Ռազմական ծախսերով առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան. այս հինգին միասին բաժին է ընկնում աշխարհի ռազմական ծախսերի 62%-ը: REGST, 27.04.2020
Համաշխարհային ռազմական ծախսերը 2019թ. կազմել են 1917 մլրդ դոլար. այն 3,6 տոկոսով գերազանցել է 2018թ. ցուցանիշները: Այն ամենաբարձրն է՝ սկսած 2010թ.-ից:
2019թ. աշխարհի ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,2%-ը կամ 249 դոլար/մարդ: 2010թ.-ի համեմատ այն 7,2%-ով ավել է: Սա ռազմական ծախսերի գագաթնակետն է համարվում` սկսած 2008թ. ճգնաժամից հետո:
ԱՄՆ
Աշխարհի խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (Ստոկհոլմ, SIPRI) տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ ռազմական ծախսերի աճը պայմանավորված է հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այդ ծախսերի ավելացմամբ: 2019թ. ԱՄՆ ռազմական ծախսերն ավելացել են 5,3 %-ով և կազմել են 732 մլրդ դոլար: Այդ ցուցանիշով Նահանգներն առաջին տեղում են:
ԱՄՆ ռազմական ծախսերը կազմել են ընդհանուրի 38%-ը: Վաշինգտոնի կողմից ծախսերի ավելացումն ուղիղ համեմատական է Գերմանիայի կողմից ավելացված ծախսերին: Հետազոտության հեղինակները սա համեմատել են երկու գերհզոր տերությունների (ԱՄՆ-ՌԴ) միջև մրցակցությամբ:
Չինաստան
Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է: 2019թ. ՉԺՀ-ի ռազմական ծախսերը 2018-ի համեմատ ավելացել են 5,1%-ով՝ կազմելով 261 մլրդ դոլար:
Հնդկաստան
Հնդկաստանի ռազմական ծախսերն ավելացել են 6,8%-ով՝ կազմելով 71,1 մլրդ դոլար: SIPRI-ի ավագ գիտաշխատող Սիմոն Վեզեմանը նշել է, որ Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական մրցակությունը հանգեցրել է նրանց ծախսերի ավելացմանը:
Ռուսաստան
Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը. 2019թ. ՌԴ ռազմական ծախսերը կազմել են 65,1 մլրդ դոլար (ՀՆԱ 3,9%-ը). 2018-ի համեմատ աճել են 4,5%-ով:
Սաուդյան Արաբիա
Չնայած Եմենի և Իրանի հետ ունեցած մշտական հակամարտությանը` Սաուդյանի Արաբիայի ռազմական ծախսերը նվազել են 16%-ով: Այդուհանդերձ՝ արաբական այս երկիրը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Այս հինգ պետություններին բաժին է ընկել աշխարհի ռազմական ծախսերի 62%-ը:
Այլ
Ընդհանրապես՝ ՆԱՏՕ-ի (NATO) անդամ-երկրները բավականին մեծացրել են իրենց ռազմական ծախսերը՝ բացառությամբ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի: Բուլղարիան, օրինակ, բանակի վրա կատարվող ծախսերն ավելացրել է 127%-ով. աճը պայմանավորված է հիմնականում ռազմական նոր ինքնաթիռների ձեռքբերմամբ: Ռումինիայի ռազմական ծախսերն ավելացել են 17%-ով: ՆԱՏՕ-ի 29 երկրների ընդհանուր ռազմական ծախսերը 2019թ. կազմել են 1035 մլրդ դոլար:
Եվրոպայում ռազմական ամենամեծ ծախսերը բաժին են ընկնում Գերմանիային. 2018-ի համեմատ 2019-ին աճել են 10%-ով՝ կազմելով 49,3 մլրդ դոլար: Առաջին 15 երկրների շարքում այստեղ աճն ամենամեծն է:
Ճապոնիայի ռազմական ծախսերը կազմել են 47,6 մլրդ դոլար, Հարավային Կորեայինը՝ 43,9 մլրդ դոլար: Նշվում է, որ Ասիայի և Օվկիանիայի երկրների ռազմական ծախսերը տարեցտարի աճում են՝ սկսած 1989թ.-ից:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
