Ձեռք է բերվել Հայաստանի համար եզակի էլեկտրոնային մանրադիտակ

JEOL-JCM-7000 NeoScope տեսածրող էլեկտրոնային մանրադիտակը հնարավորություն կտա շրջակա միջավայր, նյութագիտություն, բրուտագործություն, նանոտեխնոլոգիա, երկրաբանություն, սննդագիտություն և այլ ոլորտների հետազոտությունները հասցնել նոր որակի:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ձեռք են բերել Հայաստանի համար եզակի JEOL-JCM-7000 NeoScope մոդելի տեսածրող էլեկտրոնային մանրադիտակ: Այն հնարավորություն կտա գիտնականներին շրջակա միջավայր, նյութագիտություն, բրուտագործություն, նանոտեխնալոգիա, երկրաբանություն, սննդագիտություն և այլ ոլորտներում իրականացնելիք հետազոտությունները հասցնել նոր որակի:

JEOL-JCM-7000 NeoScope

JEOL-JCM-7000 NeoScope մանրադիտակի շնորհիվ հնարավոր է մեծացնել նմուշի պատկերը 100000 անգամ, որոշել մասնիկների չափերը: Մանրադիտակը հնարավորություն ունի միաժամանակ որոշելու նմուշում առկա 40 տարրի պարունակություն և ստանալու ընտրված հատվածի առանձին տարրերի պարունակությունների բաշխման քարտեզներ։

  • Շրջակա միջավայրին և երկրաքիմային վերաբերող ուսումնասիրություններում մանրադիտակը հնարավորություն է տալիս նմուշներում իրականացնելու տարրերի որակական և քանակական վերլուծություն։
  • Մանրադիտակը կարող է հիանալի գործիք լինել սննդագետների համար՝ սննդի որակի գնահատման և մթերքների արտադրման գործընթացում:
  • Կենսաբժշկական հետազոտություններում մանրադիտակը հնարավորություն է տալիս՝ ուսումնասիրելու դեղորայքի, գեղարար նյութերի քիմիական բաղադրությունը, դրանց համասեռությունը, ինչպես նաև նյութերի ազդեցությունը մաշկի վրա:
  • Տեքստիլ արդյունաբերության մեջ այն հնարավորություն է տալիս բացահայտելու մանրաթելի քիմիական բաղադրությունը, կառուցվածքը, տեսակը, ամրությունը, առաձգականությունը։
  • Ձեռք է բերվել նաև նմուշը ոսկեպատող սարք, որը հնարավորություն է տալիս  հետազոտելու կենսաբանական նմուշներ։
20200506_2_2.jpg

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության հաղորդմամբ՝ սարքավորումները ձեռք են բերվել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից  համատեղ իրականացվող «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն) կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում: Դրանք կիրառվելու են միևնույն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ  Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ստեղծվող միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական եզակի լաբորատորիայում:

Բնապահպանության ոլորտում միջհամալսարանական կրթական և գիտահետազոտական լաբորատորիան  ծրագրի հիմնական շոշափելի արդյունքներից է, որն էականորեն կբարելավելի հետբուհական կրթության որակի չափանիշները: Լաբորատորիան հասանելի կդարձնի ժամանակակից լաբորատորիայի ենթակառուցվածքները և հնարավորություն կտա համալսարանների և արտաքին շահառուների միջև իրականացնելու տարբեր նախագծեր: