի պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, ջերմոցներ և այլն։

Շատ բացեր և անորոշություններ կան հայ գիտնականների համար, ովքեր չգիտեն՝ ինչպես գյուտը գրանցել, ինչպես արտադրել և այլն։ Գիտության զարգացման տեսլականը պետք է պետության ձեռքին լինի։ Չնայած վերջին տարիներին գրանցել ենք տնտեսական աճ, սակայն այն հիմնված է եղել ծառայությունների ոլորտի վրա։ Այդ աճը կարող է դառնալ գիտատար։ Կարևոր են գիտությամբ զբաղվելու խրախուսումը, համալսարանական գիտության դերի բարձրացումը, հիմնադրամների ձևավորումը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանն իր սեփական ռեսուրսներով չի կարող վերջնական արտադրանք մատակարարել աշխարհին, բայց կարող է և պետք է լինի արժեգոյացնող շղթայի մի մասնիկը:

Այսպիսով, տեխնոլոգիական հեղափոխությունը սարերի հետևում չէ: Պարզապես պետք է արձանագրել մի կարևոր բան. որքան էլ Հայաստանում առկա լինի որոշակի գիտական ներուժ, և որքան էլ հայ գիտնականները փորձեն ակտիվորեն ներգրավվել միջազգային գիտական շրջանակների աշխատանքներում, կատարել իրենց գյուտերն ու ստեղծել օգտակար մոդելներ, միևնույն է, գիտությունը ոլորտ է, որի նկատմամբ պետական հոգածությունն օրվա հրամայականն է և Հայաստանի ապագա զարգացումների՝ մասնավորապես կայուն տնտեսական աճի շարժանիվը:

Մարիամ Մարտիրոսյան

Ժողովրդավարության IV դպրոցի շրջանավարտ

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 5-րդ՝ «Կրթություն, ժողովրդավարություն, զարգացում և անվտանգություն» երիտասարդական ֆորումի ժամանակ։

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին