Ղազախստանում՝ պետական հեղաշրջո՞ւմ. Դ.Նազարբաևան ազատվել է պաշտոնից

Նախկին նախագահ Նազարբաևի դուստրը նոր նախագահ Տոկաևի հրամանագրով ազատվել է խորհրդարանի նախագահի պաշտոնից: Քննարկվում են հավանական պատճառները:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Խորհրդարանի նախագահի պաշտոնից նախկին նախագահի դստերը՝ Դարիգա Նազարբաևային, ազատելու վերաբերյալ: Որոշման պատճառը չի հաղորդվում, փաստաթուղթը դեռևս հրապարակված չէ:

Նախագահ Տոկաևն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել Նազարբաևային՝ ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:

Ղազախստանցի քաղաքագետ Այդոս Սարիմի կարծիքով՝ հրամանագրի ստորագրումը պայմանավորված է քաղաքական էլիտայի համերաշխության անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ կարանտինի և արտակարգ դրության ավարտից հետո Ղազախստանում նոր իրավիճակ է տիրելու, որը կառավարությունից, իշխող էլիտայից վիթխարի աշխատանք է պահանջելու: Մինչդեռ մի քանի ճնշող կենտրոնների առկայության պարագայում դա բարդ կլինի: Քաղաքագետը հիշեցնում է նաև ընտրությունների մասին. իշխանությունը, նրա խոսքով, ուսումնասիրում է դաշտը, վերլուծում իր թույլ կետերը, և փորձում լուծել դրանք: Քաղաքագետը նշել է, որ հետագա ընթացքն ավելի պարզ կդառնա, երբ նոր նշանակում կատարվի: Կարևոր է նաև, թե Դարիգան ուր «կգործուղվի»:

Քաղաքագետի համոզմամբ՝ տվյալ որոշումը խոսում է ամբողջ իշխանությունը Տոկաևի ձեռքում կենտրոնացնելու մասին, և դա ազդանշան է ինչպես իշխանություններին, այնպես էլ հանրությանն ու էլիտային:

Միաժամանակ համարվում է, որ Ղազախստանում փաստացի պետական հեղաշրջում է տեղի ունեցել:

Մամուլում քննարկվում է այն հարցը, որ նախկին նախագահ Նազարբաևը վաղուց չի երևացել հանրության առաջ: Կասկածի տակ է դրվել նրա առողջական վիճակը: Այս ամենը բուռն անդրադարձի է ենթարկվում հատկապես Հյուսիսային Կորեայի նախագահի վերաբերյալ թեմայի մարումից հետո: Կարծիքներ կան, որ Նազարբաևի հետ ինչ-որ բան այն չէ, այդ պատճառով են դստերն ազատել պաշտոնից: Մյուս տարբերակը նրա հետ համաձայնեցնելն է:

Տաջիկստանի ԶԼՄ-ների ազգայի ասոցիացիայի ղեկավար, քաղաքագետ Նուրիդդին Կարշիբոևի կարծիքով՝ Ղազախստանի նախկին նախագահի դստեր ազատման պատճառը քաղաքական կլանների միջև հակամարտությունն է:

Նրա համոզմամբ՝ Դարիգա Նազարբաևան չի մեկուսանա քաղաքական դաշտից. հավանաբար՝ նրա համար նոր պաշտոն են գտել՝ համաձայնացնելով Նուրսուլթան Նազարբաևի հետ:

Հավելենք, որ Դարիգա Նազարբաևան խորհրդարանի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2016թ.՝ երեք տարի ժամկետով: 2019թ. նա վերանշանակվել է նույն պաշտոնին: Դարիգան Նուրսուլթան Նազարբաևի երեք դուստրերից ավագն է:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին