Դավիթ Տոնոյանն այցելել է մարտական հենակետեր

Պաշտպանության նախարարը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին: REGST, 23.04.2020. աղբյուրը՝ ՀՀ ՊՆ

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում:

Հաղորդվում է, որ Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների և թիկունքային ապահովման խնդիրների մասին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:

Պաշտպանության նախարարն ունկնդրել է նաև զորամիավորման և զորամասերի հրամանատարների զեկույցները ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին