Հայաստան-Իրան էներգետիկ փոխանակման ծրագրերն իրականացվում են

Առաջիկայում նախատեսվում է Իրանից 60 մարդ գործուղել Հայաստան՝ երկու երկրների միջև էներգահաղորդակցության երրորդ գծի աշխատանքներին մասնակցելու համար: REGST, 29.04.2020

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի փոխանակման համատեղ նախագիծը գտնվում է իրականացման փուլում՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային:

Դեսպան Թումանյանը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև համատեղ նախագծերը չեն փակվել, և առաջիկայում նախատեսվում է Իրանից 60 մարդ գործուղել Հայաստան՝ երկու երկրների միջև էներգահաղորդակցության երրորդ գծի աշխատանքներին մասնակցելու համար:

Հայաստանն ու Իրանը տարիներ շարունակ համագործակցում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում, և երկկողմ տնտեսական ու քաղաքական կապերը խորացել են առևտրի աճին զուգահեռ: Հաղորդվում է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է Իրանի հետ սվոփ-համաձայնագրի կնքման պատրաստականության վերաբերյալ: Երկու երկրները նաև միասնականություն են դրսևորել Covid-19-ի դեմ պայքարի հարցում:

Դեռևս 2019թ. հուլիսին ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև Թեհրանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է տնտեսական համագործակցության ընդլայնմանը՝ հատկապես էներգետիկայի ոլորտում: Հուշագրի համաձայն՝ երկու կողմերը պայմանավորվել են 2020թ. ավարտել Իրան-Հայաստան էներգահաղորդակցության երրորդ գծի կառուցումը, որով դեպի Հայաստան մատակարարվող էլեկտրաէներգիայի չափը մեծացվելու է մինչև 1000 ՄՎտ-ի:

Հուշագիրը շոշափում է նաև համագործակցություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումների, մաքսային, ստանդարտացման, Ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև արդյունաբերության, օգտակար հանածոների և առևտրային: Իրանը և Հայաստանը գազի ու էլեկտրաէներգիայի, ինչպես նաև այլ հիմնական ապրանքների փոխանակման բարտերային համակարգ են կիրառում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին