Ալիևը հայտարարել է Ադրբեջանի նավթային դարաշրջանի ավարտի մասին

Ադրբեջանի նախագահը տնտեսական կայուն զարգացումն ապահովելու ուղղություն է նախանշել ոչ նավթային տնտեսության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումները: Ի՞նչ է հիմա արտահանելու, երբ շուրջ 95%-ը նավթ էր:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի դարաշրջանն ավարտվել է, քանի որ նավթի շուկայում առկա ճգնաժամը բացասաբար է անդրադարձել գործնականում նավթով հարուստ բոլոր երկրների եկամուտների վրա: Նրա խոսքով՝ անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ՝ հետնավթային ժամանակաշրջանում կայուն զարգացում ապահովելու համար:

Ալիևը որպես նպատակ է նախանշել ոչ նավթային ոլորտի զարգացումը: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ այս տարվա առաջին քառորդի արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական աճ ամեն դեպքում եղել է, թեև շատ քիչ՝ 1,1%:

Ալիևը նշել է, որ համավարակն ազդել է նաև Ադրբեջանի տնտեսության վրա: Միևնույն ժամանակ ոչ նավթային տնտեսությունը գրանցել է 3% աճ (նախորդ տարի 3,5 % էր):

Ոչ նավթային ապրանքնե՞ր…

Թեև հետագա զարգացման ուղղություն է նշվում ոչ նավթային ոլորտը, սակայն տեսնենք, թե իրականում այդ ոլորտն ինչ հիմքեր ունի: Այսպես, Ադրբեջանից արտահանվող ապրանքները՝ նավթահումք (82%), նավթային գազ (9,1%), նավթամթերք (2,3%): Մնաց 6,6%, որի մի մասն էլ մետաղն է կազմում (նաև՝ ոսկի): Ստացվում է՝ մինչ այժմ Ադրբեջանից արտահանվող ամբողջ ծավալի շուրջ 95%-ն այլևս զրոյացվում է (հնարավոր է՝ մասնակի պահպանում որոշ գործընկերների հետ, բայց արդեն գնային խնդիրներ են առաջանում): Մնացած 5%-ի մեջ որոշակի տեղ ունի էլեկտրաէներգիան:

Ադրբեջանը ներմուծում է հիմնականում սարքավորումներ (25%), տրանսպորտային միջոցներ (11%, հիմնականում՝ թեթև մարդատար), մետաղներ (10%), քիմիական արտադրանք (10%), բանջարեղեն (8%): Ուշագրավ է, նավթ արտադրող երկիրը ներմուծում է նաև վերամշակված նավթամթերք:

Ադրբեջանի արտահանման հիմնական ուղղություններն են Եվրամիությունը (59,2%, որից՝ Իտալիա՝ 33%, Չեխիա՝ 5,4, Գերմանիա՝ 4,9, և Պորտուգալիա՝ 4,7%): ԵՄ-ից դուրս արտահանման կարևոր ուղղություն են Թուրքիան՝ 8%, Կանադան (6%), Իսրայելը (4,5%): Վրաստանին բաժին է ընկնում արտահանման 3,8%-ը, Ուկրաինային՝ 2,5, Ռուսաստանին՝ 1,4-ը:

Ներմուծվում է հիմնականում Եվրամիությունից (25,5%), որտեղ՝ Գերմանիայից՝ 5,6, Իտալիայից՝ 3,6, Միացյալ Թագավորությունից՝ 3,3, Նիդեռլանդներից՝ 2%: Ռուսաստանից ներմուծման ծավալը կազմում է 17%, Թուրքիայից՝ 15%, ապա Չինաստանն է (9,7%), Ուկրաինան (5,1%), Վրաստանը (3,2%), Ղազախստանը (1,6%):

Դեռևս 2015-2016թթ. Ադրբեջանի տնտեսական ուղղություններում նախանշվել էր, որ 2020թ. երկիրը պետք է տրանսպորտային միջանցքի մասով առևտուրը Սև ծովի ու Կենտրոնական Ասիայի միջև հասցնի 40%-ի, Իրանի հետ՝ 25%-ի: Նախատեսվում էր Կենտրոնական Ասիա-Եվրոպա ուղղությամբ հասցնել 40%-ի, Չինաստանի ու Եվրոպայի միջև՝ 3%-ի Ռուսաստան-Իրան ուղղությամբ՝ 40%-ի:

Սակայն, ինչպես երևում է Իլհամ Ալիևի հայտարարությունից, այդ ամենը չեղարկելու և նոր «տնտեսություն» ու տնտեսական նոր քաղաքականություն ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել: Նախատեսվում է մեծացնել հիմնականում քամուց ստացվող էլեկտրաէներգիայի ծավալները, սակայն դա, իհարկե, չի կարող լրացնել 95%-ի բացը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկ կարծիք «Ալիևը հայտարարել է Ադրբեջանի նավթային դարաշրջանի ավարտի մասին»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։