Ռուսաստանը Սիրիայում փորձարկել է T-14 տանկը

Սիրիայում փորձարկվել է «Արմատայի» հիման վրա ստեղծված T-14 նորագույն տանկը: REGST, 21.04.2020

Սիրիայում նորագույն ռազմատեխնիկայի փորձարկման մասին «Ռոսիա-1» («Россия-1») հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը: Սիրիայի Արաբական Հանրապետություն Տ-14 (T-14) տանկերի տեղափոխման մանրամասները Մանտուրովը չի ներկայացրել:

Հաղորդվում է, որ տանկի փորձարկման ժամանակ ձեռք բերված փորձը ռուսաստանցի ինժեներներին թույլ կտա կարգավորել ցանկացած նոր տեխնիկային յուրահատուկ տեխնիկական անբավարարությունները: Սա խիստ կարևոր է համարվում զորքերին հանձնելու նախօրեին: Ավելի վաղ նախարար Մանտուրովը հաղորդել էր, որ «Արմատայի» («Armata») հիման վրա ստեղծված տանկի առաջին սերիական մատակարարումը սկսվելու է 2021թ.:

Տ-14-ը հաճախ անվանում են «աշխարհում 4-րդ սերնդի առաջին տանկը»: Սառը պատերազմի տարիներին ստեղծված ռազմական մեքենաներից այն տարբերվում է նախ անձնակազմի բաշխվածությամբ: Մեքենայի աշտարակում մարդ չի լինելու. 3 տանկիստներն էլ գտնվելու են զրահապատիճում, որը գտնվում է հիմնական մարտական տանկի (ՀՄՏ) առաջնամասում:

Նշվում է, որ ներկայումս Ռուսաստանը զրահատանկային ուժերում վերափոխման հարցը դնում է ոչ թե Տ-14-ի, այլ՝ Տ-72Բ3 (T-72Б3)-ի վրա: Բանակը վերջերս ստացել է նաև առաջին սերիական Տ-90Մ (T-90M) տանկերը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին